Լորա Մալվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորա Մալվի
անգլ.՝ Laura Mulvey
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1941(1941-08-15)[1][2] (82 տարեկան)
ԾննդավայրԱնգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍբ Պետրոսի աղջկական դպրոց[2] և Սենտ Հիլդա քոլեջ (Օքսֆորդ)[2]
Մասնագիտությունարվեստագետ, կինոռեժիսոր, կինոքննադատ, սցենարիստ, ակադեմիկոս, ռեժիսոր և պրոդյուսեր
ԱշխատավայրԲիրքբեք, Լոնդոնի համալսարան և Կինոյի բրիտանական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
 Laura Mulvey Վիքիպահեստում

Լորա Մալվի (անգլ.՝ Laura Mulvey, օգոստոսի 15, 1941(1941-08-15)[1][2], Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆեմինիստ, կինոյի տեսաբան։ Կրթությունն ստացել է Սբ. Հիլդայի քոլեջում, Օքսֆորդում։ Երկար տարիներ աշխատել է Կինոյի բրիտանական ինստիտուտում։ Ներկայումս Բիրբեքի համալսարանի կինոգիտության ու մեդիագիտության պրոֆեսոր է։

2008-2009 թվականների ուսումնական տարում որպես հրավիրված պրոֆեսոր աշխատել է Ուելսլի քոլեջում[3]։ Արժանացել է պատվավոր կոչումների. Արևելյան Անգլիայի համալսարանի հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր (2006), Կոնկորդիա համալսարանի իրավունքի դոկտոր (2009), Դուբլինի համալսարանական քոլեջի գրականության դոկտոր (2012), Եյլի համալսարանի՝ հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր (2018)[4]։

Կինոյի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալվին մեծապես հայտնի է իր «Տեսողական հաճույք և նարատիվային կինեմատոգրաֆ» էսսեով, որը գրվել է 1973 թվականին և հրատարակվել է 1975 թվականին կինոյի տեսությանը նվիրված Screen հեղինակավոր ամսագրի կողմից։ Ավելի ուշ այն հայտնվել է «Տեսողական և այլ հաճույքներ» վերնագրով էսսեների ժողովածուի մեջ, այնուհետև՝ մի շարք տարբեր անթալոգիաներում։ Նրա հոդվածը, որն ազդեցություն էր կրել Զիգմունդ Ֆրոյդի և Ժակ Լականի տեսություններից, ամենաառաջին աշխատանքներից մեկն էր, որը կինոյի տեսության այն ժամանակվա ուղղվածությունը թեքել էր դեպի հոգեբանական մոտեցման ուղղությամբ։ Դեռ Մալվիից առաջ կինոյի այնպիսի տեսաբաններ, ինչպիսիք էին Ժակ-Լուի Բորդին ու Քրիստիան Մեցը, օգտագործել էին հոգեվերլուծական գաղափարները կինոյի տեսական վերլուծության մեջ։ Մալվիի ներդրումը այն է, որ նա առաջինն է բացահայտել երեք դիսցիպլինների՝ հոգեվերլուծության, կինոյի տեսության ու ֆեմինիզմի հատումը։

Մալվին պնդում է, որ նա նպատակ ունի Ֆրոյդի ու Լականի կոնցեպտներն օգտագործել որպես «քաղաքական զենք»։ Նա օգտագործում է կոնցեպտներից մի քանիսը, որպեսզի հաստատի, որ դասական հոլիվուդյան կինոյի կինեմատոգրաֆիական ապարատը հանդիսատեսին դնում է մասկուլինյան սուբյեկտի դերում, իսկ կնոջ կերպարն էկրանին հայտնվում է որպես ցանկության օբյեկտ և ներկայացված է «տղամարդու հայացքով»։ Հոլիվուդյան կինոյի դասական դարաշրջանում հանդիսատեսն իրեն նույնականացնում էր հերոսների հետ, որոնք հիմնականում տղամարդիկ էին։ Իսկ 1950-60-ականների հոլիվուդյան կին կերպարներն ըստ Մալվիի կոդավորված էին որպես «մեկը, ում վրա ուղղված է հայացքը», միևնույն ժամանակ, տեսախցիկն ու տղամարդ հանդիսատեսը «հայացքի կրողն» էին։ Մալվին առաջարկում է այդ դարաշրջանի երկու տեսակի տղամարդկային հայացք. «վուայերիստյան» (այստեղ կինն ընկալվում էր որպես կերպար, ում նայում են) և «ֆետիշական»։

