Լևոն Գալչյան
Լևոն Գալչյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1965 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Վախճանվել է | սեպտեմբերի 27, 2004 (39 տարեկան) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դիզայներ |
Ոճ | բարոկկո և մոդեռնիզմ |
Հայր | Ռուբեն Գալիչյան |
Լևոն Ռուբենի Գալչյան (օգոստոսի 2, 1965, Թեհրան, Իրան - օգոստոսի 27, 2004), կիրառական արվեստի հայ ներկայացուցիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Գալչյանը ծնվել է օգոստոսի 2-ին 1965 թվականին` Թեհրանում: Հայրը` Ռուբեն Գալչյանը, էլեկտրոինժեներ է, ով Պարսկաստանում գտնվող նավթային արդյունաբերական ոլորտում է աշխատել, իսկ այժմ քարտեզագրագետ է` բազմաթիվ գրքերի հեղինակ: Մայրը` Մարիետ Արզումանյանը, հոգեբան է: Գալչյան ընտանիքում ծնվել է ևս մեկ որդի` Շահենը, ով երեք տարի փոքր է Լևոնից: Լևոնի ընտանիքը Թեհրանում է մնացել մինչև նրա 12-13 տարեկան դառնալը: Այնուհետև Իրաքի պատերազմի պատճառով տեղափոխվել է Անգլիա` Լոնդոնի Իլինգ թաղամաս, սկզբում ժամանակավոր, հետագայում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Լևոնը Թեհրանում հաճախել է հայկական դպրոց: Հաճախել է արվեստի բազմաթիվ սրահները, որն էլ առիթ է հանդիսացել Լևոնի ուշադրությունը արվեստի նկատմամբ ընդլայնմանը:
Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալչյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Բրայթոն քաղաքի արվեստի համալսարանը: Չորս տարի սովորելու ընթացքում, ամռան երեք ամիսներին Գալչյանը ըստ կանոնակարգի աշխատել է արվեստի տարբեր կենտրոններում: Տիրապետել է գերմաներենի, պարսկերենի, անգլերենի, հայերենի և իտալերենի: Սովորելու առաջին տարվա ամռան երեք ամիսներին Իտալիայում բրիտանական ինստիտուտում հնագիտական աշխատանքներ է կատարել, իսկ հաջորդ տարին կրկին Իտալիայում` Հռոմում աշխատել է դիզայն կենտրոններից մեկում, որտեղ իր աշխատանքները մեծ հավանության են արժանացել: Այստեղից էլ սկսել է Լևոնի հետաքրքրությունը կտորի դիզայնի աշխատանքների նկատմամբ: Անգլիայի Բրայթոն քաղաքի արվեստի համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Իտալիա` ուսումը շարունակելու:
Սկզբնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիայում սկսել է իր ստեղծագործական աշխատանքների գործունեությունը, մի քանի հազարի են հասնում կտորների վրա արված նրա դիզայներական աշխատանքները: Այնուհետև ընկերոջ հետ ուլունքներով ու պղնձի լարերով ջահեր է պատրաստել և նրանց աշխատանքները Իտալիայում մեծ պահանջարկ են ունեցել[1]: Բավականին մեծ թվով վաճառել են այնտեղ, իսկ հետո իտալական գործարանները կրկնօրինակել են նրա ստեղծած մոդելները: Լևոնն այնուհետև անցել է բրոնզի աշխատանքներին, ամեն մեկից մեկ օրինակ էր պատրաստել՝ մոմակալներ, լույսեր, ջահեր, դիմակներ, որոնք հիմականում լույսերի համար է օգտագործել: Աշխատանքները պատրաստել է Անգլիայում, հետո փոխադրել է Իտալիա եւ այնտեղ ձուլել է բրոնզից: Նրա աշխատանքները գնել են «Քրիստիան Դիոր», «Վերսաչի» և այլ հայտնի նորաձևության տները: Իր աշխատանքներից մեկը զարդարում է Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցը[2]: Նրա ստեղծագործությունները սերտ կապված են տվյալ դարաշրջանի նյութական մշակույթին, կենցաղին, տեղական Էթնիկական, ազգային, ինչպես և սոցիալական ու դասակարգային առանձնահատկություններին: Եվ յուրաքանչյուր աշխատանք կատարել է մեկ օրինակով, սակայն եղել են աշխատանքներ, որոնք ստեղծել է երկու տասնյակ և համարակալել է դրանք հետագա խնդիրներից խուսափելու նպատակով:
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտորի վրա արված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեկորատիվ-կիրառական արվեստի շարքին են դասվում կահույքը, գորգերը, գործվածքները, լապտերները, սկուտեղները, ոսկերչական առարկաները ինչպես նաև հագուստը: Առարկաների գեղագիտական արժեքավորությունը որոշվում է նրանց ձևերի, գծերի, գույնի և նյութերի մշակման հմտությամբ: Կիրառական արվեստի ստեղծագործությունների կառուցվածքը և ձևը կապված են զարդանախշի հետ, որն ընդգծում է առարկայի ձևը և նշանակությունը[3]: Լևոն Գալչյանը իր կտորի աշխատանքներում օգտագործել է գունավոր և նախշազարդ տարրեր, թռչունների և կենդանիների գծային քանդակներով ու երկրաչափական պատկերներ, ինչպես նաև կարմիր ֆոնի վրա արված սև երկրաչափական զարդեր: Հավատարիմ մնալով արվեստի ժողովրդական սկզբունքներին՝ հայ վարպետները իրենց աշխատանքներում օգտագործել են բազմաթիվ խաչքարերի հրաշալի զարդաքանդակներ, հնագույն տաճարների հարթաքանդակներ[4], Լևոն Գալչյանը ևս չի հեռացել իր ակունքներից, և կտորի վրա արված դիզայներական լուծումերում շատ հաճախ նկատվում են հայկական արվեստին բնորոշ գունային և նախշային առանձնահատկություններ, որոնք նույնպես միաձուլելով ժամանակակից արվեստի հետ, ներկայացրել է բազմաթիվ ցուցահանդեսների:
1980-ական թվականներին Անգլիայում կիրառական արվեստը բուռն զարգացում է ապրել և հասել է իր գագաթնակետին: Վերջին ժամանակներում զգացվում է ամերիկյան ապրելակերպը և դրա հետ մեկտեղ հայտնվում են ավելի ազատ ոճի հագուստներ, առաջանում է կանացի հագուստ առօրյա, երեկոյան և եթերային հագուստներ[5]: Այդ բուռն տարիների ընթացքում ստեղծագործել է Գալչյանը, ում աշխատանքներից մի քանիսը համահունչ է եղել ընթացող ժամանակին: Այդ հագուստների ցուցադրությունը տեղի է ունեցել Լոնդոնում: Գալչյանը 2004 թվականին Փոլ ՄաքՔարթնիի համաշխարհային շրջագայության համար կատարել է հագուստի մոդելավորման աշխատանքներ, որտեղ երևում է բարոկկո ոճի ազդեցությունը, որը համադրված է եվրոպական ոճին և միևնույն ժամանակ հակադրված է արևելյան տարրերին: Չնայած աշխատանքներից շատերը արևելյան ավանդական էլեմենտների վրա էին հենված, սակայն կանգ է առել 50-ական թվականների հագուստի ոճային առանձնահատկությունների վրա:
Բրոնզից պատրաստված իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Գալչյանի հիմնական օգտագործման նյութը բրոնզն էր: Ներքին հարդարանքի համար նախատեսված յուրօրինակ և բարդ կառուցվածքով աշխատանքներին բնորոշ են նրբությունը, շքեղությունն ու ֆիգուրների էլաստիկությունը: Նրա կատարած բրոնզից աշխատանքները արտացոլում են իր ծագումը, այլ ոչ թե իրեն շրջապատող լոնդոնյան աշխարհը: Լևոնը բացատրում է նրանով, որ ավելի հեշտ է անտեսել շրջապատող խառնաշփոթ գաղափարները[6]: Բրոնզյա իրերից են նրա կատարած կահուքի աշխատանքները, հիմնականում սեղաններ և բազկաթոռներ, որոնցից նուրբ օրինակ է մի բազկաթոռ, որը կատարել է մեկ ձուլված բրոնզե ամբողջական կտորով և ամբողջովին պատված է արծաթե գնդիկներով: Աթոռների հիմնական չափերը 69x66x74 սմ է: Հիմնականում նստատեղի համար օգտագործել է նաև այլ նյութեր, օրինակ՝ թավշյա կամ կոկորդիլոսի կաշի: Երբեմն Լևոն Գալչյանը, բամբակե փայտը, ապակին և բյուրեղապակին համադրելով բրոնզի հետ, ստեղծել է աշխատանքներ: Ինչպես նաև օգտագործել է գրանիտը և մարմարը: Սեղանները առավել լայնորեն կիրառվել են Անգլիայում և Իտալիայում: Լևոն Գալչյանը ստեղծել է կահույքի տարբեր նմուշներ, որոնք զարդարել են սենյակի գրեթե բոլոր անկյունները: Նա օգտագործել է ոչ միայն վերը թվարկած նյութերը, այլ նաև բրոնզը համադրել է ապակու և փայտի մի քանի տեսակների հետ:
Ուլունքների և բրոնզի համադրությամբ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդուն իր կենցաղում շրջապատում են բազմաթիվ առարկաներ, որոնք զարդարում են նրա տունը, նիստն ու կացը: Մարդիկ ձգտում են այդ կենցաղային առարկաները տեսնել գեղեցիկ, հարմար և ամուր պատրաստված, որպեսզի դրանց թե գործնական և թե էսթետիկական հատկություններից բավականություն ստանան[7]:
Լուսամփոփի օգտագործումը շատ հնուց չի եկել, այն կիրառվել է 17-րդ դարից սկսած: Սկզբում այն լամպի վրա հագցվող ծածկոցով էր առանձնանում, որն արտացոլում է լույսը՝ միաժամանակ պաշտպանելով աչքերը լույսի անմիջական ներգործությունից: Այն լայն կիրառություն է ունեցել ինտերիերի դիզայնի մեջ և միայն վերջին դարերի ընթացքում կիրառությունից բացի համարվում է գեղարվեստական ձևավորման անբաժան մասը[8]: Աշխարհի տարբեր անկյուններում զարգացման առանձնահատուկ շրջան է ձևավուրվում լուսամփոփների համար, հատկապես Անգլիայում 20-րդ դարի վերջին: Լևոն Գալչյանի կատարած լուսամփոփները համարվում են ոչ միայն Անգլիայի, այլև Իտալիայի ժամանակակից արվեստի առանձնահատուկ գործեր: Նրա դիմակ լույսերի հավաքածուն բաղկացած է նուրբ լուսային էֆեկտներից: Լուսամփոփային աշխատանքներում նա կենտրոնացրել է լույսի և ստվերի փոխազդեցությանը, որը երևում է դիմակ լույսերի հավաքածուի մեջ: Նյութերի ընտրությունը կատարել է տեխնիկայի հետ համադրելով: Օգտագործել է թանկարժեք քարեր և այլ քարեր և խեցիներ, օբսիդիան, մեղեսիկ, փիրուզ, բյուրեղներ, տպազիոն, նեֆրիտ և այլն: Նմանատիպ թանկարժեք քարերից պատրաստված լույսերը առանձնանում են ուլունքների շարվածքով, որի չափերը հասնում են 110 սմ-ի:
Ուլունքների օգտագործումը և համադրումը ապակե և բրոնզե նյութերի հետ առավել է դարձնում Լևոն Գալչյանի աշխատանքները: Ուլունքները հնագույն ժամանակներում պատրաստվում էին վառարաններում, ցածր ջերմաստիճանի տակ ստացվող ապակե զանգվածից[9]: Գեղարվեստի հավակնություն ունեցող մետաղե իրերը, ժամանակակից պատրաստված կահույքներից մինչև լամպերը սիրելի են դառնում Անգլիայում, և ստանալով մեծ գնահատական՝ հայտնվում են համաշխարհային ճանաչում ունեցող նորաձևության սրահներում[10]: Առավել հայտնի է «Քրիստիան Դիոր» նորաձևության սրահի մուտքի լույսերը, որոնք Գալչյանը կատարել է հատուկ ուշադրությամբ և մեծ ուժ է ներդրել յուրաքանչյուր ուլունքի հատիկի ճիշտ և համաչափ տեղադրման համար: Ուլունքներից պատրաստված աշխատանքներից մեկը այժմ գտնվում է Մոսկվայի Մետրոպոլիտեն հյուրանոցում: Այն պատրաստված է բյուրեղապակուց և մինչ օրս զարդարում է հյուրանոցի սրահը: Լևոնի աշխատանքներից որոշ լամպեր ամենավաղ նմուշների տպավորություն են ստեղծում, նրա համար ամենավաղ օրինակները ծառայել են որպես նախատիպեր: Հավաքածուի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բյուզանդիական ոճը[11]:
Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ արվեստագետը կյանքից հեռացել է 39 տարեկան հասակում` 2004 թվականի օգոստոսի 27-ին: Գալչյանը այցելել է Հայաստան 1999 և 2001 թվականներին:
Ծնողները Հայաստանում ստեղծել են արվեստի դպրոց և բացել են հիմնադրամ: Այդ հիմնադրամի շնորհիվ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի գյուղ Մյասնիկյանում բացվել է Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոց, որտեղ հաճախում են հարակից գյուղերից երեխաներ և ամեն տարի տեղի են ունենում ցուցահանդեսներ և բարեգործական միջոցառումներ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Homes and living magazine։ London։ 2006։ էջեր 82–91
- ↑ Converted spaces magazine։ Evergreen-Taschen։ 2006։ էջեր 199–210
- ↑ Ներսիսյան Լեմս (2003)։ Արտասահմանյան արվեստի պատմություն։ Երևան։ էջեր 10–15
- ↑ Շարաբյան Հովհաննես (1976)։ «Հայաստանն այս օր» լրատուի հավելված։ էջեր 3–6
- ↑ Иллюцтрированная энциклопедия мода։ Артия։ 1986։ էջեր 315–321
- ↑ The wold of interiors magazine։ London։ 2000։ էջեր 45–48
- ↑ Joe Friedman (1990)։ Interior design։ London։ էջեր 56–58
- ↑ Les miroirs de Bronze anciens։ Paris։ 1989։ էջեր 7–14
- ↑ Առաքելյան Բաբկեն (1969)։ Հին Հայաստանի ապակին։ Երևան։ էջեր 7–14
- ↑ The wall street journal Europe weekend magazine։ London։ 2001։ էջեր 6–9
- ↑ Suite magazine։ Italia։ 2000։ էջեր 11–18