Լրացուցիչ ընտրություններ
Լրացուցիչ ընտրություններում Վիկտոր Հյուգոն (աջ կողմում) պարտվել է Ժոզեֆ Վոտրենին[Ն 1]
(ծաղրանկարիչ՝ Ալֆրեդ Լե Պետիտ
«Le Grelot» թերթ, 1872 թվականի հունվարի 21)
| Ենթադաս | • general election • legislative election | |
|---|---|---|
| Հակառակը | general election | |
Լրացուցիչ ընտրություններ (անգլ.՝ by-election կամ special election, իռլանդերեն՝ bye-election[2]), Միացյալ Նահանգներում և Ֆիլիպիններում հայտնի են նաև որպես հատուկ կամ արտահերթ ընտրություններ (անգլ.՝ special election), Հնդկաստանում՝ կից ընտրություն (անգլ.՝ bypoll), արտահերթ իրականացվող մասնակի ընտրություններ, որոնք անցկացվում են հերթական համապետական (ընդհանուր) ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում՝ խորհրդարանում կամ տեղական ինքնակառավարման մարմնում թափուր մնացած տեղը լրացնելու համար:
Թափուր տեղ կարող է առաջանալ գործող անդամի մահվան կամ հրաժարականի հետևանքով, կամ երբ գործող անդամը դառնում է պաշտոնավարելու իրավունք չունեցող (հետկանչի, արգելված կրկնակի մանդատի, քրեական դատվածության կամ նվազագույն ներկայության չպահպանման պատճառով), կամ երբ ընտրությունները անվավեր են ճանաչվում քվեարկության խախտումների պատճառով: Որոշ դեպքերում թափուր տեղը կարող է լրացվել լրացուցիչ ընտրություններից բացի այլ եղանակով (օրինակ՝ հեռացող անդամի կուսակցության կողմից նրան փոխարինողի առաջադրում) կամ պաշտոնը կարող է թափուր մնալ: Այս ընտրությունները կարող են անցկացվել երկրի ցանկացած վայրում:
Որոշակի ընտրատարածքում ընդհանուր ընտրություններ անցկացնելու անհնարինության դեպքում (օրինակ՝ եթե թեկնածուն մահանում է ընտրության օրվանից կարճ ժամանակ առաջ) ստեղծված թափուր տեղը լրացնելու համար անցկացվող ընտրությունները որոշ իրավասություններում կարող են անվանվել լրացուցիչ ընտրություններ կամ ունենալ առանձին անվանում, ինչպես օրինակ ՝ հավելյալ ընտրություններ Ավստրալիայում (անգլ.՝ supplementary election):
Լրացուցիչ ընտրությունները, լինելով պատգամավորական թափուր տեղերը լրացնելու մեխանիզմ, մեծամասնական համակարգերում (Կանադա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Հոնկոնգ) հաճախ վերածվում են համազգային ազդեցություն ունեցող քաղաքական ճակատամարտերի։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ ընտրությունները կարող են ավարտել կարիերաներ, փոխել կուսակցական ռազմավարություններ կամ կոտրել մեծամասնություններ։
Ամբողջական համամասնական համակարգտ բացառում է դրանց անհրաժեշտությունը՝ թափուր տեղերը լրացնելով ցուցակի հաջորդ թեկնածուներով։ Մասնավորապես, Հայաստանի, Իսրայելի, Նիդերլանդների ներկա ընտրական համակարգն ամբողջական համամասնական է։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի Համայնքների պալատում թափուր տեղը լրացնելու ընթացակարգը մշակել է Թոմաս Քրոմվելը 1529-1536 թվականների Ռեֆորմացիոն ժամանակաշրջանի խորհրդարանի ժամանակ, որն արմատապես փոխել է Անգլիայի խորհրդարանական համակարգը՝ հիմք դնելով ժամանակակից լրացուցիչ ընտրությունների նախատիպին։ Նախկինում, երբ պատգամավորը մահանում էր, նրա տեղը պարզապես թափուր էր մնում մինչև տվյալ խորհրդարանի լիազորությունների ավարտը։ Քրոմվելը մշակել է «թափուր տեղը նոր ընտրությամբ լրացնելու» գաղափարը, որը պետք է կատարեր թագավորը․ սա արվում էր մեկ հստակ նպատակով՝ ապահովել, որ խորհրդարանական այդ աթոռը բաժին հասնի (rewarded) Հենրի VIII թագավորի դաշնակցին (an ally of the crown)։ Սա հեշտացնում էր այդ տեղի համար թագի դաշնակցի պարգևատրումը[Ն 2][3]։ 1529-1536 թվականների Ռեֆորմացիայի խորհրդարանի պատգամավորների շուրջ (40%)-ը կապված էր թագավորական ծառայության հետ ինչը նրան թույլ էր տալիս հեշտությամբ անցկացնել իր որոշումները[4]։
Չարլզ II- ի տասնութամյա «Կավալիեր» խորհրդարանի (Cavalier Parliament) ընթացքում, որը տևել է 1661 թվականից մինչև 1679 թվականը[Ն 3][5], լրացուցիչ ընտրությունները եղել են Համայնքների պալատ նոր պատգամավորների մուտք գործելու և թափուր տեղերը լրացնելու հիմնական ու միակ օրինական միջոցը[6]։ Այդ ընտրություններով պալատ մուտք գործած նոր անդամները ձևավորել են ընդդիմադիր «Երկրի կուսակցությունը» (Country Party), արդյունքում աստիճանաբար թուլացրել է Չարլզ II-ի կայուն մեծամասնություն կազմող թագավորական արքունիքը (Court Party)[7][5]։
Ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրացուցիչ կամ արտահերթ են կոչվում այն ընտրությունները, երբ դրանք տեղի են ունենում միայն մեկ կամ մի քանի կոնկրետ ընտրատարածքներում՝ թափուր մնացած տեղը լրացնելու համար (օրինակ՝ պատգամավորի մահվան, հրաժարականի կամ այլ պաշտոնի անցնելու պատճառով)։ Ի տարբերություն արտահերթ ընտրությունների՝ միջանկյալ ընտրությունները (Midterm elections) համապետական են, որոնք տեղի են ունենում գործադիր իշխանության (նախագահի) լիազորությունների ժամկետի հենց մեջտեղում (միջնամասում)։ Սա մեկ թափուր տեղի համար չէ, այլ ընտրվում է ամբողջ խորհրդարանը կամ դրա մի մասը։ Օրինակ, ԱՄՆ-ում (US Midterms) չորս տարվա նախագահության 2-րդ տարում ընտրվում է Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը և Սենատի մեկ երրորդը։
Միամանդատ ընտրատարածքներում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լրացուցիչ ընտրություններն անցկացվում են այն երկրների մեծ մասում, որտեղ խորհրդարանն ընտրվում է մեծամասնական (միամանդատ) ընտրակարգով՝ անկախ երկրորդ փուլի առկայությունից։ Այս մոդելը կիրառում են Ազգերի համագործակցության անդամ երկրների մեծ մասը, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան, ինչպես նաև Համագործակցությանը չանդամակցող այլ երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան և Իտալիան (մինչև 2006 թվականը)[9]։
Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, օրինակ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, լրացուցիչ ընտրություններ նշանակվում են միայն որոշ թափուր տեղեր լրացնելու համար, իսկ մնացած դեպքերում մանդատն ավտոմատ անցնում է հիմնական թափուր թողած թեկնածուի փոխարինողին՝ սուպլենտին (ֆրանսերեն՝ suppléant)։ Եթե պատգամավորական տեղը թափուր է մնում հերթական համընդհանուր ընտրություններից կարճ ժամանակ առաջ, լրացուցիչ ընտրություններ, որպես կանոն, չեն անցկացվում, և տեղը թափուր է մնում մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։

