Խաղաղության պաշտպանության համաշխարհային կոնգրեսներ և կոնֆերանսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուսանողների բողոքի ցույցն ընդդեմ Վիետնամում Միացյալ Նահանգների ռազմական միջամտության

Խաղաղության պաշտպանության համաշխարհային կոնգրեսներ և կոնֆերանսներ, սկսել են գումարվել XIX դարի կեսից՝ պատերազմի հակառակորդներին միավորելու նպատակով։ Մինչև XX դարի 70-ական թթ. սկիզբը տեղի են ունեցել շուրջ 150 համաշխարհային կոնգրես և կոնֆերանս։ Դրանցից մոտ 40-ը տեղի է ունեցել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը (1914 - 1918), 60-ից ավելին՝ երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում, և մնացածները՝ երկրորդ համաշխարհային պատերազմից (1939 - 1945) հետո։

Խաղաղության պաշտպանության առաջին համաշխարհային կոնգրեսները միավորում էին առանձին անհատների և սակավաթիվ իդեալիստ-պացիֆիստների խմբեր, որոնք խաղաղությունն ամրապնդելու ուղին գլխավորապես տեսնում էին կրոնական դոգմաներ տարածելու մեջ։ Այնուամենանիվ, 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին խաղաղության պաշտպանության կոնգրեսներում և կոնֆերանսներում մեծամասնություն էին կազմում պացիֆիստները։

Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցած կոնգրեսներն ու կոնֆերանսները պատերազմի, միլիտարիզմի, ֆաշիզմի դեմ մղվող պայքարում տարբեր քաղաքական հայացքներ և կրոնական համոզմունքներ ունեցող մարդկանց միավորվելու հիմքերը դրեցին։ Ֆաշիզմի տապալումից հետո ձևավորվեց զանգվածային համաշխարհային խաղաղության կողմնակիցների շարժումը։ Դրա մասնակիցները ստեղծեցին մշտական միջազգային կազմակերպություն (1950 թվականից՝ Խաղաղության համաշխարհային խորհուրդ), որը ղեկավարում էր շարժումը կոնգրեսների միջև ընկած ժամանակահատվածում։

Ետպատերազմյան շրջանում խաղաղության պաշտպանության կոնգրեսներ տեղի են ունեցել 1948 թվականի օգոստոսին Վրոցլավում, 1949 թվականի ապրիլին Փարիզում (ինչպես նաև Պրահայում, որտեղ նիստ էին անում կոնգրեսի այն մասնակիցները, որոնց Ֆրանսիայի կառավարությունը Փարիզ գալ չէր թույլատրել), 1950 թվականի նոյեմբերին Վարշավայում, 1952 թվականի դեկտեմբերին Վիեննայում, 1955 թվականի հունիսին և 1965 թվականի հուլիսին Հելսինկիում, 1958 թվականի հուլիսին Ստոկհոլմում։ 1962 թվականի հուլիսին Մոսկվայում կայացել է համընդհանուր զինաթափմանը և խաղաղության պաշտպանությանը նվիրված կոնգրես, որի աշխատանքին մասնակցել են նաև այլ հասարակական կազմակերպություններ։ 1967 թվականի հուլիսին և 1968 թվականի մարտին Ստոկհոլմում տեղի են ունեցել Վիետնամին նվիրված կոնֆերանսներ՝ միջազգային և ազգային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ։ 1969 թվականի հունիսին Բեռլինում կայացած Խաղաղության համաշխարհային ասամբլեայում ներկայացված էին տարբեր կազմակերպություններ և շարժումներ։ Ամենաներկայացուցչականը 1973 թվականի հոկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած Խաղաղության պաշտպանության համաշխարհային կոնգրեսն էր, որը մեծ դեր խաղաց համաշխարհային պատերազմի վտանգի դեմ մղվող պայքարի ուժեղացման, խաղաղասեր ուժերի համախմբման գործում[փա՞ստ]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 713