Խաչատուր Հովակիմի Լազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչատուր Հովակիմի Լազարյան
Դիմանկար
Ծնվել է1789 հունիսի 1
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 10, 1871(1871-10-10) (տարիքը 82)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԳլխավոր մանկավարժական ինստիտուտ
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրԼազարյան ճեմարան
ԱմուսինԵկատերինա Լազարևա
Ծնողներհայրը՝ Հովհաննես Լազարյան
Պարգևներ և
մրցանակներ
Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան և Առյուծի և Արևի շքանշան
ԵրեխաներՄարիա Նիրոտ, Իվան Լազարև և Եղիսաբեթ Աբամելիք-Լազարյան
 Christophor Ekimovich Lazarev Վիքիպահեստում

Խաչատուր Հովակիմի Լազարյան (հունիսի 1, 1789(1789-06-01) կամ հուլիսի 1 (12), 1789, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1871(1871-10-10) կամ դեկտեմբերի 9 (21), 1871, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ ազգային-ազատագրական շարժման և մշակութային գործիչ։ Նպաստել է ճեմարանի տպարանի բարելավմանը։ Նրա հանձնարարությամբ 1833-1838 թվականներին կազմվել և Մոսկվայում ռուսերեն հրատարակվել է «Հայ ժողովրդի պատմության տեսությանը վերաբերող ակտերի ժողովածու»-ն, որը հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների պատմության կարևոր աղբյուր է։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազարյանների տոհմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազարյանները շուրջ մեկուկեսդարյա իրենց գործունեությամբ մնայուն հետք են թողել հայոց նոր շրջանի պատմության տարեգրության մեջ։ Հովհաննես Լազարյանը Պարսկաստանից Ռուսաստան (Աստրախան, ապա Մոսկվա) տեղափոխված Աղազար կամ Եղիազար Լազարյանի ավագ որդին էր։ Հանգրվանելով Ռուսաստանի մայրաքաղաքում՝ Պետերբուրգում, նրան հաջողվեց զուգակցել պետական հետաքրքրությունները և ազգային շահերը։ Հովհաննես Լազարյանի մահից հետո այդ գերդաստանի լայնածավալ գործունեությունը շարունակվեց ավելի քան մեկ դար։ Լազարյանների ուղենշած ազգային գործունեությունը շարունակեցին և այդ տոհմի տեղը հայոց պատմության մեջ ապահովեցին Հովհաննես Լազարյանի մերձավոր հետնորդները։ Նրանցից յուրաքանչյուրը, իր հնարավորությունների սահմաններում, ներդրում կատարեց։

Մասնակցությունը Հայաստանի ազատագրմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Աշտարակեցի, Ամենայն հայոց կաթողիկոս (1843-1857)

Խաչատուր Լազարյանը 1826–1828 թվականների ռուս–պարսկական պատերազմի ժամանակ՝ մանավանդ պատերազմի վերջին փուլում, իրադարձություններին ակտիվ մասնակից Ներսես Աշտարակեցուց տեղեկություններ էր ստանում ռազմական գործողությունների և տեղում տիրող ընդհանուր դրության մասին[1]։ Խաչատուր Լազարյանն իշխան Կոստանդին Արղությանի և բանասեր Ալեքսանդր Խուդաբաշյանի մասնակցությամբ կազմել էր Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո Հայաստանի ինքնավար կարգավիճակը սահմանող նախագիծ՝ «Մի շարք առաջարկներ Վրաստանի և հարակից երկրամասերի մասին» անվանվող ծրագիրը, որը նախատեսում էր Ռուսաստանի կազմում Հայաստանի լայն ինքնավարություն[2]։ Նրանք առաջարկում էին վերականգնել հայկական թագավորությունը և Նիկոլայ I-ի տիտղոսներին ավելացնել «Հայոց թագավոր» տիտղոսը։

Ռուսաստանի տիրապետության տակ անցնող Արևելյան Հայաստանում բնակչությունը ստվարացնելու նպատակով նախագծում նախատեսվում էր Պարսկաստանից կազմակերպել հայ բնակչության ներգաղթ։ Լավատեղյակ լինելով Հայաստանի ներքին դրության մասին՝ նրանք ցանկանում էին ներգաղթ կազմակերպել։ Նրանց միացավ նաև Խաչատուր Լազարյանի եղբայր՝ գնդապետ Եղիազար Լազարյանը, ով եռանդուն գործունեություն ծավալեց։ Խաչատուր Լազարյանը մասնակցում էր նաև Հայաստանի սահմանների հարցի բարեհաջող լուծմանը։ Ներսես արքեպիսկոպոսը ջանում էր Պարսկաստանի և Հայաստանի սահմանագիծ դարձնել ոչ թե Արաքս գետը, այլ Արարատյան լեռնաշղթան։ Դրանով Մակուի գավառը ևս կմիացվեր Հայաստանին և իր լեռներով ու կիրճերով կդառնար բնական պատվար։ Ներսես Աշտարակեցին քանզիցս դիմում է Խաչատուր Լազարյանին՝ բարձրագույն իշխանությունների միջոցով իրականացնելու այդ ծրագիրը։ Սակայն նրա ջանքերը ապարդյուն են անցնում, որովհետև այդ տեսակետները չբաժանող Իվան Պասկևիչը մնում էր անդրդվելի։ Նախագծի հեղինակները կարևոր նշանակություն էին տալիս բնակչության իրավական պաշտպանվածության հարցերին։ Բնակչության իրավունքները պետք է ամրագրված լինեն օրենքներով, իսկ կալվածատերերի իրավասությունները տարածվեն միայն իրենց հողատարածությունների վրա։ Հայ հայրենասերները դեմ էին արտահայտվում ճորտատիրությանը, քանի որ դրանից անընդհատ տուժում էին բնակչության ստորին շերտերը։ Նրանք առաջարկում էին Վրաստանում վերացնել կամ գոնե խիստ սահմանափակել ճորտությունը։ Ճորտությունը վերացնելու առաջարկով նախագծի հեղինակները կանգնում էին ժամանակի առաջադիմական գաղափարների պաշտպանության դիրքերում։

