Խանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Խանիա
Χανιά
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես12,56 կմ²
ԲԾՄ184 մետր
Բնակչություն54 559 մարդ (2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ28210
Փոստային դասիչ73100
Պաշտոնական կայքchania.gr
Խանիա (Հունաստան)##
Խանիա (Հունաստան)

Խանիա[2] (հուն․՝ Χανιά), վենետիկյան անվանումը՝ Կանեա (իտալ.՝ La Canea), քաղաք Հունաստանում՝ Կրետե կղզու հյուսիսում։ Տեղակայված է Ռեթիմնոյից մոտ 70 կմ արևմուտք և Հերակլիոնից 145 կմ արևմուտք։ Նավահանգիստը գտնվում է Կրետե ծովի ափին։ Խանիան Խանիա պերիֆերիկ միավորի և Կրետե պերիֆերիայի Խանիա համայնքի վարչական կենտրոնն է։ Մինչև 1971 թվականը Խանիան կղզու վարչական կենտրոնն էր։ Բնակչությունը՝ 54 559 մարդ (2021)[1]։ Մեծությամբ կղզու երկրորդ քաղաքն է։ Տարածքը 12,564 կմ2 է[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում քաղաքի տարածքում գտնվում էր Կիդոնիա պոլիսը։

Վենետիկյան տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակրաց չորրորդ արշավանքից հետո Կրետեն հատկացվեց Բոնիֆացի Մոնֆերատսկուն։ Նա իր հերթին այդ տիրույթը վաճառեց վենետիկցիներին 1000 արծաթյա մարկի դիմաց։ Վենետիկցիները իշխել են կղզուն 1252 թվականին, սակայն 1263 թվականին Ջենովայից նրանց մրցակիցները մալթացի կոմս Էնրիկո Պեսկատորեի առաջնորդությամբ և տեղի բնակիչների աջակցությամբ նրանց դուրս մղեցին կղզուց։ Ջենովան կղզու վրա իր իշխանությունը պահպանեց մինչև 1285 թվականին վենետիկցիների վերադարձը։

Վենետիկցիների օրոք Խանիա քաղաքը դարձավ կղզու վարչակազմի ղեկավարի՝ ռեկտորի նստավայրը։ Քաղաքը զարգացող գյուղատնտեսական տարածաշրջանի կարևոր առևտրային կենտրոնն էր։ Սկզբում վենետիկյան կառավարությունը խիստ էր և ճնշող, սակայն ավելի ուշ կրետեցիների և վենետիկցիների հարաբերությունները բարելավվեցին։ Վենետիկի հետ շփումը հանգեցրեց կրետական և վենետիկյան մշակույթների միահյուսմանը, սակայն հույները պահպանեցին ուղղափառ դավանանքը։ Քաղաքը կոչվեց Լա Կանեա։ Քաղաքային ամրությունները ամրապնդվեցին, իսկ քաղաքի սահմանները ձեռք բերեցին ժամանակակից ուրվագծերը։

1453 թվականին՝ Կոստանդնուպոլսի անկումից հետո, մի շարք հոգևորականներ, վանականներ և նկարիչներ ապաստան գտան Կրետե կղզում։ Հետագա ժամանակաշրջանում Խանիա քաղաքում ձևավորվեց բյուզանդական, վենետիկյան և դասական հունական մշակույթների խառնուրդ։ Այդ ընթացքում կառուցվեցին մի շարք կարևոր շինություններ, զարգացան գրավոր մշակույթը, երաժշտությունը և կրթությունը։

Օսմանյան տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքերը քաղաքը գրավեցին 1645 թվականի օգոստոսի 2-ին՝ երկամսյա պաշարումից հետո։ Պաշարման ժամանակ բազմաթիվ զոհեր եղան, հատկապես թուրքերի շրջանում։ Թուրք հրամանատարը վերադարձից հետո մահապատժի ենթարկվեց 40 000 մարդու կորստի պատճառով։

Քաղաքի եկեղեցիների մեծ մասը վերածվեց մզկիթների։ Թուրքերը հիմնականում ապրում էին քաղաքի արևմտյան թաղամասերում՝ Կաստելում և Սպլատցիայում, որտեղ նրանք Դոմինիկյան Սուրբ Նիկոլայի եկեղեցին վերածեցին գլխավոր մզկիթի («Houghiar Tzamissi»)։ Կառուցվեցին նաև նոր մզկիթներ, ինչպես «Kioutsouk Hassan Tzamissi»-ը նավահանգստում։ Քաղաքում կառուցվեցին նաև թուրքական բաղնիքներ և շատրվաններ։ Կրետեի թուրք փաշայի նստավայրը ևս գտնվում էր Խանիայում։

1821 թվականի հակաթուրքական ապստամբության ժամանակ քաղաքում բախումներ տեղի ունեցան հույների և թուրքերի միջև, որոնք երկու կողմից էլ զոհերի պատճառ դարձան։ Զոհվածները հիմնականում քրիստոնյաներ էին։ Մելխիսեդեկ Դեսպոտակիս եպիսկոպոսը ապստամբությանը մասնակցելու համար կախաղան հանվեց ծառի վրա։

