Լի Թայ-բո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լի Պոից)
Լի Թայ-բո
չինարեն՝ 李白
Ծննդյան անունչինարեն՝ 李白[1]
Ծնվել էմայիսի 19, 701[2]
ԾննդավայրՍույաբ, Տան հարստություն կամ Jiangyou, Տան հարստություն
Վախճանվել էնոյեմբերի 30, 762[2] (61 տարեկան)
Վախճանի վայրԴանտու, Տան հարստություն
ԳերեզմանTomb of Li Bai
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ, գեղագիր և գրող
Լեզուչինարեն
ՔաղաքացիությունՏան հարստություն[1]
Ուշագրավ աշխատանքներQ10842233?, Հանգիստ գիշերային մտքեր և Q10823450?
Լի Թայ-բո Վիքիքաղվածքում
Լի Թայ-բո Վիքիդարանում
 Li Bai Վիքիպահեստում

Լի Բո (մայիսի 19, 701[2], Սույաբ, Տան հարստություն և Jiangyou, Տան հարստություն - նոյեմբերի 30, 762[2], Դանտու, Տան հարստությունչինացի բանաստեղծ։ Մեզ են հասել նրա ստեղծագործություններից մոտ 1100-ը։ Նա համարվում է չին մեծ բանաստեղծներից մեկը։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել թանյան և սունյան պոեզիայի զարգացման վրա։ Լի Բոյին չինացիները պատվում են «Պոեզիայում անմահացած» մականունով։ Նա դասվոմ է հայրենիքում ամենահարգված բանաստեղծների շարքին և համարվում է համաշխարհային խոշորագույն բանաստեղծներից մեկը, ում անունը դրվում է Դանթեի ու Պետրարքայի, Նիզամու և Ֆիրդուսու, Պուշկինի և Շեքսպիրի անունների կողքին։ Նրա բանաստեղծությունները ամփոփված են Թան արքայատոհմի կարևորագույն բանաստեղծական ժողովածուում՝ Heyune yingling ji անթոլոգիայում, որը 753 թվականին կազմել է Յին Ֆանը, բանաստեղծություններից երեսունչորսը տեղ են գտել «Թան շրջանի երեք հարյուր բանաստեղծություն» անթոլոգիայում, որը տպագրվել է տասնութերորդ դարում։ Այդ նույն դարում Եվրոպայում սկսել են լույս տեսնել Լի Բոյի բանաստեղծությունների առաջին թարգմանությունները։ Նրա ստեղծագործությունները համարվել են ընդօրինակման արժանի նմուշօրինակներ՝ գովերգելու սերն ընկերոջ, բնության, մենանալու ձգտման նկատմամբ, ինչպես նաև գովերգելու այն հաճույքը, որ պարգևում է գինին։ Լի Բոյի ամենահայտնի ստեղծագործություններից են «Խումհարը գարնան օրով», «Շու տանող դժվարին ուղին», «Անդորր գիշերվա մտորմունք»-ը (վերջինս մինչև հիմա էլ տպագրվում է չինական դասագրքերում)[3]։ Բանաստեղծի կյանքն անգամ լեգենդների նյութ է դարձել։ Նրա կյանքի շատ դրվագներ արտացոլված են իր ստեղծագործություններում։ Առանձնակի կարևորություն են ձեռք բերել այն փոփոխությունները, որ ժամանակի ընթացքում բեկել են նրա ճակատագիրը։ Լի Բոյի ստեղծագործության առաջին շրջանը համընկել է չինական գրականության Ոսկեդարի հետ, երբ Չինաստանում խաղաղություն էր, և ծաղկում էին թե տնտեսությունն ու առևտուրը, և թե արվեստները, որոնք հովանավորվում էին կայսեր կողմից։ Բայց իրավիճակը կտրուկ փոխվել է գեներալ Ան Լուշանի խռովության ժամանակներից սկսած, երբ Չինաստանի հյուսիսն ամայացավ պատերազմի ու սովի պատճառով։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Բոյի ժամանակների Չինաստանը