Միացյալ Նահանգներում այս գործընթացն անվանվում է «արտահերթ ընտրություններ» (special elections), քանի որ դրանք պարտադիր չէ, որ համընկնեն հերթական ընտրությունների միասնական օրվա հետ։ Արտահերթ ընտրություններ նշանակվում են, երբ թափուր տեղ է առաջանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, նահանգային կամ տեղական օրենսդիր մարմիններում։ Դաշնային մակարդակում ԱՄՆ Սահմանադրությունը պահանջում է, որ Ներկայացուցիչների պալատի բոլոր թափուր մանդատները լրացվեն բացառապես արտահերթ ընտրությունների միջոցով[10]։ Ի հակադրություն դրան՝ Սենատում թափուր տեղերի լրացման կարգը սահմանում է յուրաքանչյուր նահանգի ներքին օրենսդրությունը[11]։ Շատ դեպքերում, նախքան բուն արտահերթ ընտրությունները, անցկացվում են նաև փրայմերիզներ (նախնական ընտրություններ)՝ առաջատար կուսակցությունների միասնական թեկնածուներին որոշելու համար։
Բազմամարդ ընտրատարածքներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամանդատ ընտրատարածքներում պատգամավորական տեղի թափուր մնալու հետևանքները տարբեր են։ Օրինակ՝ լրացուցիչ ընտրություններ կարող են անցկացվել միայն այդ մեկ թափուր տեղը լրացնելու համար, կամ կարող է վիճարկվել տվյալ ընտրատարածքի մանդատների ողջ փաթեթը. հնարավոր է նաև տեղի զբաղեցում այլընտրանքային եղանակներով։
Որպես կանոն, կուսակցական ցուցակներով համամասնական ընտրակարգ կիրառող համակարգերում լրացուցիչ ընտրություններ չեն նշանակվում։ Դրա փոխարեն մանդատն ավտոմատ կերպով փոխանցվում է տվյալ կուսակցության ընտրական ցուցակում հաջորդող՝ ամենաշատ ձայներ ստացած կամ հերթում գտնվող չընտրված թեկնածուին։ Այս առումով բացառություն է Թուրքիայի ընտրական համակարգը, որտեղ լրացուցիչ ընտրություններ անցկացվում են, երբ խորհրդարանում թափուր տեղերի քանակը հասնում է օրենքով սահմանված կրիտիկական շեմին 5%-ին (ինչպես 1986 թվականին)[12], կամ երբ առաջանում է կրկնակի քվեարկության անհրաժեշտություն (ինչպես 2003 թվականին)[13][Ն 4][14]։
Բազմամանդատ ընտրատարածքներով համակարգերում, որտեղ չեն կիրառվում կուսակցական ցուցակներ՝ օրինակ՝ մեկ փոխանցելի ձայնի (STV), մեկ չփոխանցելի ձայնի (SNTV) կամ մեծամասնական բազմամանդատ (Plurality at-large) ընտրակարգերում, թափուր տեղերը կարող են լրացվել լրացուցիչ ընտրությունների միջոցով։ Այս մոդելը գործում է, օրինակ, Իռլանդիայի Հանրապետության խորհրդարանում (իռլանդերեն՝ Dáil Éireann, STV), Վանուատուի խորհրդարանում (SNTV) և Ֆիլիպինների Սենատում (Plurality at-large)։
Այս ընտրական համակարգերում լրացուցիչ ընտրություններ անցկացնելուն փոխարինող հիմնական այլընտրանքներն են.
- Նախորդ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ (Countback): Թափուր մանդատը լրացնելու համար նոր քվեարկություն չի անցկացվում։ Փոխարենը՝ վերահաշվարկվում են նախորդ համընդհանուր ընտրությունների քվեաթերթիկները՝ պարզելու համար, թե չընտրված թեկնածուներից ով էր հաջորդը ստացել ամենաշատ ձայները (կիրառվում է Ավստրալիայի մի քանի նահանգներում, ինչպիսիք են Թասմանիան[15] և Մայրաքաղաքային տարածքը[16])։
- Փոխարինողի նշանակում (նույն քաղաքական պատկանելության ապահովում)։ Թափուր տեղը զբաղեցնում է այն նույն կուսակցության ներկայացուցիչը, որին պատկանում էր հեռացած կամ մահացած պատգամավորը։ Այս մոդելը կիրառվում է Ավստրալիայի Սենատում (որտեղ նոր սենատորին պաշտոնապես հաստատում է տվյալ նահանգի խորհրդարանը՝ պարտադիր պահպանելով կուսակցական պատկանելությունը)[17], ինչպես նաև Իռլանդիայի Հանրապետությունից ընտրված Եվրախորհրդարանի պատգամավորների դեպքում (որտեղ մանդատն անցնում է ընտրություններից առաջ կուսակցության ներկայացրած փոխարինողների հատուկ ցուցակի հաջորդ թեկնածուին)[18]։
- Ժամանակավոր նշանակում գործադիր կամ տեղական իշխանության կողմից: Նահանգապետը, կառավարությունը կամ տեղական խորհուրդը ժամանակավոր պատգամավոր են նշանակում մինչև հաջորդ հերթական ընտրությունները։
- Տեղը թափուր թողնելը: Մանդատը մնում է թափուր մինչև խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը և հաջորդ համընդհանուր ընտրությունները, հատկապես եթե մինչև դրանց մեկնարկը քիչ ժամանակ է մնացել (օրինակ, Նոր Զելանդիայում վեց ամսվա ընթացքում)։
Ավստրալիայի Սենատի դեպքում (որտեղ յուրաքանչյուր նահանգ ձևավորում է բազմամանդատ ընտրատարածք, իսկ ընտրություններն անցկացվում են մեկ փոխանցելի ձայնի համակարգով), թափուր տեղ առաջանալիս նոր սենատորին նշանակում է տվյալ նահանգի խորհրդարանը։ 1977 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքում Սահմանադրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պարտադիր պահանջ է սահմանվել. նահանգի խորհրդարանը պարտադիր պետք է ընտրի նույն կուսակցության անդամի, որին պատկանում էր նախորդ սենատորը։ Մեկ փոխանցելի ձայնի (STV) համակարգով ընտրվող վերին պալատներ ունեցող նահանգները (Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա և Հարավային Ավստրալիա) կիրառում են նույն մեթոդը։ Բացառություն է Արևմտյան Ավստրալիան, որտեղ թափուր տեղը լրացնելու համար անցկացվում է նախորդ ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկ՝ միաժամանակ պահպանելով գործող պատգամավորների մանդատները[17]։
Խառը ընտրակարգերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խառը ընտրակարգերում (այդ թվում՝ լրացուցիչ մանդատների կամ զուգահեռ քվեարկության համակարգերում), որտեղ պատգամավորների մի մասն ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ մյուս մասը՝ միամանդատ ընտրատարածքներից, մեծամասնական տեղի թափուր մնալու դեպքում սովորաբար նշանակվում են լրացուցիչ ընտրություններ։ Օրինակ՝ Սինձո Աբեի սպանությունից հետո լրացուցիչ ընտրություններ անցկացվեցին Յամագուչիի 4-րդ ընտրատարածքում, որը նա ներկայացնում էր Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատում (որտեղ կիրառվում է զուգահեռ ընտրակարգ)[19]։ Իսկ եթե թափուր է դառնում համամասնական ցուցակով ստացված մանդատը, այն լրացվում է համամասնական ընտրակարգին բնորոշ սովորական եղանակով։ Օրինակ՝ 2011 թվականի մարտին Նոր Զելանդիայի խորհրդարանի պատգամավոր Դարեն Հյուզի հրաժարականից հետո նրա տեղը զբաղեցրել է Լուիզա Ուոլը՝ այն բանից հետո, երբ Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության ընտրական ցուցակում իրենից վերև գտնվող բոլոր հինգ թեկնածուները հրաժարվել են մանդատից[20]։
Գերմանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կանոնից նույնպես կան բացառություններ. Գերմանիայի Բունդեսթագում, որտեղ կիրառվում է խառը ընտրակարգ (համամասնական և մեծամասնական համակարգերի զուգակցմամբ), սկզբնական շրջանում մեծամասնական ընտրատարածքներում պատգամավորական տեղի թափուր մնալու դեպքում նշանակվել են լրացուցիչ ընտրություններ։ Այս կարգը փոխվել է 1953 թվականի հունվարին, որից հետո մեծամասնական ընտրատարածքում առաջացած թափուր տեղերը սկսել են լրացվել տվյալ ընտրատարածքում հաղթած կուսակցության նահանգային ցուցակի հաջորդ թեկնածուի հաշվին՝ ճիշտ այնպես, ինչպես լրացվում էին համամասնական ցուցակի թափուր տեղերը։ Ուշագրավ է, որ այս փոփոխությունը համընկել է մեկ քվեով գործող խառը համակարգից (որտեղ ընտրատարածքային և ցուցակային տեղերի համար տրվում էր ընդամենը մեկ ձայն) երկու քվեով ավանդական խառը համակարգին անցնելու հետ, ինչը մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներին տալիս էր կուսակցական ցուցակներից անկախ, առանձին ընտրական մանդատ։
Դրանից հետո լրացուցիչ ընտրություններ (գերմ.՝ Ersatzwahl - փոխարինող ընտրություն) կարող էին անցկացվել միայն այն բացառիկ դեպքում, երբ մեծամասնական ընտրատարածքում թափուր տեղ էր առաջանում, սակայն այն զբաղեցնելու համար առկա չէր կուսակցական ցուցակ. սա սովորաբար հնարավոր էր, եթե հեռացած պատգամավորն ընտրվել էր որպես անկախ թեկնածու։ Քանի որ Բունդեսթագի առաջին գումարումից ի վեր ոչ մի անկախ թեկնածու չի ընտրվել, նման փոխարինող ընտրություններ Գերմանիայում երբեք տեղի չեն ունեցել[21]։
2023 թվականի ընտրական բարեփոխումներով (որոնք արմատապես փոխել են մեծամասնական թեկնածուների ընտրության կանոնները՝ սահմանելով, որ կուսակցության ամենացածր արդյունք ունեցող ընտրատարածքային թեկնածուները մանդատ չեն ստանում, եթե դա կհանգեցնի կուսակցության համամասնական ձայներից ավելի տեղեր զբաղեցնելուն) այս կարգը կրկին փոփոխվել է։ Նոր կանոններով՝ կուսակցական բոլոր թեկնածուները պարտադիր պետք է ընդգրկված լինեն նաև նահանգային ցուցակում, որպեսզի թափուր տեղերն ավտոմատ լրացվեն ցուցակից, իսկ անկախ պատգամավորների հեռանալու դեպքում մանդատը պարզապես թափուր է մնում մինչև հաջորդ հերթական ընտրությունները[22]։
Գործադիր պաշտոններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահերթ ընտրություններ հնարավոր են նաև ուղղակիորեն ընտրվող գործադիր պաշտոնների՝ նախագահների, նահանգապետերի և քաղաքապետերի թափուր տեղերը լրացնելու համար։ Այնուամենայնիվ, նախագահական համակարգերի մեծ մասում գործում է փոխնախագահի ինստիտուտը, ինչը բացառում է նման ընթացակարգերի անհրաժեշտությունը։
Այսպես, ԱՄՆ-ում արտահերթ ընտրություններ անցկացվում են միայն նահանգապետերի և քաղաքապետերի մակարդակով։ Իսկ Ֆիլիպիններում նախագահի և փոխնախագահի արտահերթ ընտրություններ նշանակվում են միայն այն դեպքում, երբ երկու պաշտոններն էլ միաժամանակ թափուր են մնում, և հերթական նախագահական ընտրություններին մնացել է ավելի քան 18 ամիս։ Հարավային Կորեայում նախագահի պաշտոնանկությունից հետո նույնպես անցկացվում են արտահերթ ընտրություններ (ինչպես տեղի ունեցավ 2025 թվականին՝ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտից հետո), սակայն նորընտիր ղեկավարը պաշտոնավարում է ամբողջական հնգամյա ժամկետով, այլ ոչ թե նախորդի մնացած ամիսների ընթացքում[23]։
Տեղական ինքնակառավարման մակարդակում լրացուցիչ ընտրությունները նույնպես տարածված են. Թայվանում այդպես են ընտրվում քաղաքապետերն ու վարչական շրջանների ղեկավարները (մագիստրոսները), իսկ Լիխտենշտայնի մայրաքաղաք Վադուցի քաղաքապետը որոշվել է 2024 թվականի լրացուցիչ ընտրությունների արդյունքում[24]։
Նշանակություն և հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրացուցիչ ընտրությունները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ, երբ իշխող կուսակցությունն ունի չնչին մեծամասնություն։ Խորհրդարանական համակարգերում կուսակցական կարգապահությունը սովորաբար այնքան ուժեղ է, որ կառավարող կուսակցությունը կամ կոալիցիան կարող է պարտվել անվստահության քվեարկության ժամանակ միայն այն դեպքում, երբ կորցնի բավարար թվով մանդատներ (լինի դա պատգամավորների հեռացման, թե լրացուցիչ ընտրություններում կրած պարտությունների հետևանքով) և վերածվի փոքրամասնության կառավարության։ Սրա վառ օրինակներից են՝
- Ջեյմս Քալահանի լեյբորիստական կառավարությունը (1976-1979)[25] և Ջոն Մեյջորի պահպանողական կառավարությունը (1992-1997)[26], որոնք Միացյալ Թագավորության պատմության ամենադրամատիկ ժամանակաշրջաններից են, քանի որ երկուսն էլ ստիպված էին գործել խորհրդարանական խիստ անկայունության, ներկուսակցական պառակտումների և տնտեսական ճգնաժամերի պայմաններում։ Երկու վարչապետներն էլ իշխանությունը ստանձնել են առանց համապետական ընտրությունների՝ փոխարինելով իրենց կուսակցության նախորդ հզոր առաջնորդներին (Հարոլդ Վիլսոնին և Մարգարետ Թետչերին) և երկուսն էլ ի վերջո կորցնելով մեծամասնությունը և կախվածության մեջ ընկել փոքր կուսակցություններից (Lib-Lab դաշինք) ու պարտվել են հաջորդ ընտրություններում՝ հակառակորդ կողմին զիջելով երկարատև կառավարման ղեկը[27]։
- ԱՄՆ Սենատում 2010 թվականին հանրապետական Սքոթ Բրաունի հաղթանակն արտահերթ ընտրություններում, որը վերջ դրեց դեմոկրատների ունեցած սուպերմեծամասնությանը, ինչը նրանց թույլ էր տալիս շրջանցել փոքրամասնության ֆիլիբաստերային մարտավարությունը (օրինագծերի քվեարկությունը ձգձգելու և տապալելու միջոցով օրենսդիր գործընթացը խոչընդոտելու քաղաքականությունը)[28]։
Լրացուցիչ ընտրությունները կարող են կարևոր լինել նաև այն դեպքում, երբ ընդդիմադիր կամ փոքր կուսակցությանն անհրաժեշտ է ընդամենը մեկ կամ մի քանի մանդատ՝ խորհրդարանում պաշտոնական կարգավիճակ ստանալու կամ ուժերի հավասարակշռությունը փոխելու համար։ Օրինակ՝ 2004 թվականին Կանադայի Օնտարիո նահանգի լրացուցիչ ընտրություններում Անդրեա Հորվաթի հաղթանակը թույլ է տվել, որ Օնտարիոյի Նոր դեմոկրատական կուսակցությունը վերականգնի պաշտոնական ֆրակցիայի իր կարգավիճակը, ինչն էական նշանակություն է ունեցել խորհրդարանական արտոնությունների և պետական ֆինանսավորման տեսանկյունից[29]։
Ավստրալիայում 1996 թվականին Քվինսլենդի նահանգային Մունդինգբուրրա ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրությունները կանխորոշել են 1995 թվականի նահանգային ընտրությունների վերջնական ելքը։ 1995 թվականի հուլիսին տեղի ունեցած այդ ընտրություններում Ուեյն Գոսը և նրա Լեյբորիստական կուսակցությունը հաղթել էին 89 տեղանոց խորհրդարանում՝ ստանալով 45 տեղանոց չնչին մեծամասնություն։ Մունդինգբուրրայի մանդատը Լեյբորիստական կուսակցությանը շնորհվել էր ընդամենը 16 ձայնի առավելության հիման վրա։ Սակայն 1995 թվականի դեկտեմբերին Վիճարկվող վերադարձների դատարանը չեղյալ էր հայտարարել Մունդինգբուրրայի արդյունքները, քանի որ պարզվել էր, որ արտասահմանում ծառայող 22 զինծառայողներ զրկվել էին քվեարկելու հնարավորությունից։ Հետևաբար, 1996 թվականի փետրվարին Մունդինգբուրրայում անցկացվել են լրացուցիչ ընտրություններ, որոնց արդյունքում այդ ընտրատարածքում հաղթել է ընդդիմադիր Լիբերալ կուսակցությունը՝ Գոսի կառավարությունը զրկելով մեծամասնությունից։ Այնուհետև ընդդիմությունը, անկախ պատգամավոր Լիզ Քանինգհեմի աջակցությամբ, անվստահության քվե է հայտնել կառավարությանը։ Անվստահության քվեարկությունից հետո կոալիցիայի ավագ գործընկերոջ՝ «Ազգայինների» առաջնորդ Ռոբ Բորբիջը ստանձնել է վարչապետի (պրեմիերի) պաշտոնը և ղեկավարել մինչև 1998 թվականի նահանգային ընտրություններում իր կառավարության պարտությունը[30][31][32]։
