Լուսատեխնիկական ապակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսատեխնիկական ապակի, անօրգանական ապակուց պատրաստված արտադրանք՝ նախատեսված լուսային հոսքի ուղղությունը և սպեկտրային բաղադրությունը փոխելու համար։ Ըստ լուսային հոսքի ուղղության փոխելու եղանակի լուսատեխնիկական ապակիները լինում են՝ բեկող (փարոսների և լուսազդանիշների ոսպնյակներ, ավտոմեքենայի լապտերներ), անդրադարձնող (գնդային, պարաբոլային, հիպերբոլային հայելիներ), ցրող (ջահերի լուսամփոփներ և թասակներ)։ Լույսի բեկումն ու անդրադարձումը իրացվում է Լուսատեխնիկական ապակու ձևի միջոցով, իսկ ցրումը՝ ապակու մակերևույթի փայլատմամբ կամ խամրացմամբ, որի համար նրա բաղադրությանը ավելացնում են 3-7% ֆտորի կամ ֆոսֆորի միացություններ։ Գունավոր Լուսատեխնիկական ապակիները բաժանվում են հինգ խմբի, կարմիր, դեղին, կանաչ, կապույտ, լուսնասպիտակ։ Լուսատեխնիկական ապակու գունավորման համար օգտագործում են սելեն, կադմիումի, պղնձի, կոբալտի, քրոմի միացություններ։ Գունավոր լուսատեխնիկական ապակին օգտագործվում է գլխավորապես տրանսպորտային ազդանշանման համար։ Լուսատեխնիկական ապակու բաղադրության մեջ մըտնում են 60-80% Sio2, ալյումինիումի, կալցիումի, մագնեզիումի օքսիդներ։ Լուսատեխնիկական ապակի են համարվում նաև ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր և ռենտգենյան ճառագայթների կլանման կամ թողանցման համար նախատեսված ապակիները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 693