Լիզա Խոխլակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Խոխլակովա
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
Ներկայացված էԿարամազով եղբայրներ
Սեռիգական
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն

Լիզա Խոխլակովա՝ 19-րդ դարի ռուս գրող Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի կերպար, ով տառապում է ոտքերի կաթվածով, 14-ամյա աղջիկ է՝ հմայիչ դեմքով։ Կալվածատիրուհի Եկատերինա Օսիպովնա Խոխլակովայի դուստրն է։ Առաջին անգամ վեպում հայտնվում է «Թերահավատ տիկինը» գլխում՝ մոր հետ ծերունի Զոսիմայի վանք այցելության ժամանակ։ Վաղ մանկությունից ծանոթ է Ալյոշա Կարամազովին, նրան սիրո խոստովանությամբ նամակ է գրում, համարվում է նրա հարսնացուն, բայց սյուժեի զարգացման շրջանականերում սիրահարվում է Իվան Կարամազովին։

Վեպում Լիզան հայտնվում է միայն Ալյոշա Կարամազովի հետ կապված դրվագներում՝ նրա կերպարը ավելի պարզ և հասկանալի դարձնելու նպատակով։ Հերոսուհուն բնորոշ են մանկական հմայքը, անմիջականությունը և որոշակի միամտությունը. միևնույն ժամանակ նա կարողանում է կոշտ և նպատակասլաց լինել, իսկ նրա ոգևորությունը երբեմն վերածվում է հուզավառության։ Լիզայի զգացմունքները Ալյոշայի հանդեպ, Դոստոևսկու մտահղացմամբ, պետք է տարափոխվեին բարեկամության և սիրո դիապազոնում՝ հերոսուհու կողմից պահպանվելով բարեկամության սահմաններում։ Միևնույն ժամանակ, աղջկան գրավում են Իվանին բնորոշ բարդությունը, առեղծվածայնությունը և ներքին հակասությունները։ Ալյոշայի և Լիզայի զրույցը «Սատանայի ճուտը» գլխում քննադատները համարել են Ալյոշայի ներքին դիմանկարի ձևավորման ամենակարևոր դրվագը։ Նույն զրույցի մեջ վերափոխվում է նաև Լիզան, ով վերջապես հանգում է իր գոյության և ներքին որոշակիության որոշ հստակության։

Լիզա Խոխլակովայի նախատիպը եղել է Վալենտինան՝ Լյուդմիլա Խոխրյակովայի դուստրը, վերջինս էլ, իր հերթին, հանդիսացել է Եկատերինա Օսիպովնա Խոխլակովայի նախատիպը։

Առաջին հայտնվելը վեպում[խմբագրել | խմբագրել կոդը]

— Չարաճճի աղջիկ, ինչու՞ եք նրան այդպես ամաչեցնում։
Լիզան հանկարծ, բոլորվին անսպասելի, կարմրեց, աչքերը փայլեցին, դեմքը դարձավ ահավոր լուրջ, և նա եռանդագին, դժգոհող բողոքով, ավելի ճիշտ՝ նյարդայնորեն, հանկարծ խոսեց՝
— Իսկ նա ինչու՞ ամեն ինչ մոռացավ:Նա ինձ փոքր ժամանակ գրկում էր, մենք միասին խաղում էինք։ Չէ՞ որ նա ինձ սովորեցնում էր կարդալ, Դուք գիտե՞ք դա։ Նա երկու տարի առաջ, հրաժեշտ տալով, ասաց, որ երբեք չի մոռանա, որ մենք հավերժական ընկերներ ենք, հավերժակա՛ն, հավերժակա՛ն։ Եվ ահա նա հիմա հանկարծ վախենում է ինձանից, ես նրան ուտու՞մ եմ, ինչ է։ Ինչու՞ չի ուզում մոտենալ մեզ, ինչու՞ չի խոսում։ Ինչու՞ չի ուզում գալ մեզ մոտ։ Մի՞թե Դուք նրան թույլ չեք տալիս.չէ՞ որ մենք գիտենք, որ նա այստեղ ամենուր է։ Ես անպարկեշտ եմ համարում նրան կանչել, նա առաջի՛նը պետք է հիշեր, եթե չի մոռացել։ Ո՜չ, նա այժմ փրկվում է։ Դուք ինչու՞ եք այդ երկարափեշ փարաջան հագցրել նրան...Կվազի, կընկնի...
Եվ նա հանկարծ, չդիմանալով, դեմքը փակեց ձեռքով և ծիծաղեց ահավոր, անկառավարելի, իր երկար, նյարդային, ցնցուն և անաղմուկ ծիծաղով։