Նախագիծը դրական ընթացք չստացավ, մերժվեց, բայց էական նշանակություն ունեցավ Հայաստանի անունով առանձին վարչական միավոր՝ Հայկական մարզ ստեղծելու գործում։ Մի իրողություն, որը չկատարվեց Վրաստանի պարագայում։ Ռուս–թուրքական 1828–1829 թվականների պատերազմի ժամանակ տեղի հայ բնակչության հետ աշխատանք տանելու նպատակով կայսրի հանձնարարությամբ Լազարյանը մեկնում է գործող բանակ։ Նա ջանում է Դանուբյան երկրների հայության հոգսերը թեթևացնել։ Նրա միջնորդությամբ վերափոխվում ու բարեկարգվում են Մոլդովայի Սբ. Աստվածածին և Վալախիայի Սբ. Գևորգ եկեղեցիները։ Նա մեծ օգնություն է կազմակերպում Բուքրեշի դպրոցին, եկեղեցուն, բնակչությանը և հայերին հորդորում լինել միասնական։ Մոլդովահայերը չեն մոռանում Լազարյանի սրտացավ վերաբերմունքը և մեկ տասնամյակ անց՝ 1839 թվականին կրկին հայցում են նրա օգնությունը՝ դիմելու կաթողիկոսին տեղի իշխանավորների ապօրինությունների, ճնշումների հարցում։ Նա բնակիչներին հայտնում է, որ իրենց խնդրանքը փոխանցել է կաթողիկոսին, իսկ տեղական իշխանություններին սաստելու համար դիմել է մեծ հեղինակություն ունեցող կոմս Ա. Բենկենդորֆին[3]։ Նա հենց երիտասարդական տարիներին ներքաշվեց ակտիվ և պատասխանատու կյանքի ոլորտ։ 1806–1812 թվականներին ռուս–թուրքական պատերազմին գործուն մասնակցություն ունեցավ ճանաչված հայ գործիչ Մանուկ Բեյը, որի պալատում կնքվեց հաշտության պայմանագիր։ Պատերազմի տարիներին նրա հետ առևտրական կապերի մեջ էր Հովհաննես Լազարյանի եղբայր Հովակիմը։ Այդտեղ էր լինում նաև Հովակիմի կրտսեր որդին՝ Խաչատուրը, ով 1819 թվականին ամուսնանում է Մանուկ Բեյի դստեր՝ Կատարինեի հետ[4]։

Լազարյան ճեմարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճեմարանի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազարյանների, հատկապես Խաչատուր Լազարյանի գործունեության առանցքը կազմել է իրենց անունը կրող ճեմարանը։ Հայտնի է, որ Հովհաննես Լազարյանը մտահոգ լինելով հայ մանուկների ուսման խնդրում, մահից առաջ 200 հազար ռուբլի է կտակում ուսումնարան հիմնելու համար և կտակարար է նշանակում կրտսեր եղբորը՝ Հովակիմին։ Ճեմարանը բացվում է 1815 թվականին Մոսկվայում։ Ուսումնարանը սկզբնական շրջանում բազում դժվարությունների է հանդիպում։ Լուսավորության նախարարներ Ա. Գոլիցինը, Կ. Լիվենը, Ա. Ուվարովը, Մոսկվայի գեներալ նահանգապետ Ա. Տորմասովը տարբեր առիթներով խոչընդոտում էին ճեմարանի բնականոն աշխատանքները։ Հարուցվող արգելքները վերացնելու նպատակով բարձր ատյաններին ուղղված դիմումները մնում էին անհետևանք։ Ի վերջո Լազարյանները խնդրի կարգավորման անսպասելի, նախադեպը չունեցող եղանակ են գտնում։ Օգտագործելով բարձրաստիճան գործիչների հետ ունեցած իրենց կապերը՝ Հովակիմ Լազարյանը 1824 թվականին դիմում է նախարարների կոմիտեի անդամ Ա. Արակչևին, որ համաձայնություն տա ճեմարանը լուսավորության նախարարության ենթակայությունից հանելու և իր գլխավոր ենթակայության տակ դնելու։ Ստանալով նրա համաձայնությունը՝ Եփրեմ կաթողիկոսի միջոցով դիմում են Ալեքսանդր I-ին։ Կայսրը հատուկ հրամանագրով թույլատրում է կատարել նման վերափոխություն[5][Ն 1]։ Գլխավոր պետերի հովանավորության շնորհիվ ուսումնարանը կարողանում էր հաղթահարել ծառացած դժվարությունները և արգելքները։ Վերադաս ատյանների հանձնարարությամբ 1828 թվականին ուսումնական հաստատությունների կոմիտեի անդամներ արևելագետներ Ադելունգի և Ֆրենի հետ Հովհաննես և Խաչատուր եղբայրները կազմեցին ճեմարանի կանոնադրությունը, որը պաշտոնապես ընդունվեց։ Ճեմարանը անվանվեց «Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ»[6]։ Ամրագրվեց նաև այն հանգամանքը, որ ինստիտուտն ապադասակարգային ուսումնական հաստատություն է, որտեղ կարող են ուսանել տարբեր դասակարգերի ու խավերի ընտանիքների զավակները։

