Լյուսիեն Բոնապարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուսիեն Բոնապարտ
ֆր.՝ Lucien Bonaparte
François-Xavier Fabre (Studio) - Portrait de Lucien Bonaparte.jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և գրող
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 21, 1775(1775-05-21)[1][2]
Ծննդավայր Այաչչո
Վախճանի օր հունիսի 29, 1840(1840-06-29)[1][3][2][4] (65 տարեկանում)
Վախճանի վայր Վիտերբո, Լացիո, Իտալիա
Դինաստիա Բոնապարտներ
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Հայր Կառլո Բուոնապարտ
Մայր Լետիցիա Ռամոլինո
Ամուսին Alexandrine de Bleschamp և Christine Boyer
Զավակներ Charlotte Bonaparte Gabrielli, Պիեռ Բոնապարտ Նապոլեոն, Letitia Christine Bonaparte, Charles Lucien Bonaparte, Louis Lucien Bonaparte, Paul Marie Bonaparte, Antoine Bonaparte, Joseph Lucien Bonaparte, Maria Alessandrina Bonaparte և Princess Christine Charlotte Alexandrina Égypte Bonaparte
 
Ինքնագիր Lucien-Bonaparte Autograph.svg
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ

Լյուսիեն Բոնապարտ (ֆր.՝ Lucien Bonaparte, մայիսի 21, 1775(1775-05-21)[1][2], Այաչչո - հունիսի 29, 1840(1840-06-29)[1][3][2][4], Վիտերբո, Լացիո, Իտալիա), Կանինոյի առաջին արքայազն 1814 թվականից, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար (1799-1800), Նապոլեոն Բոնապարտի փոքր եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլո Բուոնապարտյի և Լետիցիա Ռամոլինոյի երրորդ որդին է, Նապոլեոն Բոնապարտի փոքր եղբայրը: 7 տարեկանից ավագ եղբոր՝ Ժոզեֆի հետ սովորել է Օտյունում, այնուհետև տեղափոխվել է Բրիեն լը Շատո, որտեղ հանդիպել է երկրորդ եղբորը՝ Նապոլեոնին: Լյուսիենը չէր ցանկանում ընդունվել զինվորական ծառայության, նա որոշել էր իրեն նվիրել հոգևոր կարիերային և ընդունվել է Էքս ան Պրովանսի սեմինարիա: Ֆրանսիական հեղափոխությունը նրան ստիպել է վերադառնալ Այաչչո: 15 տարեկանում դարձել է Պասկուալ Պաուլիի քարտուղարը: 1793 թվականին լքել է Պաուլիին և ընտանիքի մյուս անդամների հետ անցնելով Ֆրանսիայի և Կոնվենտի կողմը՝ վտարվել է կղզուց և բնակություն հաստատել Պրովանսում: Այնտեղ նա օգտվել է ավագ եղբոր՝ Ժոզեֆի փաստաթղթերից, որոնք նրան 7 տարով մեծ էին դարձնում: 1794 թվականին ամուսնացել է պանդոկապանի դստեր՝ Քրիստինա Բուայնեի հետ:

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսիենը, ինչպես և եղբայրները, Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի անկումից հետո խիստ վարկաբեկվել է: 1795 թվականին Լյուսիենը ձերբակալվել է և բանտարկվել, որտեղ մնացել է վեց ամիս, և միայն Պոլ Բարրասի շնորհիվ է Նապոլեոնին հաջողվել ազատել նրան: Շուտով նա Ռեյնլանդի բանակում զբաղեցրել է ռազմական կոմիսարի պաշտոնը, ապա նույն պաշտոնն զբաղեցրել է Կորսիկայում: Նապոլեոնի փառքի շնորհիվ նրան հաջողվել է ընտրվել Լիամոնի դեպարտամենտի Հինգհարյուրի խորհրդում: Լյուսիեն Բոնապարտը, գլխավորելով Հինգհարյուրի խորհուրդը, վճռորոշ դեր է խաղացել 1799 թվականի բրյումերի 18-ի (նոյեմբերի 9) պետական հեղաշրջման ժամանակ: Արդյունքում ամբողջ իշխանությունը կենտրոնացվել է Առաջին կոնսուլի՝ Նապոլեոն Բոնապարտի ձեռքում, որը երկրում ստացել է դիկտատորի լիազորություններ: Լյուսիենն սկզբում նշանակվել է ներքին գործերի նախարար, իսկ 1800-1801 թվականներին գտնվել է դիվանագիտական ծառայության մեջ:

Լյուսիենն աչքի էր ընկնում իր գերատեսչությունն անփույթ վարելով և կասկածելի ազնվությամբ, այդ պատճառով էլ Նապոլեոնը եղբորն ազատել է իր պարտականություններից և ուղարկել պատվավոր աքսորի՝ նշանակելով Իսպանիայի դեսպան: Մադրիդում նրան հաջողվել է շահել Կառլ IV-ի համակրանքը և հասնել Պորտուգալիայի դեմ Իսպանիայի ու Ֆրանսիայի միջև դաշինք կնքելուն: 1802 թվականին՝ դիվանագիտական մի քանի անհաջող քայլերից հետո, նա վերադարձել է Փարիզ և հարուստ ռանտյեի կյանք վարել:

1800 թվականին՝ կնոջ մահից հետո, մնալով 2 դուստրերի հետ, ամուսնացել է Ալեքսանդրինե Բլեշամի հետ, որը 1803 թվականին որդի է ունեցել՝ Կառլ Լյուսիենին: Նրա ամուսնությունն առաջացրել է Նապոլեոնի դժգոհությունը, որը հայտարարել է, որ ինքն այդ ամուսնությունը երբեք օրինական չի ճանաչի: Դրանից հետո Լյուսիենը կնոջ հետ հեռացել է Հռոմ, որտեղ ապրել է՝ օգտվելով Պիոս VII պապի բարեհաճությունից: Վերջինս նրան տվել է Կանինո քաղաքի մոտ գտնվող Վիտերբոյի հողերը և Լյուսիենին հռչակել Կանինոյի իշխան: Նապոլեոնը մի քանի անգամ Լյուսիենին առաջարկել է Էտրուրիայի թագը վերջինիս ամուսնալուծության պայմանով, և 1807 թվականին Մանտովայում նրա հետ անձամբ հանդիպելով ու եղբոր կողմից վճռական մերժում ստանալով՝ նրան արգելել է մնալ Հռոմում: 1810 թվականին Լյուսիենը մեկնել է ԱՄՆ, բայց ճանապարհին բռնվել է անգլիացիների կողմից և տեղափոխվել Մալթա, այդտեղից էլ Պլիմուտ: Հաշտվելով Նապոլեոնի հետ՝ նա ամբողջ ուժով նպաստել է Էլբա կղզուց նրա վերադարձին: Հարյուր օրից հետո Լյուսիենը բոլոր Բոնապարտների հետ ստիպված է եղել լքել Ֆրանսիան: Մահացել է 1840 թվականին աքսորի մեջ:

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Բուայնե՝ Լյուսիեն Բոնապարտի առաջին կինը: Դիմանկարի հեղինակ՝ Ժան-Բատիստ Իզաբե: 19-րդ դարի առաջին քառորդ: Նապոլեոնի թանգարան, Հռոմ

Քրիստինա Բուայնեի հետ (1773-1801) ամուսնությունից ունեցել է 4 երեխա՝

  1. Շառլոտա (1795-1865), սկզբում (1815 թվականից) ամուսնացած է եղել դոն Մարիոյի, ապա (1842 թվականից)՝ ասպետ Սետիմիո Սենտամորիի հետ:
  2. որդի (ծնվել և մահացել է 1796 թվականի մարտի 13-ին)
  3. Վիկտորի Գերտրուդա (1797-1797)
  4. Քրիստինա Եգիպտացի (1798-1847), ամուսնացած է եղել նախ շվեդ կոմս Արվեդ Պոսսեի (1818-1824), ապա (1824 թվականից) լորդ Դադլի Քաութս-Ստյուարտի հետ (Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ II-ի հետնորդ):

Ալեքսանդրինե դե Բլեշամի (1778-1855) հետ ամուսնությունից Լյուսիենն ունեցել է 10 երեխա.

  1. Շառլ Լյուսիեն (1803-1857), Կանինոյի կոմս, վաստակավոր կենդանաբան, 1822 թվականին ամուսնացել է Ժոզեֆ Բոնապարտի դուստր Զենաիդայի հետ
  2. Լետիցիա (1804-1871) – ամուսինը (1821 թվականից)՝ Թոմաս Վայնզ
  3. Ժոզեֆ (1806-1807)
  4. Ժաննա (1807-1829), ամուսինը (1825 թվականից)՝ Օնորատո, Օնորատոյի մարկիզ
  5. Պոլ Բոնապարտ (1808-1827)
  6. Լուի Լյուսիեն (1813-1891), լեզվաբան, բասկերենի մասնակգետ, ամուսնացած է եղել Մարիա-Աննա Չեկկիի (1832-1850 թվականներին) և Կլեմենս Ռիչարդի (1891 թվականից) հետ
  7. Պիեռ Նապոլեոն (1815-1881), կինը՝ բանվորի դուստր Յուսթին Էլեոնոր Ռյուֆեն
  8. Անտուան (1816-1877), կինը (1839 թվականից)՝ Կառոլինա Մարիա Աննա Կարդինալի
  9. Մարիա Ալեքսանդրինա (1818-1874), ամուսինը (1836 թվականից)՝ Վինչենցո, կոմս Վալենտինի դի Լավիանո
  10. Կոնստանցիա (1823-1876), Հռոմի Սուրբ Սիրտ վանքի մայրապետ

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականությունից ազատ ժամանակ Լյուսիեն Բոնապարտն զբաղվել է գրականությամբ և 1799 թվականին տպագրել «La Tribu indienne, ou Edouard et Stellina» (Հնդկական ցեղ, կամ Էդուարդ և Ստելլինա) վեպը: 1834 թվականին մեկը մյուսի հետևից լույս են տեսել 2 ստեղծագործություններ՝ «La Verité sur les Cent-Jours» (Հարյուր օրվա ճշմարտություն, Փարիզ, 1835), «Mémoires de Lucien Bonaparte, prince de Canino, écrits par lui-même» (Լյուսիեն Բոնապարտի հուշերը՝ գրված իր կողմից, Փարիզ, 1836), որոնք լայն տարածում են ստացել: Վերջինում նա նկարագրել է իր պատանեկան տարիները: Նա նաև գրել է «Charlemagne ou l'Église sauvée» (Շառլեման կամ եկեղեցու ազատումը, 26 մասից կազմված պոեմ, Փարիզ, 1815) և «La Cyrnéïde ou la Corse sauvée» (Սիրնեիդա կամ Կորսիկայի ազատումը, Փարիզ, 1819) պոեմները:

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - Լյուսիեն Բոնապարտ / Lucien Bonaparte, le frère rebelle (ռեժիսոր՝ Դոմինիկ Լանզալավի / Dominique Lanzalavi)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]