Չինաստանում Թան արքայատոհմին հաջողվեց հաղթահարել երկրի ֆեոդալական մասնատվածությունը և ստեղծել դարաշրջանի ամենախոշոր պետություններից մեկը։ Տնտեսության վերելքին զուգընթաց՝ աշխուժացան արհեստները, առևտուրը, գյուղատնտեսությունը, կիրառական արվեստները։ Կայսրության մայրաքաղաք Չանյանը դարձավ աշխարհի խոշորագույն քաղաքը, որն ուներ միլիոնանոց բնակչություն։ Այս խորապատկերի վրա տեղի ունեցավ նաև գեղարվեստական ստեղծագործության բռնկում։ Թան դարաշրջանը աշխարհին պարգևել է տաղանդավոր բանաստեղծների մի մեծ աստղաշար։ Մեն Հաո-ժանը, Վան Վեյը, Դու Ֆուն, Բո Ցզյուին և այլք հսկայական ավանդ են ներդրել չինական և համաշխարհային պոեզիայում։ 1708 թվականին կայսր Կանսին կարգադրեց լույս ընծայել «Թան դարաշրջանի բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ն։ Բազմահատոր հրատարակությունը ներառեց ավելի քան երկու հազար բանաստեղծների մոտավորապես հիսուն հազար բանաստեղծություն։ Դրանց շարքում Լի Բոն ու իր ստեղծագործությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում։ Այս բանաստեղծը հռչակվել է իր՝ սահմաններ չճանաչող երևակայությամբ, մտքի փիլիսոփայական խորությամբ, բանաստեղծական պայծառ պատկերներ կերտելու հզոր ձիրքով։ Իր տաղանդաշատ ընկերոջ՝ Դու Ֆուի պես նա շատ է ճամփորդել, թափառումները բազում տպավորություններ են ընծայել նրա սուր մտքին, խորազգա սրտին, ամենաչնչին մանրամասներն անգամ նշմարող հայացքին, իսկ նրա հանճարն ունակ է եղել մշակելու, իմաստավորելու և ստեղծագործություններում արտահայտելու ընկալումների ողջ հարստությունը։ Չինաստանի գիտությունների ակադեմիայի հրատարակած «Չինական գրականության պատմություն» բազմահատորյակի հեղինակները նշել են, որ «Լի Բոյի բանաստեղծություններն իրենց բովանդակությամբ շոշոփել են չին հասարակության կյանքի այն բոլոր կողմերը, որոնց հետ շփում կարող էին ունենալ այն ժամանակվա մտածող մարդիկ»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Բոյի կյանքի պատմությունը գրելու համար իբրև հիմնական աղբյուր են ծառայում «Թանի հին գիրքը» և «Թանի նոր գիրքը»[4], լրացուցիչ աղբյուրներ՝ իր հեղինակած կամ նրա մասին ուրիշների գրած բանաստեղծությունները, ինչպես նաև՝ Լի Բոյի բանաստեղծությունների՝ դեռևս ութերորդ դարում կազմված ժողովածուի նախաբանը, որի հեղինակը բանաստեղծի բարեկամ և նրա գրական գործերի կատարածու Լի Յանբինն է։ Այս և այլ նյութեր ուսումնասիրելով՝ գրականագետները ենթադրում են, որ Լի Բոն ծնված պետք է լինի 701 թվականին։ Ծննդավայրի հարցում կարծիքները բաժանվում են երկու խմբի. ուսումնասիրողների մի մասը գտնում է, որ նա ծնվել է նախկինում չինական կայսրության մաս կազմած Կենտրոնական Ասիայի Սույաբ բնակավայրում[5][6] /ներկայիս Ղրղզստանում/, մյուսերն էլ կարծում են, որ բանաստեղծի ծննդավայրը Չինաստանի հարավարևմտյան Յինգնինգ կոմսության Գանսու բնակավայրն է եղել[7]։ Համենայն դեպս, Գանսուից են նրա նախնիները[8]։ Երբ Լի Բոն եղել է հինգ տարեկան, նրանց ընտանիքը տեղափոխվել ու բնակություն է հաստատել Ցինլյանսյանում, որը Հարավարևմտյան Չինաստանի Սիչուան նահանգի ներկայիս Ցզյանյու քաղաքն է։ Հենց այստեղ էլ ընտանիքն ընդունել է թագավորող տոհմի ,,Լի,, ազգանունը։