Կանխատեսողական գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մասնագետները հաճախ արտահերթ և լրացուցիչ ընտրությունների արդյունքները դիտարկում են որպես հաջորդ համապետական ընտրությունների արդյունքների կանխատեսում կամ վաղ ցուցիչ, սակայն քաղաքագետները սովորաբար զգուշացնում են դրանք գերմեկնաբանելուց։ Թեև առանձին ընտրատարածքներում արձանագրված փաստերը ցույց են տալիս, որ տվյալ ընտրատարածքում արձանագրված հաղթանակի տարբերությունը (տվյալ շրջանի սովորական միջինի համեմատ) կարող է էական թվալ, այնուամենայնիվ, այլ համակողմանի ցուցանիշներ ավելի մեծ ընտրանքի դեպքում սովորաբար շատ ավելի հավաստի տվյալներ են ապահովում[33]։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտահերթ ընտրությունների 2016 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «թեև թեկնածուների անհատական բնութագրերն ազդում են արտահերթ ընտրությունների արդյունքների վրա, նախագահի վարկանիշի մակարդակը նույնպես հանդիսանում է կարևոր կանխատեսող գործոն[34]: Ավելին, 1995-2014 թվականներին նախագահի վարկանիշի (նախագահի գործունեությանը հավանություն տալու մակարդակ) ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա է՛լ ավելի է մեծացել, ընդ որում՝ 2002 թվականի լրացուցիչ ընտրությունները շրջադարձային էին արտահերթ ընտրությունների «ազգայնացման»[Ն 5] գործում[35]։
Այնուամենայնիվ, նույնիսկ եթե արտահերթ ընտրություններն արտացոլում են համապետական միտումները (նախագահի վարկանիշը), դրանց կոնկրետ արդյունքները (տեղերի փոփոխությունը) միևնույն է հաճախ ժամանակավոր են ցածր մասնակցության պատճառով։ Այն ընտրատարածքները, որոնք արտահերթ ընտրությունների ժամանակ անսպասելիորեն անցնում են մրցակից կուսակցությանը, հաջորդ հիմնական ընտրություններում հաճախ վերադառնում են նախկին կուսակցության վերահսկողությանը։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ արտահերթ ընտրություններում մասնակցության մակարդակը, որպես կանոն, ավելի ցածր է լինում և հակվում է դեպի ընդդիմադիր կուսակցության բարձր մոտիվացված կողմնակիցները:
Անուղղակի ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լրացուցիչ ընտրությունների անսպասելի արդյունքները կարող են ունենալ նաև հոգեբանական մեծ ազդեցություն՝ որոշակի կուսակցության համար ստեղծելով հաղթական իմպուլս, իսկ գործող կառավարության համար՝ անխուսափելի պարտության մթնոլորտ: Օրինակներ՝
- Դեբորա Գրեյ (Կանադա, 1989 թվաական)։ Բիվեր Ռիվեր ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում նրա հաղթանակը դարձել է այն ապացույցը, որ նորաստեղծ Ռեֆորմիստական կուսակցությունը վերածվում է լուրջ քաղաքական մրցակցի և իրական սպառնալիք է ներկայացնում Կանադայի իշխող Առաջադեմ պահպանողականների համար:
- Ուոլտեր Փիթման (Փիթերբորո, 1960 թվական): «Նոր կուսակցության» այս թեկնածուի անսպասելի հաղթանակը հզոր խթան է հանդիսացել Կոոպերատիվ համագործակցության ֆեդերացիան (CCF) վերակազմավորելու և արհմիութենական շարժման հետ միավորելու համար: Փիթմանի առաջադրումը մի շրջանում, որտեղ CCF-ն ավանդաբար թույլ էր, համարվում էր այդ գաղափարի յուրօրինակ փորձություն: Նրա հաղթանակը վերջնականապես համոզել է կողմերին հիմնադրել ներկայիս Նոր դեմոկրատական կուսակցությունը (NDP):
- Ժիլ Դյուսեպ (Լորիե-Սենտ-Մարի, 1990 թվական): Նորաստեղծ «Քվեբեկյան բլոկի» (Bloc Québécois) թեկնածուի անակնկալ հաղթանակը՝ ձայների 66%-ով, դաշնային խորհրդարանում ստեղծված նոր ուժի առաջին ընտրական փորձությունն էր: Այս ուժը ձևավորվել էր ընդամենը երկու ամիս առաջ, երբ Միչ Լեյքի համաձայնագրի ձախողման պատճառով մի խումբ պատգամավորներ լքել էին պահպանողական ու լիբերալ խմբակցությունները: Այս հաղթանակը դարձել է առաջին ազդանշանը, որ կուսակցությունը կարող է առաջատար ուժ դառնալ Քվեբեկ նահանգում։ Հենց այս հաջողության ալիքի վրա «Քվեբեկյան բլոկը» 1991 թվականին պաշտոնապես գրանցվել է որպես կուսակցություն, իսկ 1993 թվականի դաշնային ընտրություններում ստացել է 54 մանդատ՝ դառնալով երկրի պաշտոնական ընդդիմությունը:
Լրացուցիչ ընտրությունները կարող են անցկացվել առանձին-առանձին կամ փոքր խմբերով, հատկապես, եթե դրանք նշանակելու համար պատասխանատու մարմինն ունի ժամկետների ընտրության իրավասություն և կարող է հետաձգել գործընթացը: Ծախսերը խնայելու նպատակով դրանք երբեմն խմբավորվում են, քանի որ տարբեր ժամանակներում առանձին ընտրություններ կազմակերպելը շատ ավելի թանկ է, քան մի քանի թափուր տեղերը միաժամանակ լրացնելը: Օրինակ՝
- 1978 թվականին Կանադայում մեկ օրվա մեջ միաժամանակ անցկացվել են 15 լրացուցիչ ընտրություններ, ինչի արդյունքում Համայնքների պալատի կազմը համալրվել է մինչև սահմանված 264 անդամը: Լրատվամիջոցներն այդ իրադարձությունն անվանել են «մինի ընտրություններ». դա լիբերալ կառավարության վարկանիշի յուրօրինակ փորձություն էր՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակում սպասվող համապետական ընտրություններից առաջ:
- 2010 թվականի հունվարին Հոնկոնգում ժողովրդավարամետ ճամբարի՝ Օրենսդիր խորհրդի հինգ անդամներ հրաժարական են տվել[Ն 6]՝ նպատակ ունենալով մասնակցել միաժամանակյա լրացուցիչ ընտրություններին: Քանի որ դրանց մասնակցելու էր ողջ ընտրազանգվածը, նրանք փորձեն արել ստեղծել փաստացի հանրաքվեի էֆեկտ՝ Հոնկոնգի քաղաքական համակարգի ժողովրդավարացման վերաբերյալ: Այդ քաղաքական քայլի ազդեցությունը, սակայն, մեղմացել է, երբ Պեկինի կողմնակից ճամբարը հրաժարվել է նրանց դեմ թեկնածուներ առաջադրելուց:
Շեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայում 1918 թվականի «Սուոն» (Swan) ընտրատարածքի լրացուցիչ ընտրությունները նշանակվել են պատգամավոր Ջոն Ֆորեսթի մահից հետո: Ավանդաբար, այս մանդատը համարվում էր «անվտանգ» Ազգայնական կուսակցության համար՝ Լեյբորիստների դեմ պայքարում, սակայն նորաստեղծ «Գյուղական կուսակցության» (Aagrarian/Country Party) ի հայտ գալը հանգեցրել է եռակողմ մրցակցության: Քանի որ այդ ժամանակ Ավստրալիայում գործում էր հարաբերական մեծամասնության (մեկ փուլով) ընտրակարգը[Ն 7], պահպանողական ընտրողների ձայները բաժանվել են Գյուղական և Ազգայնական կուսակցությունների թեկնածուների միջև։ Դրա արդյունքում Լեյբորիստական կուսակցության թեկնածու Էդվին Քորբոյին հաջողվել է զբաղեցնել առաջին տեղը և հաղթել:
«Սուոնի» լրացուցիչ ընտրությունները պատմական նշանակություն են ունեցել. հենց այս դեպքը դարձել է Ավստրալիայում նախապատվելի քվեարկության համակարգի (preferential voting) ներդրման հիմնական պատճառը[37], որպեսզի ապագայում բաժանված ընդդիմության հաշվին Լեյբորիստական կուսակցությունը չկարողանա հեշտ հաղթանակներ տանել[38]:
Ավստրալիայում 2018 թվականի «Վենթվորթ» (Wentworth) ընտրատարածքի լրացուցիչ ընտրությունները նշանակվել են նախկին վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի հրաժարականից հետո, որը ներկայացնում էր այս շրջանը 2004 թվականից ի վեր։ Վենթվորթը համարվում էր բացառիկ «անվտանգ» մանդատ Լիբերալ կուսակցության համար. 1901 թվականին դրա հիմնադրումից ի վեր այստեղ միշտ հաղթում էին միայն Լիբերալ կուսակցությունն ու դրա քաղաքական նախորդները: Այս լրացուցիչ ընտրություններում լիբերալների թեկնածուն Իսրայելում Ավստրալիայի նախկին դեսպան Դեյվ Շարման էր, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ անկախ թեկնածու Քերին Ֆելփսը։ Լիբերալ կուսակցությանը պարտության մատնելու համար անհրաժեշտ էր, որ ընտրողների նախապատվությունների վերաբաշխումից հետո (երկկուսակցական մոդելով) տեղի ունենար ձայների ահռելի՝ 17,7%-անոց շրջադարձ (swing)։ Ի վերջո, արձանագրվել է 19,0%-անոց աննախադեպ տեղաշարժ հօգուտ Ֆելփսի, ինչն Ավստրալիայի պատմության մեջ լրացուցիչ ընտրությունների ժամանակ իշխող ուժի կրած ամենամեծ պարտությունն է դարձել։ Այս ձախողման հետևանքով Լիբերալ կուսակցությունը զրկվել է դաշնային խորհրդարանում ունեցած իր մեծամասնությունից, ինչը ստիպել է իշխող կոալիցիային ձևավորել փոքրամասնության կառավարություն։
Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականին պահպանողականների ներկայացուցիչ Արթուր Մեյգենը (որն արդեն 1920-ականներին զբաղեցրել էր վարչապետի պաշտոնը) փորձել է վերստին մտնել Կանադայի Համայնքների պալատ՝ Յորք Սաութում անցկացված լրացուցիչ ընտրությունների միջոցով։ Կոոպերատիվ Համագործակցության Ֆեդերացիայի (CCF) ներկայացուցիչ Ջոզեֆ Վ. Նոզվորտիից կրած նրա անակնկալ պարտությունն ավարտեց Մեյգենի քաղաքական կարիերան: Այս իրադարձությունը նաև խթան հանդիսացավ, որ Պահպանողական կուսակցությունը, հաշվի առնելով ձախակողմյան շարժման աճը, Մեյգենի հաջորդի գլխավորությամբ վերանվանվի «Առաջադեմ պահպանողական կուսակցություն»։ Նոզվորտիի հաղթանակը նշանակալի առաջընթաց էր հենց CCF-ի համար. այն կուսակցությանը տվեց համազգային ճանաչում, մինչդեռ նախկինում այն համարվում էր սոսկ արևմտյան Կանադայի տարածաշրջանային բողոքի ուժ։
1944 թվականի նոյեմբերի 1-ին գեներալ Էնդրյու ՄաքՆոթոնը նշանակվել է պաշտպանության նախարար՝ առանց խորհրդարանում տեղ ունենալու, այն բանից հետո, երբ նրա նախորդը հրաժարական էր տվել 1944 թվականի զորակոչի ճգնաժամի պատճառով։ Գրեյ Նորթում կազմակերպվել էին լրացուցիչ ընտրություններ, որտեղ նրա դեմ դուրս էր եկել ընդդիմադիր Առաջադեմ պահպանողական կուսակցությունը։ Քարոզարշավի հիմնական թեման Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառավարության «սահմանափակ զորակոչի» քաղաքականությունն էր, որին աջակցում էր ՄաքՆոթոնը, իսկ պահպանողականները մերժում էին՝ կոչ անելով անցնել «լիարժեք զորակոչի»։
ՄաքՆոթոնը պարտվել է 1945 թվականի փետրվարի լրացուցիչ ընտրություններում։ Դրա հետևանքով կառավարության նկատմամբ վստահությունը խաթարվել է, և վարչապետ Ուիլյամ Լայոն Մաքենզի Քինգը մի քանի շաբաթ անց հայտարարել է 1945 թվականի դաշնային ընտրությունների անցկացման մասին, թեև սկզբում մտադիր էր հետաձգել դրանք մինչև պատերազմում վերջնական հաղթանակը։ ՄաքՆոթոնը փորձել է պատգամավորական տեղ զբաղեցնել նաև 1945 թվականի համընդհանուր ընտրություններում, սակայն կրկին պարտվել է և կարճ ժամանակ անց հրաժարական տվել։
Խորհրդարանից դուրս նշանակված նախարարի՝ լրացուցիչ ընտրություններում պարտվելու և հրաժարական տալու վերջին դեպքը գրանցվել է 1975 թվականին։ Այդ ժամանակ կապի նախարար Պիեռ Ժյունոն, որը Պիեռ Թրյուդոյի լիբերալ կաբինետ էր հրավիրվել անմիջապես մասնավոր հատվածից, փորձել էր պատգամավորական մանդատ ստանալ Հոչելագայի լրացուցիչ ընտրություններում։ Սակայն նա անսպասելիորեն պարտվել էր Առաջադեմ պահպանողական կուսակցության թեկնածուին և ձախողումից տասն օր անց հրաժարական տվել նախարարի պաշտոնից։
Նմանատիպ մեկ այլ դեպք տեղի է ունեցել Օնտարիոյում. տեղի Առաջադեմ պահպանողական կուսակցության առաջնորդ Ջոն Թորին 2009 թվականին մասնակցել էր Հալիբուրտոն-Կավարտա Լեյքս-Բրոքի լրացուցիչ ընտրություններին։ Նա համոզել էր իր խմբակցության անդամներից մեկին հրաժարական տալ՝ հույս ունենալով այդ ընտրատարածքից վերադառնալ նահանգի օրենսդիր մարմին։ Այդուհանդերձ, լրացուցիչ ընտրություններում կրած պարտությունը նրան ստիպել էր հեռանալ նաև կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Հոնկոնգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտին կայացած լրացուցիչ ընտրություններում ժողովրդավարամետ ճամբարն առաջին անգամ կորցրել է իր մեծամասնությունը Հոնկոնգի Օրենսդիր խորհրդի աշխարհագրական ընտրատարածքներում։ Այս ընտրությունները նշանակվել էին այն բանից հետո, երբ Հոնկոնգի Բարձրագույն դատարանը որակազրկել էր ժողովրդավարամետ վեց պատգամավորների՝ երդման արարողության ժամանակ թույլ տված խախտումների պատճառով։
Սովորաբար լրացուցիչ ընտրությունները ժողովրդավարամետ ուժերի համար համարվել են անվտանգ, քանի որ թե՛ իրենք, թե՛ պեկինամետ ճամբարը թափուր տեղերը լրացնելու համար առաջադրում էին միայն մեկական թեկնածու (ինչը բացառում էր ձայների փոշիացումը): Այդուհանդերձ, ժողովրդավարամետ ճամբարը երկու անգամ անսպասելի պարտություն է կրել Հոնկոնգի Օրենսդիր խորհրդի հինգ աշխարհագրական ընտրատարածքներից մեկիում՝ Կոուլուն Ուեսթում, որը նախկինում համարվում էր նրանց հուսալի հենարանը։
Սինգապուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգապուրի Սահմանադրության 49(1) հոդվածի համաձայն[39]՝ ընտրատարածքից, մասնավորապես՝ միամանդատ ընտրատարածքից[40] առաջացած ցանկացած թափուր տեղի համար պետք է նշանակվեն լրացուցիչ ընտրություններ՝ ողջամիտ ժամկետում[41]։ 1955 թվականին մասնակի ինքնակառավարման ներդրումից ի վեր անցկացվել է 34 լրացուցիչ ընտրություն, որոնցից մի քանիսն ուղեկցվել են լուրջ անակնկալներով.