Լիզայի և Զոսիմայի երկխոսությունը Ալյոշայի մասին ծերունու վանքում[1][2]

Լիզա Խոխլակովան վեպում առաջին անգամ հայտնվում է «Թերահավատ տիկինը» գլխում, որտեղ նա մոր հետ ծերունի Զոսիմայի վանքում մասնակցում է նրա և Ալյոշա Կարամազովի զրույցին[3]։ Լիզան վաղ մանկությունից ծանոթ է Ալյոշային։ Վեպում հայտնվելու պահին նա հիվանդ 14-ամյա աղջիկ է՝ «գեղեցիկ դեմքով, նիհար, բայց ուրախ»։ «Ինչ-որ բան չարաճճիություն փայլեց նրա երկար թարթիչներով մութ և մեծ աչքերում», - գրում է Դոստոևսկին։ Զոսիմայի մոտ նա և Ալյոշան հանդիպում են որոշ ընդմիջումից հետո[4]։ Ընդ որում, Ալյոշայի հետ նրա հարաբերությունների բարդությունը հայտնաբերվում է անմիջապես [3], նա Սկոտոպրիգոնևսկ ժամանելուց ի վեր տիրում է աղջկա մտքերին[5]։ Դոստոևսկին մեկ անգամ չէ հիշեցնում, որ Լիզան երբեմն իր զգացմունքներն արտահայտում է բարձր հուզականությամբ, ինչի պատճառով, չնայած շրջապատի վստահությանը, ընթերցողը, բնականաբար, կասկածներ է ունենում, որ Զոսիման իսկապես բժշկել է աղջկան[5]։ Նույն տեսարանում ի հայտ է գալիս շահերի բախում, քանի որ Ալյոշայի հետ Լիզայի կապվածությունը հակասում է վանքում գտնվելու նրա հոգևոր բարձր նպատակներին[3]։ Այդուհանդերձ, Լիզան, նույնիսկ վանքում, անկեղծորեն ծիծաղում է Ալյոշայի վանական հագուստի վրա, վերջինս կարմրում է աղջկա համառ ու համարձակ հայացքից[6], ինչը նկատում է ուշադիր Զոսիման[3]։ Ծերունու դիտողությանը ի պատասխան արդեն կարմրում է Լիզան, որից հետո բողոքում է Զոսիմային, որ վանք գնալուց հետո Ալյոշան մոռացել է իր մասին։ Տեսնելով Լիզայի անթաքույց զգացմունքները Կարամազովի հանդեպ՝ ծերունին որոշում է անպայման Ալյոշային ուղարկել աղջկա մոտ[2]։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսի, մարդ Աստծո. Սրբապատկեր

Քննադատները ուշադրություն են դարձրել Դոստոևսկու կողմից հերոսուհու անվան և ազգանցան ընտրության ոչ պատահական լինելուն[7][8]։ Ինչպես նշել է բանասեր Մոիսեյ Ալթմանը, Խոխլակովայի ազգանունը նախատիպ Վալենտինա Խոխրյակովայի ազգանվան փոփոխված տարբերակն է[8]։ Անվան ընտրության վրա, բանասեր Վալենտինա Վետլովսկայայի կարծիքով, ազդել է վեպի հերոսուհու պատկերացումը որպես Ալյոշա Կարամազովի ապագա հարսնացու։ Չնայած այն հանգամանքին, որ Սուրբ Ալեքսիի, Աստծո մարդու, ում հետ կրտսեր Կարամազովը նույնականացված է վեպում, հարսնացուի անունը ռուսական վարքագրության հրատարակություններում չի հիշատակվում, այնուամենայնիվ հոգևոր ստեղծագործությունների որոշ տարբերակների մեջ այն նշվում է Կատերինա կամ Լիզավետա[7]։ Լիզավետա անունը վեպում առաջին անգամ հնչում է «Հավատացյալ կանայք» գլխում, երբ կանանցից մեկը, ի պատասխան իր երեխայի մասին ծերունի Զոսիմայի հարցին, ասում է՝ «Աղջիկ է, լույս, Լիզավետա»։  Այստեղ առաջին անգամ հիշատակվում է նաև Ալեքսին՝ Աստծո մարդը։

