Լիցքավորման սարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիցքավորման սարք (այլ կիրառումներ)
Մարտկոցների լիցքավորում

Լիցքավորման սարք, Էլեկտրատեխնիկական սարք՝ կուտակիչային (հիմնականում) և կոնդենսատորային մարտկոցների լիցքավորման համար։ Բաղկացած է լիցքավորման գեներատորից կամ հոսանքի ուղղիչով տրանսֆորմատորից և բաշխիչ սարքից, որի մեջ մտնում են լարման կարգավորիչներ և ավտոմատ անջատիչներ։

Լիցքավորման սարքի հզորությունը որոշվում է լիցքավորվող մարտկոցների ունակությամբ և լիցքի պահպանման հաստատված տևողությամբ։ Կուտակիչային լիցքավորման սարքերը կիրառվում են կուտակիչային մարտկոցների պարբերական լիցքավորման, ընդհատ և անընդհատ ենթալիցքավորման և վերալիցքավորման (հավասարի լիցքավորում) համար։ Պարբերական լիցքավորման ժամանակ կուտակիչային մարտկոցները բաժանում են երկու խմբի։ Լիցքավորման սարքը լիցքավորում է նրանցից միայն մի խումբը։ Անընդհատ ենթալիցքավորման ժամանակ լիցքավորման սարքը սնում է բեռնվածքի ցանցը և միաժամանակ ենթալիցքավորում մարտկոցները։ Ընդհատ ենթալիցքավորման դեպքում լիցքավորման սարքը ժամանակի մի մասի ընթացքում սնում է բեռնվածքը և իրականացնում կուտակիչային մարտկոցների ենթալիցքավորումը, իսկ ժամանակի մյուս մասի ընթացքում փոքր բեռնվածքով մնում է ռեզերվում։ Կոնդենսատորային լիցքավորման սարքերը կիրառվում են նորմալ ռեժիմում, այսինքն՝ մինչև նոմինալ լարումը կոնդենսատորները անընդհատ լիցքավորելու համար։ Փոքր հզորության միաֆազ ուղղիչ լիցքավորման սարքերը ունեն կտրուկ նվազող արտաքին բնութագիր, որը համապատասխանում է կուտակիչային մարտկոցների լիցքավորման ռեժիմին։ Լարման կարգավորումը կատարվում է տրանսֆորմատորի երկրորդային փաթույթը սեկցիաների բաժանելու միջոցով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 636