Լի Բոն չի ուսանել պետական դպրոցում, կրթություն ստացել է տանը։ Դեռ ընդամենը տասնամյա մանուկ՝ սկսել է բանաստեղծություններ գրել։ Տասնհինգ տարեկանում հրապուրվել է սուսերամարտով՝ ջանալով ընդօրինակել թափառաշրջիկ այն ասպետներին, ովքեր լպիրշներից տուժածներին պաշտպան էին կանգնում[6]։ Չինական գրականության գործիչները, արդեն իսկ միջնադարից սկսած, Լի Բոյի կերպարում տեսնում էին թափառաշրջիկ ասպետի հոգևոր գծեր՝ կոնֆուցիուսականի և դաոսիզմի հետևորդի հատկանիշների հետ մեկտեղ։ Նրա՝ ազատություն, անկախություն սիրող էությունը դեռ պատանեկան տարիքից է դրսևորվել։ Երբ լրացել է Լի Բոյի տասնութ տարին, նա հեռացել է Չենդու քաղաքի մերձակայքում գտնող Մինշան լեռները և սկսել է պարապել դաոսիզմ ուսուցանող Դուն Յանցզիի հետ։ Դա փաստացի փախուստ էր ֆեոդալական պետության խստագույնս կանոնակարգված կյանքից, որը հետևում էր կանֆուցիականության նորմերին /հարկ է նշել, որ ի տարբերություն Լի Բոյի, ժամանակի մտավորականներից շատերն օգտվում էին ընձեռված հնարավորությունից՝ մասնակցելու պետական կառավարմանը և քննություն էին հանձնում՝ պաշտոնյա դառնալու համար/:

Դեգերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարի ,,բնականություն,, ու ,,անգործություն,, ուսանելուց հետո Լի Բոն նահանգային մասշտաբի բարձրաստիճան պաշտոնյա և գիտնական Սու Թինից հրավեր ստացավ զբաղեցնելու վարչական բարձր մի պաշտոն, բայց մերժեց այդ առաջարկը և մեկնեց ճամփորդության։ Ճամփորդեց հայրենի երկրամասում, գրավվեց ու գերվեց բնության չնաշխարհիկ գեղեցկությամբ, ներշնչվելով՝ ստեղծեց բանաստեղծական այնպիսի գոհարներ, ինչպիսիք են ,,Երգ լուսնի մասին՝ Էմեյ լեռներում,,, ,,Այցելում եմ Դայտյան սարում ճգնողին, բայց նրան չեմ պատահում,,, ,,Միայնակ՝ նստած եմ Ցզինտինշան սարում,, և այլ բանաստեղծություններ։ Սիչուանի չքնաղագեղ տեսարանները լիուլի վայելելուց հետո քսանհինգամյա Լի Բոն մեկնում է ճամփորդելու Չինաստանի մյուս նահանգներով։ Քսանյոթ տարեկանում հայտնվում է Հուբեյ նահանգում, որոշ ժամանակ կանգ առնում այստեղ, ամուսնանում կայսերական նախկին նախարարի թոռնուհու հետ[6], երեխաներ ունենում, ընտանիքով բնակություն հաստատում Անլու լեռներում։ Բայց ընտանիքն անգամ ի վիճակի չի լինում կապելու նրան, ետ պահելու դեգերումների տենչից։ Նա հեռանում է տնից, գնում, հասնում Շացյու, ընկերների հետ կազմակերպում ,,Վեց անդարդներ բամբուկի հովտից,, անվանումով խմբակը։ Ջահել տղաները բնակություն են հաստատում Ցզուլայ սարում, ոչ մի տեղ չեն ծառայում, ջանում են միայն հաճույք ստանալ կյանքից. գինի են խմում, բանաստեղծություններ գրում, վայելում բնության գեղեցկությունները, իրենց պահում ինչպես ինքնահաճ ազատամիտներ, մի բան, որ հակասում էր ազնվազարմ այրերի կոնֆուցիական կենսակերպին։ Դեգերումների տարիներին Լի Բոն հանդիպել է հասարակական տարբեր խավերի բազմաթիվ ներկայացուցիչների, ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, մարդկանց, որ տարբերվում էին միմյանցից իրենց բնավորությամբ ու ճակատագրով։ Նրանցից շատերին նա անմահություն է պարգևել՝ հավերժացնելով նրանց կերպարներն իր ստեղծագործություններում, հաճախ նաև, իբրև խիզախ ասպետ, պաշտպան կանգնել թույլերին ու ստորացվածներին։