Հերոսուհու անվան ծագման մասին վարկածը ևս մեկ անգամ հաստատվում է «Թերահավատ տիկինը» գլխում, որտեղ խոսակցություն է տեղի ունենում Լիզայի և մոր՝ կալվածատիրուհի Խոխլակովայի, և Ալյոշա Կարամազովի ու նրա հոգևոր հոր՝ ծերունի Զոսիմայի միջև։ Վետլովսկայան նշում է, որ այս դրվագում ակնհայտ կերպով Ալյոշայի կերպարը կապվում է Աստծո մարդ Ալեքսիի, իսկ Լիզայի կերպարը՝ Լիզավետի՝ Սրբի հարսնացուի և կնոջ հետ, և ծերունու՝ Ալյոշային ուղարկելու խոստումը դիտվում է որպես ծնողների նախնական համաձայնություն։ Այս ենթադրությունը հաստատում է նաև Ալյոշան՝ պատրաստվելով վանքի դուրս գալուց հետո ամուսնանալ Լիզայի հետ[9]։

Կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզան բավականին տարօրինակ կերպար է համարվում։ Վեպում նա հայտնվում է միայն Ալյոշա Կարամազովի հետ կապված դրվագներում՝ նրա կերպարը ավելի պարզ և հասկանալի դարձնելու նպատակով[10]։ Տեսարաններից մեկում Ալյոշան աղջկան անմիջականորեն ասում է՝ «Գիտե՞ք, Լիզա, իմ ծերունին մի անգամ ասել է՝ մարդկանց հետևից պետք է գնալ այնպես, ինչպես երեխաների հետևից, մյուսների հետևից՝ ինչպես հիվանդանոցներում գտնվող հիվանդների...»: Չնայած նրան, որ այդ ակնարկն ուղղակիորեն չէր վերաբերվում աղջնակին, նա դրանով ավելի շատ դիմում էր հենց Լիզային, ով դառնում է կրտսեր Կարամազովի գործուն սիրո խորհրդանշական նպատակը։  Իր մեջ համատեղելով երեխայի և հիվանդ մարդու հատկանիշները՝ Լիազան Ալյոշային շրջապատող առավել դժվար մարդկանցից մեկն էր։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր դժվարություններին, Ալյոշայի սերը նրա հանդեպ անփոփոխ է[11]։ Հերոսուհու հոգեբանական դիմանկարում համադրվում են պարզությունն ու չարությունը (սա արտահայտվում է, մասնավորապես, աղջկա ծիծաղի մեջ), նրան բնորոշ է նաև ծայրահեղ հոգեկան բացությունն ու զգացմունքների մերկությունը։  Լինելով մանկականորեն հմայիչ, նա, միևնույն ժամանակ, ունի ուժեղ կամք[12]։ Աղջիկը գիտակցում է, որ երբեմն վատ մտքերի իշխանության ներքո է հայտնվում։ Այդժամ նրա ձայնում սկսում են երևալ նոր նոտաներ՝ խանդավառ ճիչից մինչև կրճտոցներ։ Հենց այդ «ձայնային վարքն» է խոսում Լիզայի հոգեկան խանգարման և տագնապների մասին[13]։ Հերոսուհու երկակի բնույթի մասին վկայում է արհամարհանքը, որը նա երբեմն զգում է շրջապատի նկատմամբ՝ միաժամանակ կախվածություն ունենալով նրանցից[13]։