Ճեմարանի հետագա զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազարյան ճեմարանի շենքը ՀՀ փոստային նամականիշի վրա

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո ռուսական կառավարությունը ձեռնարկեց և պետության շահերին համապատասխան՝ Պետերբուրգում ստեղծվեց բարեփոխումներ մշակող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին նաև Ա. Բենկենդորֆը և Խ. Լազարյանը։ Մշակված նախագիծը, որը հայտնի է «Պոլոժենիե» անունով, 1836 թվականի մարտի 11-ին հաստատեց Նիկոլայ I-ը։ Նոր կանոնադրությունը անհրաժեշտ էր դարձնում բարեփոխումներ իրականացնել նաև բոլոր հայկական գաղութների հոգևոր կյանքում։ Ռուսաստանի մայրաքաղաքների զույգ գաղութներում ստեղծվել էր բարդ իրավիճակ։ Լազարյան ինստիտուտի եկամուտները չէին բավարարում օրեցօր աճող ծախսերը։ Պակասող գումարը լրացնում էին Լազարյանները՝ իրենց անձնական միջոցներից։ Մոսկվայի եկեղեցիների եկամուտները փոքր էին, իսկ Պետերբուրգինը՝ անհամեմատ մեծ։

«Պոլոժենիեի» համաձայն՝ թեմական դպրոցներ հիմնելու համար առաջացել էր գրագետ հոգևորականների մեծ պահանջ։ Լազարյանը, լինելով բոլոր այդ իրադարձությունների կենտրոնում, խիստ մտահոգ էր և ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալու ելք էր որոնում։ Ի վերջո նա մշակեց այդ խնդիրները լուծելու հիմնավոր տարբերակ և 1837 թվականի սեպտեմբերին հանձնեց Ա. Բենկենդորֆին՝ բարձրագույն ատյանների իրավասությանը ներկայացնելու համար։ Նա առաջարկում էր մայրաքաղաքների 5 եկեղեցիները միավորել Լազարյան ճեմարանի հետ, ստեղծել տնտեսական մի ընդհանուր վարչություն, որտեղ մեկի տնտեսական միջոցների պակասը կլրացվի մյուսի կողմից։ Կրթված հոգևորականներ պատրաստելու համար նախագծի հեղինակը առաջարկում էր Լազարյան ինստիտուտում բացել հոգևոր բաժին[7]։ Ա. Բենկենդորֆը, իր հիմնավորումները հավելելով, նախագիծը ներկայացնում է ներքին գործերի նախարար Դմիտրի Բլուդովին։ Վերջինս մշակած առաջարկը համարում է նպատակահարմար և արդարացված։ Նոր կանոնադրության (պոլոժենիեի) պահանջով անհրաժեշտ էր հարցը համաձայնեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Առանց էական լրացումներ կատարելու, նախագծին հավանություն են տալիս և վավերացնում Հովհաննես Կարբեցի կաթողիկոսն ու սինոդի անդամները[8]։ Կայսրը 1841 թվականի հունվարին հավանություն է տալիս ներկայացված վերափոխումներին, իսկ սենատը հաստատում է այն։ Խաչատուր Լազարյանի մշակած ծրագրի իրավական ուժ ստանալը էական դրական նշանակություն ունեցավ ինչպես ինստիտուտի, այնպես էլ մայրաքաղաքների համայնքների համար։

1844 թվականին վախճանվեց Ա. Բենկենդորֆը։ Լազարյան եղբայրների խնդրանքով ինստիտուտի գլխավոր պետ նշանակվեց կոմս Ալեքսեյ Օրլովը։ Վերջինս գտնում էր, որ ինստիտուտը կարիք ունի արմատական բարեփոխումների։ Ներկայացված և 1848 թվականին կայսեր կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ Լազարյան ինստիտուտը հավասարեցվում է առաջին կարգի լիցեյներին։ Նրան տրվում է Դեմիդովի, Բեզբորոդկոյի, Ռիշելյեի լիցեյների կարգավիճակ։ Վեցամյա ուսուցումը դարձվում է ութամյա[9]։