Պալատական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Բոն բանաստեղծություն է գրում կայսեր ներկայությամբ /միջնադարյան նկարի վերատպություն/

742 թվականին Լի Բոն ներկայացվեց Սյուան-ցզուան կայսեր արքունիքին, բարձրագույն ակադեմիական կոչում ստացավ Խանլին ակադեմիայում, որը նրա առջև պալատական կարիերայի դուռ էր բացում։ Բանաստեղծն ինքը դա դիտում էր իբրև երկրին մեծապես օգտակար լինելու հնարավորություն։ Այնինչ՝ կայսրն ընդամենը ուզում էր մոտն ունենալ տաղանդավոր մի մարդու, որն ընդունակ լիներ զվարճացնելու, մեծարելու իրեն, հավերժացնելու իր մեծությունը. մի խոսքով՝ Լի Բոն պետք է դառնար կայսեր բազմաթիվ զվարճալիքներից մեկը՝ աքլորակռիվների, հարճերի պարգևած հաճույքների, ,,երկարակեցության կենսահյութի,, որոնումների կողքին։ Պալատական բանաստեղծի պաշտոնը Լի Բոն վարեց մոտավորապես երկու տարի։ 744 թվականի գարնանը նա լքեց արքունիքը։ Վարկածներից մեկի համաձայն՝ նրան հեռացրել են պալատից, քանի որ չի ենթարկվել կայսեր կարգադրությանը և հրաժարվել է ներկայանալ նրան ու բանաստեղծություններ կարդալ կամ արտասանել նրա համար։ Համենայն դեպս՝ ակնհայտ է, որ պալատական կարիերան հակառակ էր նրա ազատասիրությանը և, բացի այդ, նա այնքան էլ չէր կարևորում կայսեր բարեհաճությունն իր նկատմամբ։ Պալատական խարդավանքներն էլ իրենց հերթին առավել ևս արագացրին նրա հրաժարումը պաշտոնից։ Արքունիքից հեռանալուց հետո Լի Բոն շարունակեց դեգերումները հայրենի երկրում։ 744 թվականի աշնանը Լոյան քաղաքում տեղի ունեցավ նրա հանդիպումը երեսուներեքամյա բանաստեղծ Դու Ֆուի հետ։ Նրանք մտերիմ ընկերներ դարձան[9]։

