Լոգան (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոգան
անգլ.՝ Logan
Mount Logan.jpg
Տեսակ լեռ
Երկիր Կանադա Կանադա
Վարչատարածքային միավոր Յուկոն
Աշխարհագրական
տեղադրություն
Յուկոն
Լեռնաշղթա Կորդիլերներ
Մասն է Սուրբ Իլյայի լեռներ
Բարձրություն (ԲԾՄ) 5956
Հարաբերական
բարձրություն
5247
Պահպանման տարածք Կլուեյն
Նյութ Գրանիտ
Առաջին վերելք 23 հունիսի, 1925
Կոորդինատներ: 60°34′2.0000000992001″ հս․ լ. 140°24′10.000000107958″ ամ. ե. / 60.567222222249775143° հս․. լ. 140.40277777780775637° ավ. ե. / 60.567222222249775143; 140.40277777780775637

Լոգան (անգլ.՝ Logan), Կանադայի ամենաբարձր լեռնագագաթը (5956 մ ծովի մակարդակից): Հյուսիսային Ամերիկայում բարձրությամբ երկրորդ լեռն է Դենալիից հետո: Գտնվում է Կլուեյն ազգային պարկի տարածքում` Յուկոնի հարավարևմտյան մասում: Ալյասկայի սահմանից 40 կմ է հեռու:

Լեռնագագաթն առաջին անգամ նվաճել են 1925 թվականի հունիսի 23-ին մի խումբ լեռնագնացներ, այդ թվում` Ալբերտ Մակարտին, Ուիլյամ Ֆոսթերը, Էնդի Թեյլորը, Նորման Ռիդը, Ալեն Կարպը և Ֆրեդերիկ Լամբերտը:

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին ամերիկացի երկրաբան, աշխարհագրագետ Իսրայել Ռասելը, ով զբաղվում էր Ալյասկայի ուսումնասիրությամբ, Սուրբ Իլյայի լեռնագագաթի նկարագրության ժամանակ լեռնագագաթին տվել է կանադացի աշխարհագրագետ, Կանադայի Երկրաբանական ծառայության հիմնադիր Վիլյամ Էդմոնդ Լոգանի անունը (անգլ.՝ William Edmond Logan):

2000 թվականին Կանադայի վարչապետ Ժան Կրետյենը առաջարկել է լեռնագագաթն անվանել Տրյուդո` ի պատիվ կանադացի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Պիեռ Էլիոթ Տրյուդոյի, ով ոչ վաղ անցյալում էր մահացել: Առաջարկը բացասական արձագանք է գտել հասարակության շրջանում, և լեռնագագաթի «Լոգան» անունը պահպանվել է:

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոգան լեռան 3D պատկեր

Լոգան լեռնագագաթը գտնվում է Կլուեյն ազգային պարկի տարածքում` Յուկոնի հարավարևմտյան մասում: Ծովի մակարդակից նրա բարձրությունը 5956 մ է, իսկ հարաբերական բարձրությունը` 5247 է: Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռնագագաթի` Դենալիի հեռավորությունը Ալյասկայի ծոցից 100 կմ է հարավից, իսկ Ալյասկայի հետ սահմանը` 40 կմ արևմուտքից[1]:

Լոգանի լեռնազանգվածը ամենամեծերից մեկն է աշխարհում: Լեռնահիմքի ընդգրկումը ավելի քան 100 կմ է: 5.000 մ բարձրության վրա կա սարահարթ, որ ձգվում է 20 կմ:

Լոգանի վերին մասը ծածկված է սառցադաշտով, որի հաստությունը առանձին տեղերում կազմում է 300 մ: Որոշ գնահատականներով սառցածածկույթի ստորին մասի տարիքը կարող է լինել մի քանի հարյուր հազար տարի, քանի որ ջերմաստիճանը լեռան վրա ժամանակի ընթացքում աննշան փոփոխություններ է կրել:

Լեռնագագաթի բարձրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1992 թվականը լեռնագագաթի ճշգրիտ բարձրությունը հայտնի չէր: Տարբեր գնահատականներով այն կազմում էր 5950-6050 մ: 1992 թվականի մայիս-հունիս ամիսներին Կանադայի աշխարհագրական ընկերությունը Կանադայի Երկրաբանական ծառայության և «Կանադայի պարկեր» կազմակերպության հետ կազմակերպել է գիտարշավ, որի արդյունքում ընդունվել է լեռան ներկայումս հայտնի բարձրությունը:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոգանի կլիմայական պայմանները մեծ մասամբ պայմանավորված են Ալյասկային մոտ գտնվելու փաստով: Ծոցի վրա գերիշխում է մթնոլորտային ցածր ճնշումը, իսկ Խաղաղ օվկիանոսի կողմից սառը, խոնավ քամի է փչում ափի և Սուրբ Իլյայի լեռնազանգվածի ուղղությամբ: Բարձրանալով 2.000 մ և ավելի` օդային զանգվածները սառչում են` տեղումների ձևով ցած թափվելով: Լեռնագագաթի մոտ քամու արագությունը ամռանը կարող է հասնել 30 կմ/ժ-ի, իսկ ձմռանը` 100 կմ/ժ-ի: Տեղումների տարեկան քանակը կախված է բարձրությունից. 3.000-4.000 մ բարձրություններում այն կարող է կազմել 4 մ ձյուն, իսկ 5.000 մ բարձրությունում` ընդամենը 0.5 մ ձյուն:

Տարեկան միջին ջերմաստիճանը 5.000 մ բարձրությունում ամռանը լինում է −2 °C, իսկ ձմռանը` −45 °C, միջին ջերմաստիճանը տարվա կտրվածքով −27 °C է: Այս բարձրությունում ձյան և սառցաշերտի հալոցք հազվադեպ է գրանցվում: Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռան վրա գրանցվել է 1991 թվականի մայիսի 26-ին` −77 °C:

Լեռան նվաճումների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնագնացները Լոգանի վրա

1922 թվականին Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Կոլեմանը Կանադայի Ալպյան ակումբին առաջարկել է կազմակերպել արշավ Լոգանի գագաթ, որ մինչ այդ դեռևս չէր նվաճվել: Արշավախմբի ղեկավար է ընտրվել Բրիտանական Կոլումբիայից լեռնագնաց Ալբերտ Մակարտին: Խմբի կազմում էին նաև Ուիլյամ Ֆոսթերը, Էնդի Թեյլորը, Նորման Ռիդը, Ալեն Կարպը, Ֆրեդերիկ Լամբերտը[2]:

1923-1924 թվականներին մշակվում է լեռան ստորոտ տանող օպտիմալ ուղին, քանի որ ենթակառուցվածքները այդ ժամանակ Կանադայում շատ թույլ էին զարգացած: 1924 թվականին կազմակերպվել է հետազոտական գիտարշավ, որին հաջողվել է հասնել Ալյասկայի Մակ Կարտի փոքրիկ քաղաքը, որտեղից սկսվում էր հետիոտնային ուղին[3]: 5 օրում անցնելով 140 կմ ճանապարհ` գիտարշավը հասնում է Չիտին սառցադաշտին: Կենդանիներին թողնելով` նրանք շարունակում են ճանապարհը սառցադաշտով դեպի լենագագաթի ստորոտ, որին հասնելու համար դեռ պետք էր հաղթահարել 70-80 կմ[4]:

Վերելքը բարդացնում էր մեծ քանակությամբ լրացուցիչ պաշարը: Մայիսի 25-ին նրանք հասան 2377 մ բարձրության` Օգիվլի սառցադաշտին, հունիսի 6-ին հատեցին 3.110 մ բարձրությունը` հասնելով Քինգի շրջադարձին: Հունիսի 16-ին` անվտանգ երթուղու փնտրտուքից հետո, խումբը հաջողությամբ հասնում է 5.090 մ բարձրության վրա գտնվող սարահարթ, որ տանում էր դեպի գագաթ: Մի քանի օր հարմար կլիմայի սպասելուց հետո 1925 թվականի հունիսի 23-ին, չնայած ուժեղ քամուն ու վատ տեսանելությանը, Ալբերտ Մակարտին հինգ լեռնագնացների հետ հաջողությամբ հասնում է լեռան գագաթին: Խումբը հուլիսի 15-ին Արդեն վերադարձել էր Մակ Կարտի: Արշավի տևողությունը Մակ Կարտիից դեպի գագաթ և հակառակ ուղղությամբ տևել է 65 օր: Ճանապարհի երկարությունը կազմել է 440 կմ[5]:

Դրանից հետո հաջորդ անգամ Լոգան են բարձրացել երկու արշավախումբ 25 տարի անց` 1950 թվականին` կրկնելով առաջին երթուղին:

Այլ երթուղիներով նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականի հուլիսի 19-ին Դոն Մոնկը, Ջիլ Ռոբերտսը առաջին անգամ լեռնագագաթը նվաճել են արևելյան թևով[6]: 1965 թվականի օգոստոսի կեսերին Դիկ Լոնգը, Ալեն Սթեքը, Ջոն Էվանսը, Ֆրանկլին Կոլը և Պոլ Բեկոնը առաջին անգամ լեռնագագաթ են հասել Համինգբյորգով (անգլ.՝ Hummingbird)[7]: Վորբլյոյով ուղին առաջին անգամ 1977 թվականին հաղթահարել են կանադացիներ Դեյվ Ջոնսը, Ֆրանկ Բաումանը, Ֆրեդ Տիսյենը, Ջեյոմ Պեյջեմը և շվեյցարացի Ռենե Բուչերը[8]: 1979 թվականի հուլիսի 19-ին 22 օր տևած ուղևորությունից հետո Մայքլ Դաունը, Փոլ Քինդրին, Ջոն Հոուվը և Ջոն Վիտմայերը լեռնագագաթ են բարձրացել հյուսիսարևմտյան թևով: Նույն թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը հյուսիսարևմտյան թևով լեռնագագաթ են բարձրացել Ռայմոնդ Յոտերանդը, Ալան Բուրգեսը, Ջիմ Էլզինգը, Ջոն Լաֆլան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chic Scott, 2000, էջ` 96
  2. Chic Scott, 2000, էջ` 96—97
  3. Chic Scott, 2000, էջ` 97—99
  4. Chic Scott, 2000, էջ` 99—100
  5. Chic Scott, 2000, էջ` 100—102
  6. Andy Selters, 2004, էջ` 170—171
  7. Andy Selters, 2004, էջ` 179—182
  8. Chic Scott, 2000, էջ` 319—320

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]