Jump to content

ԽՍՀՄ տարածքային պահանջներն ընդդեմ Թուրքիայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  •                      Սահմանները 1945 թվականին
  •      Սովետական միության տարածքային պահանջները
  •      ԽՍՀՄ ծրագրերի ընդլայնումը Թուրքիայում
  •                      Հայկական ՍՍՀ տարածքային պահանջները (Արևմտյան Հայաստան)
  •                      Վրացական ՍՍՀ տարածքային պահանջները (Մեսխեթիա, Տաո-Կլարջետի և Լազիստան)
  •                      ՀՍՍՀ Լազիստանի ենթադրյալ սահմանները

Տարածքային վեճ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև, ԽՍՀՄ տարածքային պահանջներն ընդդեմ Թուրքիայի, ԽՍՀՄ հայցը ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Ռուսաստանի կայսրության տարածքները վերադարձնելու վերաբերյալ, որը 1921 թվականի Ռուս-թուրքական պայմանագրով ՌՍՖՍՀ- ի կողմից հանձնվել էր Թուրքիային։

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին Իոսիֆ Ստալինի կառավարությունը տարածքային պահանջներ է ներկայացրել՝ համատեղ վերահսկողության ռեժիմ սահմանելու և Սևծովյան նեղուցներում խորհրդային ռազմածովային բազա տեղադրելու պահանջի մասին։ ԽՍՀՄ-ը ակնկալում էր Անդրկովկասի այն տարածքները, որոնք 1878 թվականից պատկանում էին Ռուսական կայսրությանը, և 1921 թվականի ռուս-թուրքական «Ընկերության և եղբայրության մասին» պայմանագրով փոխանցվել էին Թուրքիային, վերադարձնել Ռուսաստանին և դրանք բաժանել Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության միջև։

Բանակցություններ Մոլոտովի և Սարպերի միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի մարտի 19-ին ԽՍՀՄ-ը չեղյալ է հայտարարել 1925 թվականի դեկտեմբերի 25-ի ռուս-թուրքական պայմանագիրը[1], որից հետո սկսվել են ոչ պաշտոնական խորհրդակցություններ ու բանակցություններ նոր պայմանագրի կնքման շուրջ։ Նախքան այդ, մայիսին՝ Թուրքիան առաջարկել էր համաձայնագրի նախագիծ, որի համաձայն պատերազմի դեպքում երաշխավորվում էր ԽՍՀՄ բանակի և նավատորմի ազատ անցումը Թուրքիայի տարածքով։ Սակայն այս զիջումից հետո ԽՍՀՄ-ը ցանկանալով «ճնշում գործադրել» Թուրքիայի վրա՝ շարունակել է առաջ քաշել պահանջներ և պնդել այնքան ժամանակ, մինչև սովետական բոլոր պահանջները լիովին բավարարվեն[2]։

Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ս. Սարպերն անձամբ հանդիպել է Վ. Մ. Մոլոտովի հետ։ Հունիսի 7-ին կայացած հանդիպման ժամանան արտաքին գործերի ժողովրդական կոմիսարը հայտարարել է նոր պայմանագիր կնքելու այնպիսի պայմաններ, ինչպիսիք են Սևծովյան նեղուցներում ռուս-թուրքական համատեղ վերահսկողության ռեժիմը (խորհրդային ռազմածովային կայանի տեղակայմամբ) և 1921 թվականի «Մոսկվայի պայմանագրի» շտկումը, որը Մոլոտովն անարդար էր համարել տարածքային բաժանման հարցում «վիրավորված» ԽՍՀՄ-ին։

ԽՍՀՄ-ի և Թուրքիայի նոր սահմանը, խորհրդային Ռուսաստանի տեսանկյունից, ենթադրաբար պիտի համապատասխաներ Ռուսական և Օսմանյան կայսրությունների 1878 թվականի սահմանին, իսկ ԽՍՀՄ-ի տեսանկյունից «ապօրինի գրավված» տարածքները ներառում էին նախկին Կարսի շրջանը, Բաթումի հարավային շրջանը, ինչպես նաև նախկին Երևանի նահանգի Սուրմալինսկի շրջանը։

