ԽՍՀՄ միասնական տրանսպորտային ցանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԽՍՀՄ միասնական տրանսպորտային ցանց Շրջանառության ոլորտը սպասարկող բոլոր տեսակի փոխադրամիջոցների համախումբ էր, որն ապահովում էր արտադրանքի փոխադրումը արտադրության կետերից սպառման վայրեր, ինչպես նաև իրագործում ուղևորների փոխադրումը։ ԽՍՀՄ միասնական տրանսպորտային ցանցի կազմի մեջ էին մտնում երկաթուղային, գետային, ծովային, ավտոմոբիլային, օդային, խողովակաշարային տրանսպորտը և էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը։ Միասնական տրանսպորտային ցանցը ներառում էր նաև շարժակազմը և փոխադրումների համար անհրաժեշտ բոլոր հարմարանքները։ Այդ առումով ավելի ճիշտ է խոսել ոչ թե միասնական տրանսպորտային ցանցի, այլ միասնական տրանսպորտային համակարգի մասին։ Միասնական տրանսպորտային ցանցում յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար ընտրվում է այն ոլորտը, որտեղ առավել արդյունավետ է տվյալ փոխադրամիջոցի կիրառումը։ Հենց այս ուղղությամբ էր տարվում սոցիալիստական պետության տրանսպորտային քաղաքականությունը։ էներգակիրների արդյունավետ փոխադրման հարցը լուծվում էր կոմպլեքսային ձևով։ Դրանով էր, մասնավորապես, պայմանավորված միասնական տրանսպորտային ցանցի կազմում խողովակաշարային տրանսպորտից բացի էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի ընդգրկելը։ ԽՍՀՄ-ում գործում էր հզոր օդային տրանսպորտ, զարգացած ավտոմոբիլային և գազամուղային տրանսպորտ, իսկ քաղաքներում՝ տրոլեյբուսային տրանսպորտ և մետրոպոլիտեն։ Նոր փոխադրամիջոցների արագ զարգացման շնորհիվ փոխվում էր առանձին փոխադրամիջոցների տեսակարար կշիռը ԽՍՀՄ ընղհանուր բեռնաշրջանառության և ուղևորաշրջանառության մեջ։ Միասնական տրանսպորտային ցանցի կարևորագույն խնդիրն է առանձին փոխադրամիջոցների աշխատանքի և խառը փոխադրումների կազմակերպման բարելավումը, առանձին փոխադրամիջոցների միջև փոխադրումների ավելի ռացիոնալ բաշխումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 524 CC-BY-SA-icon-80x15.png