Խորհրդային սահմանադրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ Սահմանադրության օրինակ

Խորհրդային սահմանադրություններ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) սահմանադրության երեք տարբերակ, որոնք գործել են 1924 թվականի հունվարի 31-ից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 26-ը։ Օրենսդրականորեն ձևակերպել են հասարակական հարաբերություններն ու կարգը։ Եղել է երեք տասեակի՝ ԽՍՀՄ սահմանադրություն, միութենական հանրապետությունների սահմանադրություններ և ինքնավար հանրապետությունների սահմանադրություններ։

Վարչատարածքային միավորների (միութենական հանրապետություններ, ինքնավար մարզեր) սահմանադրությունները կառուցվել են ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան՝ հաշվի առնելով հանրապետությունների ազգային-տնտեսական առանձնահատկությունները, ինչի պատճառով էլ ունեցել են կառուցվածքային որոշ տարբերություններ։ Ինքնավար հանրապետությունների սահմանադրությունները կառուցվել են այն միութենական հանրապետության սահմանադրությանը համապատասխան, որի կազմում դրանք գտնվել են։ Խորհրդային առաջին սահմանադրությունը 1918 թվականի ՌՍՖՍՀ սահմանադրությունն էր։ Այդ սահմանադրության շատ սկզբունքներ արտացոլվել էին սովետական իշխանության առաջին դեկրետներում և մշակվել դեռևս խորհրդայնացման շրջանում։ Սահմանադրությունը մշակվել է Լենինի անմիջական ղեկավարությամբ 1918 թվականի սահմանադրության 1-ին բաժնում ներառված էր աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների դեկլարացիան։ Այն ամրագրում էր «Հոկտեմբերյան հեղափոխության նվաճումները և պրոլետարիատի դիկտատուրան, որպես սոցիալիզմի կառուցման հիմնական գործիք», իսկ որպես այդ դիկտատուրայի պետական ձև՝ բանվորների, գյուղացիների և կարմիր բանակայինների դեպուտատների խորհուրդները։ Բանվոր դասակարգին, մյուս դասակարգերի համեմատ, տրվում էին որոշակի արտոնություններ (ոչ աշխատավոր դասակարգերը և խմբերը զրկվում էին քաղաքական իրավունքներից, սահմանափակվում էր ընտրական իրավունքը և այլն)։

Վերոնշյալ սկզբունքներն օգտագործվել էին նաև 1924 ԽՍՀՄ թվականի սահմանադրության հիմքում, որն օրենսդրականորեն ամրագրում էր ԽՍՀՄ-ի կազմավորումը։ ԽՍՀՄ հաջորդ սահմանադրությունն ընդունվել է 1936 թվականի դեկտեմբերի 5-ին (Ստալինյան սահմանադրություն), որը հիմնվում էր 1924 թվականի սահմանադրության վրա։ Պետական իշխանության կազմակերպման քաղաքական ձևը կենտրոնում և տեղերում դարձան աշխատավորների դեպուտատների խորհուրդները։ 1936 թվականի սահմանադրության հիման վրա մշակվել և ընդունվել են միութենական հանրապետությունների սահմանադրությունները (1937 թվականին, բռնազավթված մերձբալթյան հանրապետություններում՝ 1940 թվականին, Մոլդովական ԽՍՀ-ում՝ 1941 թվականին)։

Սահմանադրություններ են ընդունվել նաև բոլոր ինքնավար ԽՍՀ-ներում։ ԽՍՀՄ վերջին սահմանադրությունն ընդունվել է 1977 թվականի հոկտեմբերի 7-ին (Բրեժնևյան սահմանադրություն), որը ներառել է 1936 թվականից հետո խորհրդային հասարակարգում կատարված փոփոխությունները։ Նոր սահմանադրությունը զարգացրել է նախկին խորհրդային սահմանադրությունների, ինչպես նաև սոցիալիստական ճամբարի մյուս հանրապետությունների սահմանադրական սկզբունքները։ ԽՍՀՄ սահմանադրության սկզբունքներով մշակվեցին և 1978 թվականին ընդունվեցին միութենական հանրապետությունների սահմանադրությունները։ 1978 թվականին սահմանադրություններ ընդունեցին նաև ԻԽՍՀ-ները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 143