Լիտվայի էներգետիկայի և տեխնիկայի թանգարան
Լիտվայի էներգետիկայի և տեխնիկայի թանգարան | |
---|---|
Տեսակ | գիտության թանգարան և ավտոմոբիլային թանգարան |
Երկիր | Լիտվա[1] |
Տեղագրություն | Վիլնյուսի քաղաքային ինքնակառավարում |
Պատկանում է | LIETUVOS ENERGIJA UAB? |
Հասցե | Q114208728? (2)[2] |
Հիմնադրվել է | փետրվարի 15, 2002 |
Այցելուներ | 18 573 մարդ |
Կայք | etm.lt(լիտվ.) |
Էներգետիկայի և տեխնիկայի թանգարան (լիտ.՝ Energetikos ir technikos muziejus), թանգարան, որն ուսումնասիրում է Լիտվայի և Վիլնյուսի տեխնիկայի պատմությունը և տեխնիկական ժառանգությունը։
Գտնվում է Վիլնյուսում, տեղակայված է քաղաքային կենտրոնական ջերմային էլեկտրակայանի նախկին շենքում, որը գործել է 1903-1998 թվականներին Ռինկտինեսի փողոցի թիվ 2 (Rinktinės g. 2) հասցեում` Մինդաուգաս արքայի կամրջից ոչ հեռու։ Բաց է ժամը 10-ից մինչև 17-ը (երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ) և 10-ից մինչև 19-ը (հինգշաբթի)։ Մուտքի տոմսը 3 եվրո է, դպրոցականների, ուսանողների, թոշակառուների համար` 1,5 եվրո, երեխաների և սահմանափակ հնարավորություններով անձանց համար` 0,5 եվրո։ 7206 մետր2 տարածք ունեցող ջերմային էլեկտրակայանի չորս մասնաշենքերի համալիրը ընդգրկված է Լիտվայի հանրապետության մշակութային արժեքների ցանկում և պահպանվում է պետության կողմից` որպես ազգային նշանակության օբյեկտ (ծածկագիր` 16706[3]):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլնյուսի քաղաքային էլեկտրակայանը կառուցվել է 1901 թվականին և սկսել է քաղաքին ապահովել հոսանքով 1903 թվականի սկզբից։ Եռահարկ շենքը զարդարում է Բոլեսլավ Բալզուկևիչի 4 մետր բարձրությամբ և 4 տոննա քաշով քանդակը, որը խորհրդանշում է էլեկտրական լուսավորությունը։ Պատմության արհավիրքներ և երկու համաշխարհային պատերազմ վերապրած քանդակը 1957 թվականին ոչնչացվեց և հին լուսանկարների հիման վրա վերականգնվեց քանդակագործ Պյատրաս Մազուրասի կողմից 1995 թվականին։
Էլեկտրակայանը բազմիցս վերակառուցվել և արդիականացվել է և մինչև 1951 թվականը եղել է քաղաքին հոսանք արտադրող միակ ձեռնարկությունը։ Այն բանից հետո, երբ սկսեցին գործել Վիլկպեդեի և Գարյունայի նոր ջերմային էլեկտրակայանները, հին էլեկտրակայանը մինչև 1982 թվականը շարունակում էր հոսանք մատակարարել Վիլնյուսի մի մասին[4] (այլ տվյալներով` մինչև 1989 թվականը[5]), իսկ գոլորշի և տաք ջուր` մինչև 1998 թվականը։
1982 թվականին էլեկտրակայանը ճանաչվեց տեղական նշանակության պատմական հուշարձան, որը պահպանվում էր պետության կողմից։ Թանգարանն իր առաջին այցելուներին ընդունեց 2003 թվականին՝ քաղաքային էլեկտրակայանի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ։ Այդ ժամանակ թանգարանը զբաղեցնում էր նախկին էլեկտրակայանի հազիվ 13% -ը, մնացած տարածքները գտնվում էին անմխիթար վիճակում։ 2008 թվականի վերջում ավարտվեց մշակութային և զբոսաշրջության նպատակներով նախկին արդյունաբերական ձեռնարկության վերակառուցման և հարմարեցման ծրագիրը։ Թանգարանի մակերեսը հասավ 5000 մետր2` դառնալով Լիտվայի խոշորագույն թանգարանը, որը ներկայացնում է տեխնիկական ժառանգությունը։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցադրություններում ներկայացվում են վերջին տարիներին գործած էլեկտրակայանի սարքավորումները և Վիլնյուսի տարբեր բնագավառների արդյունաբերական տեխնիկայի պատմությունը։ Թանգարանի տանիքում գործում են քամու և արևային էներգիայի էլեկտրասարքավորումներ , որոնք ներկայացնում են այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությունները։ Մշտական ցուցադրությունները ներկայացնում են`
- Էներգետիկայի պատմություն` տուրբինային դահլիճ տուրբիններով, կաթսայատուն գոլորշու արտադրության կաթսաներով, էլեկտրահաշվիչներ, էլեկտրակայանների մանրակերտեր։
- Հասարակական տրանսպորտի զարգացումը Վիլնյուսում` ներքին այրման շարժիչներով տրանսպորտային միջոցների զարգացման գործընթացը, ավտո և մոտո սպորտը Լիտվայում։
- Արդյունաբերության պատմությունը` սկսած առաջին արհեստագործական արտադրամասերից մինչև ուշ խորհրդային շրջանի արդյունաբերություն։
- Մանրակերտի միջոցով ներկայացված է բնական գազի արդյունահանումից մինչև սպառողին հասցնելու ճանապարհը։ Գործում են ինտերակտիվ ցուցադրություններ` «Տեխնիկան երեխաներին» և «Տեխնիկական գիտության նպատակները»։ Ցուցադրությունների մի մասը տեղակայված է բաց երկնքի տակ` թանգարանի բակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://museums.lt/tikrieji-nariai/
- ↑ https://www.govilnius.lt/visit-vilnius/places/the-energy-and-technology-museum
- ↑ «Šiluminės elektrinės statinių kompleksas». Kultūros vertybių registras (լիտվերեն). Kultūros paveldo departamentas prie Kultūros ministerijos. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Žilinskas, Algimantas. Centrinė elektrinė // Lietuvos TSR istorijos ir kultūros paminklų sąvadas. — Vilnius: Vyriausioji enciklopedijų redakcija, 1988. — Т. 1: Vilnius. — С. 136. — 592 с. — 20 000 экз.(լիտվ.)
- ↑ «Istorija». Energetikos ir technikos muziejus (լիտվերեն). Energetikos ir technikos muziejus. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Музей энергетики и техники Արխիվացված 2019-03-30 Wayback Machine
- The Energy and Technology Museum
- Energetikos ir technikos muziejus
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտվայի էներգետիկայի և տեխնիկայի թանգարան» հոդվածին։ |
|