Jump to content

Լուվրի կողոպուտ (2025)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուվրի կողոպուտ (2025)

Լուվրի կողոպուտ, կողոպուտ, որը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 19-ին Փարիզի Լուվր թանգարանում։

Առավոտյան ժամը 9:30-ին, թանգարանի բացումից կես ժամ անց, հանցագործները պատուհանից ներխուժել են Ապոլլոն պատկերասրահ (Դենոնի թևի թիվ 705 դահլիճը, որտեղ դեկորատիվ արվեստի գործերի թվում պահվում են թագավորական զարդեր), կոտրել են երկու ցուցափեղկ և գողացել մի քանի զարդեր[1][2]։

Կայսրուհի Եվգենյայի թագը, դեն նետված կողոպտիչների կողմից, գտնվել է փողոցում

Կողոպուտը տևել է ոչ ավելի, քան յոթ րոպե։ Երկու գողերը (ևս երկուսը օգնել են նրանց դրսում) շենք են մտել հարավային կողմից։ Թանգարան մուտք գործելու համար օգտագործվել է ծալովի սանդուղքով բեռնատար մեքենա և անկյունահղկիչներ։ Միացվել է տանգնապ և՛ պատուհանի վնասման, և՛ ցուցափեղկի բացման ժամանակ։ Հայտնի է, որ այդ պահին Ապոլլոնի պատկերասրահում կամ մոտակայքում եղել են թանգարանի անվտանգության առնվազն հինգ անզեն աշխատակից։ Գողերը սպառնացել են նրանց իրենց անկյունահղկիչներով։ Այնուհետև գողերը փախել են մոտոռոլլերներով[2][3][4]։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի խոսքով՝ հանցագործությունը կատարել է «փորձառու թիմ, որը ակնհայտորեն հետախուզել է դեպքի վայրը և շատ արագ գործել»[5]։

Ապացույցները պահպանելու և հետաքննողներին ու փորձագետներին իրենց աշխատանքը կատարելու հնարավորություն տալու համար թանգարանն այդ օրը փակվել է, և բոլոր այցելուները տարհանվել են թանգարանից[6]։

Կարճ ժամանակ անց թանգարանի մոտ գտնվել է Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի վնասված թագը, որը, հավանաբար, գցել են կողոպտիչները փախուստի ժամանակ։ 19-րդ դարում պատրաստված թագը զարդարված է ոսկե արծիվներով, 1354 ադամանդով և 56 զմրուխտով[2]։

Սա Լուվրից արվեստի գործերի գողության առաջին դեպքն է 21-րդ դարում. վերջին անգամ կողոպուտ տեղի է ունեցել 1998 թվականի մայիսի 3-ին, երբ գողացվել էր Ժան Բատիստ Կամիլ Կորոյի «Սևրի ճանապարհը» կտավը[7]:

Ֆրանսիայի մշակույթի նախարար Դատի Ռաշիդան եղել է առաջինը, որը սոցիալական ցանցերում հրապարակել է լուրը. «Այսօր առավոտյան, Լուվրի բացման ժամանակ, տեղի է ունեցել կողոպուտ»,-գրել է նա՝ հավելելով, որ տուժածներ չկան: Նախարարը նաև համեմատել է այս դեպքից առաջացած զգացումները Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի ժամանակ եղած հուզմունքի հետ[8]։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ կողոպուտը «հարձակում է մեր ժառանգության վրա, որը մենք գնահատում ենք, քանի որ այն մեր պատմությունն է» և խոստացել է, որ գողացվածը կվերադարձվի, իսկ հանցագործները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ[9]։

Արդարադատության նախարար Ջերալդ Դարմանինը հայտարարել է, որ «կողոպուտը ծայրահեղ բացասական պատկեր է ստեղծել Ֆրանսիայի մասին»[9]։

Գողացված իրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գողացված իրերի մեջ եղել են՝[10][11]

