Լյուիս կղզու շախմատ
Լյուիս կղզու շախմատ, 78 շախմատային խաղաքարերից բաղկացած հավաքածու, պատրաստվել է միջնադարում: Մեծամասնությունը պատրաստված է ծովացուլի ժանիքից, իսկ մնացածը` կետի ատամից: Խաղաքարերը հայտնաբերվել են 1831 թվականին շոտլանդական Լյուիս կղզում: Ենթադրվում է, որ խաղաքարերը օգտագործվել են ոչ միայն շախմատ խաղալու համար, այլև հնեֆատաբլ (hnefatafl) խաղի համար[1]:
Ներկայումս 11 խաղաքարերը գտնվում են Շոտլանդիայի ազգային թանգարանում[2], մնացած 82-ր (ներառյալ շաշկին և գոտին)` Բրիտանական թանգարանում[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանձը հայտնաբերվել է Պեննի-Դոնալդ գյուղի բնակիչներից մեկի` Մալկոլմ Մակլաուդի կողմից, 1831 թվականին, կզղու արևմտյան ափին, Ուիգ նեղուցի շրջանում: Մինչև այսօր հասկանալի չէ, որն էր գտածոյի ճիշտ կազմը. թերթերի առաջին հրապարակումներում ասվում էր, որ գտնվել է մոտ 70 խաղաքար, այսօր ցուցադրվում են 78-ը, ենթադրվում է նաև, որ խաղաքարերը եղել են ամենաքիչը 4 հավաքածու[4]): Իր գտածոն հաջողակ գյուղացին անմիջապես վաճառել է Ստորնովեյի վաճառական Ռոդրիկ Պիրին:
Խաղաքարերի առաջին հասարակական ցուցադրությունը եղել է Ռոդրիկ Պիրի թույլտվությամբ 1831 թվականի ապրիլի 11-ին Էդինբուրգում կայացած Շոտլանդիայի հնավաճառների կազմակերպության ժողովում: Կարճ ժամանակ անց խաղաքարերը 30 ֆունտ ստերլինգով գնել է Էդինբուրգի վաճառական Տ. Ա. Ֆորեստը` այն ավելի թանկ գնով վաճառելու ակնկալիքով: Շոտլանդիայի հնավաճառների կազմակերպության հետ պայմանավորվածության չգալով` Ֆորեստը դիմում է Բրիտանական թանգարանին, որտեղ ծանոթանում է Ֆրեդերիկ Մեդենի հետ, վերջինս կարողացել էր թանգարանի ղեկավարության մոտ հետաքրքրություն առաջացնել այն գնելու համար: Սակայն, գնի հարցում չկարողացան պայմանավորվել: Մեդոնի օրագրում 1831 թվականի հոկտեմբերի 17-ին գրված է. «Շախմատի գինը 100 գինեյ է: Վախենում եմ, որ եթե հոգաբարձուների խորհուրդը չվճարի այդ գումարը, հավաքածուն կվաճառվի մասերով, և դա մեծ ողբերգություն կլինի»: Թանգարանի աշխատակիցները պնդում էին այն գնել 80 գինեյով:
Երկար բանակցությունների արդյունքում 1832 թվականի հունվարին Բրիտանական թանգարանի սեփականությունն են դառնում 82 առարկա` 67 խաղաքար, 14 շաշկի և մեկ գոտու ամրակ: Այդ նույն ժամանակ Շոտլանդիայի հնավաճառների կազմակերպության անդամ Չարլզ Կիրկպատրիկը Ֆորեստից ձեռք է բերում 10 խաղաքար, իսկ ավելի ուշ իր հավաքածուին ավելացնում է 11 ցուցանմուշ փիղ (շախմատ), որը նրան վաճառում են Լյուիս կղզում: Այս գնումից ենթադրվում է, որ Ֆորեստին հասել էր ոչ ամբողջ գանձը:
Կիրկպատրիկ Շարպը իր խաղաքարերին տիրում էր ավելի քան 20 տարի, երբ 1851 թվականի հունիսին նա մահացավ, դրանք աճուրդով վաճառվեցին լորդ Լոնդեսբորոյին` 105 ֆունտով: Այդ հավաքածուն լորդի մահից հետո, 1888 թվականին վաճառվեց Կրիստիս աճուրդում, բոլոր 11 խաղաքարերը գնվեցին 100 գինեյով Շոտլանդիայի հնավաճառների կազմակերպության կողմից, որը իր գնածը նվիրեց Շոտլանդիայի ազգային թանգարանին:
Ներկայումս քննարկվում է ողջ հավաքածուն Շոտլանդական թանգարանին տալու հարցը:
Գանձի ծագման տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն մասին, թե ինչպես են խաղաքարերը ընկել Լյուիս կղզի, կան մի քանի տարբերակներ.
