ԽՍՀՄ պետական տեսչություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԽՍՀՄ պետական տեսչություններ ՍՍՀՄ-ում, պետական հատուկ մարմիններ, որոնք հսկում և վերահսկում են ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից իրավական համապատասխան ակտերով սահմանված որոշակի կանոնների (սանիտարական, անասնաբուժական, հակահրդեհային, առևտրի, ձկնորսության, ավտոտրանսպորտի երթևեկության, անվտանգության տեխնիկայի և այլն) կատարումը։ ԽՍՀՄ պետական տեսչությունները կամ մարմինների ինքնուրույն համակարգ են (օրինակ, արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնահանքային հսկողության տեսչությունը), կամ մտնում են մինիստրության, պետական կոմիտեի կազմի մեջ (օրինակ, առևտրի տեսչությունը)։ ԽՍՀՄ պետական տեսչությունների հսկողական և վերահսկողական լիազորությունները տարածվում են բոլոր ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ՝ նրանց գերատեսչական ենթակայությունից անկախ։ ԽՍՀՄ պետական տեսչությունների պաշտոնատար անձինք (գլխավոր պետական տեսուչ, ավագ պետական տեսուչ, պետական տեսուչ) կարող են լինել վերահսկվող օբյեկտներում, պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, կատարել ստուգումներ, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված վարչական ներգործության միջոցներ (արգելել կամ սահմանափակել օբյեկտի շահագործումը, դադարեցնել աշխատանքները, անձին մեկուսացնել աշխատանքից, տուգանել, նախազգուշացնել և այլն)։ Տեխնիկական և սանիտարական հսկողության ԽՍՀՄ պետական տեսչությունները թույլատրում են արդյունաբերական ձեռնարկությունների, դրանց արտադրամասերի այլ օբյեկտների շահագործման հանձնումը։ ՄԱՀՄ-ում գործում են՝ էներգետիկայի և էներգահսկողության, ապրանքների որակի և առևտրի, ավտոմոբիլային (Պետավտոտեսչության), ձկնապահպանման, որսորդական, էլեկտրակապի, անտառային պահպանության, անասնաբուժական պետական տեսչություններ․։ ԽՍՀՄ պետական տեսչություններից բացի գործում են նաև արհմիությունների աշխատանքի տեխնիկական տեսչությունն ու աշխատանքի իրավական տեսչությունը, որոնց վրա դրված է աշխատանքի մասին օրենսդրության և աշխատանքի պաշտպանական ու անվտանգության տեխնիկայի կանոնների կատարման նկատմամբ վերահսկողությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 656 CC-BY-SA-icon-80x15.png