Խաղողի որդնալվիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղողի որդնալվիճ (Ֆիլլոքսերա)
Խաղողի որդնալվիճ
Dactylosphaera vitifoliae
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Լատիներեն անվանում
Coleoptera
(Fitch, 1855)

Խաղողի որդնալվիճ (ֆիլլոքսերա)[1] (լատին․՝ Dactylosphaera vitifoliae), միջատների տեսակ ֆիլոքսերայի ընտանիքից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի վնասատուն է[2]։ Փոքր միջատ է մոտ 1 մմ երկարությամբ։ Սնվում է բույսի արմատներով[3]։ Որդնալվիճները առաջինը տարածվել են Հյուսիսային Ամերիկայում[3]։ XIX դարի վերջերին որդնալվիճը բերվեց Եվրոպա, որտեղ նրա տեսակը լուրջ վնաս հասցրեց խաղողագործությանը, քանի որ եվրոպական խաղողի սորտերը չէին դիմանում վնասատուներին[3]։ Ռուսաստանում նույնպես սկսեցին պայքարել վնասատուների դեմ (Ե.Վ. Թաիրով, 1889)[4]։ Եվրոպական սորտերի խաղողի ժամանակակից այգիներում օգտագործվում են խաղողի որդնալվիճի դեմ պայքարի համար օգտագործվող դիքլորէթան, հեքսոքլորոբութադիեն (HCBD) և ածխածնի դիսֆրիդիդային էմուլսիան[5]։ Բացի այդ, որդնալվիճի բաշխման տարածքներում, եվրո-ասիական խաղողի սորտերը աչքի են ընկնում ամերիկյան ծագում ունեցող որդնալվիճների հանդեպ ավելի կայունությամբ[6]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև խաղողի որդնալվիճի (ֆիլլոքսերա) հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, այլ բույսերի հետ այս տեսակը ներկայացել է Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարածքներում։ XIX դարի վերջին առաջին անգամ հայտնաբերվել է Ղրիմի թերակղզում։ Այսօր հանդիպում է Ռոստովի շրջանում, Ռուսաստանի Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում, Կովկասում, Մալդիվներում և Ուկրաինայում[7]։

Խաղողի ամենավտանգավոր կարանտին վնասատուն է։ Կարճ ժամանակահատվածում ոչնչացրել է երկրագնդի խաղողի տնկարկների 70%-ը[8]։

Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է 1926 թվականին Նոյեմբերյանում, իսկ 2010-2014 թվականներրին նաև ՀՀ Արմավիրի մարզի որոշ համայնքներում[9]։

Վնասակարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վնասում է խաղողի բույսի ընձյուղները, տերևները, բեղիկները, ստորգետնյա շտամբը և արմատային համակարգը[10]։ Ըստ վնասակարության բնույթի որդնալվիճը ունի երկու ձև՝ արմատային և տերևային։ Առավել վտանգավոր է խաղողի ամերիկյան Vitis labrusca սորտի մոտ հանդիպող արմատային ձևը և վնասատուի կարճ կնճիթով ռասան, որն ապրում է միայն խաղողի վազի տերևների վրա, ինչպես նաև Vitis riparia սորտի վրա ապրողը։ Ընդհանուր առմամբ խաղողի եվրոպական և ասիական սորտերի վրա զարգանում է միայն արմատային ձևը, ոչ լրիվ ցիկլով, կուսածնությամբ։ Տերևները վարակվում են խաղողի ամերիկյան սորտերի և հիբրիդների մոտ, որոնց վրա վնասատուն ապրում է և՛ տերևների, և՛ արմատների վրա, զարգանում է լրիվ ցիկլով։ Որդնալվիճի արմատային ձևի նկատմամբ դիմացկունության տեսանկյունից խաղողի վազերը կարելի է բաժանել 3 խմբի[11].

