ԽՍՀՄ տնտեսության զարգացման հնգամյա պլաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԽՍՀՄ տնտեսության զարգացման հնգամյա պլաններ՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորման հիմնական ձևը, ժողովրդա-տնտեսական երկարաժամկետ, հնգամյա և ընթացիկ պլանների համակարգի օրգանական մասը։ Ընդգրկում են սոցիալական, տնտեսական և գիտատեխնիկական խնդիրներ, որոնք կոմունիստական կուսակցությունը տվյալ կոնկրետ ժամանակահատվածում առաջադրում է երկարաժամկետ պլանի՝ ՍՄԿԿ ծրագրից բխող նպատակներն իրականացնելու համար։ Ընդ որում, յուրաքանչյուր հնգամյա պլան ունի իր հիմնական տնտեսական խնդիրը, որը համապատասխանում է տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկություններին։ Հնգամյա պլանները կոնկրետացնում են երկարաժամկետ պլանի նպատակները, միաժամանակ, ելնելով երկրի էկոնոմիկայի զարգացման ընթացքից ճշգրտվում են տարեկան ժողտնտեսական պլաններում։ Դրանց միջոցով սովետական պետությունը ռեսուրսներն ուղղում է կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման և ժողովրդի բարեկեցության բարձրացման խնդիրների լուծմանը։ Հնգամյա պլաններ մշակելիս առաջին հերթին ապահովվում է դրանց համապատասխանությունը սոցիալիզմի օբյեկտիվ տնտեսական օրենքների պահանջներին։ Պլաններում որոշվում են արտադրության ու կապիտալ շինարարության ծավալները, տեմպերն ու համամասնությունները՝ ըստ ճյուղերի ու տերիտորիալ կտրվածքով, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի մշակման ու ներդրման, արտադրության համակենտրոնացման, մասնագիտացման ու կոոպերացման, արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխման, արտաքին տնտեսական կապերի (հատկապես ՏՓԽ-ի անդամերկրների հետ) զարգացման առաջադրանքները, սովետական ժողովրդի նյութական բարեկեցության ու կուլտուրական մակարդակի բարձրացման, ինչպես նաև կառավարման, պլանավորման ու տնտեսավարման կատարելագործման միջոցառումները։ Հնգամյա պլանի բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջը տեխնիկական առաջընթացի տեմպերի արագացման հիման վրա հասարակական արտադրության արդյունավետության բարձրացումն է։ Հնգամյա պլանները, կուսակցության ու սովետական կառավարության հանձնարարությամբ, մշակում են պետական, գերատեսչական և արտադրական պլանավորող մարմիններն ու գիտական հիմնարկությունները՝ երկու փուլով։

Առաջին փուլ, պլանային ժամանակաշրջանում երկրի ժողտնտեսության զարգացման հիմնական ուղղությունների մշակում (ապագա պլանի խոշորացված մոդել)։ Խնդիրն է՝ բացահայտել պլանային ժամանակաշրջանի առավել սկզբունքային ու հանգուցային պրոբլեմները և որոշել դրանց լուծման ուղիներն ու միջոցները։ Սկզբում գիտական հիմնարկությունները կանխատեսումներ և նախապլանային այլ նյութեր ու առաջարկություններ են մշակում, որոնք հետագայում ճշտվում և օգտագործվում են հնգամյա պլանում նախատեսված առաջադրանքները հիմնավորելու համար։ Ձեռնարկությունները, արտադրական միավոր ու Աները, մինիստրությունները, միութենական հանրապետությունները և տեղական սովետական մարմինները առաջիկա հնգամյակում ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման հիմնական ուղղությունների նախագծի համար առաջարկություններ են պատրաստում։ Դրանք, կանխատեսումների հետ, կազմում են ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի Պետական պլանային կոմիտեի կողմից ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման հիմնական ուղղությունների նախագծի մշակման հիմքը։ Վերջինի տվյալներն ու նյութերն օգտագործվում են հերթական հնգամյա պլանի համար ՍՄԿԿ համագումարի դիրեկտիվների նախագիծը նախապատրաստելիս։ ՍՄԿԿ դիրեկտիվների նախագիծը ներկայացնում է համաժողովրդական քննարկման։ Այնուհետև, հաշվի առնելով ընդունված առաջարկությունները, նախագիծը քննարկվում է կուսակցության հերթական համագումարում։

Երկրորդ փուլ. ԱՄԿԿ համագումարի հաստատած դիրեկտիվների հիման վրա ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման ծավալուն հնգամյա պլանի կազմում՝ ԽՍՀՄ մինիստրություններին, միութենական հանրապետություններին և երկրի տնտեսական շրջաններին ըստ տարիների առաջադրանքների բաշխմամբ։ Այդ նպատակով ԽՍՀՄ Պետպլանը մինիստրություններին ու միութենական հանրապետություններին հայտնում է առաջադրանքները, որոնց հիման վրա նրանք մշակում են համապատասխան մինիստրությունների կամ հանրապետությունների պլանների նախագծերը և ներկայացնում ԽՍՀՄ Սինիստրների խորհուրդ և Պետպլան։ Վերջինը քննում է դրանք և կազմում ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման հնգամյա պլանի հաշվեկշռված նախագիծը՝ ճյուղային ու տերիտորիալ տեսանկյունով, ինչպես նաև կարևորագույն համալիրների ծրագրերը, և ներկայացնում կառավարության քննարկմանը։ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը, քննելուց ու ճշտելուց հետո, հավանություն է տալիս հնգամյա պլանի նախագծին և ուղարկում ԽՍՀՄ Գերագույն սովետ։ ԽՍՀՍ Գերագույն սովետի նստաշրջանում հաստատվելուց հետո հնգամյա պլանը ձեռք է բերում օրենքի ուժ։ Դրանից հետո պլանի առաջադրանքները հասցվում են բոլոր կատարողներին։ Ելնելով այդ առաջադրանքներից՝ ճշտվում են միութենական ու ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի, քաղաքների ու վարչական շրջանների տնտեսությունների զարգացման հնգամյա պլանների նախագծերը, որոնք համապատասխանաբար հաստատում են միութենական ու ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետների և երկրամասերի, մարզերի ու վարչական շրջանների ժողովրդական դեպուտատների նստաշրջանները։ Ձեռնարկությունների ու միավորումների հնգամյա պլանները դիրեկտիվ ցուցանիշների սահմանված շրջանակներում հաստատում է վերադաս մարմինը։ Բոլոր ցուցանիշների գծով պլանը հաստատում է էկոնոմիկայի համապատասխան հիմնական օղակի (արտադրական միավորում, ձեռնարկություն, կազմակերպություն) ղեկավարը։ Կարևոր է հնգամյա պլանների կատարման ստուգումը, որի գլխավոր խնդիրն է՝ ժամանակին բացահայտել ու կանխել Էկոնոմիկայում առաջացող ժամանակավոր անհամամասնությունները, հայտնաբերել չօգտագործված արտադրական ռեզերվները։ ԽՍՀՄ մինիստրությունների ու գերատեսչությունների, միութենական հանրապետությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հնգամյա պլանների կատարման ստուգման ֆունկցիաներն իրականացնում է ԽՍՀՄ Պետպլանը, իսկ միութենական ու ինքնավար հանրապետություններում, մարզերում, երկրամասերում՝ հանրապետական պետպլաններն ու տեղական պլանային մարմինները։ Պլանների կատարման ընթացքի ստուգման ու վերլուծության աղբյուրը պետական վիճակագրությունն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 468 CC-BY-SA-icon-80x15.png