- 1957 թվականի Քեյրնհիլ ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում այն ժամանակ իշխող Լեյբորիստական ճակատի կառավարության ստացած ձայները կտրուկ նվազել են՝ նախորդ համընդհանուր ընտրությունների 47.58%-ից հասնելով մինչև 19.23%-ի։
- 1961 թվականի յուրաքանչյուր լրացուցիչ ընտրություն վճռորոշ նշանակություն է ունեցել իշխող կուսակցության նվազագույն մեծամասնության պահպանման և գոյատևման համար։
- Ազգային զարգացման նախարարի պաշտոնից հեռացվելուց հետո Օնգ Էնգ Գուանը հրաժարական է տվել նաև պատգամավորական մանդատից: 1961 թվականին Հոնգ Լիմի լրացուցիչ ընտրություններում մասնակցելով ընտրություններին որպես անկախ թեկնածու՝ նա հավաքել է ձայների 73.31%-ը, ինչը դարձել է գործող իշխանության ամենախոշոր ընտրական կորուստը։
- 1961 թվականի Անսոնի լրացուցիչ ընտրություններով քաղաքականություն է վերադարձել ընդդիմության առաջնորդ, Աշխատավորական կուսակցության նախագահ և նախկին գլխավոր նախարար Դեյվիդ Մարշալը։
- 1981 թվականի Անսոնի լրացուցիչ ընտրություններում Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Ջեյ Բի Ջեյարեթնամը կոտրել է իշխող Ժողովրդական գործողությունների կուսակցության (PAP-ի) մենաշնորհը խորհրդարանում։ Սա նշանավորել է ընդդիմության առաջին հայտնվելը խորհրդարանում 1966 թվականից ի վեր և Աշխատավորական կուսակցության վերադարձը Սինգապուրի օրենսդիր մարմին 1961 թվականից հետո։
- 2013 թվականի Պունգգոլ Իսթի լրացուցիչ ընտրություններն առաջին դեպքն էին, երբ Ժողովրդական գործողությունների կուսակցությունը լրացուցիչ ընտրություններում կորցրել է մեկ մանդատ, և վերջին անգամն է, երբ իշխող ուժին չի հաջողվել պահպանել իր տեղն լրացուցիչ ընտրությունների ընտրատարածքում։
Իռլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Դուբլինի հարավ-արևմտյան շրջանում անցկացված լրացուցիչ ընտրությունները նույնպես մեծ անակնկալ են մատուցել Իռլանդիային։ Հիմնական ֆավորիտը «Շինն Ֆեյն» կուսակցության թեկնածու Քեթալ Քինգն էր, քանի որ այդ ուժը նույն տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տվյալ տարածքում բացառիկ բարձր արդյունքներ էր գրանցել։ Թեև «Շինն Ֆեյնը» ստացել էր առաջնային նախապատվության ձայների մեծամասնությունը, ընտրություններում հաղթել է «Խնայողության դեմ պայքարի դաշինքի» թեկնածու Փոլ Մերֆին՝ ընտրվելով ձայների հաշվարկի ութերորդ փուլում։ Չնայած Մերֆին սկզբնական փուլում զիջում էր Քեթալ Քինգին, նրան հաջողվել էր շրջանցել մրցակցին՝ այլ թեկնածուների վերաբաշխված ձայների (տրանսֆերների) շնորհիվ։
Այս հաղթանակից հետո Մերֆին զբաղեցրել է իր տեղը Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատում (31-րդ Դաիլ)։ Լրացուցիչ ընտրություններում կրած այս պարտության անմիջական հետևանքով «Շինն Ֆեյնը» կոշտացրել է իր դիրքորոշումը «Իռլանդական ջրերի» (Irish Water) հարցում և հանդես եկել երկրում ջրի վճարների լիակատար վերացման կոչով։
Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականի հունվարին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Պատրիկ Գորդոն Ուոքերը մասնակցել է՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լեյթոնի ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններին։ Նախորդ տարվա համընդհանուր ընտրություններում նա վիճահարույց հանգամանքներում պարտվել էր Սմեթվիկում։ Նրա նշանակումը բարձրաստիճան նախարարի պաշտոնում՝ առանց խորհրդարանի որևէ պալատի անդամ լինելու, հակասում էր ընդունված կարգին (կոնվենցիային)։ Այդ պատճառով նա փորձել է օրինականացնել իր կարգավիճակը՝ առաջադրվելով առաջին իսկ հնարավոր լրացուցիչ ընտրություններում։
Այնուամենայնիվ, Լեյբորիստական կուսակցության դեմ ձևավորված ուժեղ հանրային դժգոհությունը հանգեցրել է Գորդոն Ուոքերի ձախողմանը։ Կրած պարտության հետևանքով նա ստիպված էր հրաժարական տալ արտաքին գործերի նախարարի պաշտոնից։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին ԱՄՆ հանրապետական Սքոթ Բրաունը հաղթել է Մարթա Քոքլիին Մասաչուսեթսում կայացած ԱՄՆ Սենատի հատուկ ընտրություններում։ Թեև լայնորեն սպասվում էր դեմոկրատ Քոքլիի հաղթանակը, Բրաունն անսպասելիորեն կրճատել է վարկանիշային տարբերությունը և առավելության հասել, ինչը ցնցող արդյունք էր խիստ դեմոկրատական համարվող Մասաչուսեթս նահանգի համար։ Այս հաղթանակով Դեմոկրատական կուսակցությունը զրկվել է Սենատում ֆիլիբաստերը (օրինագծերի տապալումը) շրջանցելու համար անհրաժեշտ 60 ձայնի մեծամասնությունից։ Բացի այդ, սրանով ընդհատվել է այն ժամանակաշրջանը, երբ վերջին 56 տարիներից 53-ի ընթացքում այդ սենատորական տեղը զբաղեցնում էին Քենեդի ընտանիքի ներկայացուցիչները։
Մեկ այլ անակնկալ տեղի է ունեցել 2017 թվականին Ալաբամայի հատուկ ընտրություններում, որն ԱՄՆ-ի ամենահանրապետական նահանգներից է։ Լարված մրցապայքարում դեմոկրատ Դուգ Ջոնսին հաջողվել էր հաղթել հանրապետական Ռոյ Մուրին։ Վերջինիս դիրքերը զգալիորեն թուլացել էին այն բանից հետո, երբ մի քանի կանայք նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ։
Հայաստանյան ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգում «լրացուցիչ ընտրություններ» հասկացությունը խորհրդարանական մակարդակում գոյություն չունի՝ 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից և ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելուց հետո[42]։ Եթե ՀՀ ԱԺ պատգամավորը վայր է դնում մանդատը, նշանակվում է կաբինետի նախարար կամ մահանում է, Հայաստանը կիրառում է փոխարինման փակ ցուցակների համակարգը[Ն 8]։ Թափուր տեղը ավտոմատ կերպով զբաղեցնում է տվյալ կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ չընտրված թեկնածուն։ Իսկ եթե համապետական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով որևէ ուժ չի ձևավորում կայուն խորհրդարանական մեծամասնություն (և չի կազմվում կուսակցական կոալիցիա), ապա նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ։ Սա նոր թափուր տեղի ընտրություն չէ, այլ մեծամասնության որոշման լրացուցիչ քվեարկություն[43]։
Աղմկահարույց լրացուցիչ ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում նախկինում բազմիցս անցկացվել են խորհրդարանական լրացուցիչ ընտրություններ։ Դրանք տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի Ազգային ժողովի ընտրակարգը մասամբ մեծամասնական է եղել, ինչը նշանակում է, որ կոնկրետ ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավորի հեռանալուց (կամ մահից) հետո տվյալ տարածքում նշանակվել են նոր՝ լրացուցիչ ընտրություններ[44]։ Աղմկահարույց օրինակներ․
