Խալեդա Զիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալեդա Զիա
 
Կուսակցություն՝ Բանգլադեշի ազգայնական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 15, 1945(1945-08-15)[1] (78 տարեկան)
Ծննդավայր Dinajpur, Rangpur Division, Բանգլադեշ
Քաղաքացիություն  Բանգլադեշ
Ամուսին Ziaur Rahman?
Զավակներ Arafat Rahman? և Tarique Rahman?

Խալեդա Զիա (բենգալերեն՝ খালেদা জিয়া, օգոստոսի 15, 1945(1945-08-15)[1], Dinajpur, Rangpur Division, Բանգլադեշ), Բանգլադեշի վարչապետը 1991-1996 և 2001-2006 թվականներին։ Բանգլադեշի Ազգայնական կուսակցության առաջնորդն է։ Հաճախ, ի նշան նրա հասարակական-քաղաքական դիրքի հարգանքի, նրա անունին ավելացվում է հարգալից «տիկին» նախածանցը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալեդա Զիան ծնվել է գործարարի ընտանիքում՝ Դինաջփուր շրջանում, որն այն ժամանակ գտնվում էր Բրիտանական Հնդկաստանի տարածքում։ 1960 թվականին ավարտել է դպրոցը և ամուսնացել պակիստանյան բանակի կապիտան Զիաուր Ռահմանի հետ։ 1971 թվականին Արևելյան Պակիստանը քաղաքացիական պատերազմի արդյունքում անկախություն հռչակեց և սկսեց կոչվել Բանգլադեշ։ Ռահմանն անկախության համար պատերազմի հերոսներից էր, հասել է գեներալի կոչմանը, իսկ 1975 թվականին ռազմական հեղաշրջում է կազմակերպել, որի արդյունքում դարձել է երկրի փաստացի առաջնորդը։ 1977 թվականին Ռահմանն ընտրվել է նախագահ, Խալեդա Զիան դարձել է Բանգլադեշի առաջին տիկինը, բայց այդ ժամանակ քաղաքականությանը չի մասնակցել։ Իշխանության ամրապնդման համար Ռահմանը հիմնել է Բանգլադեշի Ազգայնական կուսակցությունը։ 1981 թվականին նա սպանվել է մի խումբ սպաների կողմից, որոնք փորձում էին հեղաշրջում իրականացնել[2]։

Ամուսնու սպանությունից հետո Զիան սկսեց քաղաքական ակտիվություն ցուցաբերել, 1984 թվականին գլխավորել է Բանգլադեշի Ազգայնական կուսակցությունը։ Շեյխ Հասինա Վազեդի և նրա «Ավամի Լիգ» կուսակցության հետ մեկտեղ ընդդիմություն էր իշխանությունը զավթած գեներալ Էրշադի դեմ, որին շատերը համարում էին Ռահմանի սպանության իրական կազմակերպիչ։ Նրան հաջողվել է հասնել կառավարության դեմ միջազգային պատժամիջոցների և, ի վերջո, 1990 թվականի դեկտեմբերին Էրշադի պաշտոնաթողությանը։ 1991 թվականի խորհրդարանական ընտրություններում Ազգայնական կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել, և Զիան դարձել է Բանգլադեշի պատմության մեջ առաջին կին վարչապետը։ Նույն թվականին ընդունվեցին սահմանադրության փոփոխությունները, համաձայն որի՝ Բանգլադեշը կրկին դարձավ խորհրդարանական հանրապետություն (սա նույնպես ամրագրված էր երկրի առաջին սահմանադրության մեջ, բայց 1975 թվականին Շեյխ Մուջիբուր Ռահմանի նախաձեռնությամբ Բանգլադեշն անցավ կառավարման նախագահական ձևին)[2]։

Զիան իշխանության եկավ այն ժամանակ, երբ Բանգլադեշում տիրում էին կոռուպցիան և հանցագործությունները։ Գերբնակեցված Բանգլադեշը աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն էր։ Ընտրություններում Զիան հայտարարել է, որ հասնելու է փոփոխությունների և համընդհանուր հավասարության, կառավարությունը մաքրելու է կոռուպցիայից և նրա գործունեությունը թափանցիկ կդարձնի ժողովրդի համար։ Ազգայնական կուսակցության վարչությունը նշանավորվեց Պակիստանի հետ հարաբերությունների բարելավմամբ և Հնդկաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ, մասնավորապես, Գանգեսի ջրերի բաժանման հարցի շուրջ։ Խալեդա Զիայի կառավարությանը վերագրվում է կրթության ծախսերը մեծացնելու, պարտադիր տարրական կրթության և աղջիների համար մինչև 10-րդ դասարանների անվճար դպրոցներ ներդնելու մեջ։ Կառավարությունը մի շարք գործողություններ է ձեռնարկել տնտեսության ազատականացման ուղղությամբ, իրականացրել է սեփականաշնորհում և խթանել օտարերկրյա կապիտալի ներգրավմանը[2]։ Վարչապետին նաև զգալի չափով հաջողվել է Բանգլադեշին վերադարձնել ժողովրդավարական պետության իմիջը, որը խիստ տուժել է Էրշադի ավտորիտար կառավարման տարիներին։

Սակայն 1994 թվականին Բանգլադեշը շարունակում էր մնալ խորը ճգնաժամի մեջ, ինչի հետևանքով Խալեդա Զիայի ժողովրդականությունը սկսել է ընկնել, 1995 թվականին երկրում տեղի են ունեցել մի շարք անկարգություններ, որոնց հետևանքով մի քանի հարյուր մարդ է զոհվել։ 1996 թվականին ընդդիմությունը՝ Հասինա Վազեդի գլխավորությամբ, բոյկոտել է ընտրությունները, և Զիան ստիպված է եղել ժամանակավոր (անցումային) կառավարություն ձևավորել և հայտարարել նոր ընտրություններ, որոնցում նա պարտություն է կրել։ 1999 թվականին Ազգայնական կուսակցությունը նախաձեռնել է երկրի պատմության մեջ ամենամասշտաբային քաղաքական գործադուլը՝ պահանջելով «Ավամի Լիգ»-ի կազմած կառավարության հրաժարականը (այնուամենայնիվ, Հասինա Վազեդը կտրուկ հրաժարվեց հրաժարական տալ մինչև իր հնգամյա ժամկետի ավարտը)[2]։

Բանգլադեշի տնտեսական և սոցիալական խնդիրները դարձել էին քրոնիկ։ 2001 թվականին Զիան («Ջամաաթ և Իսլամ» իսլամիստական կուսակցության հետ կոալիցիայում) չնայած անկարգություններով ուղեկցված Հասինա Վազեդի կողմից կեղծարարության մեղադրանքներին, կրկին հաղթել է ընտրություններում։ 2003 թվականին նա առաջ է քաշել մի օրենք, որով 330 տեղանոց խորհրդարանում կանանց համար 30 տեղ էր վերապահվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 John C. Fredriksen. Biographical Distionary of Modern World Leaders: 1900 to 1991. — Facts on File, 2004. — P. 537-538. — ISBN 978-0816053667

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]