Լուսանկարչական հայտածիչներ
Հայտածիչներ լուսանկարչական, բաղադրություններ, որոնք օգտագործվում են լուսակինոնյութերի լուսազգայուն շերտերի վրա լույսի կամ այլ ճառագայթների ազդեցությամբ առաջացած լուսանկարչական քողարկված պատկերը տեսանելի դարձնելու համար։ Արծաթի հալոգենիդներ պարունակող լուսազգայուն նյութերի սովորական («քիմիական») հայտածման հայտածիչները հետևյալ բաղադրությամբ ջրային լուծույթներ (երբեմն ջրասպիրտային լուծույթներ, մածուկներ և այլն) են հայտածիչ նյութ (մեթոլ, հիդրոքինոն և այլն), արագացնող նյութ (լուծույթի հիմնային ռեակցիան ստեղծող՝ սոդա, բորաքս, հազվադեպ՝ կծու ալկալի և այլն), կայունացնող նյութ (միայն նատրիումի սուլֆիտ), հակաշղարշող նյութ (կալիումի բրոմիդ, բենզոտրիազոլ)։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսանկարչական հայտածիչների հատկությունները որոշվում են գլխավորապես հայտածիչ նյութերի բնույթով։ Կայունացնող նյութը պաշտպանում է լուսանկարչական հայտածիչը օդի թթվածնով արագ օքսիդանալուց, վերականգնում նրա ակտիվությունը։ Հակաշղարշող նյութն արգելակում է լուսանկարչական փառի արագ աճը հայտածման պրոցեսում։ Ընդհանուր նշանակության լուսանկարչական հայտածիչները պարունակում են նշված նյութերը հետևյալ քանակությամբ (մոլ/լ)՝
- հայտածիչ նյութ՝ 0, 05
- նատրիումի կամ կալիումի կարբոնատ՝ 0, 2-0, 3
- նատրիումի սուլֆիտ՝ 0, 2
- կալիումի բրոմիդ՝ 0, 004-0, 04
Լուսանկարչական հայտածիչների բաղադրության մեջ կարող են մտնել նաև այլ նյութեր, օրինակ, Na2SO4 (բարձրաջերմաստիճանային հայտածման ժամանակ կանխում Է էմուլսիոն շերտի փափկումը), պոլիէթիլենգլիկոլ (մեծացնում է հայտածման արագությունը), արծաթի հալոգենիդների լուծիչներ (օրինակ, կալիումի ռոդանիդը պակասեցնում է հատիճավորությունը) և այլն։ Բացի ընդհանուր նշանակության լուսանկարչական հայտածիչներից կան նաև հատուկ հայտածիչներ (մանրահատիկ և հավասարեցնող, արագ և գերարագ, դանդաղ և այլն)։ Գունավոր բազմաշերտ նյութերի հայտածման համար օգտագործվող լուսանկարչական հայտածիչները ունեն սկզբունքորեն նույն բաղադրությունը, բայց որպես հայտածիչ նյութ պարունակում են պարաֆենիլենդիամինի ածանցյալներ։
Այսպես կոչված, «ֆիզիկական հայտածման» լուսանկարչական հայտածիչները պարունակում են հայտածիչ նյութ, նատրիումի սուլֆիտ և արծաթի լուծելի աղ (սովորաբար AgNO3)։ Հայտածելիս AgNO3-ը վերականգնվում է մետաղական արծաթի մանրադիսպերս փոշում, որն ընտրողաբար նստում է լուսազգայուն շերտի լուսակայված մասերի վրա։ Ստացված պատկերն օժտված է հատիկի նուրբ կառուցվածքով և օպտիկական փոքր խտություններով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 203)։ |