Լուսնային դեսպանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսնային դեսպանատուն
Տեսակձեռնարկություն

Լուսնային դեսպանատուն, կազմակերպություն, որը զբաղվում է Երկիր մոլորակից զատ մնացած տիեզերական մարմինների, մասնավորապես լուսնի վրա տարածքների վաճառքով և դրա հիման վրա «սեփականության վկայականների» տրամադրմամբ։ Լուսնից բացի, ընկերությունը նաև Մարս մոլորակում, ավելի հազվադեպ նաև Արեգակնային համակարգի այլ մոլորակներում վաճառում է տարածքներ՝ ևս տրամադրելով «սեփականության վկայականներ»։ Ստացված վկայականները չունեն իրավաբանական անձ, քանի որ, ըստ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (UNOOSA) 1966 թվականի Գլխավոր ասամբլեայի 2222 (XXI) բանաձևի՝ տիեզերքը, ներառյալ Լուսինը և երկնային այլ մարմինները, ենթակա չեն ազգային յուրացման՝ ոչ դրանց տիրելու իրավունքով, ոչ շահագործման, ոչ էլ որևէ այլ միջոցով օգտագործելու պայմանով[1]։ Այս վկայականները կարող են դառնալ յուօրինակ հուշանվերներ[2][3][4]։ Չնայած ընկերության վիրտուալ գործունեությանը, լուսնի վկայականները մեծ պահանջարկ ունեն և կարող են լինել զվարճալի նվերներ հարազատների և ընկերների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Կալիֆոռնիայի (ԱՄՆ) բնակիչ Դենիս Հոուփը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ բնական տիեզերական մարմինները պաշտոնապես ոչ ոքի չեն պատկանում։ Նա պնդում է, որ օրենսդրությամբ միայն պետություններն և կորպորացիաները չունեն իրավունք գնելու աստղեր և մոլորակներ, իսկ անհատների համար, ինչպես նա է կարծում, նման արգելք չկա։ Օգտագործելով օրենսդրության այս կետը՝ Դենիս Հոուփն իրեն հայտարարեց Արեգակնային համակարգի բոլոր տիեզերական մարմինների սեփականատեր, բացառությամբ Երկրի և Արեգակի։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնի և այլ մոլորակների տեսանելի կողմի մակերեսը բաժանված է հատվածների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ կոորդինատներն ու գրանցման համարը։ Լուսնային տարածքի ստանդարտ չափսը 1 ակր է, որը մոտավոր 40 ար է։ Այսպես Դենիս Հոուփը ստեղծեց տվյալների գրանցման բազա։ Յուրաքանչյուր գործարք գրանցվում է Միացյալ Նահանգներում Լուսնային դեսպանատան գլխավոր գրասենյակում և ըստ դրա տրվում է գրանցման համար։ Բացառվում է տարածքի վաճառքը միաժամանակ մի քանի անձի։ Առք ու վաճառքի պայմանագրի (վկայագրի) հետ միասին, տարածքի սեփականատերը ստանում է մոլորակի մակերևույթի քարտեզ, որի վրա նշված է իր կողմից գնված տարածքը։ Նա Սահմանադրության կողմից ստանում է նաև ձևաթուղթ, որով սահմանվում է վերջինիս իրավունքները որպես «Միջմոլորակային Հանրապետության» նոր քաղաքացի։

Յուրաքանչյուր ոք, ով Լուսնի վրա տարածք է գնում, կարող է ստանալ մի քանի տեսակի փաստաթուղթ (երբեմն առանձին վճարով)՝ «սեփականության վկայական», «Լուսնային սահմանադրություն», «Լուսնի քարտեզ» և «Լուսնային անձնագիր»։

Այլ նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Հոուփը առաջինը չէ, ով որոշել է, որ կարող է Լուսնի վրա տարածք վաճառել։ Լուսնին վաղուց շատերն էին ցանկանում տիրել։ «Ես քեզ լուսինը կնվիրեմ» արտահայտությունը դարձել է թևավոր արտահայտություն։ 1940-ական թվականներին շատերը խնդրանքով դիմեցին ԱՄՆ-ի հողերի կառավարման բյուրոյին՝ լուսնի վրա տարածք սեփականացնելու նպատակով։ 1948 թվականին Չիկագոյից Ջեյմս Թոմաս Մանգանը իրեն հայտարարել է աստղային համակարգի առաջին ներկայացուցիչը և առաջարկել է «տիեզերերական տարածքներ» վաճառել հետաքրքրված գնորդներին։ Հետագայում հաջորդեցին բազմաթիվ այլ փորձեր՝ գրավելու լուսնային տարածքներ, այլ մոլորակներ և նույնիսկ աստղեր։

Այժմ «Լուսնային դեսպանատուն» կազմակերպությունը շատ մրցակիցներ ունի։ Դրանցից ամենալուրջը «Լուսնային գրանցումն» էր, որը նույնպես զբաղվում է լուսնի վրա տարածքների վաճառքով։ Նրանց միջև տեղի ունեցան մի քանի դատական գործընթացներ, և դատավարության ընթացքում պաշտպանվեցին ոչ թե «սեփականության իրավունքները», այլ հեղինակային իրավունքները[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուսնային համաձայնագիր
  • Տիեզերքի համաձայնագիր
  • Տիեզերական մարմիններին պատճառած վնասների համար միջազգային պատասխանատվության ենթարկելու դաշնագիր
  • Մարդ, ով վաճառեց լուսինը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]