Լվովի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լվովի հայկական տպագրություն, սկզբնավորվել է 1615 թ.-ին, Լվովի հայոց Ս. Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող մի տան մեջ (այժմյան Հայկական փողոցում), Հայաստանի Բաղեշ քաղաքից տեղափոխված Հովհաննես Քարմատանենցի նախաձեռնությամբ։ Դա հայկական երրորդ տպարանն էր՝ Հակոբ Մեղապարտի և Աբգար Թոխաթեցու տպարաններից հետո։ Այստեղ տպագրվել են մի Սաղմոսարան (1616) և հայատառ ղփչաղերեն (կոմաներեն) «Աղոթագիրք հասարակաց» (1618)։ Այս հրատարակություններից պահպանվել են մեկական օրինակ (Սաղմոսարանը՝ Վենետիկի Մխիթարյան մատենադարանում, Աղոթագիրքը՝ Լայդենի համալսարանի գրադարանում)։ Քարմատանենցի տպարանում հրատարակվել է նաև հայերեն Բժշկարան, որից որևէ օրինակ չի պահպանվել։ Ենթադրվում է, որ 1630 թ.-ին Լվովում հրատարակված լեհերեն մի գրքույկ՝ ընդդեմ հայերի կաթոլիկացման, նույնպես լույս է ընծայվել այս տպարանում։ 1670-1680-ական թվականներին լվովահայերը Հռոմից բերել են հայերեն նորաձույլ տառեր, սակայն նրանցով տպագրված որևէ գիրք չի հայտնաբերվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 672