Աքսորվելը և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

756 թվականին՝ գեներալ Ան Լուշանի ապստամբության ժամանակ, Լի Բոյին դարձյալ հրավիրում են պետական ծառայության։ Նա ընդունում է հրավերը, բայց պարզվում է, որ հրավիրողը կայսեր կրտսեր եղբայրն է՝ իշխան Լի Լինը, որը փորձում էր նվաճել իշխանությունը։ Սակայն նրա զորքը ջախջախիչ պարտություն է կրում, ապստամբությունը դաժանաբար ճնշվում է, և Լի Բոն փախուստի է դիմում, բայց նրան բռնում են և բանտ նետում Ցզյանցզյանում։ Այնուհետև դատում են որպես պետական հանցագործի և դատապարտում մահվան։ Սակայն գործին միջամտում է գեներալ Գո Ցզի-ին. վերջինիս Լի Բոն ժամանակին մեծ լավություն էր արել՝ փրկել էր մահապատժից, երբ ինքը պալատական բանաստեղծ էր, իսկ Գոն՝ շարքային զինվոր։ Գեներալը կայսրին հայտարարում է, որ պատրաստ է իր զինվորական բարձր կոչումն ու պաշտոնը փոխանակելու Լի Բոյի կյանքի հետ։ Կայսրը որոշում է ներողամտություն հանդես բերել և մահապատիժը փոխարինում է Լի Բոյին հեռավոր Ելան բնակավայրն աքսորելով; Աքսորավայր հասնելու համար բանաստեղծը պիտի կտրեր-անցներ լայնածավալ երկրի մի ծայրից մյուսը։ Այդ երկար ճանապարհին նա հասցնում է բազմաթիվ բանաստեղծություններ գրել։ Իսկ Ելան նա այդպես էլ չի հասնում. 759 թվականին, երբ Լի Բոն դեռ աքսորի ճանապարհին էր, տեղ է հասնում նրան ներում շնորհելու մասին լուրը, ու նա բռնում է վերադարձի ուղին։ 761 թվականին բանաստեղծը փորձում է միանալ ռազմի դաշտ մեկնող զինվորների ջոկատին, բայց հանկարծահաս հիվանդությունը նրան ստիպում է ետ կանգնել այդ մտքից։ Նա ապաստան է գտնում իր բարեկամներից մեկի՝ Լի Յանբինի տանը. վերջինս, որ գավառակի պետ էր Դանտուում, հետագայում նախաձեռնեց և իրագործեց Լի Բոյի բանաստեղծությունների ժողովածուի կազմումն ու տարածումը։ Հենց այստեղ՝ Դանտուում էլ, որը ներկայիս Անհոյ նահանգում է, բանաստեղծը կնքել է իր մահկանացուն։ Ըստ նրա վախճանի մասին հորինված լեգենդի, նա խեղդվել է Յանցզիի վտակ Գանսու գետում, երբ հարբած վիճակում նավակից իրեն դուրս է նետել՝ լուսնի արտացոլանքը գրկելու։ Եվ, իբր, դրանից հետո երկինք է համբարձվել[10]։ Մի այլ վարկածի համաձայն՝ Լի Բոն թունավորվել է սնդիկից՝ երկարակեցության կենսահյութի դաոսական որոնումների ու փորձարկումների հետևանքով, սակայն լուրջ հետազոտություններում այս վարկածը մինչև իսկ հիշատակության չի արժանանում։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատառիկ, որի վրա պահպանվել է Լի Բոյի ձեռագիրը

