Լեհահայոց հոգևոր հովվություն

Լեհահայոց հոգևոր հովվություն[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է առաքելական լեհահայության հոգևոր կյանքը[2]։ Ենթարկվում է Ուկրաինայի հայոց թեմին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լվովի եպիսկոպոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհահայոց կրոնական համայնքը ձևավորվել է 11-13-րդ դարերում` Գալիցյան, Վոլինյան, Պոդոլյան հողերում, որոնք 14-րդ դար ում անցել են Լեհաստանի տիրապետության տակ: Մինչև 14-րդ դարը Հալիչի, Խոլմի, Կամենեց-Պոդոլսկի, Վոլինյան Վլոդիմեժի, Լուցկի, Լվովի գաղութահայության կրոնական կենտրոնը Լուցկն էր: 1340-ական թվականներին Լեհաստանի թագավոր Կազիմիր III Մեծը գրավել է Գալիցիան ու Վոլինիայի մի մասը: Ստեղծվում է Լվովի եպիսկոպոսությունը, որը հայտնի է նաև «Լվովի հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսություն»՝ ի հեճուկս դրա լուծարումից հետո ստեղծված «Լվովի թեմի» կամ «Լվովի հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոսության»։ Մինչև 1401 թվականը՝ Սուչավայի թեմի կամ եպիսկոպոսության հիմնումը, նրա կազմում էին նաև Ռումինիայի և Մոլդովայի հայկական համայնքների վանքերն ու եկեղեցիները։
Լուցկը սուրբ Ստեփանոս եկեղեցու հայ առաքելական ոչ պաշտոնական արքեպիսկոպոսարանով մնացել է Լիտվայի իշխան Լուբարտի ձեռքում: Լիտվական իշխանության քաղաքական ազդեցությունից հայ եկեղեցին զերծ պահելու նպատակով Կազիմիր Մեծը 1367 թվականին հատուկ դեկրետով հայ արքեպիսկոպոսարանը պաշտոնականացրել է և Լուցկից տեղափոխել արքունի քաղաք Լվով, որտեղ տեղի հայությունը դեռևս 1183 թվականից ուներ փայտաշեն, իսկ 1251 թվականից՝ աղյուսաշեն եկեղեցի: 1356 թվականին Կազիմիր Մեծը Լվովի և Կամենեցի հայ համայնքներին լայն արտոնությունների հետ միասին տվել է նաև անսահմանափակ թվով եկեղեցիներ ու վանքեր կառուցելու իրավունք: Միաժամանակ, ստեղծվում է Լվովի հայերի կանոնադրությունը։
1363 թվականին մեկնարկել է Լվովի սուրբ Աստվածածնի Վերափոխման քարաշեն տաճարի կառուցումը, որը 1367 թվականից դարձել է աթոռանիստ և ճանաչվել Լեհաստանի, Մոլդովայի, Ռումինիայի հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսության կենտրոն: Ըստ եկեղեցու վիմագիր հիշատակարանի, տաճարը կառուցվել է հայ մեծահարուստներ Շահինշահի որդի Հակոբ Կաֆայեցու և Աբրահամի որդի Փանոս Հալիչեցու բարերարությամբ: 16-րդ դարում Լվովում և նրա արվարձաններում գործել են 9 հայկական եկեղեցի ու վանք, որոնցից առանձնանում են սուրբ Աստվածածնի Վերափոխման Մայր տաճարը, սուրբ Աննայի և սուրբ Հակոբի եկեղեցիներն իրենց համընդհանուր վանքով, սուրբ Խաչի եկեղեցին՝ իր վանքով: 1615 թվականից Լվովում սկզբնավորվել է հայկական տպագրությունը։
Կամենեց-Պոդոլսկում 11-14-րդ դարերում կառուցվել է 12 եկեղեցի: 1250 թվականին դեռևս գործող (հետագայում ավերվել է) եկեղեցուց հետո ամենահինը 1394 թվականին Խութլուբեյի որդի Սինանի ծախքով կառուցված սուրբ Նիկողայոս եկեղեցին էր, որը մեկ դար հետո վերանվանվել է սուրբ Աստվածածնի Վերափոխման: 1498 թվականին կառուցվել է առավել մեծ ու շքեղ նույնանուն (ավերվել է 1939 թվականին, կանգուն է զանգակատունը), 1522 թվականին՝ սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցին: Վերջինիս բակում Գրիգոր արքեպիսկոպոս Վարագեցին 1600 թվականին կառուցել է կուսանոցի շենք:
15-17-րդ դարերում լեհահայ արքեպիսկոպոսության մեջ ընդգրկված էին Լեհաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Վոլոշչիզնայի հայկական համայնքների 22 թեմերը ենթարկվել են սուրբ Էջմիածնին: 17-րդ դարի վերջին՝ թուրքերի արշավանքների ժամանակ ավերվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Ստեփանոս Նախավկա, սուրբ Խաչ եկեղեցիները: Լուցկ, Լվով, Կամենեց-Պոդոլսկ քաղաքներում կառուցված 20-22 եկեղեցիներից բացի երկու տասնյակից ավելի եկեղեցիներ են գործել նաև 16-18-րդ դարերում հիմնադրված Լյուբլինի, Զամոշչի, Կուբաչիվցիի, Յարոսլավլի, Տիսմենիցայի, Յազլովեցի, Զլոչովի, Ժվանեցի, Սենյատինի, Ստանիսլավովի, Լիսեցի, Բժեժանիի, Մոգիլյով Պոդոլսկի, Ռաշկովի և լեհահայ այլ գաղթավայրերում: 1367 թվականին, ըստ հայոց կաթողիկոս Մեսրոպ Ա Արտազեցու կոնդակի և Կազիմիր Մեծի դեկրետի, Լեհաստանի և Վալախիայի (հարավային Ռումինիա) Հայ առաքելական եկեղեցու անդրանիկ առաջնորդ է հաստատվել ժողովրդի կողմից ընտրված Գրիգորը: Լեհահայ արքեպիսկոպոսները կես տարի նստել են աթոռանիստ Լվովում, կես տարի՝ Կամենեց-Պոդոլսկում, որն ուներ եպիսկոպոսական տուն:
Կաթոլիկության ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհահայ առաքելական եկեղեցին մինչև 16-րդ դար վերջը խաղաղ հարաբերությունների մեջ է եղել լեհ կաթոլիկ եկեղեցու և Հռոմի հետ: Լեհահայությանը կաթոլիկացնելու բուն պայքարը սկսվել է 1627 թվականից, երբ Էջմիածնից Լվով ժամանած, ունիթորությունը գաղտնի ընդունած Մելքիսեդեկ աթոռակից կաթողիկոսը Նիկոլայ Թորոսովիչին Լվովի սուրբ Խաչ եկեղեցում եպիսկոպոս է օծել ու հիմնել արքեպիսկոպոսական նոր թեմ: Սկսվել է լեհահայերի կաթոլիկացումը, որոնք բնակվում էին ժամանակակից Ուկրաինայի, Մոլդովայի և Ռումինիայի տարածքներում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից, առավելապես՝ ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի է ունենում հազարավոր հայ առաքելական գաղթականների հոսքը Լեհաստան՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից և Հայաստանից։ Անկախության առաջին տարիներին հայերի հոսքը Հայաստանից շարունակվում է։ Ձևավորվում է հայկական նոր գաղութ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23 թվականի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադար եցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
- ↑ «Հայերը Լեհաստանում». poland.mfa.am. Լեհաստանում Հայաստանի դեսպանություն.
- ↑ «Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո». aysor.am. Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից. 14 նոյեմբերի, 2018.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարսեղյան Բելլա, Լեհահայության մշակույթն ու գրականությունը XIV-XIX դդ., Երևան, 1992:
- Obertynvski Z., Historia Kosvciola Ormianskiego w Polsce, Warszawa, 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհահայոց հոգևոր հովվություն, ֆեյսբուքյան էջ
- Հայ Կաթողիկէ Եկեղեցին Լեհաստանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: ![]() |