Լիզայի հոգում, ինչպես նաև «Կարամազով եղբայրների» այլ կերպարների հոգիներում, տեղի է ունենում բարու և չարի շարունակական պայքար։ Ընդ որում, Լիզային բնորոշ է չարը բարու տեղ ընդունելը։ Նա կարող է միաժամանակ երազել օգնել թշվառներին և ցանկանալ, որ իրեն չարչարեն. արքայախնձորի կոմպոտի մասին երազանքը նրա գիտակցության մեջ հարաբերվում է կտրված մատներով տղայի կերպարի հետ[14]։ Շատ առումներով Լիզա Խոխլակովայի հոգեբանական զեղումները տեղի են ունենում նրա երիտասարդ տարիքի պատճառով[15], իսկ սիրային հիստերիկ դիալեկտիկան դրսևորվում է վեպի ևս մեկ կանացի կերպար Կատերինա Իվանովնա Վերխովցևայի ի հայտ գալով[16]։ Այսպես, «Խոխլակովների մոտ» տեսարանում Լիզան քմահաճություն է անում և Ալյոշայից պահանջում է հետ վերադարձնել իր սիրային նամակը։ Այդ նույն ժամանակ, Կատերինա Իվանովնան չի կարողանում կողմնորոշվել Իվան Կարամազովի հանդեպ սիրո և Դմիտրի Կարամազովի նկատմամբ հպարտությունից ծնված կախվածության միջև՝ վրդովվելով Ալյոշային[17]։

Չնայած Ալյոշայի սիրո գրավոր խոստովանությանը, Լիզան բարդ հուզական զգացմունքներ ունի նաև Իվան Կարամազովի նկատմամբ[5]։ Լիզան ստիպում է երկու եղբայրներին հաստատել, որ ինքը տարբերություն չի տեսնում բարու և չարի միջև, և որ իրեն արդեն տիրում են դևերը։ Իվանի արձագանքը այս ամենին հեգնական է և հանգեցնում է Լիզայի արհամարհանքին։ Ալյոշան աղջկա եզրակացությունը համարում է մեղավոր, բայց չի գնում նրա մոտ և հրաժարվում է արհամարհել նրան հանցավոր այլասերվածության համար[18]։

Հարաբերությունները Ալյոշայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզան վաղ մանկությունից ծանոթ է Ալյոշայի հետ։ Ըստ գրական քննադատ Ակիմ Վոլինսկու, Դոստոևսկին մտադիր է եղել Լիզայի վերաբերմունքը Ալյոշայի հանդեպ պատկերել բարեկամության և սիրո շրջանակներում, ընդ որում՝ հերոսուհու կողմից նախանշելով միայն բարեկամության հեռանկարը։ Աղջիկն Ալյոշային վանքում տեսնում է ծիծաղելի փարաջայով, բայց՝ միաժամանակ վսեմ, ինչը միայն խանգարում է սիրուն[19]։ Այդուհանդերձ, Ալյոշայի հետ շփվելիս նրա մոտ առաջին անգամ բացահայտվում է հոգևոր կողմը։ Նամակում, մասնավորապես, երբ իրենք առաջին անգամ հանդիպել էին վանքում, նա գրում է՝ «Սիրելի՛ Ալյոշա, ես Ձեզ սիրում եմ, սիրում եմ դեռ մանկուց, դեռ Մոսկվայից, երբ Դուք բոլորովին էլ այնպիսին չէիք, ինչպես հիմա, և սիրում ամբողջ կյանքի համար։  Ես ընտրել եմ Ձեզ իմ սրտով, որ Ձեզ հետ միավորվենք, իսկ ծերության ժամանակ միասին ավարտենք մեր կյանքը»[20]։ Լիզայի նամակը ոգևորում է Ալյոշային, նրա մտքում ծնվում են ապագա ամուսնության հետ կապված երևակայություններ. հերոսուհին, կարծես, արժանի կին կդառնա։ Սակայն հնարավոր երջանկության մասին երազանքներն անիրագործելի են, իսկ չիրականացած հույսերը տանում են դեպի հիասթափություն։ Հերոսների հետագա զրույցի ընթացքում վերջնականապես ուրվագծվում է նրանց հարաբերությունների բարեկամական բնույթը[20]։

