Լոնդոնի անկումը
Լոնդոնի անկումը անգլ.՝ London Has Fallen | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | Մարտաֆիլմ |
| Թեմա | ահաբեկչություն և ԱՄՆ գաղտնի ծառայություն |
| Թվական | 2016 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Babak Najafi?[1][2][3][…] |
| Պրոդյուսեր | Ջերարդ Բաթլեր |
| Սցենարի հեղինակ | Քրեյգթոն Ռոթենբերգեր և Կատրին Բենեդիկտ |
| Դերակատարներ | Ջերարդ Բաթլեր[1][2][3][…], Աարոն Էքհարթ[1][2][3][…], Անջելա Բասեթ[3][4][5][…], Մորգան Ֆրիման[2][3][4][…], Ռադա Միթչել[1][3][4][…], Ռոբերտ Ֆոսթեր[6], Մելիսա Լեո[6], Ջեքի Էրլ Հեյլի[6], Mehdi Dehbi?[6], Ալոն Աբուտուլ[6], Շարլոտա Ռայլի[6], Waleed Zuaiter?[6], Կոլին Սելմոն, Bryan Larkin?, Adel Bencherif? և Լաուրա Բեռնարդեսկի |
| Օպերատոր | Ed Wild? |
| Երաժշտություն | Թրևոր Մորիս |
| Պատմվածքի վայր | Լոնդոն |
| Նկարահանման վայր | Մեծ Բրիտանիա ԱՄՆ Չեխիա Գերմանիա |
| Կինոընկերություն | Nu Image |
| Տևողություն | 99 րոպե |
| Բյուջե | 60 000 000 $[7] |
| Շահույթ | 205 754 447 $ |
| Նախորդ | Օլիմպոսի անկումը |
| Պաշտոնական կայքէջ | |
Լոնդոնի անկումը (անգլ.՝ London Has Fallen) — ռեժիսոր Բաբակ Նաջաֆիի թրիլլեր-մարտաֆիլմը, որը «Օլիմպոսի անկումը» ֆիլմի շարունակությունն է։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջերարդ Բաթլերը, Աարոն Էքհարթը և Մորգան Ֆրիմանը։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի մարտի 4-ին ԱՄՆ-ում[8], ԱՊՀ-ում (ոչ ամբողջ տարածքում) 2016 թվականի մարտի 17-ին[9]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տեղեկությունների՝ Եվրոպայում տեղի ունեցած պայթյունների հետևում կանգնած է ահաբեկիչ Աամիր Բարակավին։ ԱՄՆ կառավարությունը հայտնաբերում է նրա գտնվելու վայրը և ԱԹՍ-ի կիրառմամբ հարված հասցնում, սպանելով Բարակավիին ողջ ընտանիքի հետ միասին՝ սեփական դստեր հարսանիքի ժամանակ։
Երկու տարի անց ԱՄՆ նախագահ Բենջամին Էշերը և Հատուկ ծառայության գլխավոր գործակալ Մայք Բենինգը միասին վազքի են դուրս գալիս։ Մայքն ու իր կինը՝ Լիան, սպասում են իրենց առաջնեկին և Մայքը ցանկանում է մի փոքր արձակուրդ վերցնել՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար։ Սակայն պարզվում է, որ Բարկավին դեռ ողջ է և գտնվում է Եմենում, որտեղ էլ հանդիպում է իր որդուն՝ Քամրանին։ Հայր ու որդի սկսում են մշակել և կյանքի կոչել վրեժխնդրության ծրագիր։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջեյմս Ուիլսոնի մահվան կապակցությամբ Սպիտակ տան ղեկավարը՝ Նախագահ Էշերը, Մայքը և Գաղտնի ծառայության տնօրեն Լին Ջեյքոբսը մեկնում են Լոնդոն՝ մասնակցելու Ուիլսոնի հուղարկավորությանը։ Երբ բարձրաստիճան հյուրերը սկսում են ժամանել, Բարկավիի հրահանգով ահաբեկիչների մի խումբ հարձակում է սկսում՝ առաջին հերթին պայթեցնելով Կանադայի վարչապետի լիմուզինը։ Շուտով, զինյալները թագավորական գվարդիայի ու ոստիկանների համազգեստներով կրակ են բացում քաղաքացիական անձանց և Գերմանիայի կանցլերի վրա։ Մայքը կարողանում է տարհանել Էշերին և Ջեյքոբսին ապահով վայր, մինչ քաղաքի փողոցներում սպանդ էր ընթանում։
Ահաբեկիչներն առանց դադարի, մեկը մյուսի հետևից վերացնում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Ճապոնիայի վարչապետը զոհվում է կամրջի պայթյունի հետևանքով։ Ֆրանսիայի նախագահը, ով զբոսնում էր Թեմզայի ափին, պայթեցվում է։ Իսկ Իտալիայի վարչապետը սպանվում է Վեստմինստերյան աբբայությունում մասնավոր շրջայցի ժամանակ։ Սակայն ահաբեկիչների գլխավոր թիրախը ԱՄՆ նախագահն է, որին փորձում են փրկե հատուկ ծառայության գործակալները։