Նիկոլայ I-ը, ով հաստատում է «Պոլոժենիե» նախագիծը:

1850 թվականին ընդհատվեց Լազարյան տոհմի արական գծով ժառանգությունը․ մահացավ Խաչատուր Լազարյանի փոքրահասակ զավակ Հովհաննեսը։ Նրա ծնողները և հորեղբայրը, ի հիշատակ Լազարյանների վերջին ժառանգի, 60 հազար ռուբլի արծաթ գումար նվիրաբերեցին ճեմարանում աղքատ հայ ընտանիքների երեխաների համար նախապատրաստական բաժին բացելու նպատակով։ Նման բաժին բացելը շատ էր անհրաժեշտ գավառներում ապրող ռուսերեն չիմացող ընչազուրկ երեխաներին ինստիտուտ ընդունվելը դյուրացնելու համար։ Նախապատրաստական բաժին բացելու համար, բացառության կարգով, Նիկոլայ I-ը տվեց իր համաձայնությունը և շնորհակալություն հայտնեց բարեգործներին։

1860 թվականին Ա. Օրլովին ճեմարանի գլխավոր պետի պաշտոնում փոխարինեց Ալեքսանդր II-ի բարեփոխումների ակտիվ մասնակից Վ. Բուտկովը։ Նորանշանակ պետը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ դպրոցական կանոնադրությամբ գիմնազիաների շրջանավարտները առանց քննությունների ընդունվում են համալսարան, որը չէր տարածվում Լազարյան ճեմարանի վրա։ Այդ կարգը ինստիտուտի վրա կիրառելու համար ստեղծվեց հատուկ հանձնաժողով (Մ. Էմին, Ա. Նազարյանց, Գ. Քանանյան, Ն. Տիխոնրավով)։ Հանձնաժողովը փոփոխություններ կատարեց դասավանդվող առարկաների ծրագրերի մեջ։ Իրարից որոշակի անջատեց գիմնազիական և արևելյան լեզուների ուսուցումը։ Վերջինիս ուսուցումը դրեց ամուր հիմքերի վրա, երկու տարին դարձվեց երեք տարի։ Կատարած բարեփոխումներն իրականացնելու համար պահանջվում էին ֆինանսական մեծ միջոցներ, որոնց աղբյուրը չէր գտնվում։

Խաչատուր Լազարյանն ինստիտուտը հանում է դժվարին կացությունից՝ իր անձնական միջոցներից նվիրաբերելով մեծ գումար՝ 200 հազար ռուբլի։ Նրա այդ քայլը խորը տպավորություն է գործում բոլորի վրա։ Ալեքսանդր II-ը նրան պարգևատրում է «Սպիտակ առյուծի» շքանշանով[10]։ Այդ բարեփոխումների շնորհիվ լուծվում է շրջանավարտների համալսարան ընդունվելու հարցը։ Ինստիտուտ են ընդունվում լավորակ սաներ, աճում է աշակերտների քանակը։

Բարեփոխումները ճեմարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ անց ինստիտուտի գլխավոր պետ Վ. Բուտկովը ներկայացնում է ուսումնարանը հիմնավոր վերափոխելու հետևյալ նախագիծը. նշանավոր տոհմի վերջին ներկայացուցչի՝ Խաչատուր Լազարյանի մահից հետո ինստիտուտը դնել լուսավորության նախարարության ենթակայության ներքո։ Պահպանել չքավոր երեխաների համար նախապատրաստական բաժին ունենալու սահմանված կարգը, հոգաբարձուի պաշտոնը դարձնել պատվավոր, բայց պահպանել «Լազարյան» անվանումը։ Ինստիտուտ մտցնել դասական գիմնազիայի լրիվ դասընթաց[11]։ Այդ նախագիծը իրականացնելու պարագայում ճեմարանը հեռանում էր արևելյան լեզուներ ուսուցանելու իր առաքելությունից և վերածվում է մոսկովյան սովորական մի գիմնազիայի։

Խաչատուր Լազարյանը մերժեց առաջարկվող փոփոխությունների նախագիծը։ Նրան մտահոգում էր ճեմարանի ապագայի հարցը։ Ծերությունն ու հիվանդությունը ավելի էին մտահոգ ու անհանգիստ դարձրել ճեմարանի ճակատագրով ապրող գործչին։ Նա տնօրենի պաշտոնից ազատում է ներկայացված նախագծի ջատագով Բաբստին և նրա փոխարեն 1869 թվականին նշանակում է իր փեսային՝ Հովհաննես Դելյանովին։ Վերջինս լավ ծանոթ էր ինստիտուտին, լուսավորության փոխնախարար էր և ճանաչված էր գործիմացությամբ ու բարեկիրթ վարքագծով։ Դելյանովի խորհրդով, որ լավ էր ճանաչում նախարարին, Խաչատուր Լազարյանը դիմում է անկանխատեսելի վճռական քայլի։ Ինստիտուտի գլխավոր պետի պաշտոնում հրավիրում է լուսավորության նախարար կոմս Դմիտրի Տոլստոյին և որոշում ճեմարանը դնել լուսավորության նախարարության ենթակայության տակ։ Տոլստոյը կրթության, առհասարակ հասարակական երևույթների մասին ուներ առաջադիմական հաստատուն սկզբունքներ։

