Լիխտենշտայն (ամրոց Ավստրիայում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիխտենշտայն
Նկարագրություն
Տեսակդղյակ և թանգարան
ՀասցեAm Hausberg[1]
Վարչական միավորMaria Enzersdorf?[1][2]
Երկիր Ավստրիա[1][2]
Կառուցված1136
Ընթացիկ
սեփականատեր
Լիխտենշտայնի արքայատոհմ
Քարտեզ
Քարտեզ
 Burg Liechtenstein Վիքիպահեստում

Լիխտենշտայն ամրոց, միջնադարյան ամրոց[3]՝ Վիեննայից հարավ, Մարիա Էնցերսդորֆ քաղաքավանի մոտ։ Մտնում է Վիեննական անտառի տարածքի մեջ։ Ամրոցը հիմնադրվել է 12-րդ դարում։ Ենթադրվում է, որ 1135 թվականին կառուցել է ոմն Հյուգո ֆոն Լիխտենշտայնը, ով էլ դարձել է տոհմի հիմնադիրը։ Ամրոցն օսմանցիների կողմից ավերվել է երկու անգամ՝ 1529 և 1683 թվականներին։ Վերակառուցվել է 1884 թվականին։ Ամրոցի «Լիխտենշտայն» անունից (գերմ.՝ թարգմանաբար նշանակում է Լուսավոր քար) ծագել է Լիխտենշտայնների իշխանական տոհմի անվանումը, որ իշխում է նույնանուն պետությունում։ Ամրոցը նրանց պատկանել է 1140 թվականից մինչև 13-րդ դար և 1807 թվականից։ Լիխտենշտայնը մեկն էր ջերմային աղբյուրներով հարուստ երկրաբանական գոտու երկայնքով կառուցված այն ամրոցների, որոնք գտնվում են ներկայիս Ավստրիայի և Չեխիայի տարածքում։ Այն բաղկացած է քարե աշտարակից և Սուրբ Պանկրացիուսին նվիրված ժամատնից։

Հիշատակությունները պատմական աղբյուրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերակները և Նոր Ամրոցը՝ ըստ սլովենացի նկարիչ Լովրո Յանսայի (1801թ.):

Լիխտենշտայն ամրոցի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 1330 թվականին, որտեղ այն կոչված է Լիխտենշտայնների տուն։ Հետագայում ամրոցի տարածքը պարբերաբար ընդլայնվում էր, և միաժամանակ փոխվում էին նրա տերերը։ Նրանցից էին Քեվենհյուլերները, ովքեր ավստրիական ազդեցիկ տոհմ էին և տիրապետում էին մեծ թվով ամրոցների, ինչպես օրինակ՝ Հոխոստերվիցին և Մաքսբուրգին։ Լիխտենշտայն ամրոցը հետագայում պատկանել է Հաբսբուրգներին, ապա նույնիսկ անցել Հունգարիայի թագավոր Մատթիաս Կորվինուսին, ով ունենալով գերակայություն և ռազմական հաջողություն, դիմագրավում էր օսմանյան թուրքերի հարձակումներին և պահպանում Հունգարիայի անկախությունը։ 1480 թվականին ամրոցը պաշարում են թուրքերը։ Ապա, 1529 թվականին, հերթական պաշարման ժամանակ, երբ թուրքերն արշավում էին Վիեննա, Լիխտենշտայն ամրոցն ավերվեց։ Այդ դեպքերից հետո, ինչպես երևում է, այն մնացել է ավերակ, քանզի մինչև 1678 թվականը նրա մասին չի հանդիպում ոչ մի հիշատակություն։ Դրանից հետո, կապված օսմանյան թուրքերի նոր հարձակման վտանգի հետ, ամրոցը վերականգնվում է։ Սակայն ընդամենը մի քանի տարի անց՝ 1683-ին թուրքասկան նոր արշավանքների ընթացքում այն կրկին վերածվում է փլատակների։ 1807 թվականին ամրոցի ավերակները գնում է Լիխտենշտայնի իշխան Յոհան I Յոզեֆը։ Վերջինս հայտնի էր նաև նրանով, որ ղեկավարում էր ավստրիական զորքերը Աուստերլիցի ճակատամարտի ժամանակ։

Հետագա ճակատագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիխտենշտայն ամրոցը:

1820 թվականին, Յոհան Յոզեֆի հրամանով ամրոցի հարևանությամբ կառուցվում է Լիխտենշտայն պալատը, որի ներքին տեսքը կրկնում էր Վեյլբուրգ պալատին ինտերիերը։ 1890 - 1903 թվականներին սկսվում է ամրոցի ամբողջական վերականգնումը՝ ճարտարապետներ Գանգոլֆ Կայզերի և Ումբերտ Վալխեր Ռիտեր ֆոն Մոլթայմի ղեկավարությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն հայտնվեց առաջնագծում, ինչի պատճառով բավականին տուժել էր։ Պատերազմից հետո, Պոտսդամի խաղաղության պայմանագրով Ավստրիան բաժանվեց վերահսկողության չորս գոտու՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև։ Լիխտենշտայն ամրոցն անցավ ԽՍՀՄ-ի վերահսկողության ներքո։ Չնայած դրան, հարևան Մարիա Էնցերսդորֆ քաղաքավանի սկաուտական կամավորների ջանքերով այն վերականգնվեց։ 1975 թվականին Լիխտենշտայն իշխաններն ամրոցը հանձնեցին քաղաքային իշխանության հոգածությանը։ Այսօր Լիխտենշտայն ամրոցը հայտնի է շնորհիվ Յոհան Նեստրոյի թատերական փառատոնի, որն անցկացվում է ամեն տարի ամռան ամիսներին։ Ամրոցը բաց է այցելուների առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. «Замок Лихтенштейн | Замки Австрии | Замки Европы | Замки и крепости | AllCastles.ru». www.allcastles.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.