Հետապնդումից փախչելով՝ Մայքը, Էշերը և Ջեյքոբսը ուղևորվում են ռազմաբազա՝ տարհանվելու համար։ Բայց Լոնդոնի շենքերի տանիքներին տեղակայված ահաբեկիչները, Stinger տեսակի դյուրակիր հրթիռներով խոցում են նախագահի էսկորտի ուղղաթիռները։ Նախագահական ուղղաթիռը նույնպես հարված է ստանում և կործանվում։ Դրա հետևանքով Լին Ջեյքոբսը ստանում է մահացու վիրավորում, իր վերջին խոսքերն է ասում Մայքին. «Ամեն ինչ արա, որ այդ սրիկաները հատուցեն սրա համար»։
Մայքն ու Էշերը կարողանում են փախչել։ Սպիտակ տանը նախագահական վարչակազմը սարսափի մեջ էր, վախենալով, որ իրենց նախագահը և գործընկերները սպանվել են։ Մայքը փորձում է կապվել փոխնախագահ Ալլան Թրամբլի հետ և հաղորդագրություն ուղարկել, որ ինքը և Էշերը ողջ են։ Երբ Մայքն ու Էշերը անցնում են Լոնդոնի մետրոպոլիտենի ստորգետնյա թունելով, նախագահն ասում է, որ ահաբեկիչները պատրաստվում են նրա ցուցադրական մահապատժին՝ ուղիղ հեռարձակմամբ։ Նա հրամայում է Մայքին, որ եթե իրենց բռնեն, սպանի իրեն, Մայքը դժկամությամբ համաձայնվում է։
Սպիտակ տան վարչակազմը Բարկավիից ստանում են սպառնալիքներով լի տեսահաղորդագրություն․ նա հայտարարում է, որ սա վրեժ է։ Միևնույն ժամանակ Միացյալ Թագավորությունից հայտնում են Սպիտակ տանը, որ վարչապետ Ուիլսոնի դիահերձման զեկույցի համաձայն՝ նա մահացել է դիտավորյալ թունավորումից՝ հաշվարկով, որ Արևմտյան աշխարհի առաջնորդները կժամանեն նրա հուղարկավորությանը։
Լոնդոնում հայտարարվում է արտակարգ դրություն։ Մայքն ու Էշերը փորձում են հասնել ապահով վայր՝ բրիտանական ՄԻ-6-ի գաղտնի բնակարան, որտեղ ապրում է հատուկ ծառայության գործակալ Ժակլին Մարշալը, ում Մայքը վաղուց է ճանաչում։ Ջաքսը համակարգչի միջոցով պարզում է, որ ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը հենց Բարկավին է։ Նա նաև ստանում է Թրամբլի հաստատումը, որ իրենք ստացել են Մայքի հաղորդագրությունը և օգնություն են ուղարկում։
Տեսահսկողության մոնիտորներով նրանք նկատում են «Դելտա» հատուկ ջոկատի համազգեստով մարդկանց ժամանումը շենք։ Սակայն Մայքը ուշադրություն է դարձնում, որ նրանք չեն քրտնել, թեև պարտավոր էին՝ ծանր հանդերձանքով երկար ճանապարհ անցած լինելով հանդերձ։ Նրանք հասկանում են, որ ահաբեկիչները լսել են իրենց հաղորդագրությունը և պատրաստվում են հարձակման։ Սկսվում է հրաձգություն։ Մայքը շեղում է զինյալների ուշադրությունը, իսկ Ջաքսին հաջողվում է աննկատ փախչել։ Կասկածելով, որ ահաբեկիչները հավանաբար բրիտանական կառավարության բարձր պաշտոնյաներից մեկի հետ են համագործակցել, նա ուղևորվում է Սքոթլանդ Յարդ։
Մայքն ու Էշերը, ազատվելով ահաբեկիչներից, վերցնում են ՄԻ-6-ի ավտոմեքենաներից մեկը և փորձում հասնել ԱՄՆ դեսպանատուն՝ որպես ամենաապահով վայր։ Սակայն նրանց մեքենան բախվում է ահաբեկիչներով լի բեռնատարին։ Նախագահ Էշերը կորցնում է գիտակցությունը և առևանգվում է։ Թշնամիները նրան միկրոավտոբուսով արագ տեղափոխում են։