Հաստատուն են միայն այն բարեփոխումները, որոնք իրենց հիմքում ունեն պատմական հող, որոնք չկտրելով կապերն անցյալի հետ և պահպանելով նրանում եղած լավը, չեն ոչնչացնում այն, այլ զարգացնում ու կատարելագործում են ժամանակի պահանջներին համապատասխան[11]։

Նախարարը մոտիկից ծանոթանում է ճեմարանի աշխատանքներին։ Նա անհանգստանում էր, որ ուսումնարանը բաղկացած է իրար հետ կապ չունեցող երկու ուղղություններից։ Մեկը գիմնազիան է, իսկ մյուսը՝ արևելյան լեզուների բարձրագույն դասընթացը։ Մեկի լիարժեք դասընթացը խանգարում է մյուսի լիարժեքությանը։ Այդ պատճառով Դ. Տոլստոյը ծրագրերում և ուսման տևողության մեջ այնպիսի փոփոխություններ է մտցնում, որպեսզի խստորեն պահպանվի գիմնազիական ծրագրի ընդհանուր դասընթացը և մյուս կողմից՝ արևելյան լեզուների ուսուցումը հավասարեցվի համալսարանական մակարդակին։ Մշակված ծրագիրը հավանության է արժանանում և 1872 թվականին հաստատվում բարձրագույն հրամանով։ Եվ դրանից հետո մինչև վերջ՝ 1918 թվականը, ինստիտուտն անխափան առաջնորդվում է այդ ծրագրով։ Խաչատուր Լազարյանն իր մահից առաջ համարձակ ձեռնարկումով կարողացավ ապահովել Լազարյան ճեմարանի հետագա կեսդարյա գործունեությունը։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Լազարյանը առաջադեմ հայացքներ ուներ կրթության, հայ հասարակական կյանքի երևույթների նկատմամբ։ Երիտասարդ հասակում կրթության հարցում առաջ էր քաշում հայ իրականության մեջ տիրապետող պահպանողական, հետամնաց մեթոդներին հակադիր գաղափարներ։ Լազարյան ճեմարանը բացվելուց տարիներ առաջ Եփրեմ կաթողիկոսին գրում էր, որ ուսուցումը պետք է լինի «համեստ, թարդ (առանց) իւիք ցասման, բարկութեան, և գանից պատժոյ հմտեցուցանել, զի բարկութիւն, սպառնալեօք ահացուցանելն և խիստ պատժելն բարբարոսական է գործ, միշտ խռովեցուցիչ և յուսահատեցուցիչ աշակերտի նմանապէս և տախտկութիւն… ուսուցչին»[12]։ Ուսման գործընթացը բարձր մակարդակով ու նոր մեթոդներով կազմակերպելու նպատակով ճեմարան էր հրավիրում լավագույն մանկավարժների, անգամ Մոսկվայի համալսարանի դասախոսների։ Աշակերտների բարոյահոգեբանական դաստիարակության հարցում հատուկ նշանակություն էր տալիս նրանց կրոնական ուսուցմանը։ Նա հանդես էր գալիս երկպառակություններ առաջացնող երևույթների դեմ և քարոզում էր համերաշխ ու միասնական լինելու գաղափարը։ Ազգային միասնություն քարոզելու նրա հայացքները լավագույնս դրսևորվել են հետևյալ դեպքի առիթով։ «Հյուսիսափայլ» ամսագրում տպագրված երկու հոդվածներում վիրավորական արտահայտություններ են եղել որոշ հոգևորականների հասցեին։ Այդ փաստը մեծ իրարանցում է առաջացնում։ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ Գ. Այվազյանը բողոքում է կաթողիկոսին և Լազարյան ճեմարանի ու եկեղեցիների հոգաբարձու Խաչատուր Լազարյանին։ Վերջինս բացատրություն է պահանջում ամսագրի խմբագիր Ս. Նազարյանից։ Խմբագիրը ներկայացնում է ամսագրի հրապարակախոսական էությունը և ավելացնում, որ Գ. Այվազյանը շփոթում է հոգևորականություն ընդգրկուն հասկացությունը նրա առանձին անհատների հետ։ Խմբագրի բացատրությունից բավարարություն չստանալով՝ Խաչատուր Լազարյանը, հավատարիմ մնալով ազգային երկպառակություն, լարվածություն չհարուցելու իր հավատամքին, ճեմարանի վերատեսուչ Հ. Դելյանովին գրում է.

Ես, իբրև հոգաբարձու մայրաքաղաքների հայոց եկեղեցիների և միևնույն ժամանակ հոգաբարձու իբրև Լազարյան ճեմարանի թե խղճիս թելադրությամբ, թե ի պաշտոնե, ավելի ևս արդարության պահանջով ցավ ի սիրտ ստիպված եմ այստեղ առաջ բերել իսկական ճշմարտության փաստերը, որովհետև անբարեհույս է և մեղավոր այն անձը, որը տարածում է թշնամության սերմեր, որով վնասում է, անպատվում իր հայրենակիցներին… Որտեղ անձնական կիրքը և աչառությունն է դեր խաղում, այնտեղ բարիք սպասել չի կարելի... Ճշմարիտ օգտակար ամսագրի գլխավոր պարտականությունը և նպատակը պետք է լինի որքան կարելի է շատ ամրացնել հայ ժողովրդի մեջ խաղաղություն, համերաշխություն և բոլորին էլ տանել դեպի ընդհանուր բարի նպատակ, բայց ոչ մի դեպքում չը բաժանել չը տարածել թշնամության սերմեր չը գրգռել կրքեր և արատներ, որոնք առանց այն էլ չափազանց շատ են տարածված անբարեհույս հայերի մեջ։

Հրապարակել որևէ հայկական ամսագիր, նպատակ ունենալով ազգի թե կրոնական-բարոյական կրթությունը թե լեզուների և գիտությունների, մանավանդ պատմական գիտելիքների լայն տարածումը, օգտակար է և անհրաժեշտ նոր սերնդի, գլխավորապես հայ երիտասարդության ընդհանուր կրթության տեսակետից, մանավանդ եթե հիշենք հայ թեմական դպրոցների և զանազան ուսումնական ձեռնարկների պակասությունը։

Խաչատուր Լազարյանը «Հյուսիսափայլի» հետ կապված դեպքից զատ, Ներսես Աշտարակեցուն ուղղած նամակներում և այլուր մշտապես նշում էր ազգի միասնական լինելու անհրաժեշտությունը։

Բարեգործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց կատարած բարեգործություններով հատկապես աչքի էին ընկնում Հովհաննես և Խաչատուր եղբայրները։ Նրանք անձնական բազմաբնույթ և բազմաքանակ քայլեր կատարելուց բացի խթանում էին հասարակական լայն ընդգրկում ունեցող բարեգործությունները։ Պայմանների բերումով ռուսական մայրաքաղաքներում քիչ չէին ընչազուրկ ու աղքատ հայերը։ Մոսկվայի բնակիչ Սահակ Գասպարովը (Գասպարյան) նախաձեռնում է հայ ընչազուրկների համար աղքատանոց կամ անկելանոց հիմնել։ Հանգամանորեն մշակված նախագիծը արժանանում է կառավարության հավանությանը, և 1949 թվականին անկելանոցը սկսում է գործել։ Գասպարյան անկելանոցը երկարակյաց և իր առաքելությունը լիովին արդարացնող հաստատություն է դառնում։ Բարեգործական այդ հիմնարկը, անկախ բնակավայրերից, շատ ընչազուրկների է օգնում, ապահովում օթևանով։ Իր անմիջական կոչումից բացի անկելանոցը, որի պատվավոր անդամներն էին Լազարյան եղբայրները, դառնում է տեղի հայությունը իրար հետ կապող հայ համայնքի հասարակական կարևոր հաստատություներից մեկը։ Համայնքի ընդհանուր հավաքները հաճախ հրավիրվում էին 600 հոգու համար նախատեսված նրա ընդարձակ սրահում։ Սահակ Գասպարյանին, երբ հարց են տալիս, թե ի՞նչն իրեն դրդեց աղքատանոց հիմնել, նա հայտնում է, որ Լազարյանների բազմաթիվ բարեգործություններն իր մեջ ծնեցին հայրենակիցներին օգտակար լինելու մեծ ցանկություն։ Դրանից բացի Լազարյան եղբայրները քաղաքի Սբ. Խաչ եկեղեցու մոտակայքի իրենց հողամասը հոժարակամ հատկացրեցին այդ նպատակին, ինքն էլ ձեռնարկեց այդ գործը[13]։