Լիզան, ի տարբերություն Ալյոշայի, չի կարողանում նրան պատկերացնել որպես ամուսին։ Ի պատասխան Ալյոշայի՝ ապագայում աղջկա հետ ամուսնանալու լուրջ մտադրության, վերջինս միայն ծիծաղում է։ Անմիջապես դիմելով տիրուհի Խոխլակովային՝ նա անվանում է Ալյոշային մի փոքրիկ տղա, կասկածելով, որ Ալյոշային առհասարակ պետք է ամուսնանալ միայն այն պատճառով, որ նա պատկերացնում է, թե դա պետք է իրեն։ Եվ միևնույն ժամանակ, Լիզան ամեն անգամ ավելի ու ավելի է հարգում Ալյոշային՝ իր լրջության համար, ինչը ևս խոչընդոտում է սիրո զարգացմանը[21]։ Նա խրախուսում է տղայի՝ հնարավոր համատեղ կյանքի մասին զրույցները և նույնիսկ խոստանում է կիսել նրա համոզմունքները և նրա նկատմամբ իրեն պահել լիակատար ազնվությամբ[22]։ Վերջին ժամադրության ժամանակ աղջիկն արդեն ուղիղ ասում է Ալյոշային այն մասին, որ իր բնավորության պատճառով նա բոլորովին չի համապատասխանում իրեն որպես ամուսին՝ «Դուք հարմար չեք ինձ որպես ամուսին։ Ես կամուսնանամ Ձեզ հետ և, եթե Ձեզ մի նամակ տամ, որը պետք է հասցնենք նրան, ում ես սիրում եմ Ձեզանից հետո, Դուք կվերցնեք և անպայման տեղ կհասցնենք, և նույնիսկ պատասխան-նամակ էլ կբերեք։ Եվ քառասուն տարեկանում էլ նույն կերպ այդ նամակաները կտանեք-կբերեք»[23][24][5]։ Այս տեսարանում դրսևորվում է նաև հերոսուհու հոգեկան խառնաշփոթը, քանի որ նա միաժամանակ գործնական նպատակ է հետապնդում նամակ փոխանցել Իվան Կարամազովին[12]։

Ալյոշայի հետ հարաբերություններում ի հայտ է գալիս նաև Լիզայի՝ ուրիշներին տառապանքի մատնելու հակումը։ Նրա հիվանդագին հարաբերությունները բոլորի հետ, որոնք դրսևորվում են նույնիսկ այնպիսի պահերի, ինչպիսիք են աղախին ծեծելը, Ալյոշայի նկատմամբ հատկապես վառ են բացահայտվում՝ ինչպես իր զզվելի ինքնազարգացման մեջ, այնպես էլ Իվանի հետ հարաբերությունների ակնարկներում։ Ընդ որում, Ալյոշիի հեռանալուց հետո նրա ներքին սադիզմը ուղղվում է հենց իր դեմ, ինչի արդյունքում Լիզան ճմլում է իր մատը[11]։ Քննադատները նշել են, որ Դոստոևսկին նման կերպ ցանկացել է ընդգծել, որ այժմ Լիզան բացարձակ գերության մեջ է անմաքուր ուժի մեջ, որպես մի մարդ, ով առանց ներման իրավունքի դատավճիռ է կայացրել՝ «Որովհետև ես ոչ ոքի չեմ սիրում։ Լսու՞մ եք, ոչ-ոքի»։ Ըստ Զոսիմայի, նրանք, ովքեր չեն կարող սիրել, դատապարտված են դժոխային տանջանքների[18]։

Հարաբերությունները Իվանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական քննադատ Ակիմ Վոլինսկի

Ընտրություն կատարելով երկու եղբայրների միջև՝ Լիզան գիտակցում է, որ Ալյոշայի հանդեպ նա անկեղծ հակումներ չունի, նրա զգացմունքները նման են աստվածացման, նրա հիացմունքն ու խոնարհումը ավելի շուտ ոչ երկրային բնույթի են։ Ալյոշան նրա աչքերում գրեթե կատարյալ է, ուստի՝ գեղեցիկ և հեռու, ինչպես անհասանելի երազանքը։ Սակայն նրա կողքին կա մեկ այլ Կարամազով՝ նրա ավագ եղբայր Իվանը։ Վերջինիս բարդությունը, առեղծվածայնությունը և ներքին հակասություններն ավելի ու ավելի են գրավում Լիզային[22]։ Չնայած այն հանգամանքին, որ Ալյոշայի հետ երկխոսության ժամանակ աղջիկը հայտարարում է՝ «Ես ձեր եղբայր Իվան Ֆյոդորովիչին չեմ սիրում», Ալյոշան այս ժխտման մեջ արդեն սկսում է նշմարել Իվանի իշխանությունը Լիզայի վրա[25]։

