Լորիկա սկվամատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորիկա սկվամատա

Լորիկա սկվամատա (լատ.՝ Lorica squamata - լատ.՝ lorica - զրահ և լատ.՝ squamae - թեփուկներ), թեփուկավոր զրահի տեսակ, որն օգտագործվում էր Հռոմի լեգեոններում, և հետագայում։ Կազմված էր կտորի հիմքից, որի վրա կարված էին պողպատյա կամ բրոնզե թիթեղներ։ Թիթեղները միմյանց միացվում էին մետաղալարով կամ պարանով և կազմում էին հորիզոնական շարքեր։ Շարքերը իրար ծածկում էին, կղմինդրավոր տանիքի սկզբունքով։ Սովորաբար այս տիպի զրահ էին կրում դրոշակակիրները, երաժիշտները, հարյուրապետները (ցենտուրիոններ), հեծելազորը, օժանդակ հետևակայինները, ինչպես նաև լեգեոներները։

Լորիկա սկվամատայի ամեն թեփուկը ուներ 4-ից 12 ամրացման համար նախատեղված անցքեր։ Թեփուկները ունեին 6,5×9,5 մմ-ից մինչև 5 х 8 սմ չափեր, սակայն ամենալայն տարածում ունեին 1,3 х 2,5 սմ չափեր ունեցող թեփուկները։ Թեփուկների մետաղի հաստությունը հիմնականում կազմում էր 0,5-0,8 մմ։ Թեփուկներից շատերը ունեն կորացված, սուր կամ անկյունաձև կտրված ներքևի մաս։ Թեփուկները կարող են լինել տափակեցված կամ գոգավոր, կամ ունեն ավելի բարձր եզրամաս։ Զրահում օգտագործվող բոլոր թեփուկները որպես կանոն նույն չափերն ունեն։

Հնէաբանների կողմից գտնվել է նաև զրահ, որի դեպքում Լորիկա սկվամատայի հիմք կտորի փոխարեն օգտագործվել է օղազրահ (լորիկա համատա), սակայն այս զրահը ավելի ծանր էր և թանկ[1]։

Լորիկա սկվամատան բավականին արդյունավետ պաշտպանում էր մահակների հարվածներից և նետերից։ Որակյալ պատրաստման դեպքում պաշտպանում էր նաև կտրող և կոտրող հարվածներից, սակայն չէր պաշտպանում ծակող նիզակի հարվածներից, թեփուկների փոքր հաստության պատճառով։

Այս տեսակի զրահը տարածում գտավ Սևերոսների հարստության ժամանակներում։ Լորիկա սկվամատան հիմնականում օգտագործվում էր Հռոմեական բանակի օժանդակ զորքերում և հեծելազորում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]