Ըստ ռուս դիվանագետ և պատմաբան, 1998-2004 թվականների ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Ի. Իվանովի, տարածքային պահանջներն արտահայտվում էին հիմնականում որպես ճնշման միջոց, բայց սովետական իշխանությունների հիմնական նպատակն էր՝ վերահսկողություն հաստատել Սևծովյան նեղուցներում, որն ուներ մեծ ռազմավարական նշանակություն[2]։

Պոտսդամի խորհրդաժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի հունիսի 22-ին, Պոտսդամի խորհրդաժողովում Թուրքիան մերժել է ԽՍՀՄ բոլոր առաջարկները և, ապավինելով Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների աջակցությանը, սկսել է իր ինքնիշխանության դիվանագիտական պաշտպանությունը[3]։ Հուլիսի 22-ին Պոտսդամի համաժողովի վեցերորդ հանդիպմանը քննարկվել է Թուրքիայի դեմ տարածքային պահանջների հարցը։ Ուինսթոն Չերչիլի հնչեցրած հարցին ի պատասխան Ստալինը՝ անհանգստանալով Մոսկվայում ռուս-թուրքական բանակցությունների ընթացքից, խոսքը փոխանցել է Մոլոտովին։ Վերջինս ներկայացրել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Սարպերի հետ բանակցությունները և ԽՍՀՄ տարածքային պահանջների քարտեզը[4]։

Մեր կողմից կա երկու խնդիր, որոնք կարգավորման կարիք ունեն։ Դաշնային համաձայնագրի կնքումը նշանակում է, որ մենք համատեղ պետք է պաշտպանենք մեր սահմանները՝ ԽՍՀՄ-ը ոչ միայն իր, այլ նաև թուրքական սահմանը, և Թուրքիան՝ ոչ միայն իր, այլ նաև Խորհրդային Միության սահմանը։ Այնուամենայնիվ, որոշ մասերում ԽՍՀՄ-ի և Թուրքիայի սահմանը մենք համարում ենք անարդար։ Իրոք, 1921 թվականին Թուրքիան Խորհրդային Հայաստանից և Խորհրդային Վրաստանից օտարել է տարածք․ դա Կարսի, Արտվինի և Արդահանի շրջանների հայտնի տարածքն է։ Ուստի, ես հայտարարել եմ, որ դաշնային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է լուծել Վրաստանից և Հայաստանից պոկված տարածքի հարցը, հետ վերադարձնել նրանց այդ տարածքը։

- Մոլոտով

Մոլոտովը մատնանշել է նաև երկրորդ կարևոր հարցը՝ Սևծովյան նեղուցների խնդիրը, ավելացնելով․ «Մենք բազմիցս հայտարարել ենք մեր դաշնակիցներին, որ ԽՍՀՄ-ը չի կարող Մոնտրյոյի կոնվենցիան ճիշտ համարել»։ Միևնույն ժամանակ, Մոլոտովը վերապահում է արել՝ նշելով. «Եթե, այնուամենայնիվ, Թուրքիայի կառավարությունն անընդունելի է համարում այդ երկու խնդիրների լուծումը, մենք պատրաստ ենք համաձայնագիր կնքել միայն նեղուցների վերաբերյալ»[5]։

Ներկայացվել են նաև նեղուցների պահանջները՝ Մոնտրյոյի կոնվենցիայի վերանայում և նեղուցներում ռազմա-ծովային կայանի տրամադրում ԽՍՀՄ-ին։ Երբ Չերչիլը հարցրել է, մի թե Ռուսաստանը նախկինում ունեցել է ամրացված բազա նեղուցներում, Մոլոտովը հղում է կատարել Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1805 թվականի (ընդդեմ Ֆրանսիայի կնքած «Կոստանդնուպոլսի դաշնակցային պայմանագրիր») և 1833 թվականի (Ունքյար-Իսքեկեսիի պայմանագիր) պայմանագրերեին։ Հաջորդ օրը խնդիրը կրկին քննարկվել է Ստալինի մասնակցությամբ, որը հերքել է ԽՍՀՄ-ից Թուրքիային սպառնացող վտանգի մասին թեզը և տեղեկացրել է, որ Կոստանդնուպոլսի շրջանում թուրքերն ունեն ավելի քան 20 դիվիզիա, հնարավոր է` 23 կամ 24 դիվիզիա։ Այսինքն, Նեղուցներն ունենալով, մի փոքր պետություն, որը վայելում է Անգլիայի աջակցությունը, «մեծ տերության կոկորդից բռնելով՝ անցում չի տալիս նրան»։

