Լուսանկարչության պատմության թանգարան (Կրակով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսանկարչության պատմության թանգարան
Տեսակլուսանկարչության թանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԿրակով
ՎայրԿրակով
Ղեկավարության նստավայրԿրակով, Լեհաստան
Հիմնադրվել է1986
Կայքmhf.krakow.pl(լեհ.)
Քարտեզ
Քարտեզ

Լուսանկարչության պատմության թանգարան (լեհ.՝ Muzeum Historii Fotografii im. Walerego Rzewuskiego, ամբողջական անվանումը՝ Վալերի Ժևուսկու անվան լուսանկարչության պատմության թանգարան), թանգարան Կրակովում՝ Յուզեֆիտով փողոցի թիվ 16 հասցեում։ Թանգարանը կոչվում է կրակովցի լուսանկարիչ Վալերի Ժևուսկու անունով։ Գրանցված է թանգարանների պետական ռեգիստրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1972 թվականին՝ Կրակովի լուսանկարչական ընկերության նախագահ Վլադիսլավ Կլիմչակի նախաձեռնությամբ։ Թանգարանի առաջին հավաքածուն գտնվել է Ստարովիսլա փողոցի թիվ 13 հասցեում գտնվող Պուգետով պալատում, որտեղ տեղակայված է եղել Կրակովի լուսանկարչական ընկերությունը։ 1975 թվականին թանգարանը կոչվել է կրակովցի լուսանկարիչ Վալերի Ժևուսկու անունով։ 1982 թվականին թանգարանը տեղափոխվել է Հետմանական տուն, որը գտնվում է Գլխավոր շուկայի հրապարակի թիվ 17 հասցեում։

1986 թվականի դեկտեմբերի 31-ին թանգարանը դուրս է եկել Կրակովի լուսանկարչական ընկերությունից և դարձել անկախ մշակութային հաստատություն՝ ենթակա Մալոպոլսկի վոևոդության մշակույթի և զբոսաշրջության վարչությանը։ Լուսանկարչության պատմության թանգարանի առաջին տնօրեն է նշանակվել Վլադիսլավ Կլիմչակը։ 1989 թվականին Կրակովի պատմական թանգարանի աշխատակից Ստանիսլավ Պիվովարսկին կարճ ժամանակով եղել է թանգարանի տնօրեն։

Հատված ցուցադրությունից

1990 թվականին Վլադիսլավ Կլիմչակը հրաժարական է տվել թանգարանի տնօրենի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել է Անտոնի Պետրովսկին։ 1991 թվականի նոյեմբերին թանգարանի տնօրեն է նշանակվել Բարբարա Օխմանսկայա-Յոդլովսկայան։

1992 թվականի հուլիսին թանգարանը տեղափոխվել է Յուզեֆիտով փողոցի թիվ 16 հասցեում գտնվող նոր շենք։ 1995 թվականին թանգարանը հրատարակել է իր առաջին կատալոգը՝ «1920 թվականի խորհրդային ռազմագերիները Յան Զիմովսկու լուսանկարներում» անվանումով։ 1996 թվականի հունիսի 12-ին շենքը, որտեղ գտնվում է թանգարանը, գրանցվել է Մալոպոլսկի վոևոդության պահպանվող հուշարձանների գրանցամատյանում (№ A-1029)[1]։

1999 թվականի հունվարին Լուսանկարչության պատմության թանգարանը անցել է Կրակով քաղաքի իրավասության ներքո և ընդգրկվել քաղաքային մշակութային հաստատությունների գրանցամատյանում։ 1999 թվականի մարտի 1-ին թանգարանի շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ՝ որտեղ նշված է, որ այդ շենքում 1945-1947 թվականներին գործել է «Prafilmówkа Krakowskа» հասարակական կազմակերպությունը՝ այդտեղ կազմակերպվել է Կինեմատոգրաֆիկան եղբայրության III համագումարը, որին մասնակցել են Ստանիսլավ Շիմանսկին, Եժի Կավալերովիչը, Եժի Պասենդորֆերը և Մեչիսլավ Յագոդան։ 1999 թվականի դեկտեմբերին թանգարանի տնօրեն է նշանակվել Մաչեյ Բայեսդորֆը։

2005 թվականի աշնանը թանգարանը հրատարակել է «Յոզեֆ Պիլսուդսկին Լուսանկարչության պատմության թանգարանի լուսանկարներում» լուսանկարների կատալոգը։

2014 թվականին թանգարանն ընդգրկվել է Թանգարանների պետական ռեգիստրում։

Լուսանկարչության պատմության թանգարանում գործում են հետևյալ ցուցադրությունները՝

  • Լուսանկարչության նախապատմություն՝ Խավարի մենախուց և կախարդական լապտեր,
  • Լուսանկարչական ստուդիաների վերակառուցումը 19-րդ և 20-րդ դարերում,
  • Պատմական լուսանկարչություն՝ դագերոտիպիա, ամբրոտիպիա, ֆերրոտիպիա, պաննոտիպիա և ստերեոլուսանկարչություն,
  • Լուսանկարչական սարքերի զարգացման պատմությունն առաջին մոդելից մինչև մեր ժամանակները,
  • Լեհական «Fotoklub Polski» և «Fotoklub Wileński» լուսանկարչական ընկերությունների պատմություն,
  • Լուսանկարչական արվեստանոցների գովազդի պատմություն,
  • XX դարի 20-30-ական թվականների լուսանկարչական լաբորատորիաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Narodowy Instytut Dziedzictwa: Rejestr zabytków nieruchomych — województwo małopolskie» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսանկարչության պատմության թանգարան (Կրակով)» հոդվածին։