Թան դարաշրջանի ոսկեդարյան գրականության ամենավառ ներկայացուցիչը իրավամբ համարվող Լի Բոյի ստեղծագործություններում լավագույնս մարմնավորվել են այն միտումները, որ ի հայտ էին եկել այդ ժամանակների պոետական արվեստում։ Բանն այն է, որ Հարավային և Հյուսիսային արքայատոհմերի իշխանության օրոք չինական պոեզիայում գերիշխում էին ձևապաշտությունը (ֆորմալիզմը) և Հան արքայատոհմի ժամանակների բանաստեղծներին ընդօրինակելու-նմանակելու ձգտումը։ Բանաստեղծությունները հաճախ իրենցից ներկայացնում էին փքուն, շքեղաշուք դարձվածքների կուտակումներ, որոնցով, ըստ էության, մատուցվում էին անչափ պարզունակ բաներ՝ կայսեր մեծության, նրա հարճերի գեղեցկության գովերգություններ, մարդկային կյանքի կարճատևության կապակցությամբ ողբերգեր և հար և նման, հազար անգամ արծարծված այլ թեմաներ։ Եզակի էին այն ստեղծագործողները, ովքեր համարձակվում էին շեղվել ավանդույթի ուժ ստացած, հանընդհանուր տարածում գտած այդ միտումից։ Չինական պոեզիայի այդ լճացած, ճահճացած աշխարհի տեսքն ու կերպը լիովին փոխվեց Թան դարաշրջանի բերած նորամուծությունների շնորհիվ։ Քայլ առ քայլ հաղթահարվեցին ձևապաշտության դրսևորումները, և արդեն իսկ յոթերորդ դարի երկրորդ կեսին ի հայտ եկան նորովի ստեղծագործող այնպիսի վարպետներ, ինչպես՝ Վան Բոն, Յան Ցզյուն, Լու Չժաոլինը, Լո Բինվանը, Չեն Ցզիանը։ Այս բանաստեղծների լեզուն մոտ էր խոսակցականին, ճոռոմ թեմաներն էլ փոխարինեցին իրական կյանքի պատկերներով։ Նրանք իրենց ստեղծագործությամբ հող նախապատրաստեցին Լի Բոյի հանճարի դրսևորման համար։ «Չինաստանի հոգևոր մշակույթը» հանրագիտարանում նշված է, որ Լի Բոյի բանաստեղծություններից պահպանվել են մոտավորապես 770-ը։ Դրանցից 80-ը գրված են «լյուի շի», 540-ը՝ «գու տի շի», 150-ը՝ «յուեֆու» ժանրային ու տաղաչափական ձևերով։ Այս վերջին մեկուկես հարյուրը առավել բարձր են գնահատվում ընթերցողների ու գրականագետների կողմից, չափազանց զգացմունքային ու հուզական են, հաճախ՝ ֆանտաստիկ, երևակայության վառ դրսևորումներով։ Կրքոտությունը, զգացմունքայնությունը, առույգությունը հնարավորություն են ընձեռել բանաստեղծին՝ հաղթահարելու ստանդարտների շրջանակները և նոր դուռ բացելու առօրեականությունից դեպի երազանքների աշխարհ։ Լի Բոյի բանաստեղծությունը համեմատում են թռչնի սրընթաց սլացքի հետ. «ծիծառի նման, որ սավառնում է ջրերի վրա՝ այստեղ ու այնտեղ, և անհնար է նրան թակարդել»։ Պարզ գրելաոճը Լի Բոյին հնարավորություն է տվել իր բանաստեղծություններում սքանչելիորեն արտացոլելու մարդկային հոգու պոռթկումները, նրբանուրբ ապրումները, տրամադրությունները։ Հաճախ է ընդգծվում Լի Բոյի առնչությունը դաոսիզմի հետ՝ իբրև նրա ստեղծագործության կարևորագույն տարրի։ Դա իրոք այդպես էլ կա։ Սակայն «Հին օրերի ոգին» բանաստեղծական շարքում նա մեծ մասամբ հանդես է գալիս կոնֆուցիական բարոյախոսի տեսանկյունից, այդ շարքի բանաստեղծություններից շատերը գրված են այն ժամանակների մշակութային ավանդույթների ոգով։ Իր ստեղծագործություններում Լի Բոն ձգտում է կոնֆուցիականությանը հատուկ հաշվենկատ, զգաստ աշխարհայացքը միաձուլել դաոսիզմի երազկոտության, անրջայնության հետ։ «Հին օրերի ոգին» շարքում, որ բաղկացած է հիսունինը բանաստեղծություններից, բանաստեղծի խոսքը հաճախ մանվածապատ է, բարդ, և ընթերցողը պետք է լարի միտքը, որպեսզի կարողանա թափանցել այլաբանական պատկերների խորքը։ Բացի այդ, մի շարք բանաստեղծությունների տոնայնությունը հագեցած է ազնիվ պաթոսով։ Լի Բոն պանծացնում է բանաստեղծի առաքելությունը, պոկում-շպրտում հասարակական խոցերը թաքցնող ծածկոցները։ Բայց այդ նույն Լի Բոն գրել է նաև այնքան պարզ ու թափանցիկ բանաստեղծություններ, որոնք ժողովրդական երգերի տպավորություն են թողնում՝ դարեր ի վեր անջնջելիորեն տպվելով մարդկանց սրտերում։

Ուշ միջնադարի նկար՝ Լի Բոյից քաղվածված բանաստեղծությամբ

Ինչպես շատ ու շատ հանճարների, Լի Բոյի մասին ևս բազում լեգենդներ են հյուսվել։ Դրանցում խոսվում է այն մասին, թե ինչ հեշտությամբ, չտեսնված արագությամբ է նա բանաստեղծություններ հորինել, ընդ որում, իբր, հորինելուց հետո էլ ոչ մի շտկում չի կատարել։ Նրա սիրած բանաստեղծական չափը հինգից յոթ կարճ բառերից կազմված տողերով քառյակները կամ ութնյակներն են, բայց նա հորինել է նաև ավելի ծավալուն երկեր, որոնք հաճախ 3-12 ստեղծագործություններից բաղկացած բանաստեղծական շարքեր են։ Լի Բոյի ներշնչանքի աղբյուրը հին, զուլալ օրերի մասին խոհերն են, ինչպես նաև՝ բնության ու մարդկային կյանքի հայեցումները։ Օժտված լինելով զարմանալի վառ երևակայությամբ՝ նա կարողացել է ստեղծել չինարենի տարրերի լիակատար գործադրման շքեղաշուք նմուշներ։ Նրա ստեղծագործությունները տպավորություն են գործում ոչ միայն հեղինակի շատ կարդացածության, զարգացածության, մտքի խորության շնորհիվ, այլև անսանձ երևակայության և այն բանի շնորհիվ, որ բանաստեղծական իր հանճարի հզոր ուժը դրսևորելով՝ ընթերցողին համակում է քնարական ազատամիտ հերոսի հետ նույնանալու թվացյալությամբ։