Պոտսդամի խորհրդաժողովում սահմանի վերանայման հարցը շաղկապվում էր հայկական սփյուռքի ԽՍՀՄ վերադարձի հեռանկարների հետ։

Ընդհանուր առմամբ, Խորհրդային Հայաստանում ապրում է շուրջ 1 միլիոն հայ, իսկ Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս ՝ արտերկրում, ավելի քան 1 միլիոն հայ։ Երբ հայերի տարածքը ընդլայնվի, արտերկրում բնակվող շատ հայեր կփորձեն վերադառնալ հայրենիք։ Հայերը շատ ընդունակ և եռանդուն մարդիկ են, հատկապես տնտեսական հարցերում։ Թող թուրքերը հայերին հետ վերադարձնեն Խորհրդային Միություն, դա արդարացի կլինի[1]։

1945 թվականի օգոստոսի 1-ին երեք դաշնակից տերությունների միջև Բեռլինի կոնֆերանսի արձանագրության մեջ չի նշվել Թուրքիայի դեմ տարածքային պահանջների գաղափարը, XVI բաժնում՝ «Սևծովյան նեղուցներ», ասվում է. «Մոնտրոյում կնքված Նեղուցների մասին կոնվենցիան պետք է վերանայվի՝ որպես ներկա ժամանակի պայմաններին չհամապատասխանող։ Պայմանավորվել են, որ որպես հաջորդ քայլ, այս հարցը կդառնա երեք Կառավարություններից յուրաքանչյուրի և Թուրքիայի կառավարության միջև անմիջական բանակցությունների առարկա»[6][7]։

Տարածքային վեճ Հայակական և Վրացական ԽՍՀ միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական և Հայկական ԽՍՀ իշխանությունները և հասարակությունը մասնակցել են 1945 թվականին սահմանների պլանային վերանայմանը։

Հուլիսի 7-ին Ստալինին և Մոլոտովին ուղղված նամակում Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Գ .Ա. Հարութինովը հիշատակել է նախկին Կարսի մարզի վերաբերյալ և նախկին Երևանի նահանգի Սուրմալու գավառի վերաբերյալ ունեցած Հայաստանի տարածքային պահանջները։ Նմանատիպ կոչով Ստալինին է դիմել նորընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ VI- ը[8]։ Ըստ ՀԽՍՀ ներկայացրած հաշվետվության, հնագույն ժամանակներից դրանք եղել են հայկական հողեր, բայց «հետո դրանք ընկել են թուրքական լծի տակ»։ Գրառման մեջ ընդգծված է, որ խոսքը հայկական հողերի մասին է, որոնք Թուրքիան, օգտվելով Ռուսաստանի թուլությունից, բռնակցել է։

Ըստ ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի՝ Թուրքիայի կողմից «զավթված» հողերի ընդհանուր տարածքը կազմում է 26 000 քառակուսի կմ։ Դրանցից՝ 20 500 կմ² կամ ՀԽՍՀ այդ ժամանակվա տարածքի 80% -ը, Խորհրդային Միության ղեկավարությունը խոստանում էր վերադարձնել Հայաստանին։

Հարցի այս ձևակերպումը լրջորեն մտահոգել է Վրաստանի ղեկավարությանը։ Վրացական ԽՍՀ պնդում էր Բաթումի շրջանի հարավային մասի և նախկինում Բաթումի մարզի կազմից Արդվին գավառի, ինչպես նաև նախկին Կարսի մարզի Արդահան և Օլթիի գավառների միացման մասին։ Վրաստանի Կոմունիստական կուսակցության (բոլշևիկների) կենտկոմի առաջին քարտուղար Կանդիդ Չարկվիանին հանրապետության ղեկավարության հետ քննարկել է Խորհրդային Վրաստանի տարածքային պահանջատիրության այդ հարցը, և գիտական հաստատություններին հանձնարարվել է պատրաստել պատմական, ազգագրական և աշխարհագրական բնույթի տեղեկություններ, որոնք պիտի ապացուցեին Բաթումի շրջանի հարավային մասի, Արդվին, և Օլթի շրջանների բացարձակ պատկանելիությունը վրաց ժողովրդին։

Վրաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գ. Կիկնաձեն՝ Կ. Չարկվիանիի հետ խորհրդակցելուց հետո, նամակով դիմել է Բերիային, իսկ հետո, 1945 թվականի սեպտեմբերի սկզբին, նա գնացել է Մոսկվա և բողոքել Բերիային, որ ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի տեղեկանքում Արդահան և Օլթի շրջանները նախատեսվում են ընդգրկել Հայաստանի կազմի մեջ։

Գ.Կիկնաձեն պնդում էր, որ Վրացական ԽՍՀ կազմում պետք է ներառվի 12 760 քառ. կմ մակերեսին հավասար տարածք, իսկ Խորհրդային Հայաստանի կազմում՝ 13 190 քառ. կմ տարածք։ 1949 թվականին վրաց գրող Իլյա Մոսաշվիլին գրել է «Ջրասույզ քարեր» պիեսը՝ Թուրքիայի կողմից գրավված տարածքներում բնակվող վրացիների ազատագրական պայքարի մասին[9]։ Այս ստեղծագործության համար 1951 թվականին նա արժանացել է Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի։ Պիեսի գլխավոր դերակատարը նույնպես պարգևատրվել է Ստալինյան մրցանակով։

Այսպիսիով, կարելի է ասել որ տարածքային բաժանման հարցի շուրջ Վրացական և Հայկական ԽՍՀ իշխանությունների միջև միանշանակ մոտեցում չկար։ Մասնավորապես, տարածքային վեճի առարկա էին համարվում Արդահանի և Օլթինի շրջանները[10]։

ԽՍՀՄ ծրագրերի ընդլայնումը Թուրքիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Ռուսաստանում Հարավսլավիայի դեսպան Պոպովիչի հետ զրույցի ժամանակ Մոլոտովի և Վիշինսկու կատարած հայտարարությունների համաձայն՝ ներկայացրած տարածքային պահանջներով ԽՍՀՄ-ը փորձում էր «պատժել» Թուրքիային Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցուցաբերած թշնամական քաղաքականության համար, հատկապես Գերմանիայի հաջողությունների ժամանակ։ Սովետական Միությունը չէր պատրաստվում կանգ առնել միայն այս պահանջներով․ հեռանկարում նախատեսվում էր դուրս մղել Թուրքիային նաև Բալկանյան թերակղզուց, ինչպես նաև Էգեյան ծով ելք ունենալ։ Ինչպես նշում էր Մոլոտովը՝ «դա կատարվելու էր սլավոնների ապագան ապահովվելու նպատակաով»[11][12]։

Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարը պատմական տեղեկություններ է պատրաստել՝ հիմնավորելով ոչ միայն 1914 թվականի ռուս-թուրքական սահմանի վերականգնման անհրաժեշտությունը, այլև Խորհրդային Հայաստանի այն տարածքների վերադարձը, որը 1878 թվականից հետո Օսմանյան կայսրության կազմի մեջ էր անցել (հետագայում՝ ըստ Սևրի պայմանագրի,1915 թվականին Ռուսական կայսրությանն էր անցել և վերադարձվել դաշնակից Հայաստանին)․ Ալաշկերտ, Բայազետ, Տրապիզոն, Երզնկա, Բայբուրդ, Իսպիր, Գյումյուշխան, Բասեն, Կարին, Էրզրում, Մուշ, Վան, Բաղեշ մարզերը[13]։

Ըստ վրացական կողմի, եթե տարածքային հարցը դրական լուծում ստանար, ԽՍՀՄ- ը կարող էր հավակնություններ ունենար Մեսխեթի հարավ- արևմտյան մասի նկատմամաբ, որը տեղակայված էր Ճորոխ գետի ավազանում (Թորթում, Իսպիր, Բայբուրդ), ինչպես նաև Լազիստանի նահանգի մի մասը (Ռիզե, Տրապիզոն, Գյումյուշխանե, Կերասունի), որտեղ բնակվում էին վրացերեն բարբառին տիրապետող լազերը, որոնք այդ ժամանակ հիմնականում թրքացել էին։ Լազիստանի բռնակցման անհնարինության դեպքում, առաջարկվում էր բարձրացնել ինքնավարության հարցը։

