Լոթիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոթիան
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿարգավիճակScottish region?
Մտնում էՇոտլանդիա
Օրենսդրական մարմինWest Lothian Council? և East Lothian Council?
Բնակչություն858 090 մարդ (2014)
Տարածք666 քառակուսի մղոն
Հիմնադրված է1975 թ.

Լոթիան (/ˈlðiən/, անգլա-շոտլ.՝ Lowden, Loudan, -en, -o(u)n[1], գաել.՝ Lodainn), շրջան Հարթավայրային Շոտլանդիայում, որը գտնվում է Ֆորթ գետի գետաբերանի հարավային մասի ու Լամերմուր լեռների միջև։ Այստեղ գտնվող գլխավոր բնակավայրերից է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը, ինչպես նաև հանրահայտ Լիվինգստոն, Լինլիթգոու, Բաթգեյթ, Քուինսֆերի, Դալկիթ, Մասելբորո, Փրեսթոնփանս, Նորթ-Բերվիք, Դանբար և Հադինգթոն քաղաքները։

Պատմականորեն Լոթիան կոչվել է այժմյան հարավարևելյան Շոտլանդիայի մեծ մասն զբաղեցրած տարածքը։ 7-րդ դարում այն անցել է անգլերի Բերնիցիա թագավորության տիրապետության տակ, որը հետագայի Նորթումբրիա թագավորության հյուսիսային հատվածն էր, սակայն անգլերի հսկողության տակ երկար չի մնացել, որովհետև պիկտերը հաղթել են նրանց ու մոտավորապես 10-րդ դարում Լոթիանը կցվել է Շոտլանդիայի թագավորությանը[2]։

Հետագա պատմության ընթացքում տարածքը բաժանվել է երեք շրջանների՝ Միդլոթիան, Արևելյան Լոթիան և Արևմտյան Լոթիան։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոթիան Բուրնը Էդինբուրգի Լիթլ Ֆրանս արվարձանով հոսելիս

Անվան ծագումը վիճահարույց է։ Հավանաբար այն ծագել է բրիտերեն*Lugudūniānā (ժամանակակից վալլիերեն ուղղագրությամբ Lleuddiniawn) բառից, որը նշանակել է «Լուգուսի ամրոցի երկիր», որը կելտական դիցաբանության մեջ առևտրի աստվածն էր[3]։ Կարող է նաև անունն ստացած լինել այս տարածքով հոսող գետակից, որն այսօր կոչվում է Լոթիան Բուրն և որի անունը ծագում է բրիտանական lutna բառից, որը նշանակում է «ցեխոտ առվակ»[4] կամ*lǭd բառից, որն իմաստային կապ ունի հեհեղի հետ (տե՛ս Լիդս)[5] կամlǖch բառի հետ, որը նշանակում է «պայծառ, փայլուն»[5]։

Հայտնի լեգենդ կա այն մասին, որ անունը ծագել է Լոթ արքայի անունից, որն արթուրյան լեգենդներում Լոթիան թագավորն էր։ Անվան լատիներեն տարբերակը Laudonia է[4]։

Լոթիանն անգլերի տիրապետության տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Լոթիանում գտնվող Թրափրեյն Լո սարը, որի վրա ըստ ավանդության եղել է Լոթ թագավորի մայրաքաղաքը

Լոթիանն անգլերով բնակեցվել է վաղ շրջանում և կազմել Բերնիցիա թագավորության մի մասը, որը տարածվում էր դեպի հարավ՝ մինչև մերօրյա Նորթումբերլանդիա։ Շատ տեղանուններ վկայում են այն մասին, որ վեցերորդ դարից սկսած անգլերենը լայն տարածում է ունեցել այս տարածքում։ Անգլա-սաքսոնական կառույցների ավերակներ են հայտնաբերվել Աբերլեյդիում բազմաթիվ այլ արտեֆակտների հետ, այդ թվում՝ 9-րդ դարի անգլա-սաքսոնական մետաղադրամը[6]։

Շատ քիչ բան է հայտնի այս ժամանակաշրջանի Լոթիանի պատմությունից։ Այժմյան Յորքշիրի տարածքում նորվեգացիների բնակեցումից հետո Նորթումբրիան բաժանվել է երկու մասի, և թե որքան ազդեցություն են կրել անգլերը նորվեգացիներից, անհայտ է։ Բերնիցիան գոյություն է ունեցել որպես առանձին տարածք, որն ըստ որոշ նկարագրությունների, ունեցել է թագավոր, այլ նկարագրություններում՝ կոմս։ Այն առանձնանում էր մյուս անգլիական տարածքներից մերօրյա Շոտլանդիայի տարածքում գտնվող քրիստոնեական թագավորությունների հետ իր կապերի շնորհիվ, և ընդհանրություններ չի ունեցել հարավի՝ նորվեգական տիրապետության տակ գտնվող տարածքների հետ։ Ռոջեր Վենդովերցին գրել է, որ Անգլիայի արքա Էդգարը Laudian -ը 973 թվականին շնորհել է շոտլանդացիների թագավորին պայմանով, որ նա ենթարկվի, երբ էլ որ անգլիական թագավորը կամ նրա հաջորդները կրեն իր թագը։ Միջնադարյան պատմաբաններն ընդունել են, որ այդ պահից Լոթիանն անցել է շոտլանդական տիրապետության տակ։ Թվիդ գետը դարձել է de facto անգլաշոտլանդական սահմանը 1018 թվականի Քարհեմի ճակատամարտից հետո։

