Խաղաղություն (վեպ)
Խաղաղություն թուրքերեն՝ Huzur | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | վեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ահմեդ Համդի Տանպընար |
Երկիր | Թուրքիա |
Բնագիր լեզու | թուրքերեն |
Գրվել է | 1949 թվական |
Հրատարակվել է | 1949 |
Հայերեն հրատ. | «Անտարես» հրատարակչություն |
Խաղաղություն[1] (թուրքերեն՝ Huzur), թուրք հայտնի գրող Ահմեդ Համդի Տանպընարի վեպը։ Ստեղծագործությունը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Ստամբուլում։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը բաղկացած է 4 մասերից՝ «Իհսան», «Նուրան», «Սուաթ», «Մյումթազ», որոնցից յուրաքանչյուրը անվանվել է ի պատիվ հերոսներից մեկի[1]։ Բոլոր իրադարձությունները, որոնք նկարագրվում են գրքում, տեղի են ունենում 1939 թվականի օգոստոսի 31-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին։ Գրքում ներկայացված են նաև օրվան նախորդած իրադարձությունները և հերոսների հիշողությունները[2]։
Վեպի գլխավոր հերոսը համալսարանի դասախոս Մյումթազն է, ով 27-28 տարեկան է։ Մյումթազի հայրը սպանվել էր հույների կողմից՝ Հույն-թուրքական պատերազմի։ Վերջիններս այրել էին Մյումթազի հայրական տունը, որտեղ նա ապրում էր ծնողների հետ։ Դրանից հետո Մյումթազը՝ իր մոր հետ, դառնում են փախստական։ Մայրը շուտով մահանում է։ Մյումթազը սկզբում բնակություն է հաստատում Ադանայում, այնուհետև տեղափոխվում Ստամբուլ, որտեղ իր կնոջ հետ միասին ապրում էր Մյումթազի հորեղբոր որդին՝ Իհսանը[1]։
Ստամբուլում Մյումթազը սիրահարվում է Նուրանին, ում հետ ծանոթացել էր վեպում նկարագրված իրադարձություններից մեկ տարի առաջ։ Նուրանը նախկինում ամուսնացած է եղել և ունի մեկ դուստր, որի անունն է Ֆաթիմա։ Նուրանի դուստրը դեմ է իր մոր և Մյումթազի հարաբերություններին և ցանկացած հարմար պահի ցույց է տալիս այն[1]։
Նուրանը և Մյումթազը պատրաստվում են ամուսնանալ։ Նուրանը նամակ է ստանում Սուատից, ով վաղուց սիրահարված էր նրան։ Սուատը ծանոթ է նաև Իհսանի և Մյումթազի հետ։ Նուրանը Սուատի նամակը ցույց է տալիս Մյումթազին։ Որոշ ժամանակ անց Մյումթազը, Նուրանը և Սուատը հրավիրվում են ճաշի։ Սուատը մյուսներից շուտ է դուրս գալիս։ Տուն վերադառնալով՝ Մյումթազը և Նուրանը հայտնաբերում են Սուատի մարմինը։ Վերջինս ինքնասպան էր եղել[1]։
Մյումթազը և Նուրանը իրենց մեղավոր են զգում՝ Սուատի ինքնասպանության համար։ Նուրանը լքում է Մյումթազին[1]։
Իհսանը հիվանդանում է, Մյումթազը խնամում է նրան։ Դուրս գալով փողոց՝ Մյումթազը իր ծանոթներից իմանում է, որ Նուրանը վերադարձել է իր նախկին ամուսնու մոտ։ Իհսանի վիճակը ծանրանում է։ Մյումթազը բժիշկ է կանչում։ Հետազոտելով հիվանդին՝ բժիշկը խորհուրդ է տալիս դեղորայք գնել։ Դեղորայքը գնելուց հետո, Մյումթազը գնում է տուն, սակայն վերադարձի ճանապարհին նրան հայտնվում է Սուատի ուրվականը և ուշաթափվում է։ Արդյունքում դեղորայքը կոտրվում է։ Վերադառնալով տուն՝ Մյումթազը իմանում է, որ Իհսանի վիճակը լավացել է։ Տանը Մյումթազը դարձյալ ուշագնաց է լինում։ Անկողնում պառկած լինելով նա լսում է, թե ինչպես է ռադիոհաղորդավարը հայտնում պատերազմի սկսման մասին[1]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խաղաղությունը» Տանպընարի առաջին վեպն է։ 1948 թվականի փետրվար-հունիս ամիսներին այն մաս առ մաս տպագրվել է «Ջումհյուրիյեթ» ամսագրում։ 1949 թվականին վեպը տպագրվել է առանձին գրքով։ Հաջորդող տարիներին շուրջ 15 անգամ վերահրատարակվել է[1]։
Գլխավոր հերոս Մյումթազի կերպարը մասամբ ինքնակենսագրական է։ Թե տարիքը, և թե բնավորոշության որոշ գծեր համապատասխանում են Տանպընարի բնավորությանը։ Իհսանի կերպարի հիմքում ընկած է գրող Յահյա Քեմալ Բեյաթլըի կերպարը։ Իհսանի արտահայտած մտքերը, հավանաբար, բնորոշ են Տանպընարի կերպարին, ով վեպը գրելու ժամանակ եղել է Իհսանի տարիքին։ Նուրանի կերպարի հիմքում դարձյալ իրական կին է։ Միակ հերոսը, ով չունի իրական նախատիպ, Սուատն է, ում կերպարը ձևավորվել է Դոստոեվսկու ստեղծագործությունների ազդեցության տակ[1]։
Վեպի հիմնական թեման թուրքական կյանքի արևմտականացումն է՝ Քեմալիստական բարեփոխումների ժամանակ։ Արևմտականացումը մինչև վերջ չի իրականացվել, չնայած դրան, նախկին «մինչբարեփոխումային» որոշակի հասկացություններ և տարրեր իսպառ ոչնչացել էին[3]։
Գրող Օրհան Փամուքը «Խաղաղություն» վեպը անվանել է «Ստամբուլի մասին գրված լավագույն վեպ»[4]։
1998 թվականին դրամատուրգ Քենան Իշըքը վեպի հիման վրա գրել է համանուն պիեսը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ահմեդ Համդի Տանպընարը և նրա «Խաղաղություն» վեպը (ոճական որոշ ձևերի և բովանդակության մասին)
- ↑ Istanbul as a map of melodies
- ↑ 'A Mind at Peace' by Ahmet Hamdi Tanpinar
- ↑ Orhan Pamuk puts Tanpinar’s tale of two continents back on the map
- ↑ «Adaptation of «Huzur» An Iconic Turkish Novel by Ahmet Hamdi Tanpınar at the State Theatre». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.