Հակամարտության հետագա զարգացումը և դերը սառը պատերազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ պահանջները Թուրքիային, որոնք նախկինում բարձրաձայնվում էին միայն փակ բանակցությունների ժամանակ, անուղակիորեն բարձրաձայնվել են խորհրդային մամուլում[14]։ 1947 թվականի օգոստոսի 6-ին ԽՍՀՄ-ը դիվանագիտական նոտայով դիմել է Թուրքիային՝ առաջ քաշելով Սևծովյան նեղուցների վերաբերվող 5 պահանջ, որի հսկողությունը պետք է իրականացվեր բացառապես սևծովյան տերությունների կողմից։ Զուգահեռաբար սկսվել էին ռազմական նախապատրաստությունները Թուրքիայի սահմանների երկայնքով։ Այս նոտան մերժվել է Թուրքիայի կառավարության կողմից՝ արևմտյան դաշնակիցների լիակատար աջակցությամբ։

ԽՍՀՄ պահանջները ներկայացվեցին Ուինսթոն Չերչիլի Ֆուլտոնյան (Միսսուրի) ճառում, որը և համարվում է Սառը պատերազմի սկիզբը[15]։ «Թուրքիան և Պարսկաստանը խորապես մտահոգված են և անհանգստանում են իրենց հասցեին հնչող պահանջներից, Մոսկվայի կողմից նրանց վրա ճնշում գործադրելուց»։

Ըստ ամերիկացի պատմաբան էդուարդ Մարկի՝ 1946 թվականի օգոստոսին Թուրքիայի շուրջ ստեղծված ճգնաժամն ու ԽՍՀՄ ռազմական նախապատրաստական աշխատանքներն էլ հանգեցրել են ամերիկյան հրամանատարության կողմից ԽՍՀՄ-ի դեմ միջուկային պատերազմի առաջին լուրջ ծրագիրի մշակմանը, ինչը, իր հերթին, հանգեցրել է նրան, որ Կրեմլը հրաժարվել է հակամարտության հետագա սրացումից, որը հղի էր պատերազմի սանձազերծմամբ։ «Լավ է, որ ժամանակին նահանջեցինք», - հետագայում հիշում է Մոլոտովը։

Թրումենի դոկտրինայի շրջանակներում ԱՄՆ-ն (Հունաստանի հետ միասին) ֆինանսական և ռազմական օգնություն է ցուցաբերել Թուրքիային։ 1952 թվականի փետրվարին Թուրքիան միացել է ՆԱՏՕ-ին, որը կապված էր այս իրավիճակի հետ[1]։

Ընդհանուր առմամբ, ԽՍՀՄ-ը, ինչպես Իրանի հետ հետպատերազմյան հարաբերություններում, չի հասել իր նպատակին և ավելի շուտ հակառակ արդյունք է ստացել․ ամերիկյան դիրքերի ամրապնդում, անգլո-ամերիկյան կոալիցիայի սերտացում, ԽՍՀՄ-ը որպես էքսպանսիոնիստական տերություն ճանաչելու հաստատում, որին միայն ուժով է հնարավոր դիմակայել[2]։

Տարածքային վեճից հրաժարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինի մահից անմիջապես հետո, 1953 թվականի մայիսի 30-ին, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունը, հատուկ նոտայով, հրաժարվել է Թուրքիայի դեմ տարածքային պահանջներից և նեղուցների պահանջից։ Հայտարարվեց. «Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր համարեցին հրաժարվել Թուրքիայի նկատմամբ իրենց տարածքային պահանջներից», և «Սովետական կառավարությունը հնարավոր է համարում ապահովել ԽՍՀՄ անվտանգությունը նեղուցների կողմից այն պայմաններով, որոնք հավասարապես ընդունելի են ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ Թուրքիայի համար։ Այսպիսով Խորհրդային Միությունը հայտարարում է, որ չունի Թուրքիայի նկատմամբ որևէ տարածքային պահանջ»[16]։

Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը իր հրապարակային հայտարարություններից մեկում հիմնավորել է Թուրքիայի մուտքը ՆԱՏՕ և իր տարածքում ամերիկյան ռազմաբազաների ստեղծում, ինչը տեղի է ունեցել 1953 թվականին, երբ Խորհրդային Միությունը հրաժարվել է տարածքային պահանջներից։ ԽՍՀՄ առաջնորդ Ն. Ս. Խրուշչովը, ելույթ ունենալով ԽՄԿԿ Կենտկոմի պլենումում, 1957 թվականի հունիսին, զգացմունքային գնահատական է տվել Թուրքիայի նկատմամբ Ստալինի դիվանագիտությանը․

Հաղթեցինք գերմանացիներին։ Գլխապտույտ առաջացավ։ Թուրքեր, ընկերներ, բարեկամներ։ Ոչ, եկեք նոտա հղենք, և անմիջապես Դարդանելը կվերադարձնեն։ Նման հիմարներ չկան։ Դարդանելը Թուրքիա չէ, այնտեղ մի խումբ պետություններ են։ Ո՛չ, նրանք հատուկ նոտա հղեցին, թե մենք չեղյալ ենք հայտարարում բարեկամության պայմանագիրը և թքեցինք թուրքերի դեմքին ... Սա հիմարություն է։ Այնուամենայնիվ, մենք կորցրեցինք բարեկամ Թուրքիային և այժմ հարավում ունենք ամերիկյան հենակետեր, որոնք մեր հարավը նշանակետի տակ են պահում ...

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Журнал ПОЛИТЭКС - ПОЛИТическая ЭКСпертиза - Мошкин С.В."Рука Москвы" в истории вступления Турции в НАТО». web.archive.org. 2012 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ս.Իվանովը Ակնարկներ պատմության մեջ արտաքին գործերի նախարարության Ռուսաստանի։ 1802-2002` 3 հատորով T. 2. M., OLMA, 2002
  3. Галиакбарова Надежда Маликовна СОВЕТСКО-ТУРЕЦКИЕ ОТНОШЕНИЯ
  4. Բեռլինի (Պոտսդամ) դաշնակից երեք տերությունների ՝ ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա ղեկավարների խորհրդաժողով: էջ 135—136
  5. Բեռլինի (Պոտսդամ) դաշնակից երեք տերությունների ՝ ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա ղեկավարների խորհրդաժողով: էջ 149
  6. Հովհաննես Զատիկյան ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (1945-1948 Թ Թ .)(չաշխատող հղում)
  7. Բեռլինի (Պոտսդամ) դաշնակից երեք տերությունների ՝ ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա ղեկավարների խորհրդաժողով: էջ 444
  8. Հայերը . Անցյալը և ներկան ազգային ինքնության կերտման գործում Էդմունդ Հերցիգ, Մարինա Քյուրքչիյան։ Routledge, 2005. ISBN 0-7007-0639-9, 9780700706396. Ընդհանուր էջեր ՝ 255. P.119
  9. Г. Кикнадзе — Л. Берии. 04.09.1945 г. // Архив президента Грузии, ф. 14, оп. 19, д. 209, л. 51
  10. «საბჭოთა კავშირის ტერიტორიული პრეტენზიები თურქეთისადმი 1945-1953 წლებში». www.academia.edu. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  11. «Территориальные претензии СССР к Турции - это... Что такое Территориальные претензии СССР к Турции? Планы СССР на более широкую экспансию в Турции․». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  12. Гибианский Л. Я. «Донесения югославского посла в Москве об оценках руководством СССР Потсдамской конференции и положение в Восточной Европе (август — ноябрь 1945 г.)» Славяноведение. 1994. № 1. էջեր 3-13.
  13. «Армянский вопрос в контексте русско-турецких и советско-турецких отношений | Газета армян России "Еркрамас". Новости Армении, Арцаха (Карабаха), Джавахка и Диаспоры. Yerkramas.org». web.archive.org. 2014 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  14. «ТУРЦИЯ В НОВЕЙШЕЕ ВРЕМЯ :: Говоров Ю.Л.История стран Азии и Африки в новейшее время». web-archive-org.translate.goog. 2010 թ․ մարտի 5. ISSN 5-202-00217-3. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին. {{cite web}}: Check |issn= value (օգնություն)
  15. «Ուինսթոն Չերչիլի հայտնի ճառը». NL. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  16. «Խորհրդային կառավարության հայտարարությունը Թուրքիայի կառավարությանը 1953 թվականի մայիսի 30-ին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]