- 2010 թվականի հունվարի 10-ին Երևանի թիվ 10 ընտրատարածքում (ներառում էր Նորագյուղը, Կիլիկիան և Կոնդը) տեղի է ունեցել հետխորհրդային Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց, լարված և քաղաքականացված ընտրական գործընթացներից մեկը։ Այն ուղղակիորեն կապված էր 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների և դրան հաջորդած ներքաղաքական ճգնաժամի հետ։ Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մանդատից հրաժարվելուց հետո նշանակվել են լրացուցիչ ընտրություններ։ Առաջադրվել են երեք թեկնածուներ՝ այն ժամանակ անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, իշխանամետ թեկնածու Արա Սիմոնյանը և Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը (հետագայում հանել է իր թեկնածությունը)։ Բազմաթիվ բախումներով, ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ճնշումներով և տեղամասերում «թաղային հեղինակությունների» ներգրավմամբ ուղեկցված այս ընտրությունների արդյուքում (գրանվել է ընտրության ցածր մասնակցություն՝ մոտ 25.2%) ընտրվել է իշխանամետ Արա Սիմոնյանը[45]։
- 2012 թվականի դեկտեմբերին Երևանի թիվ 1 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում տեղի են ունեցել լրացուցիչ ընտրություններ։
- Թիվ 1 ընտրատրարծքում (Ավան) լրացուցիչ ընտրություններ են նշանակվել այն բանից հետո, երբ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից հետո վայր է դրել մանդատը։ Այստեղ ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը հաղթել է «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանին։
- Թիվ 35 ընտրատարածքում (Գյումրի) ընտրություններ են անցկացվել, քանի որ Սամվել Բալասանյանը ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ և հրաժարվել էր պատգամավորական աթոռից։ Մանդատը ստացել է Արման Սահակյանը[46][47]։
Թերություններ և առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրացուցիչ (կամ հատուկ) ընտրությունները, չնայած ժողովրդավարական կարևոր գործիք են թափուր մանդատները լրացնելու համար, ունեն մի շարք լրջագույն թերություններ և մարտահրավերներ։ Հենց այս պատճառներով են Հայաստանը և բազմաթիվ այլ երկրներ հրաժարվել այդ համակարգից՝ անցնելով համամասնական ցուցակներով ավտոմատ փոխարինմանը։
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրացուցիչ ընտրությունները թույլ են տալիս արագ լրացնել թափուր տեղը։ Որպես հասարակական կարծիքի բարոմետր՝ ցույց են տալիս իշխանության կամ ընդդիմության ներկա վարկանիշը։ Հնարավորություն են տալիս փոխել ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում։ Սա արվում է առանց համապետական ընտրություններ անցկացնելու։ Թեկնածուները կենտրոնանում են կոնկրետ տարածքի խնդիրների վրա։ Դրանք ավելի մեծ հնչեղություն են ստանում։
Թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրացուցիչ ընտրությունները պահանջում են զգալի ֆինանսական միջոցներ պետական բյուջեից։ Ծախսվում են տեղամասերի կահավորման, քվեաթերթիկների տպագրության, հանձնաժողովների աշխատավարձերի և ընտրության կազմակերպման վրա։ Քաղաքական ուժերը ստիպված են լինում հսկայական ֆինանսական միջոցներ ներդնել կարճատև քարոզարշավի վրա, ինչը ձեռնտու է միայն հարուստ կուսակցություններին։ Ընտրողների ակտիվությունը սովորաբար շատ ցածր է լինում (ինչպես Հայաստանում 2010 թվականին՝ մոտ 25.2%)։
Մարդիկ պակաս մոտիվացված են մասնակցել համապետական փուլերից դուրս։ Ընտրված պաշտոնյան պաշտոնավարում է միայն նախորդի մնացած ժամկետում։ Երբեմն դա տևում է ընդամենը մի քանի ամիս։ Կենտրոնական ուժերը կենտրոնացնում են իրենց ռեսուրսները մեկ տեղում։ Դա հաճախ վերածվում է ագրեսիվ քարոզարշավի։ Խորհրդարանում թույլ մեծամասնություն ունեցող կառավարությունների համար մեկ կամ երկու լրացուցիչ ընտրություններում պարտվելը կարող է հանգեցնել կառավարության հրաժարականին կամ քաղաքական ճգնաժամի (ինչպես հոդվածում նշված Կանադայի կամ Մեծ Բրիտանիայի պատմական օրինակներում)։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վիկտոր Հյուգոն պարտվել է 1872 թվականի հունվարի 7-ի Ֆրանսիայի Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում։ Նրան հաղթել է չափավոր հանրապետական թեկնածու Ժոզեֆ Վոտրենը (Joseph Vautrain), ինչը ժամանակի քաղաքական մեծ անակնկալներից էր։ Վոտրենը ընտրվել էր Սենի պատգամավոր։ Նա պատկերված է գիշատիչ ժպիտով և նկարագրվում է որպես Հյուգոյի ստեղծագործություններից մեկի՝ «Մարդը, որը ծիծաղում է» (ֆրանսերեն՝ L'Homme qui rit, 1869) պատմական վեպի Գվինփլեյնի կերպար[1]։
- ↑ «Թագի դաշնակցի պարգևատրում» նշանակում է, որ Միապետը (Հենրի VIII-ը) և նրա գլխավոր նախարար Թոմաս Քրոմվելը խորհրդարանի պատգամավորական աթոռն օգտագործում էին որպես քաղաքական նվեր կամ մրցանակ իրենց հավատարիմ մարդկանց համար։
- ↑ Համընդհանուր ընտրություններ չեն անցկացվել գրեթե 18 տարի, բնական մահացության, ազնվականական տիտղոսներ ստանալու (ինչի պատճառով պատգամավորները տեղափոխվում էին Լորդերի պալատ) կամ պաշտոնանկությունների հետևանքով առաջացած բոլոր թափուր տեղերը լրացվել են բացառապես լրացուցիչ ընտրություններով:
- ↑ Թուրքիայի Խորհրդարանի (Մեծ Ազգային Ժողովի) ընդհանուր մանդատների քանակը 600 է։ 5%-ը կազմում է 30 մանդատ։ Եթե թափուր տեղերի քանակը հասնում է 30-ի, ապա Թուրքիայի խորհրդարանը պետք է որոշում կայացնի և նշանակի միջանկյալ ընտրություններ՝ առաջիկա 3 ամիսների ընթացքում: Նման ընտրություններ չեն կարող անցկացվել հերթական համընդհանուր խորհրդարանական ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։
- ↑ ․․․երբ տեղական ընտրությունները սկսում են արտացոլել ոչ թե տեղի խնդիրները, այլ երկրի ընդհանուր քաղաքական տրամադրությունները և նախագահի հանդեպ վերաբերմունքը։
- ↑ Հրաժարական տված պատգամավորները ներկայացրել են Հոնկոնգի բոլոր 5 ընտրական շրջանները և յուրաքանչյուրն ընտրված էր հինգ աշխարհագրական ընտրատարածքներից մեկից։
- ↑ Հարաբերական մեծամասնության ընտրակարգի (անգլերենում՝ First-past-the-post) դեպքում ձայների տրոհումը բերում նման հետևանքի (հաղթում է նա, ով ունի ամենաշատ ձայները, նույնիսկ եթե դա 50%-ից պակաս է)։
- ↑ Համամասնական ընտրության դասական օրինակ է, երբ Հայաստանում 2021 թվականի հուլիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով պատգամավոր դարձած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել էր իր մանդատից՝ հայտարարելով, որ իրեն տեսնում է բացառապես գործադիր իշխանությունում: Քանի որ համակարգը համամասնական էր, ոչ մի լրացուցիչ ընտրություն չի նշանակվել, և նրա տեղը խորհրդարանում ավտոմատ կերպով զբաղեցրել է «Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ անդամը՝ Վահե Հակոբյանը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mà. «L'homme qui rit - Victor Hugo - bibliboom - livre audio gratuit - mp3 - téléchargement gratuit». www.bibliboom.com. Վերցված է 2026-06-09-ին.
- ↑ Seanad Bye-Elections Act 1930 (No. 1 of 1930). Enacted on 12 February 1930. Act of the Oireachtas. Retrieved from Irish Statute Book on 27 Apr 2026.
- ↑ Jennifer Loach. Parliament Under the Tudors. Clarendon Press. Oxford. 1990. p. 36
- ↑ «Electoral Independence in Tudor England - The History of Parliament». historyofparliament.com (ամերիկյան անգլերեն). 2015-04-27. Վերցված է 2026-06-09-ին.
- 1 2 «Cavalier Parliament | Royalists, Restoration, Charles II | Britannica». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2026-06-09-ին.
- ↑ By-Elections in British Politics. UCL Press, London. 1997 pg. 1
- ↑ «Parliaments 1660-1690 | History of Parliament Online». www.historyofparliamentonline.org. Վերցված է 2026-06-09-ին.
- ↑ «The Middlesex Election affair». www.parliament.uk (անգլերեն). Վերցված է 2026-06-09-ին.
- ↑ Buonomo, Giampiero (2006). I subentri nelle assemblee parlamentari (իտալերեն). Quaderni costituzionali.
- ↑ Article 1, Clause 4, Section 2, Constitution of United States 1789
- ↑ Seventeenth Amendment, Section 2, Constitution of United States․ 1913․
- ↑ «1986 Turkish parliamentary by-elections». Grokipedia (անգլերեն). Վերցված է 2026-06-09-ին.
- ↑ «2003 Siirt Province by-election». Grokipedia (անգլերեն). Վերցված է 2026-06-09-ին.
- ↑ Grand National Assembly of Turkey․ By-Elections․ 2012, ISBN: 978-975-8805-18-1, էջ 14
- ↑ «Tasmania's Hare-Clark Electoral System». Արխիվացված է օրիգինալից 2011-04-23-ին.
- ↑ «Casual Vacancies in the Legislative Assembly». 2021 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2024-06-04-ին. Վերցված է 2026-06-09-ին.
- 1 2 «What happens if a member of parliament leaves? Do they get replaced? - Parliamentary Education Office». peo.gov.au (անգլերեն). Վերցված է 2026-06-09-ին.
- ↑ Citizensinformation.ie. «European elections». www.citizensinformation.ie (անգլերեն). Վերցված է 2026-06-09-ին.
- ↑ «Abe's Widow, Akie, Not to Run in Lower House By-Election». nippon.com. 2022 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2023-03-16-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Louisa Wall back in Parliament». The New Zealand Herald. 2011 թ․ ապրիլի 6. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Nachwahl». Wahlrecht.de. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Ersatzwahl». Election Glossary. Die Bundeswahlleiterin. Վերցված է 2026 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «South Korea holds a snap presidential election Tuesday. Here's what to know». Associated Press. 2025 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Sele, David (2024 թ․ օգոստոսի 25). «Vaduz hat einen neuen Bürgermeister». Liechtensteiner Vaterland. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Beckett, Andy (2010-03-25). «Britain's last hung parliament». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2025-02-20-ին.
- ↑ Brown, Colin; Abrams, Fran (1996 թ․ դեկտեմբերի 13). «The Major minority». The Independent. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «BBC ON THIS DAY | 7 | 1978: Callaghan accused of running scared». news.bbc.co.uk. Վերցված է 2026-06-10-ին.
- ↑ «U.S. Senate special election, Massachusetts, 2010». Ballotpedia (անգլերեն). Վերցված է 2026-06-10-ին.
- ↑ «NDP takes Hamilton seat from Ontario Liberals». Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ March 1; 2004 (2004-03-01). «A Brief History of the Beattie Labor Government 1998-2004 - AustralianPolitics.com» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-06-10-ին.
{{cite web}}:|last2=has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Queensland By-Elections․ Queensland Parliament Factsheet
- ↑ Power of One․ The power of one politician…
- ↑ Nate Silver (2011 թ․ սեպտեմբերի 13). «A Guide to Cutting Through Special-Election Spin». FiveThirtyEight.
- ↑ Gallup (2016-11-16). «Presidential Approval Ratings — Donald Trump». Gallup.com (անգլերեն). Վերցված է 2026-06-12-ին.
- ↑ Knotts, H. Gibbs; Ragusa, Jordan M. (2016-01-02). «The Nationalization of Special Elections for the U.S. House of Representatives». Journal of Elections, Public Opinion and Parties. 26 (1): 22–39. doi:10.1080/17457289.2015.1063497. ISSN 1745-7289. S2CID 216142342.
- ↑ «1917 – Women Win the Right to Vote». Legislative Assembly of British Columbia.
- ↑ Reilly, Benjamin (2004 թ․ հուլիս). «The global spread of preferential voting: Australian institutional imperialism?». Australian Journal of Political Science. 39 (2): 253–266 – via EBSCOhost.
- ↑ Green, Antony (2004). «History of Preferential Voting in Australia». Antony Green Election Guide: Federal Election 2004. Australian Broadcasting Corporation. Վերցված է 2020-06-15-ին.
- ↑ «Constitution of the Republic of Singapore – Singapore Statutes Online».
- ↑ «Parliamentary Elections Act 1954 – Singapore Statutes Online».
- ↑ «[2013] Sgca 39».
- ↑ «ՀՀ Ընտրական օրենսգիրք». Reforms. 2021-02-11. Վերցված է 2026-06-13-ին.
- ↑ ARKA.am (2026-06-05). «ՀՀ ԱԺ ընտրություններ-2026. ովքեր են հավակնում իշխանության, ինչպես է ձևավորվում մեծամասնությունը և երբ է հնարավոր 2-րդ փուլը». arka.am. Վերցված է 2026-06-13-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք․ Ընդունված Ազգային ժողովի կողմից 1999 թվականի փետրվարի 5-ին». old.arlis.am. Վերցված է 2026-06-13-ին.
- ↑ «Recount For Armenian By-Election». Radio Free Europe/Radio Liberty (անգլերեն). 2010-01-12. Վերցված է 2026-06-13-ին.
- ↑ «Առաջին Լրատվական» կայք (02 Դեկտեմբեր, 2012). «Թիվ 1 և 35 ընտրատարածքներում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները». 1in.am. Վերցված է 2026-06-13-ին.
- ↑ «Թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում ընտրություններ են». Armenia News. 2012-12-02. Վերցված է 2026-06-13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրացուցիչ ընտրություններ» հոդվածին։ |