Հալեպի համաձայնագրից հետո (1878 թվականի սեպտեմբերի 30) քրիստոնյա բնակչությունը ավելի շատ իրավունքներ ստացավ։ Սակայն 1889 թվականի հակաթուրքական ելույթներից հետո հույների ստացած արտոնությունների մի մասը 1889 թվականի հոկտեմբերի 26-ի հրովարտակով չեղյալ հայտարարվեց։ Սակայն խռովությունները շարունակվեցին նաև 1890-ական թվականների ընթացքում։ 1898 թվականին Օսմանյան կայսրությունը Կրետեին ինքնավարություն տվեց, իսկ 1913 թվականին այն պաշտոնապես ներառվեց Հունաստանի կազմում։ Այդ ժամանակաշրջանում թուրքերը քաղաքից վերաբնակեցվեցին Թուրքիայում։ Մնացած թուրք բնակչությունը բնակվեց Խանիայում մինչև 1923 թվականին հույն-թուրքական բնակչության փոխանակությունը։

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովափ

Խանիա քաղաքը բաժանված է երկու մասի՝ հին քաղաք և ավելի ընդարձակ նոր քաղաք։ Հին քաղաքը գտնվում է հին նավահանգստի կողքին։ Այն շրջապատված էր վենետիկյան հին ամրություններով, որոնք կառուցվել են 1538 թվականին։ Դրանից պահպանվել են արևելյան և արևմտյան մասերը։ Ժամանակակից քաղաքի կենտրոնը գտնվում է հին քաղաքի և հիմնականում հարավային հատվածում։

Հին քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին քաղաքի գույները

Չնայած Խանիան ռմբակոծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն հին քաղաքը, համարվում է Կրետե կղզու ամենագեղեցիկ քաղաքային շրջանը՝ հատկապես վենետիկյան նավահանգստի մնացորդները։ Հին քաղաքի կենտրոնական մասը կոչվում է Կաստելի (միջնաբերդ)։ Այն տեղակայված է փոքրիկ ժայռի վրա՝ անմիջապես ափի մոտ։ Նավահանգստի ափին է գտնվում Խանիայի եզակի մզկիթներից մեկը՝ Կյուչուկ Խասան մզկիթը, ինչպես նաև վենետիկյան արսենալը։

Խանիա քաղաքի նավահանգստում է գտնվում աշխարհի ամենահին փարոսներից մեկը։ Այժմ այն քաղաքի «այցեքարտն» է և խորհրդանիշը։

Նոր քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Խանիայի տնտեսության հիմքը կազմում են գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը։ Քաղաքը սպասարկում է «Իոաննիս Դասկալոյաննիս» օդանավակայանը։

Քաղաքի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունը Կրետեի տեխնիկական համալսարանն է, որտեղ սովորում է մոտ 2200 ուսանող։ Խանիայում են տեղակայված նաև Միջերկրածովյան գյուղատնտեսական ինստիտուտն ու մի շարք գիտական հաստատություններ․

  • Է. Վենիզելոսի անվան ազգային հետազոտական հիմնադրամ
  • Միջերկրածովյան ճարտարապետական կենտրոն
  • Ձիթապտղի և մերձարևադարձային մշակույթի ինստիտուտ
  • «Խրիսոստոմոս» գրական միություն

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 51 710[4]
2001 55 838[4]
2011 53 910[5]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարոս Խանիայում
Վենետիկյան արսենալը հին քաղաքում
  • Սամարիա կիրճ, աշխարհագրական կառույց Կրետե կղզու արևմուտքում։ Գտնվում է Խանիայից 43 կմ հարավ՝ Օմալոս բարձրավանդակում։ Կիրճը և նրա շուրջը գտնվող տարածքը ներառված են Լեֆկա Օրի ազգային պարկում։
  • Խանիայի մայր տաճար
  • Սուրբ Երրորդության տաճար, գտնվում է քաղաքից ոչ հեռու։
  • Գուվերնետո վանքը Ակրոտիրի թերակղզու մեկ այլ վանք է։
  • Կյուչուկ Խասան մզկիթ

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնագիտական թանգարան, հասցե՝ Խալիդոն 28, Խանիա 73100, Հունաստան[6]
  • Բանահյուսության թանգարան
  • Պատմական արխիվ
  • Կրետեի ծովային թանգարան
  • Քաղաքային գեղարվեստական պատկերասրահ
  • Բյուզանդական և հետբյուզանդական հավաքածու
  • Էլեֆթերիոս Վենիզելոս տուն
  • Ռազմական թանգարան

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նանա Մուսխուրի՝ հույն երգչուհի
  • Էմանուիլ Անտոնիադիս (1791-1863), Հունական հեղափոխության հայտնի մասնակից, հունական պատմագրության մեջ հայտնի է որպես «անկախ լրագրության մարտիկ» և լրագրող, որը կանգնած է հունական անկախ մամուլի ակունքներում
  • Նիկոլաոս Կունելակիս (1829-1869), հույն նկարիչ, մեծացել և սովորել է Ռուսաստանում
  • Էլենի Դանիլիդու (1982), հույն պրոֆեսիոնալ թենիսիստուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2021 Greek census
  2. Ханья // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 404.
  3. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 428. — ISSN 1106-5761.
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Греческая статистическая служба. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  5. Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός (греч.) (недоступная ссылка). Ελληνική Στατιστική Αρχή (2011). Дата обращения 4 июня 2017. Архивировано 25 декабря 2013 года.
  6. «Ханья Крит: отдых, развлечения, пляжи, фото, цены, отзывы». fellowtraveler.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.