Լի Բոյի մտերմությունը քանքարաշատ մեկ այլ բանաստեղծի՝ Դու Ֆուի հետ հանգեցրել է նրան, որ այս երկու մեծ ստեղծագործողներին սկսել են համեմատել իրար հետ՝ փորձելով տարորոշել նրանցից յուրաքանչյուրի տեղն ու դերը պատմության մեջ ընդհանրապես և մասնավորաբար՝ պոեզիայում։ Այդ փորձերը հաճախ հանգեցրել են երկու պոետների ստեղծագործությունների հակադրմանը։ Այդտեղից էլ առաջ են քաշվել հետևյալ կարգի համեմատություններ, թե, իբր, Լի Բոյի ստեղծագործությունը՝ դա գարնան պոեզիան է, նրա բանաստեղծություններն ուղղված են դեպի վեր, դեպի երկինք, այնինչ Դու Ֆուինը աշնան պոեզիա է, և նրա երկերը երկրային ուժերի ծնունդ են։ Այսպիսի մոտեցման հետագա խորացման հետևանքը հանդիսացավ այն դատողությունը, որ, իբր, Լի Բոն ռոմանտիկ է, իսկ Դու Ֆուն՝ իրապաշտության, ռեալիզմի նվիրյալ հետևորդ։

Սակայն այս կարգի դասակարգման փորձերը միայն ու միայն խանգարում են երկու բանաստեղծների ստեղծագործություններն առավել լրիվ ու ամբողջական ընկալելուն։ Բանն այն է, որ արևելցու աշխարհընկալումը խիստ տարբերվում է եվրոպական քաղաքակրթությամբ դաստիարակված մարդու աշխարհընկալումից, և այդ տարբերությունը միջնադարյան Չինաստանում շատ ավելի ուժեղ էր դրսևորված, քան արդի ժամանակներում։ Չինական պոեզիայի ինքնատիպությունը պայմանավորված է նաև չինարենի առանձնահատկություններով։ Միջնադարյան չինարենում դեմքի, թվի, ժամանակի խոսքիմասային հատկանիշները երբեմն հստակորեն չէին արտահայտվում, և միայն ենթատեքստից ելնելով կարելի էր կռահել ասվածի կամ գրվածի ճշգրիտ իմաստը։ Չկային նաև հստակ, պարզորոշ տարբերություններ խոսքի մասերի միջև. միևնույն բառը կարող էր հանդես գալ և՛ գոյականի, և՛ ածականի, և՛ բայի դերում։ Պոեզիայում այդ, այսպես կոչված լղոզվածությունն առավել ցայտուն էր դրսևորվում, սակայն դա ոչ թե թերություն, այլ արժանիք էր համարվում, քանի որ ստեղծագործությանը լրացուցիչ երանգ ու խորք էր հաղորդում, ստեղծում մտքի ու երևակայության խաղի նոր հնարավորություններ, թաքցված իմաստի փնտրտուքը դարձնում առավել հետաքրքիր։ Չինական պոեզիայի պատվիրաններից մեկը հիշեցնում է ընթեցողներին, որ «իմաստը չի սպառվում գրի առնվածով»։

Այս ամենից ելնելով՝ կարելի է ասել, որ երկու հանճարների ստեղծագործությունները միմյանց հետ համեմատելու փորձերը հազիվ թե հանգեցնեն բավարար արդյունքի, բայց, հավանաբար, հնարավորություն կտան ավելի խորությամբ ըմբռնելու նրանց բանաստեղծությունները։ Իսկ որ Լի Բոյի ստեղծագործության մեջ Թան դարաշրջանի ոգին առավել վառ է դրսևորված՝ դրանում որևէ կասկած լինել չի կարող։ Մեծ բանաստեղծն իր բարձրագույն կոչումը ձևակերպել է հետևյալ կերպ. «պոեզիայի հնարավորությունները գործի դնելով՝ մաքրել և հետագա սերունդներին փոխանցել ամենայն արժանավորը, այնպես, որ դա շողարձակի ու լույսով ողողի գալիք հազարամյակները»։

Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Բոյի հուշասրահը Սիչուանում

Լի Բոյի ստեղծագործություններին արևմտյան աշխարհը առաջին անգամ քիչ թե շատ հիմնավոր կերպով ծանոթացել է դրանց ճապոնական տարբերակների այն ազատ թարգմանությունների շնորհիվ, որ կատարել էր Էզրա Փաունդը։ Ռուս ընթերցողին բանաստեղծի վաստակը առաջին անգամ ներկայացրել է ակադեմիկոս Վասիլի Վասիլևը՝ 1880 թվականին լույս ընծայած «Չինական գրականության պատմության ակնարկներ» աշխատության մեջ։ Հետագա տարիներին Լի Բոյի բանաստեղծությունները ռուսերեն թարգմանել ու հրատարակել են Յուլիան Շուցկին, Վասիլի Ալեքսեևը, Ալեքսանդր Գիտովիչը, Նիկոլայ Գումիլյովը, Աննա Ախմատովան և ուրիշներ։ Հայերեն նրա բանաստեղծությունների մի փունջ և նրա մասին չինական ժողովրդական մի ավանդազրույց թարգմանել է Ավետիք Իսահակյանը։ Հանս Բետգեն Լի Բոյի բանաստեղծությունները թարգմանել է գերմաներեն և այդ տեքստերի հիման վրա երաժշտություն է հորինել Գուստավ Մալերը։ Մեծ բանաստեղծի հիշատակը հավերժացնող հուշակոթող ի կանգնեցվել Չինական Ժողովրդական Հանրապետության Սիչուան նահանգի Ցզյանյու քաղաքում։ Նրա անունով է կոչվել Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hsieh, Chinghsuan Lily. "CHINESE POETRY OF LI PO SET BY FOUR TWENTIETH CENTURY BRITISH COMPOSERS: BANTOCK, WARLOCK, BLISS AND LAMBERT " ( Արխիվացված 2016-01-17 Wayback Machine) (PhD thesis). The Ohio State University, 2004.
  • Edkins, Joseph (1888). "Li Tai-po as a Poet", The China Review, Vol. 17 No. 1 (1888 Jul) [2]. Retrieved from [3], 19 January 2011.
  • Eide, Elling (1973). "On Li Po", in Perspectives on the T'ang. New Haven, London: Yale University Press, 367-403.
  • Frankel, Hans H. (1978). The Flowering Plum and the Palace Lady. (New Haven and London: Yale University Press) 0-300-02242-5.
  • Kroll, Paul (2001). “Poetry of the T’ang Dynasty,” in Victor H. Mair. ed., The Columbia History of Chinese Literature. (New York: Columbia University Press, 2001). 0231109849, pp. 274–313.
  • Stephen Owen 'Li Po: a new concept of genius," in Stephen Owen. The Great Age of Chinese Poetry : The High T'ang. (New Haven Conn.: Yale University Press, 1981). 9780300023671.
  • Varsano, Paula M. (2003). Tracking the Banished Immortal: The Poetry of Li Bo and its Critical Reception (University of Hawai'i Press, 2003). 978-0-8248-2573-7, [4]
  • —— (2014). «Li Bai and Du Fu». Oxford Bibliographies Online. Oxford University Press.. Lists and evaluates scholarship and translations.
  • Waley, Arthur (1950). The Poetry and Career of Li Po (New York: MacMillan, 1950). ASIN B0006ASTS4.
  • Wu, John C. H. (1972). The Four Seasons of Tang Poetry. Rutland, Vermont: Charles E. Tuttle. 978-0-8048-0197-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կենսագրական տվյալների չինական բազա
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Speaking of Chinese By Raymond Chang, Margaret Scrogin Chang p. 176 WW Norton & Company [1]
  4. Obata, Part III
  5. Beckwith, 127
  6. 6,0 6,1 6,2 Sun, 20
  7. Obata, 8
  8. Wu, 57-58
  9. Sun, 24 and 25
  10. «黃大仙靈簽11至20簽新解». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Online translations (some with original Chinese, pronunciation, and literal translation):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 611