Մալվնին պնդում է, որ հոլիվուդյան հայրիշխանական համակարգը ոչնչացնելու միակ միջոցն այն արմատապես վիճարկելն է և դասական Հոլիվուդի կինեմատոգրաֆիական ռազմավարությունն այլընտրանքային ֆեմինիստական մեթոդներով բարեփոխելը։ Նա նոր ֆեմինիստական ավանգարդյան կինոաարտադրության կոչ է անում, որը ջախջախում է դասական հոլիվուդյան կինոարտադրության նարատիվային հաճույքը։ Նա գրում է. «Ասում են, թե հաճույքի ու գեղեցկության վերլուծությունը ոչնչացնում է դրանք։ Հենց դա է տվյալ հոդվածի նպատակը»։

«Տեսողական հաճույք և նարատիվային կինեմատոգրաֆ» հոդվածը դարձել է կինոտեսաբանների բազմաթիվ քննարկումների առարկա, որը տևել է մինչև 1980-ական թվականների կեսերը։ Հոդվածի քննադատները մատնանշում են, որ Մալվիի փաստարկը ենթադրում է, թե կանայք չեն կարող հաճույք ստանալ դասական հոլիվուդյան ֆիլմից, և որ նրա փաստարկները, թվում է, թե հաշվի չեն առնում այն հանդիսատեսին, որը ձևավորվում է առանց գենդերային նախանշանների։ Մալվին քննարկում է այս խնդիրներն իր 1981 թվականի հոդվածում։ «Տեսողական հաճույք և նարատիվային կինեմատոգրաֆ» հոդվածին հաջորդող հոդվածներում, որոնք ոգեշնչվել են Քինգ Վիդորի «Մենամարտ արևի տակ» ֆիլմից, նա քննարկում է մետամորֆիկ «տրանսվեստիզմը», երբ կին հանդիսատեսը կարող է տատանվել մասկուլին կոդավորման և ֆեմինիստ կոդավորման միջև՝ ունենալով վերլուծող հանդիսատեսի դիրք։ Այս գաղափարները հանգեցրել են այն տեսությանը, թե ինչպես կարելի է քննարկել համասեռամոլ, լեսբուհի և բիսեքսուալ հանդիսատեսի տեսակետները։ Այս հոդվածն ավելի վաղ է գրվել, քան ստացվել են ֆան-մշակույթների և աստեղերի հետ դրանց փոխազդեցության մասին հետազոտությունների արդյունքները։ Քվիր տեսությունը, որը մշակել է Ռիչարդ Դայերը, օգտագործել է Մալվիի աշխատությունները՝ հետազոտության բարդ պրոեկցիաները հասկանալու համար, որոնք մի շարք համասեռամոլ տղամարդիկ ու կանայք վերագրում են մի շարք կին աստղերի (օրինակ, Դորիս Դեյին, Լայզա Մինելլին, Գրետա Գարբոյի, Մառլեն Դիտրիխին, Ջուդի Գառլենդին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Laura Mulvey — 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  3. «Staff for 2008–09: Laura Mulvey». wellesley.edu. Newhouse Center for the Humanities, Wellesley College. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. «Yale awards honorary degrees to 10 individuals for their achievements | YaleNews». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորա Մալվի» հոդվածին։