Գիտամշակութային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Գլինկա

Ռուսական մայրաքաղաքների հայկական շրջաններում գիտության, մասնավորապես հայագիտության զարգացումը մեծապես պայմանավորված էր Լազարյաններին հոգեհարազատ գիտության այդ ճյուղը խթանելու նախանձախնդրությամբ։ Գիտության, լուսավորության նկատմամբ հատուկ հետաքրքրություններ ուներ հատկապես Խաչատուր Լազարյանը։ Նրա այդ հակումը դրսևորվում էր դեռ շատ երիտասարդ տարիներից։ Այդ Էր պատճառը, որ Հովակիմ Լազարյանը խորհուրդ էր տալիս որդուն՝ Խաչատուրին, Եվրոպայում շրջագայելու ժամանակ անպայման այցելել Վենետիկ. «Ուր տեսանել կարէք և Մխիթար աբբայի միաբանութիւն և հայոց մեծ ակադէմին[14]։ Խաչատուր Լազարյանը հանձնարարում է գրող, պատմաբան Սերգեյ Գլինկային նյութեր հավաքել և գրել հայոց պատմության և հայ–ռուսական հարաբերությունների վերաբերյալ աշխատություններ։ Հումանիստ ստեղծագործող Գլինկան տարվում է հայոց պատմությամբ և մշակույթով։ Նա գրեց երկու պատմվածք Հայաստանի անցյալից, որոնցից մեկը նվիրված էր Հայկի և Բելի առասպելին[15]։ Գրեց նաև երկու մասից բաղկացած «Հայ ժողովրդի պատմության տեսություն» աշխատությունը[16]։ Գլինկան կազմում և հրատարակում է հայ–ռուսական հարաբերությունների վավերագրերի ժողովածու երեք հատորով։ Արժեքավոր այդ ժողովածուում ներառվել են այնպիսի կարևոր վավերագրեր, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց գիտական նշանակությունը[17]։ Նա ճեմարանի դասախոս Մսեր Մսերյանին առաջարկում է գրել հայոց պատմության և հայոց եկեղեցու ընդհանուր պատմության վերաբերյալ աշխատություն։ Մսերյանը լծվում է այդ աշխատանքներին և շուտով հրատարակում կրոնադավանաբանական մի շարք ուսումնասիրություններ։ Խաչատուր Լազարյանը մեծահարուստներին հորդորում էր միջոցներ չխնայել, ընդհակառակը շռայլորեն այն հատկացնել հասարակական շահեր հետապնդող նպատակների, քրիստոնեական քարոզչության, գիտության ու լուսավորության համար։

Ամենուրեք, բոլոր երկրներում, միլիոնատերերը և հարուստները բարեխղճորեն կատարում են իրենց քրիստոնեական պարտականություններն ու զգացումները։ Նրանք շռայլ քայլեր ու նվիրատվություններ են կատարում՝ ի հիշատակ իրենց հանգուցյալների և հատկապես ուսումնարաններ, աղքատանոցներ հիմնելու կամ այլ անհրաժեշտ եկեղեցական և ազգային հասարակական շահեր հետապնդող նպատակներով։ Այդտեղ հարուստների կողմից խնայողություն կատարելն անտեղի, անվայելուչ, անգամ դատապարտելի է։

Լազարյանը խորհուրդ էր տալիս նաև միջոցներն ուղղել «հօգուտ եկեղեցու և հայ ժողովրդի, որ պահանջ ունի և ծարավի է կրթության ու գիտության»[18]։ Լազարյան ճեմարանում սկզբնավորված և աշխուժորեն ծավալվող հայագիտական, արևելագիտական աշխատանքները հովանավորողները Լազարյաններն էին և նրանց մեջ առաջին հերթին և գլխավորապես Խաչատուր Լազարյանը։ Լազարյանը 1854 թվականին Մկրտիչ Էմինին գրում է, որ գոհունակությամբ է ընդունել հայկական ձեռագրերը հրատարակելու նրա պատրաստակամությունը։ Կրկնակի բավարարված է, որ կարևոր այդ ձեռնարկումն իրականացնելու է իրենց ուսումնարանի նախկին սան՝ ներկայիս հարգարժան պրոֆեսորը։ Խաչատուրը միաժամանակ տեղեկացնում է, որ իր եղբայր Հովհաննեսի հետ նպատակ է դրել աստիճանաբար հրատարակել պատմական արժեք ունեցող հին հայկական ձեռագրերը։ Առաջարկում է առկա հինգ ձեռագիրը հրատարակել անհրաժեշտ բացատրություններով ու ծանոթագրություններով, որպեսզի հասկանալի դառնան հետաքրքվողներին։ Նա Մկրտիչ Էմինին խնդրում է պարզել, թե ըստ անհրաժեշտության ձեռագրերից որ մեկը պետք է հրատարակել առաջին հերթին և ըստ այդմ մյուսների հրատարակության համար սահմանել հերթականություն։ Ապա հավելում է, որ տպագրական ծախսերը հոգալու համար նշել ձեռագրերի ծավալը։ Միաժամանակ պրոֆեսորին խնդրում էր առանց նեղվելու, հանուն փոխադարձ հարգանքի ու բարոյական բավարարվածության պարզորոշ հայտնել իր աշխատանքի վարձատրության չափը[19]։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Լանգլուա