Էշերը դարանակալվում է առանձնատանը, որտեղ Քամրանը պատրաստում է նկարահանման տեխնիկա, ուղիղ հեռարձակմամբ՝ ԱՄՆ նախագահի հրապարակային մահապատժի համար։ Քամրանը մի քանի անգամ հարվածում է Էշերին՝ ստիպելով նրան նախապես զգալ ցավը։ Այդ ընթացքում Մայքը, SAS հատուկ ջոկատի մարտիկների հետ, արդեն շտապում է օգնության։ Ահաբեկիչները ուղիղ եթերում ցույց են տալիս կատարվողը ողջ աշխարհին։ Քամրանը պահանջում է, որ Էշերը ասի վերջին խոսքերը, այնուհետև պատրաստում է մաչետեն՝ նրան գլխատելու համար։ Սակայն հենց այդ պահին ներս է խուժում Մայքը և մի քանի ահաբեկիչների գնդակահարում։ Նա մենամարտի է բռնվում Քամրանի հետ, սակայն վերջինիս հաջողվում է փախչել։ Մայքը հրամայում է SAS ջոկատի հրամանատարին պայթեցնել շենքը, ինքն էլ Էշերին ձեռքից բռնած նետվում է վերելակով ներքև, արդյունքում՝ պայթյունը ոչնչացնում է շենքը, սպանվում են Քամրանը ու մնացած ահաբեկիչները։
Միաժամանակ Ջաքսը բացահայտում է, որ բրիտանական MI-5-ի ղեկավար Ջոն Լանկաստերը հենց այն պետական դավաճանն է, ով օգնել է Բարկավիին ու նրա զինյալներին։ Նա փորձում է ձերբակալել նրան, բայց դիմադրության ժամանակ Ջաքսը սպանում է Լանկաստերին։
Իսկ Բարկավին շարունակում է գտնվել Եմենում։ Փոխնախագահ Թրամբլը զրուցում է նրա հետ հեռախոսով և հենց այդ պահին ամերիկյան անօդաչու թռչող սարքը հարվածում է Բարկավիի ապաստարանին։ Բարկավին ու նրա ողջ խումբը ոչնչացվում են։
Մայքը վերադառնում է տուն, որտեղ իր ժամանակն է անցկացնում Լիայի և նորածին դստեր՝ Լինի հետ։ Նստելով համակարգչի առաջ սկսում է գրել նախագահ Էշերին դիմում՝ իր հրաժարականի մասին։ Սակայն այդ ընթացքում փոխնախագահ Թրամբլը հանդես է գալիս հեռուստաեթերում՝ ամփոփելով վերջին իրադարձությունները և ոգեշնչելով ժողովրդին Միացյալ Նահանգների մասին իր խոսքերով։ Նրա խոսքերն այնքան ուժեղ ազդեցություն են գործում Մայքի վրա, որ վերջինս ջնջում է հրաժարականի դիմումը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Ջերարդ Բաթլեր | ԱՄՆ Հատուկ ծառայության գործակալ՝ Մայք Բենինգ |
| Աարոն Էքհարթ | ԱՄՆ նախագահ՝ Բենջամին Էշեր |
| Մորգան Ֆրիման | ԱՄՆ փոխնախագահ՝ Ալլան Թրամբլ |
| Անջելա Բասեթ | ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն՝ Լին Ջեյքոբս |
| Մելիսա Լեո | ԱՄՆ պաշտպանության նախարար |
| Ռոբերտ Ֆորստեր | ԱՄՆ ԶՈՒ ԳՇ պետ |
| Ռադա Միթչել | Լիա Բենինգ |
| Շարլոտա Ռայլի | Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության գործակալ՝ Ժակլին Մարշալ |
| Վալիդ Ցայթեր | Քամրան Բարկավի |
| Շիվանի Գայի | Ամալ Մանսուր |
| Ալոն Աբուտբուլ | Ամիր Բարկավի |
| Մեհդի Դեհբի | Սուլթան Մանսուր |
| Շոն Օ'Բրայան | ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության տնօրեն՝ Ռեյ Մոնրո |
| Ջեքի Հեյլի | Սպիտակ տան վարչակազմի ղեկավար՝ Մեյսոն |
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Ջերարդ Բաթլերը, Մորգան Ֆրիմանը, Աարոն Էքհարթը, Անջելա Բասեթը և Ռադա Միտչելը կվերադառնան «Օլիմպի անկումը» ֆիլմի սիքվելում՝ «Լոնդոնի անկում» անվամբ։ Սյուժեն լինելու էր Մեծ Բրիտանիայի վարչապետի հուղարկավորության ընթացքում Լոնդոնի ուղղությամբ հարձակման մասին[10]։ Ֆիլմի արտադրությունը նախատեսվում էր սկսել 2014 թվականի մայիսին Լոնդոնում, իսկ սցենարի հեղինակները կրկին դառնալու էին Քրեյթոն Ռոթենբերգերը և Քեթրին Բենեդիկտը։
Միևնույն ժամանակ «Օլիմպի անկումը» ֆիլմի ռեժիսոր Անտուան Ֆուքուան չկարողացավ ստանձնել սիքվելի ռեժիսորությունը, քանի որ զբաղված էր այլ նախագծով[11]։
2014 թվականի մայիսի 1-ին հայտարարվեց, որ Focus Features ընկերությունը ձեռք է բերել սիքվելի հեռարձակման իրավունքները[12]։