1) սորտեր, որոնց մազարմատների վրա առաջանում են ոչ մեծ քանակի մանր փքվածքներ, իսկ ավելի հաստերի վրա փքվածքները լինում են շատ քիչ կամ ընդհանրապես չեն առաջանում։ Այդ վազերը կարող են դիմակայել որդնալվիճի կողմից վնասին և արդյունքում առաջ եկող հիվանդություններին։ Դրանց են դասվում ամերիկյան սորտերը. Vitis aestivalis (Շակերի, Հեմբերտոնի, Քանինգհամի սորտերը), V. labrusca (Իզաբելլա, Կոնկորդ, Կատաուբա սորտերը), V. cordifolia (Քլինթոն, Թեյլոր), V. rupestris, V. berlandie տարատեսակներն են, ինչպես նաև խաղողի եվրոպական և ամերիկյան հիբրիդների զգալի մասը[12]։

2) սորտեր, որոնք որոշ չափով կարող են դիմակայել հիվանդությանը. սրանց մոտ խոշոր արմատների վրա փքվածքները տափակ են և լինում են միայն հյուսվածքների մակերեսային շերտերում։ Այդպիսի ուռուցքները կեղևի հիվանդ շերտերի վրա նոր շերտերի առաջացման շնորհիվ ժամանակի ընթացքում պոկվում թափվում են։ Այդ սորտերի թվին են պատկանում ամերիկյան և եվրոպական սորտերի բազմաթիվ հիբրիդներ,

3) սորտեր, որոնց մազարմատների վրա առաջանում են բազմաթիվ մեծ փքվածքներ, իսկ մեծ արմատների վրա՝ խորը ուռուցքներ։ որդնալվիճով վարակվելուց որոշ ժամանակ անց մահանում են։ Դրանք V. vinifera-ի բոլոր եվրոպական 15 տարատեսակներն են, ինչպես նաև խաղողի եվրոպական և ամերիկյան հիբրիդների զգալի մասը։

Խաղողի ամերիկյան սորտերն արմատային որդնալվիճի նկատմամբ օժտված են տոլերանտությամբ և հարմարվել են վնասատուի հետ համագոյակցելուն։ Այդ սորտերի արմատները վնասատուի կծած տեղերում առաջացնում են խցանային շերտ, որը մեկուսացնում է վնասված հյուսվածքները և կանխում արմատի փտումը։ Արմատների այդ հատկությունը նաև սահմանափակում է որդնալվիճի սնուցումը և բազմացումը։ Արմատային որդնալվիճով վարակված խաղողի եվրոպական սորտերի վազն առաջին տարում ունենում է մեծ քանակությամբ ուռուցքներ, սակայն լվիճների ախտածին ազդեցությունը վազի վրա արտաքնապես չի արտահայտվում։ Երկրորդ տարում վնասատուի քանակության մեծացման հետևանքով բույսի արմատային համակարգի աճը դանդաղում է, դիտվում է վաղ տերևաթափ[13]։ Երրորդ տարվա ընթացքում վազի աճը թուլանում է, քչանում է տերևների քանակը, դրանք լինում են մանր, երբեմն կնճռոտվում են և պատվում դեղին բծերով, երիտասարդ շիվերը սկսում են չորանալ, պտուղները մնում են մանր և չեն հասունանում։ Մանր արմատները մեծ մասամբ փտում են, իսկ հաստ արմատների վրա կեղևը պլոկվում է և փքվում։ Չորրորդ տարում բույսի վերգետնյա մասերի աճը գրեթե կանգ է առնում, արմատներն այլևս ունակ չեն լինում ներծծել սննդարար նյութերը, բույսն ունենում է շատ քիչ քանակությամբ փոքր, դեղին տերևներ, բույսի մոտ մնում են միայն մեծ սևացած արմատները, և որդնալվիճները սկսում են լքել բույսը։ Հինգերորդ տարում բույսը սովորաբար մահանում է։ Այն վայրերում, որտեղ խաղողի արմատներն այնքան խորն են թափանցում հողի մեջ, որ որդնալվիճը չի կարող հասնել, բույսը մահանում է 6-8 տարվա ընթացքում։ Խաղողի արմատների վրա որդնալվիճի ծծելու հետևանքով առաջանում են խոցեր, որոնք նպաստավոր միջավայր են ստեղծում հողում ապրող զանազան մանրէների վնասակար գործունեության համար, զարգանում են նեկրոտիկ պրոցեսներ, վազի արմատներն սկսում են փտել և տարիների ընթացքում աստիճանաբար չորանում են։ Արդյունքում խաղողի տնկարկը, հատկապես երիտասարդ ծառերը, կարող են ամբողջովին ոչնչանալ։