- Մեդենը, նրա հետևից նաև Կիրպատրիկ Շարպը շախմատի ծագումը կապում են Ուիգ նեղուցի վանքի հետ կապված լեգենդի հետ, որտեղ բնակվում էին «սև կանայք»: Սակայն մինչև օրս չկան ոչ փաստագրական, ոչ հնագիտական ապացույցներ, որ գոյություն է ունեցել այդպիսի վանք:
- Շոտլանդիայի ազգային թանգարանի գրությունները հաղորդում են 11 շախմատային խաղաքարերի գնման մասին, որոնք գտնվել էին ծովի հատակում: Այդ մասն ունի 15 ֆուտ (4,6 մետր) խորություն, իսկ խաղաքարերը եղել են ավազով պատված և գտնվել են մոխրակույտի կողքին: Հիշատակվում է նաև, որ գտածոն պատրաստվել է «Ուիգեում գտնվող սև կանանց տան» մոտակայքում:
- Շոտլանդիայի հնավաճառների կազմակերպության կապիտան Ֆ. Ու. Լ. Թոմասի Նշումներ «Լյուիս կղզու շախմատի մասին» հրատարակության մեջ պատմվում է տեղի հովվի մասին լեգենդը, որը սպանել է նավաբեկությունից փրկված նավաստուն և ափին թաղել նրա պարկը, որի մեջ էլ գտնվում էր շախմատը: Ավելի ուշ հովիվը կախվել էր, իսկ նրա գանձը մնացել էր անձեռնմխելի:
- Նմանատիպ լեգենդ է հիշատակում նաև Հնությունների և պատմական հուշարձանների Թագավորական ընկերությունը. 17-րդ դարում Գիլի անունով հովիվը ափին բռնել էր մի տղայի, որը փախել էր նեղուցում կանգնած նավից, և սպանել նրան: Տղայի մոտ եղած շախմատը թաղվել է ավազի մեջ, իսկ հովվին որոշ ժամանակ անց կախում են:
Կազմ ու նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղաքարերի փորագրման և հագուստի վերլուծությունից ենթադրվում է նրանց պատրաստման ժամանակը` 1150 և 1200 թվականների միջև: Պատրաստման տեղի հետ կապված կա մի քանի վարկած, որոնցից շատերը հեղինակ են համարում նորվեգացի փորագրիչներին, ըստ երևույթին Տրոնհեյմից, որտեղ գտել էին նմանատիպ փաստեր: Այդ ժամանակ Լյուիս կղզին մտնում էր Նորվեգիայի թագավորական հողերի տարածք:
Ենթադրություն կա, որ խաղաքարերը սկզբնապես եղել են 4 կոմպլեկտ, որոնց լրացման համար այսօր պակասում է (ռուսական անվանումներով) 1 ձի, 4 նավակ և 15 զինվոր: Իր հերթին 78 հայտնի խաղաքարերը դասավորված են հետևյալ կերպ.
- Բրիտանական թանգարան` 6 արքա, 5 թագուհի, 10 նավակ, 13 փիղ, 14 ձի և 19 զինվոր;
- Շոտլանդիայի ազգային թանգարան` 2 արքա, 3 թագուհի, 2 նավակ, 3 փիղ և 1 ձի:
Արքա: Բոլոր արքաները նստած են հարուստ զարդարանքով գահին, յուրաքանչյուրի ծնկների մոտ սուր է դրված, որը թագավորը բռնել է երկու ծայրերից: 2 արքան մորուքով են, 2-ը` ոչ: Բոլոր արքաները ունեն հյուսած մազեր, միայն մեկի մազերն է հասնում ուսերին:
Թագուհի: Թագուհիներն էլ են նստած գահին: 12-րդ դարի սովորության համաձայն` թագուհիների գլխին թագի տակ գլխաշոր կա: Յուրաքանչյուր խաղաքար էլ ունի միևնույն դիրքը. նրանք կզակով հենված են աջ ձեռքին, իսկ ձախը ծնկի վրա է:
Փիղ: 7 խաղաքարերը նստած են գահին, իսկ 9-ը` կանգնած: Բոլոր փղերի գլուխներին խույր կա, իսկ ձեռքին պահում են գավազան: Խույրերը շախմատի պատրաստման թվականը որոշելու հարցում մեծ դեր են խաղում, քանի որ դրանք սկսել են օգտագործվել 1150 թվականից:
Ձի: Պահպանված բոլոր 15 ասպետները նստած են պոնիների վրա, գլխներին սաղավարտ է, ձեռքներին` վահան և սուր:
Նավակ: Դրանք 12-ն են:
Զինվոր. Բոլոր 19 խաղաքարերն էլ ձևով նման են, սակայն չափերով` տարբեր: Միակ մարդակերպ խաղաքարերն են:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Фигурки с острова Льюис могли играть не только в шахматы // infox.ru, 12.11.1999
- ↑ Lewis chessmen Archived 2011-11-16 at the Wayback Machine. // Национальный музей Шотландии (անգլ.)
- ↑ The Lewis chessmen // Британский музей (անգլ.)
- ↑ Robinson, James The Lewis Chessmen. — British Museum Press, 2004. — С. 30.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Lewis chessmen Վիքիպահեստում |
---|