  • Կայսրուհի Եվգենյայի ադամանդե թագ՝ ստեղծվել է Փարիզում՝ Նապոլեոն III-ի և կայսրուհի Եվգենյայի ամուսնությունից կարճ ժամանակ անց՝ 1853 թվականին, պատրաստված է ոսկեզօծ արծաթից, զարդարված է 212 մարգարիտով, այդ թվում՝ 17 տանձաձև, 1998 ադամանդով և 992 վարդագույն ադամանդով[12]։
  • Կայսրուհի Եվգենյայի կրծքազարդը, ստեղծվել է ոսկերիչ Պոլ-Ալֆրեդ Բապտի կողմից 1855 թվականին, ոսկեզօծ զարդը զարդարված է 92 ադամանդով[13]։
  • Կայսրուհի Եվգենյայի մեծ փունջ-բրոշը․ երկու երկար կախազարդերով փունջի ձևով բրոշը զարդարված է 2438 ադամանդով և 196 վարդափայլ կտրվածքով քարերով։ Մոտավորապես 1864 թվականին այն վերափոխվել է գոտուց, որը ստեղծվել է ոսկերիչ Ֆրանսուա Կրամերի կողմից 1855 թվականին։ Այդ գոտին, որը զարդարված է եղել ավելի քան 4000 ադամանդով, կայսրուհին կրել է 1855 թվականի օգոստոսի 25-ին Վերսալում՝ Վիկտորիա թագուհու այցի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ, ինչպես նաև 1856 թվականին՝ իր որդու մկրտության արարողության առիթով[14]։
  • Թագուհի Հորտենզիա Բոգարնեի զարդերի հավաքածուի ադամանդե թագ՝ ստեղծվել է անհայտ վարպետի կողմից XIX դարոիմ՝ 1801-1835 թվականների միջակայքում, հստակ թվագրումն անհայտ է։ Ադամանդե թագը հավանաբար պատրաստվել է կայսրուհի Ժոզեֆինայի դստեր՝ Հոլանդիայի թագուհի Հորտենզիա Բոգարնեի համար։ Հետագայում այն անցել է Ֆրանսիայի թագուհի Մարի Ամալիային, ապա նրա թոռնուհուն՝ Իզաբել Օռլեանացուն։ Թագը զարդարված է 24 շափյուղայով (10 փոքր և 14 մեծ) և 1083 ադամանդով[15]։
  • Թագուհի Հորտենզիա Բոգարնեի զարդերի հավաքածուի վզնոցը՝ պատրաստված տարբեր չափերի 8 շափյուղայից և 631 ադամանդից[16]։
  • Թագուհի Հորտենզիա Բոգարնեի զարդերի հավաքածուի ականջօղը (զույգից մեկը)՝ պատրաստված մեկ կլոր և մեկ կաթիլաձև շափյուղայից և 59 ադամանդից[17]։
  • Կայսրուհի Մարիա-Լուիզայի զարդերի հավաքածուի վզնոցը, զմրուխտներով հավաքածուն՝ բաղկացած ադամանդե թագից, վզնոցից, զույգ ականջօղներից և մազերի զարդից, ինչպես նաև ադամանդե մեկ այլ հավաքածու, պատրաստվել է ոսկերիչ Ֆրանսուա-Ռենո Նիտոյի (1779-1853) կողմից՝ Նապոլեոն Բոնապարտի պատվերով և մատուցվել է կայսրուհի Մարիա-Լուիզա Ավստրիացուն 1810 թվականի մարտին՝ նրանց ամուսնությունից անմիջապես առաջ։ Ներկայացվող հավաքածուն մուտք է գործել թանգարան 2004 թվականին։ Վզնոցը բաղկացած է 32 զմրուխտից, այդ թվում՝ 10 կաթիլաձև, և 1138 ադամանդից, որոնցից 874-ը ադամանդե կտրատմամբ են, իսկ 264-ը՝ վարդափայլ։ Կենտրոնական զմրուխտn օվալաձև է, 13,75 կարատ է և ունի ութանիստ կտրատում[18]։
  • Կայսրուհի Մարիա-Լուիզայի զարդերի հավաքածուի ականջօղների զույգը՝ վեց զմրուխտ, որոնցից երկուսը կաթիլաձև են (ընդհանուր՝ 45,20 կարատ), և 108 ադամանդ[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Что украли из Лувра и каковы шансы вернуть похищенное?». Русская служба Би-би-си. 2025 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ограбление Лувра в картах и схемах: как именно его удалось совершить и что украли». Русская служба Би-би-си. 2025 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. Goillandeau, Martin; Danaher, Caitlin; Vandoorne, Saskya (2025 թ․ հոկտեմբերի 19). «Thieves steal 'priceless' jewelry from the Louvre in seven-minute raid». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. Porter, Catherine; Breeden, Aurelien (2025 թ․ հոկտեմբերի 20). «In Just 7 Brazen Minutes, Thieves Grab 'Priceless' Jewels From Louvre». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. " Des bijoux d’une valeur inestimable ": le musée du Louvre cambriolé, des joyaux de la Couronne de France dérobés // Paris Match, 19/10/2025
  6. Angelique Chrisafis. Priceless jewellery stolen from Louvre in raid by ‘experienced’ thieves // The Guardian, Sun 19 Oct 2025
  7. Schofield, Hugh (2025 թ․ հոկտեմբերի 19). «How common are thefts from the Louvre?». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. Cambriolage au Louvre: «On a retrouvé une sidération similaire à celle de Notre-Dame», explique Rachida Dati
  9. 9,0 9,1 Lockhart, Alastair (2025 թ․ հոկտեմբերի 20). «Louvre remains closed after robbery of priceless jewellery leaves France 'humiliated'». The Standard (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. Stargardter, Gabriel; de La Hamaide, Sybille (2025 թ․ հոկտեմբերի 19). «What jewels did the Louvre thieves target?». Reuters. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. «Eight 'priceless' objects stolen in Louvre museum heist named – as authorities reveal details of daring raid». Sky News. 2025 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. Diadème de l’Impératrice Eugénie // Collections de Louvre
  13. Broche dite broche reliquaire // Collections de Louvre
  14. Grand noeud de corsage de l’impératrice Eugénie // Collections de Louvre
  15. Diadème de la parure de la reine Marie-Amélie et de la Reine Hortense // Collections de Louvre
  16. Collier de la parure de saphirs de la reine Marie-Amélie et de la Reine Hortense // Collections de Louvre
  17. Boucle d’oreille, d’une paire (avec OA 11033) de la parure de la reine Marie-Amélie et de la Reine Hortense // Collections de Louvre
  18. Collier en émeraudes de la parure de Marie-Louise // Collections de Louvre
  19. Paire de boucles d’oreilles en émeraudes de la parure de Marie-Louise // Collections de Louvre

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուվրի կողոպուտ (2025)» հոդվածին։