Լուկիոս Կեսենիոս Պետոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուկիոս Կեսենիոս Պետոս (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), մ․ թ․ ա. I դարի հռոմեական գործիչ։ Եղել է կոնսուլ։ 61 թվականին նշանակվել է Կապադովկիայի կուսակալ և Հայաստան ուղարկված բանակի գլխավոր հրամանատար։ 61 թվականի աշնանը ներխուժել է Հայաստան՝ Հռոմին ենթարկելու նպատակով։ Մի շարք աննշան հաջողություններից հետո, ձմեռելու համար ճամբարել է Անձիտում՝ Հռանդեայի մոտ։ Տարբեր ուղղություններում հայ-պարթևական զորքերի հարձակումը կասեցնելու նպատակով մասնատել է նրա զորքը, սակայն ծանր պարտություն է կրել։ Պետոսը հարկադրված օգնություն է խնդրել Ասորիքի կուսակալ Կորբուլոնից և միաժամանակ բանակցություններ սկսել պարթևաց արքա Վաղարշ I-ի հետ։

Կնքվել է հռոմեացիների համար ստորացուցիչ հաշտություն, որով Պետոսը պարտավորվել է հանձնվել ամբողջ բանակով, հաղթողներին տալ գրաված ամրությունները, զենքն ու պարենը և անմիջապես հեռանալ Հայաստանից։ Պետոսի բանակը անցել է լծի (երեք նիզակից կազմված կամար, որի տակով անցնում էր պարտված զորքը) տակով։ Հռոմ վերադառնալով՝ ներման է արժանացել Ներոնից, իսկ կայսր Վեսպասիանոսի (69-79) ժամանակ նշանակվել է Ասորիքի կառավարիչ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովսեպոս Փլավիոս։ Դիոն Կասսիոս, Երևան, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, 4-ին հունական աղբյուրներ 1)։
  • Тацит Корнелий, Соч․, т․ 1, Л․, 1970, с․ 264, 282—287, 290—292․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։