2014 թվականի սեպտեմբերի 28-ին ռեժիսոր Բաբակ Նաջաֆին ստորագրեց պայմանագիր ֆիլմի նկարահանման համար[13]։
2014 թվականի հոկտեմբերի 10-ին Ջեքի Էրլ Հեյլին միացավ ֆիլմի դերասանական կազմին՝ մարմնավորելով ԱՄՆ պաշտպանության նախարար Մեյսոնին[14]։
Նոյեմբերի 12-ին Մեհդի Դեհբին ստացավ սուլթան Մանսուրի դերը[15]։
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի հոկտեմբերի 24-ին Լոնդոնում և տևել են չորս շաբաթ՝ Մորգան Ֆրիմանի, Աարոն Էքհարթի, Անջելա Բասեթի և Մելիսա Լեոյի մասնակցությամբ։ Նկարահանումները վերսկսվել են 2015 թվականի փետրվարին, երբ ազատվել է Ջերարդ Բաթլերը, ով մինչ այդ զբաղված էր «Գեոշտորմ» ֆիլմում։ Ամբողջ գործընթացը շարունակվել է մինչև 2015 թվականի ապրիլ[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 http://www.imdb.com/title/tt3300542/
- 1 2 3 4 http://www.the-numbers.com/movie/London-Has-Fallen
- 1 2 3 4 5 6 http://www.bbfc.co.uk/releases/london-has-fallen-film
- 1 2 3 http://www.ofdb.de/film/283256,London-Has-Fallen
- ↑ http://www.metacritic.com/movie/london-has-fallen
- 1 2 3 4 5 6 7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://variety.com/2016/film/box-office/zootopia-deadpool-box-office-1201720769/
- ↑ D'Alessandro, Anthony (2015 թ․ սեպտեմբերի 16). «'London Has Fallen' On A New Release Date: Gerard Butler Action Film To Open March 4, 2016» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Падение Лондона / London Has Fallen» (ռուսերեն). Бюллетень кинопрокатчика. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Adam Chitwood (2013 թ․ հոկտեմբերի 29). «OLYMPUS HAS FALLEN Sequel LONDON HAS FALLEN Moving Forward with Gerard Butler». Collider (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Jeremy Kay2013-10-29T18:16:00+00:00. «London Has Fallen heads to AFM». Screen (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ The Deadline Team, The Deadline Team (2014 թ․ մայիսի 1). «Focus Features Dates 'Olympus' Sequel 'London Has Fallen' For October 2015». Deadline (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- 1 2 Borys Kit, Borys Kit (2014 թ․ սեպտեմբերի 28). «Troubled 'Olympus Has Fallen' Sequel Finds Director». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «'Olympus Has Fallen' Sequel Lands Jackie Earle Haley As First New Cast Member (Exclusive)» (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Jen Yamato, Jen Yamato (2014 թ․ նոյեմբերի 13). «'London Has Fallen' Adds 'Tyrant' Thesp; Cara Buono Joins 'Paper Towns'; DC Superhero Rumors Swirl». Deadline (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- McNary, Dave (2016 թ․ հոկտեմբերի 26). «Gerard Butler to Star in 'Angel Has Fallen' Threequel». Variety (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
| ||||||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների էքշն ֆիլմեր
- 2010-ականների թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 2016 դրամա ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Դրամատուրգիա
- Թրիլեր ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Մարտաֆիլմեր
- Քրեական ֆիլմեր
- Ֆիլմեր ահաբեկչության մասին
- Ֆիլմեր կրոնի մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում