Խայտաբղետ հաստաճակատ
Խայտաբղետ հաստաճակատ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Hypophthalmichthys nobilis
(Richardson, 1845)
|
||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Խայտաբղետ հաստաճակատ (լատին․՝ Aristichtys nobilis), ծածանազգիների ընտանիքի ձուկ։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր ձուկ է, մարմինը վերին մասում մի փոքր ուռուցիկ է, կողքերից՝ բավական սեղմված։ ՀՀ ձկնային տնտեսություններում և բնական ջրամբարներում երկարությունը 30-40 (երբեմն՝ մինչև 70-80) սմ է, զանգվածը՝ մինչև 10 կգ և ավելի։ Արագաճ ձկնատեսակ է. երկու տարեկանում կարող է հասնել 1-2 կգ-ի։ Գլուխը լայն է՝ սրացած դնչով։ Բերանը վերին է՝ թեք կտրվածքով։ Աչքերը փոքր են՝ ցածր տեղադրված։ Ալանային ատամները միաշարք են։ Ողնուցն առկա է միայն փորային լողակներից մինչև հետանցքն ընկած հատվածում։ Կրծքային լողակները երկար են և անցնում են փորային լողակների հիմքից։ Պոչային լողակը խոր կտրվածքով է։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 114-120 հատ։ Մեջքային լողակը կարճ է՝ 10 ճառագայթով, հետնալողակը համեմատաբար երկար՝ 15-17 ճառագայթով։ Խռիկային առաջին աղեղի վրա կան մինչև 270 երկար ու խիտ դասավորված խռիկային առէջներ։ Մեջքը և գլխի վերին մասը մուգ են, կողքերը՝ արծաթակապարագույն՝ անկանոն մուգ պտերով, փորիկը՝ սպիտակավուն։ Լողակները սովորաբար մոխրագույն են։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռահասուն է դառնում 3-7 տարեկանում, արուները՝ 1 տարի ավելի շուտ (կախված ապրելավայրի պայմաններից)։ ՀՀ բնական ջրամբարներում բազմացում դեռևս չի արձանագրվել, այն կարող է կատարվել միայն ձկնաբուծարաններում՝ հատուկ ստեղծված պայմանների և բարձր ջերմաստիճանի առկայության դեպքում։ Բեղունությունը հասնում է 500 հազար (երբեմն՝ մինչև 2 մլն) ձկնկիթի։
Չբեղմնավորված ձկնկիթը դեղնականաչավուն է, տրամագիծը՝ 1,7 մմ, բեղմնավորվածը՝ մինչև 4,5 մմ։ Ձկնկիթի զարգացումը կարճատև է՝ 1840 ժամ (կախված ջրի ջերմաստիճանից), 3-5 օր հետո թրթուրներն անցնում են ակտիվ սննդառության՝ հիմնականում սնվելով մանր կենդանական պլանկտոնային օրգանիզմներով։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարող է սնվել նաև որդերով, փափկամարմիններով, մանրաձկներով, բուսական պլանկտոնով, դետրիտով։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կարպային տնտեսություններ պարբերաբար սկսել է ներմուծվել 20-րդ դարի 80-ական թվականներին։ Երբեմն հանդիպում է նաև Արաքս, Մեծամոր գետերում, որտեղ պատահականորեն ներթափանցում է ձկնային տնտեսություններից։ Նախընտրում է գետերի դանդաղահոս տեղամասերը։
Ձկնաբուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ կարպային տնտեսությունների հիմնական ձկնատեսակներից է։ Ունի արդյունաբերական մեծ նշանակություն։ Աճեցվում է հիմնականում Արարատյան դաշտի մի շարք ձկնային տնտեսություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ հաստաճակատ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ հաստաճակատ» հոդվածին։ |
|