Խաչատուր Լազարյանը համագործակցում էր և սերտ կապեր ուներ Ֆրանսիայի հայագետներ Վիկտոր Լանգլուայի և հատկապես Փարիզի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Էդուարդ Դյուլորիեի հետ։ Նա Մկրտիչ Էմինին տեղյակ էր պահում, որ իր խնդրանքով «իր արժանավոր բարեկամ» Դյուլորիեն արտասահմանում պատրաստել է տվել հայերեն տառատեսակների ձուլվածքը (մատրիցան), որը շուտով կուղարկի։ Նա խնդրում էր որոշ ձեռագրերի պատճեններն ուղարկել հայագետին՝ Վիեննա կամ Փարիզ[19]։ Խաչատուր Լազարյանը միաժամանակ հայտնում էր, որ Դյուլորիեի «Հայերը 1854 թվին» հոդվածը հրատարակվել է ռուսերեն «Կովկաս» ամսագրում, անհրաժեշտ է այն թարգմանել և տպագրել նաև հայերեն։ Լազարյանը տեղեկացնում է, որ Է. Դյուլորիեն իր ստեղծագործությունները հայոց դավանանքի, Լազարյան ճեմարանի մասին և մեծ քանակությամբ այլ գրականություն ուղարկել է իր անունով։ Դրանք հասցեագրել է անձամբ իրեն, Պետերբուրգի կայսերական ակադեմիային և Լազարյան ինստիտուտին։ Նա հայտնում է, որ ինքը կհոգա շոգենավով տեղափոխության ծախսերը, միայն խնդրում էր հետևել, որ մաքսատանը և տեղափոխության ժամանակ գրքերի կապոցներն առանց վնասվելու տեղ հասցվեն։ Գիտության նկատմամբ նրա հետաքրքրություններն այն աստիճան ճանաչման էին արժանացել, որ Պետերբուրգի կայսերական ակադեմիան, սակավաթիվ մարդկանց թվում, հրավիրում է նաև նրան մասնակցելու ակադեմիայի հիմնադրման 130-ամյակին նվիրված հանդիսավոր ժողովին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Լազարյանը մահացել է 1871 թվականին։ Ռուսահայերը, նկատի առնելով նրա ծառայությունները, դիմում են իշխանություններին թույլ տալու հանգանակություն կազմակերպել և Լազարյան ինստիտուտում դնել նրա կիսանդրին։ Հանգանակած գումարով քանդակվում և ճեմարանի դահլիճում է դրվում նրա մարմարե կիսանդրին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արակչեևը կարճ ժամանակից հետո հրաժարվում է այդ պաշտոնից։ Հովակիմի զավակների, հատկապես Խաչատուրի խնդրանքով ճեմարանի գլխավոր պետ է նշանակվում ոստիկանության երրորդ բաժանմունքի պետ Ա. Բենկենդորֆը (1828-1844), նրա մահից հետո՝ պետական խորհրդի նախագահ Ա. Օրլովը (1860-1870)։ Այնուհետև այդ պաշտոնը վարում է լուսավորության նախարար Դ. Տոլստոյը (1870-1872)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մաշտոցի անվան Մատենադարան, Լազարյանների արխիվ էջ 106, գ. 51, վավ.13, 30, 53, 69, 153։
  2. Վ․ Պարսամյան, Գրիբոյեդովը և հայ-ռուսական հարաբերությունները, Երևան, 1947, էջ 245–261։
  3. Մաշտոցի անվան Մատենադարան, Լազարյանների արխիվ էջ 106, գ. 51, վավ. 162։
  4. Հակոբ Սիրունի, Նյութեր Ռումեն երկրներու հայոց անցյալեն (Բանբեր Հայաստանի արխիվների), 1972, էջ 165։
  5. Собрание актов к обозрению истории армянского народа, հ. III, Մոսկվա, 1933 — 93 էջ։
  6. Մաշտոցի անվան Մատենադարան, Լազարյանների արխիվ էջ թղթ. 119, գ․ 56, վավ. 94, թ. 55։
  7. Մ. Մսերյանց, Յիշատակարան կենաց և գործոյ մեծանուն պայազատաց Լազարեան տոհմի, Մոսկուա, 1856, էջ 102։
  8. Մաշտոցի անվան Մատենադարան, Լազարյանների արխիվ էջ թղթ. 118, վ. 19։
  9. А. Хаханов, Тридцатилетие специальных классов Лазаревского института восточных языков, Մոսկվա, 1903 — 4 էջ։
  10. Հ . Թադևոսյան, Պատմություն Լազարյան տոհմի և Լազարյան ճեմարանի արևելյան լեզվաց, Վիեննա, 1953, էջ 387–389։
  11. 11,0 11,1 А. Хаханов, Тридцатилетие специальных классов Лазаревского института восточных языков, Մոսկվա էջ 4-9, 13։
  12. Լեո, Պատմություն Երևանի հայոց թեմական հոգևոր դպրոցի (1837–1912), Թիֆլիս, 1914, էջ 92։
  13. Մաշտոցի անվան Մատենադարան, Կաթողիկոսական դիվան էջ թղթ. 114, վավ. 592, թ. 14։
  14. Российский государственный исторический архив (РГИА) էջ ф. 880, оп. 1, д. 240, л. 190։
  15. С. Н. Глинка, Две повести в стихах почерпнутых из древних армянских летописей, Մոսկվա, 1831։
  16. С. Н. Глинка, Обозрение истории армянского народа, հ. 1–2, Մոսկվա, 1832–1833։
  17. С. Н. Глинка, Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа, հ. 1-3, Մոսկվա, 1833–1838։
  18. Центральный исторический архив Москвы (ЦИАМ) էջ ф. 2050, оп. 1, д. 45, л. 1–2։
  19. 19,0 19,1 Մաշտոցի անվան Մատենադարան, Լազարյանների արխիվ էջ թղթ. 100, վ. 11, թ․ 1–3, վավ. 10։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]