Իվան Կարամազովը Լիզայի մոտ է գալիս նրա հրավերով, և Ալյոշան հասկանում է, որ եղբայրը լուրջ ազդեցություն ունի աղջկա վրա. Իվանի հետ շփվելուց հետո հերոսուհու խոսքում հայտնվում են նրա խոսքերն ու արտահայտությունները, իսկ նրա դավանած գաղափարները վերամշակվում են աղջկա ցավոտ երևակայությամբ[26]։ Լիզայի դյուրագրգռությունն ու ինքնուսուցումը մասամբ պայմանավորված են հերոսուհու ամոթով՝ Իվանին ուղղված նամակի պատճառով, որը տղան շատ սառն էր ընդունել[27]։ Ալյոշայի և Լիզայի վերջին ժամադրության տեսարանում կրտսեր Կարամազովը նշում է Լիզայի վրա Իվանի գաղափարների ազդեցության հետևանքները։ Աղջիկը «սարսափելի փոխվել է < ... > նիհարել է, իր ողջ էության մեջ, նախկին պարզության կողքին, չարություն է զգացվում»։ Այս Լիզան այլևս չի ցանկանում երջանիկ լինել, իր մտքում նա հանցանքների է ձգտնում[25]։ Ալյոշան հասկանում է, որ Իվանը ազդում է աղջկա հոգու վրա, բացում է այնտեղ այն, ինչը դեռ չի հասցրել բացվել ինքնաբերաբար[26]։ Գիտակցելով ներքին տարաձայնությունները և ձգտելով խեղդել դրանք՝ Լիզա սեփ-սևի աստիճան վնասում է իր մատը[28]։ Նույն տեսարանում իր արարքից կատաղության հասած և ցնցումների մեջ ընկած Լիզան խնդրում է Ալյոշային փոքրիկ նամակ փոխանցել Իվանին, որը վերջինս Ալյոշայի ներկայությամբ կարդալով՝ անտարբերորեն նշում է, որ Լիզան արդեն ինքն է իրեն առաջարկում[29]։ Սակայն, ավելի ուշ՝ «Դա նա է ասել» գլխում, Իվանը ներողություն է խնդրում Ալյոշայից՝ անցյալում Լիզային վիրավորելու համար, նշելով, որ իրականում աղջիկը իրեն դուր է գալիս՝ «Լիզան ինձ դուր է գալիս։ Ես քեզ ինչ-որ կեղտոտ բան եմ ասել նրա մասին։ Ես ստել եմ, նա ինձ դուր է գալիս»[27]։

Քննադատները նաև նշել են, որ Լիզայի հիստերիկ ընդվզումը, որի ժամանակ նա շեղվում է Աստծո ներդաշնակությունից[30], Իվան Կարամազովի դեմ ընդվզման յուրօրինակ համադրություն է համարվում, որի ուժով նա կարծես հավանություն է տալիս աղջկա՝ արքայախնձորի կոմպոտի հետ կապված պատմությանը։ Ալյոշան Իվանի մասին ավելացնում է, որ նա իսկապե՛ս կարող է հավատալ Լիզային[31]։ Լիզայի ընդվզումը լրացնում է Իվանի ընդվզումը, սակայն, բնականաբար, նրան զիջելով մասշտաբով՝ հերոսուհու երիտասարդության շնորհիվ։ Քննադատները նշել են, որ նման զուգահեռները Դոստոևսկու գեղարվեստական կարևորագույն հնարքներն են[32]։ Միաժամանակ, վեպում Լիզայի կերպարը, իր ինքնազարգացումներով և առաջարկներով, ձգտում է ոչնչացնել Իվանի գաղափարը երեխաների անմեղության մասին, քանի որ երեխաների՝ երեխաների դեմ ուղղված հանցագործությունները ոչ պակաս սարսափելի են, քան երեխաների դեմ մեծահասակների հանցագործությունները[11]։