Վիլհելմ I Նվաճողը ներխուժել է Լոթիան ու անցել Ֆորթ գետը[7], բայց չի վերամիավորել այն։ Անգլո-սաքսոնական ժամանակագրություններում այս ժամանակահատվածի Լոթիանը հայտնի է Loðen կամ Loþen անուններով։ 1091 թվականին վերոնշյալ աշխատությունը նշում է, թե ինչպես Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ III-ը «իր բանակով Շոտլանդիայից դուրս եկավ դեպի Լոթիան», իսկ թագավոր Դավիթ I Շոտլանդացու օրոք Լոթիանում բնակվող մարդիկ բնութագրվել են որպես թագավորի «անգլիացի» հպատակներ։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետ-հռոմեական ժամանակաշրջանում Լոթիանում գերակշռում էին բրիտախոսները, որոնց լեզուն սովորբար անվանվում է քամբրիերեն ու սերտորեն կապված է վալլիերենի հետ։ Ըստ ուելսական ավանդության՝ Լոթիանը «Հին Հյուսիսի» (Hen Ogledd) մաս էր կազմում։ Այդ մասին վկայում են տեղանունները՝ Տրանենտը, Լինլիթգոուն, Փենիքուիկը[8]։

Անգլա-սաքսոնական ժամանակաշրջանում Հին անգլերենի նորթումբերական բարբառն է օգտագրործվել այս տարածքում։ Սկզբնապես սահմանափակվելով միայն Լոթիանով՝ լեզուն աճել, փոփոխվել ու տարածվել է դեպի Շոտլանդիայի հարթավայրերն ու դարձել շոտլանդերենը։ Լոթիանում անգլիական ծագմամբ տեղանուններից են՝ Հադդինգթոնը, Ինգլիսթոնը և Բրոքսբուրնը։

Լինելով Շոտլանդիայում այն փոքրաթիվ տարածքներից մեկը, որտեղ Գելական շոտլանդերենը երբեք գերիշխող չի եղել, այդ լեզվով տեղանունների առկայությունը[8][9] վերագրվել է «կելտախոս հողատեր արիստոկրատիայի ու նրանց հաջորդների ժամանակավոր ներկայությանը 150-200 տարվա ընթացքում»[10]։

Տեղական կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի տեղական կառավարման ակտով լուծարվել են կոմսության խորհուրդներն ու քաղաքային միաբանություններն ու դրանց փոխարեն ստեղծվել մարզերն ու շրջանները։ 1975 թվականի մայիսին Լոթիանի մարզային խորհուրդը պատասխանատվությունը վերցրել է կոմսության խորհուրդներից։ Լոթիանի տարածաշրջանը բաժանվել է չորս մասի՝ արևելյան, կենտրանական, արևմտյան Լոթիաններ ու Էդինբուրգ քաղաք։ Խորհուրդը պատասխանատու էր կրթության, սոցիալական աշխատանքի, ջրի, կոյուղու համակարգի ու տրանսպորտի համար (ներառյալ Էդինբուրգի ներսում աշխատող ավտոբուսները)։

1994 թվականի տեղական կառավարման ակտով Լոթիանի մարզային խորհուրդը փոխարինվել է նախկին չորս շրջանների առանձին խորհուրդներով։

Փենթլենդ Հիլզ լեռնաշղթան Լոթիանում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dictionary of the Scots Language :: SND :: Lowden prop. n». Dsl.ac.uk. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  2. «Ancient Lothian Timeline». Cyberscotia.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  3. Koch, John, Celtic Culture, ABC-CLIO, 2006, p. 1191.
  4. 4,0 4,1 Harris, Stuart (2002). The Place Names of Edinburgh: their Origins and History. London, England; Edinburgh, Scotland: Steve Savage Publishers Ltd. ISBN 978-1904246060.
  5. 5,0 5,1 James, Alan. «A Guide to the Place-Name Evidence» (PDF). SPNS - The Brittonic Language in the Old North. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Important Anglo Saxon remains discovered in East Lothian». www.historyscotland.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  7. Anglo-Saxon Chronicle
  8. 8,0 8,1 «Ancient Lothian». Cyberscotia.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  9. Craig Cockburn (2005 թ․ նոյեմբերի 2). «Gaelic roots need to be unearthed». BBC News.
  10. W. F. H. Nicolaisen (2001). Scottish Place Names. John Donald Publishers. էջ 240. ISBN 978-0-85976-556-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Lothianին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։