Արմատային որդնալվիճով վարակված այգիների պտուղները փոքր են լինում, ցածր համային որակներով, ուստի պիտանի չեն լինում գինու արտադրության համար։ Տերևային որդնալվիճով վարակված խաղողի տերևների վրա, սովորաբար դրանց ստորին մակերեսին կամ շիվերի գագաթային մասերում վնասատուի կենսագործունեության արդյունքում առաջանում են գալեր։ Դրանք բաց են տերևի վերին մասում, իսկ ներքևում առաջացնում են դատարկ ելուստ։ Այդ դատարկ մասերում էլ գտնվում է վնասատուի թրթուրը[14]։ որդնալվիճի գալերը գորտնուկանման են, կլորավուն, նարնջագույն, ներսում՝ դեղին։ Վարակված տերևների մոտ վատանում կամ կանգ է առնում ֆոտոսինթեզը։ Գալերի շատանալուն զուգընթաց տերևաթիթեղները դեֆորմացվում են, չափերով փոքրանում և թափվում, իջնում է բերքատվությունը։ Որոշ աղբյուրներ նշում են, որ որդնալվիճի թքի մեջ պարունակվում են նյութեր, որոնք էլ հենց հանդիսանում են խաղողի բույսի մոտ ուռուցքների առաջացման պատճառը։ Քանի որ վնասատուն արդեն զբաղեցրել է Եվրոպայի ողջ պոտենցիալ արեալը, ներկա փուլում վտանգ է ներկայացնում որդնալվիճի նոր, ագրեսիվ ռասաների հայտնվելը, որոնք կվնասեն նաև խաղողի որդնալվիճադիմացկուն սորտերին[15]։

Խաղողի որթ վարակված որդնալվիճով

Զագացման առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վնասատուի զարգացման ցիկլը Եվրոպայում և Ամերիկայում տարբեր է. Եվրոպայում սովորաբար այն տևում է մեկ տարի, Ամերիկայում՝ երկու։ Որդնալվիճի առավելագույն բազմացումը բարենպաստ պայմաններում սովորաբար դիտվում է օոգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ձվերի զարգացման օպտիմալ ջերմաստիճանը 320C է, հարաբերական խոնավությունը՝ 100%: Երկու ձևերի թրթուրներն էլ առավել լավ զարգանում են 24-25 °C ջերմաստիճանի և 17-23% հարաբերական խոնավության պայմաններում[16]։ Մեկ սերնդի զարգացման տևողությունը 25 °C-ում ամռանը կազմում է 14 օր, իսկ 13 °C-ում՝ 60 օր։

Որդնալվիճի զարգացման համար առավել բարենպաստ են փխրուն կառուցվածքով, օդաթափանցիկ, խոնավությունը լավ ներծծող հողերը, այսինքն՝ այնպիսի հողեր, որտեղ առկա է օդ, խոնավություն, համապատասխան ջերմաստիճան և արմատներով ու հողի ճեղքերով թրթուրների շարժման հնարավորություն։ Խիտ, առանց կառուցվածքի կամ քիչ ստրուկտուրային հողերը, որոնք վատ են ներծծում խոնավությունը և քիչ օդաթափանցիկ են (կավային, աղի, տղմային և այլ հողեր) որդնալվիճի կենսագործունեության համար բարենպաստ չեն։ Մինչդեռ ավազային հողերը (սորուն, մանրահատիկ ավազներ) ընդհանրապես պիտանի չեն ֆիլոքսերայի զարգացման համար։ Դրանցում վնասատուն արագ մահանում է[17]։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի որդնալվիչը հայտնվում է գիտական կիրառական գրականության մեջ մի քանի տարբեր անուններով՝ հոմանիշներով[18]

  • Dactylosphaera vitifoliae (Fitch, 1851)
  • Dactylosphaera vitifolii (Börner, 1908)
  • Daktulosphaira vitifoliae (Fitch, 1851)
  • Pemphigus vitifoliae Fitch, 1851
  • Peritymbia vastatrix (Planchon, 1868)
  • Peritymbia vitifoliae (Fitch, 1851)
  • Peritymbia vitifolii Börner, 1908
  • Phylloxera vastatrix (Planchon, 1868)
  • Phylloxera visitana Moreira, 1925
  • Phylloxera vitifoliae (Fitch, 1851)
  • Rhizaphis vastatrix Planchon, 1868
  • Viteus vitifoliae (Fitch, 1851)
  • Viteus vitifolii (Börner, 1908)
  • Xerampelus vastatrix (Planchon, 1868)

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդնալվիճի դեմ պայքարն առաջին հերթին ներառում է կանխարգելիչ միջոցառումներ։ Ամենից առաջ տնկանյութ գնողը պետք է դրանք ձեռք բերի որդնալվիճից զերծ գոտիներից։ Իսկ վարակված տարածքներում պետք է կիրառվեն հետևյալ կանխարգելիչ միջոցառումները. պետք է արգելվի որդնալվիճով վարակված տնտեսություններից խաղողի արմատակալների, կտրոնների, տերևների, խաղողի, հողի փոխադրումը։ Անհրաժեշտ է իրականացնել խաղողի տնկարկների հետազոտություններ՝ վարակի վաղ հայտնաբերման նպատակով։ Արմատային որդնալվիճի հայտնաբերման համար թփերի շուրջ հողը փորում են 0.5-1.5 մ խորությամբ, այնուհետև ոսպնյակի օգնությամբ զննում արմատները, հատկապես՝ երիտասարդ (1-2-տարեկան) արմատները և մազարմատները։ Որոշ դեպքերում որդնալվիճը պետք է փնտրել ավելի մեծ՝ մինչև 3.5 մ խորությունների վրա։ Վաղ գարնանը և ուշ աշնանը պետք է զննել նաև ավելի հաստ արմատները, քանի որ այդ ժամանակահատվածում որդնալվիճը գլխավորապես գտնվում է դրանց վրա՝ մազարմատների քիչ քանակության կամ նույնիսկ բացակայության պատճառով։ Զննում են նաև բույսի վերգետնյա մասերը՝ սեռական սերնդի առանձնյակները, թևավոր առանձնյակները և ձվերը հայտնաբերելու համար։ որդնալվիճի ձմեռային ձվերը ոչնչացնելու նպատակով ցողունի ստորին հատվածից հեռացնում են արտաքին շերտը և օծում ձվերը ոչնչացնող որևէ միջոցով։

Խաղողի այգիների բուժման և որդնալվիճի վերացման համար առաջարկվել են մի շարք մեթոդներ։

Ռադիկալ մեթոդը նախատեսում է արմատախիլ անել խաղողի թփերն ու այրել, որից հետո հողը մշակել ծծմբաածխածնով։ Պինդ հողերում կատարում են անցքեր, որոնց շուրջ հողը լավ սեղմում են ու խտացնում։ Ծծմբաածխածնի ցնդելը կանխարգելելու նպատակով բացված անցքում տնկում են փայտիկ։ Որդնալվիճի լրիվ ոչնչացման համար խաղողի արմատների մոտ սրսկում են 70-150 գ/մ 2 , իսկ երբեմն՝ ավելի մեծ քանակությամբ ծծմբաածխածին։ Սրսկումից հետո խաղողի տնկարկը փորում են և մանրազնին ստուգում բոլոր արմատները։ Շատ երկրներում կիրառվող ռադիկալ մեթոդը որդնալվիճի ոչնչացման տեսանկյունից իհարկե զգալի օգուտ բերել է, սակայն խիստ վարակված տեղանքներում այն հանգեցրել է խաղողի այգիների ոչնչացմանը։ Այդ մեթոդը չի կանխում նաև հարևան տարածքներում որդնալվիճի հայտնվելը և ներկայումս քիչ է կիրառելի։ Խաղողի հետագա տնկում արմատախիլ արված վայրերում թույլատրվում է 5-6 տարուց ոչ շուտ[19]։

Խաղողի այգիները փորձել են բուժել ծծմբաածխածնի ավելի փոքր չափաքանակներով՝ 20 գ/մ 2 ։ Այդպիսի սրսկման ժամանակ միջատների մեծ մասը մահանում է, իսկ խաղողի թփերը քիչ են տուժում։ Սրսկումը կատարվում է տարեկան մեկ անգամ՝ ձմռանը, կամ երկու անգամ՝ ձմռանը և ամռանը, ընդ որում երկու դեպքերում էլ գործողությունը կարող է կատարվել մեկ անգամ կամ կրկնել մի քանի օր անց։ Նման բուժումը կրկնել են 1 կամ 2 տարի հետո։ Այդ դեպքում խաղողի վազերին հասցվող վնասը փոխհատուցվում է հողի ինտենսիվ պարարտացմամբ։ Բացի ծծմբաածխածնով սրսկումից կիրառել են նաև վարակված հողի և թփերի ողողում կալիումական ծծմբաածխածնի ջրային լուծույթով։ Այս միջոցը ներգործում է միայն հողի մակերեսային շերտերի վրա, սովորաբար կիրառվում է ծծմբաածխածնի հետ։

Խաղողի վազերի բուժման մեկ այլ եղանակ է այգիների ժամանակավոր ջրածածկը։ Այս եղանակը հնարավոր է միայն ցածրադիր և հարթավայրային տեղանքներում, որտեղ այգիներն այնպես են հեղեղում, որպեսզի հողը 20-40 սմ խորությամբ ծածկվի ջրով։ Ջրածածկման տևողությունը 40-50 օր է։ Այս մեթոդը հաջողությամբ կիրառվել է Հարավային Ֆրանսիայի որոշ վայրերում, որտեղ այդ նպատակով կառուցվել էր ջրանցքների հատուկ համակարգ։

Ինչպես արդեն նշվել է, խաղողի ամերիկյան սորտերն օժտված են արմատային որդնալվիճի վնասակար ազդեցությանը դիմակայելու ունակությամբ։ Սակայն այդ սորտերը հաճախ ունենում են տհաճ համով մանր ողկույզներ, որոնք պիտանի չեն գինու արտադրության համար։ Ուստի ամերիկյան և եվրոպական սորտերը սկսել են խաչասերել։ Նման հիբրիդներից ստացված գինին թեպետ օժտված չէ բարձրակագ հատկանիշներով, սակայն պիտանի է օգտագործման համար։

Որդնալվիճի դեմ պայքարի գլխավոր եղանակը դարձել է եվրոպական կուլտուրաների պատվաստումը ամերիկյան տեսակների արմատային համակարգերի վրա։ Առավել նպատակահարմար է անցնել որդնալվիճի նկատմամբ դիմացկունության տարբեր աստիճաններ ունեցող կոմպլեքս-կայուն սորտերին, ինչպես նաև ՍեյվՎիլլարի նոր հիբրիդների օգտագործմանը։ Հուսալի է եվրոպական սորտերի պատվաստումը Ռիպարիա х Ռուպեստրիս 101-14, Կոբեր 5 ԲԲ, Ռիպարիա Գլուար պատվաստացուների վրա, որոնց արմատները դիմացկուն են փտման նկատմամբ։ Պատվաստված կուլտուրան ապահովում է բույսի երկարակեցությունը և լավ բերքատվության ստացումը։

Կան տարածքներ, ասենք, օրինակ, Չիլին, որտեղ ֆիլոքսերա չի հայտնաբերվել։ Շատերը գտնում են, որ որդնալվիճի բացակայության գլխավոր պատճառը այդ երկրի խաղողի այգիների մեկուսացվածությունը և հեռու տեղակայումն է. դրանք պարփակված են Խաղաղ օվկիանոսով և Անդերի լեռնաշղթայով, բացի այդ կարևոր է այդ հողերում պղնձի բարձր պարունակությունը։ Որդնալվիճ չի արձանագրվել նաև Հարավային Ավստրալիայի որոշ խաղողագործական նահանգներում։ Վնասատուն լուրջ խնդիր չի առաջացրել նաև ավազային հողերում աճող խաղողի այգիների համար։ Նման հողերի կառուցվածքային հատկությունների շնորհիվ արմատային որդնալվիճը համարյա հնարավորություն չունի տարածվել ստորգետնյա ճանապարհով, հողի ճեղքերի միջոցով, քանի որ ավազահատիկները կիպ հարում են մեկը մյուսին։ Բացի այդ, զուտ ավազային հողերում որդնալվիճը վատ է գոյատևում և կարող է համեմատաբար հեշտությամբ ոչնչացվել։ Նման խաղողի այգիներ կան, օրինակ, Հունգարիայում, Պորտուգալիայում։ Ուստի խորհուրդ է տրվում խաղողի այգիներ հիմնել ավազային հողերի վրա, իսկ եթե չկան այդպիսի հողեր, որոշ խաղողագործներ կիրառում են հետևյալ հնարքը. խաղողի վազը պարարտացված հողում պահելուց հետո տնկման փոսի մեջ տեղադրելիս ցողունին հագցնում են փոսի երկարությամբ, 15-20 սմ տրամագծով խողովակ։ Խողովակի մեջ լցվում է մանրահատիկ ավազ, խողովակի շուրջ փոսի վրա լցվում է բերրի հող և ջրվում։ Անյուհետև խողովակը հանում են, իսկ երիտասարդ թփի արմատային շտամբը կարծես մնում է ավազային մեկուսացման մեջ։ Այս եղանակը 100%-անոց երաշխիք չի տալիս, սակայն զգալիորեն իջեցնում է արմատային համակարգ որդնալվիճի ներթափանցման հնարավորությունը։

Որդնալվիճի ազդեցությանը քիչ են ենթարկվում նաև շատ չորային / երաշտային (Լա-Մանշ) և որոշ խոնավ (Չակոլի) տեղանքների խաղողի այգիները, որտեղ ևս կարելի է աճեցնել խաղողի յուրարմատ տնկիներ։

Մեկուսացված ոչ մեծ խաղողի այգիներ, որտեղ որդնալվիճ չի եղել, կարելի է գտնել աշխարհի շատ վայրերում, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ վնասատուն երբևէ չի հայտնվի նաև այնտեղ։ Ուստի այդ վայրերում, ուր երբևէ չի արձանագրվել որդնալվիճ, խաղողագործները հաճախ տեղական սորտերը պատվաստում են ամերիկյան պատվաստակալների հետ։ Այդ նպատակի համար Հայաստանում շրջանացված են Բեռլանդիերի x Ռիպարիա 5 ԲԲ և 420Ա պատվաստակալները։

Պատվաստման ազդեցությունը գինու վրա միանշանակ գնահատել հնարավոր չէ։ Շատ մասնագետներ նշում են, որ այն պետք է փոխի գինիների որոշ սորտային հատկանիշներ՝ երկու տարբեր բույսերի սիմբիոզի պատճառով (իսկ ավելի ճիշտ այն պատճառով, որ մի բույսը մակաբուծում է մյուսին)։ Գինիների որակի վրա ազդեցություն թողնում է նաև ամերիկյան պատվաստակալների վրա պատվաստված խաղողի վազերի կյանքի տևողության կրճատումը։ Ներկայումս բարձրորակ գինիներ պատրաստում են ավելի երիտասարդ վազերի վրա հասունացած խաղողներից։ Փոխվել է նաև «ծեր վազ» հասկացության ընկալումը։ Այդպիսիններին հաճախ դասում են 20 տարեկան վազերը, մինչդեռ նախկինում ծեր համարվում էին 60-80 տարեկանները։

Տերևային ձևի դեմ (Հայաստանում այդ ձևը չկա) պայքարի էությունն առաջին հերթին կայանում է գալերով տերևների հայտնաբերման և ոչնչացման մեջ. գալերից թրթուրների յուրաքանչյուր սերնդի դուրս գալու ժամանակ վարակված մասերը պետք է սրսկել տարբեր բարձր կենսաբանական ակտիվություն ունեցող ինսեկտիցիդներով։ Առաջին մշակումն իրականացնում են 1-2 տերևի փուլում, սովորաբար մայիսի 1-ին տասնօրյակում, երկրորդը՝ շիվերի վրա 12-14 տերևի ձևավորման շրջանում (մայիսի 3-րդ տասնօրյակ)։ Երրորդ սրսկումը կատարում են շիվերի վրա 18-22 տերևի առաջացման փուլում (հունիսի երրորդ տասնօրյակ)։ Սովորաբար կիրառվում է հետևյալ պատրաստուկներից որևէ մեկը. իմիդակլոպրիդի (20 % ջ.լ.հ.)՝ 0.2 գ/հա, ֆոզալոնի (35 % խ.է.)՝ 3 լ/հա, ամիտրացի (20 % խ.է.)՝ 2 լ/հա, պիրիմիֆոս-մեթիլի (50 % խ.է.)՝ 3 լ/հա, նորմաներով։ Բանվորական հեղուկի ծախսը՝ 1000 լ/հա։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Striganova, Bėlla Rafailovna. (2000). Nasekomye = Insects. Sokolov, Vladimir Evgenʹevič., Zacharov, Anatolij Aleksandrovič. (Spravočnoe izd ed.). Moskva: "Russo". ISBN 5-88721-162-8. OCLC 248474963.
  2. Карасев, В. В.; Кольцов, В. В.; Римский-Корсаков, А. А. (2018). «Поиск нового изомерного состояния в ядре 186 Re». Известия Российской академии наук. Серия физическая. 82 (10): 1364–1366. doi:10.1134/s0367676518100125. ISSN 0367-6765.
  3. 3,0 3,1 3,2 Римский-Корсаков М. Н. (1890–1907). «Филлоксера». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Таиров В. Е. К вопросу о мерах против филлоксеры в России. — М., 1889. — 32 с.
  5. Трошин Л. П. Ампелография и селекция винограда. — Краснодар: Издательский цех «Вольные мастера», 1999. — 138 с.
  6. Farmer, Daryl (2007). «The Girl From Charnelle (review)». Prairie Schooner. 81 (3): 153–156. doi:10.1353/psg.2007.0165. ISSN 1542-426X.
  7. «Никонова С.Б. Взаимодействие культур и историческая судьба марксизма. Обзор Международных Лихачевских Научных чтений 2018 года». Философия и культура. 7 (7): 75–86. 2018-07. doi:10.7256/2454-0757.2018.7.26693. ISSN 2454-0757.
  8. Wines and spirits : understanding style and quality. Wine and Spirit Education Trust (Great Britain) (2nd rev. ed ed.). London: Wine & Spirit Education Trust. 2012. ISBN 978-1-905819-15-7. OCLC 889899456. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ այլ (link)
  9. Davidson, William Mark; Nougaret, Raymond Louis (1921). The grape phylloxera [Phylloxera vitifoliae Fitch] in California /. Washington :: Govt. print. off.,.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  10. Simpson, James (2011 թ․ հոկտեմբերի 16). Creating Wine. Princeton University Press. ISBN 978-0-691-13603-5.
  11. You, Hongjun (2008 թ․ դեկտեմբերի 1). «Four Lump Kinetics Models to Describe the Aromatization Reactions of Liquefied Petroleum Gas~!2008-08-09~!2008-09-17~!2008-11-05~!». The Open Fuels & Energy Science Journal. 1 (1): 67–73. doi:10.2174/1876973x00801010067. ISSN 1876-973X.
  12. Gale, G (2002 թ․ դեկտեմբերի 19). Wine. CRC Press. էջեր 70–91. ISBN 978-0-415-24734-4.
  13. Deaton, Angus (2005-05). «The Great Escape: A Review Essay on Fogel's 'The Escape from Hunger and Premature Death, 1700-2100'». Cambridge, MA. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  14. Giblot-Ducray, D.; Correll, R.; Collins, C.; Nankivell, A.; Downs, A.; Pearce, I.; Mckay, A.C.; Ophel-Keller, K.M. (2016 թ․ հուլիսի 21). «Detection of grape phylloxera (Daktulosphaira vitifoliae Fitch) by real-time quantitative PCR: development of a soil sampling protocol». Australian Journal of Grape and Wine Research. 22 (3): 469–477. doi:10.1111/ajgw.12237. ISSN 1322-7130.
  15. «South Sudan: Hard-won Hope Turns to Ashes, op-ed article, Los Angeles Times 10 May 2014». dx.doi.org. 2016 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  16. Drummond, Alexei J.; Bouckaert, Remco R. Bayesian Evolutionary Analysis with BEAST. Cambridge: Cambridge University Press. էջեր 169–183. ISBN 978-1-139-09511-2.
  17. «1958 : Association « Vieilles Maisons Françaises »». Revue d’Alsace (135): 207–208. 2009 թ․ հոկտեմբերի 1. doi:10.4000/alsace.833. ISSN 0181-0448.
  18. «Рисунок 1 на англ». dx.doi.org. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  19. Kwon, Winston; Constantinides, Panos (2017 թ․ հուլիսի 21). «Ideology and Moral Reasoning: How wine was saved from the 19thcentury phylloxera epidemic». Organization Studies. 39 (8): 1031–1053. doi:10.1177/0170840617708006. ISSN 0170-8406.

Քաղվածելու սխալ՝ «distr» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Քաղվածելու սխալ՝ «eol» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Горкавенко А. С., Горкавенко Е. Б. Некоторые биоэкологические особенности развития корневой филлоксеры Viteus vitifolii Fitch (Phylloxera vastatrix Planch.). Труды ВИЗР. Вып. 46. Виноградная филлоксера и меры борьбы с ней. Л.: 1976. С. 26-41.
  • Горкавенко Е. Б. Энтомофаги виноградной филлоксеры Viteus vitifolii Fitch и их значение в снижении численности вредителя в условиях юга Украины. Труды ВИЗР. Вып. 46. Виноградная филлоксера и меры борьбы с ней. Л.: 1976. С. 88-97.
  • Казас И. А., Горкавенко А. С., Пойченко В. М. Филлоксера и меры борьбы с ней. — Симферополь: Крымиздат. 1960. — 230 с.
  • Кискин Петр Христофорович. Филлоксера. — Кишинев, 1997.
  • Принц Я. И. Виноградная филлоксера и меры борьбы с ней. — М.: Изд-во Наука. 1965. — 295 с.
  • Roger Pouget, Histoire de la lutte contre le phylloxéra de la vigne en France : 1868—1895, (in francese) Paris, Institut national de la recherche agronomique, 1990.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղողի որդնալվիճ» հոդվածին։