Սատանայի ճուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոշայի և Լիզայի զրույցը «Սատանայի ճուտը» գլխում անվանվել է գլխավոր դրվագ, որը ցույց է տալիս Ալյոշայի հոգեբանական դիմանկարի ձևավորումը և այն, թե ինչպես է ստեղծվում մարդկային հոգու դիալեկտիկական մոդելը։ Նախքան այս զրույցը, Լիզան վեպում ներկայացվում էր հիվանդ ոտքով երեխա՝ գամված հաշմանդամի սայլակին, ինչն ընդգծում էր կերպարի անինքնուրույնությունը և բնավորության բացակայությունը։ Սակայն վերջին տեսարանում նա արդեն ապաքինվել և վեր է կացել սայլակից։ Այս կերպ Դոստոևսկին ընդգծում է հերոսուհու մոտ տեղի ունեցած փոփոխությունները, որոնք հանգեցնում են ներքին որոշակիության և իր գոյությունը հասկանալուն[10]։

Ըստ Դոստոևսկու՝ չի կարելի միանշանակ և անվերապահորեն դատապարտել այն մարդուն, ով զոհ Է դարձել իր մութ, ագրեսիվ սկզբունքներն։ Նման անձինք, ընդհակառակը, ավելի ուշադիր մոտեցման են արժանի[33]։ Լիզայի բնավորությունը պարզության և զայրույթի, ամաչկոտության և անամոթության, բարության և սադիզմի տարօրինակ և սարսափելի համադրություն է։ Շրջապատող ամեն ինչ պարբերաբար զզվանք է առաջացնում նրա մոտ։ Նա ուզում է խաբված և տանջված լինել։ Ինքը՝ հերոսուհին, ակնհայտորեն արտահայտում է ինքնաոչնչացման իր ձգտումը՝ հայտարարելով՝ «Ես ուզում եմ ոչնչացնել ինքս ինձ»[33]։ Լիզայի խոստովանությունը Դոստոևսկու ստեղծագործությունների մեջ մարդու «գիշերային հոգու» ամենատպավորիչ խոստովանանքն է «Նամակներ ընդհատակից» վեպի Ընդհատակյա պարոնից հետո։ Չնայած այն հանգամանքին, որ դա ընդամենը մտահանցագործություն է, հերոսուհու ցանկությունների և հավակնությունների մերկացումը հասնում է սահմանաչափին՝ թողնելով ուժեղ տպավորություն[34]։

…ես երբեմն երազում դևեր եմ տեսնում, կարծես գիշեր է, ես իմ սենյակում եմ՝ մոմը ձեռքիս, և հանկարծ ամենուր դևեր են, բոլոր անկյուններում, նաև՝ սեղանի տակ, դռներն են բացում, նրանք այնտեղ՝ դռների հետևում, ամբոխով են, և նրանք ցանկանում են մտնել ու գողանալ ինձ։ Նաև մոտենում են, նաև գողանում են։ Ես հանկարծ խաչակնքվում եմ, նրանք՝ հետ են քաշվում, վախենում են, միայն թե՝ վերջնական չեն հեռանում, այլ կանգնում են դռների և անկյունների մոտ, սպասում են։ Եվ հանկարծ ինձ մոտ անզուսպ ցանկություն է առաջանում բարձրաձայն նախատելու Աստծուն, սկսում եմ նախատել, իսկ նրանց ամբոխը կրկին մոտենում է ինձ, ուրախանում են, կրկին բռնում են ինձ, ես հանկարծ նորից խաչակնքվում եմ, նրանք՝ նորից հետ:Ահավոր զվարճալի է, հոգեհան ես լինում

Լիզայի երազը[35]

Ալյոշայի հետ վերջին հանդիպման ժամանակ հատկապես ուժեղ է արտահայտվում Լիզա Խոխլակովայի՝ ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը, որը բնորոշ է նրա հիստերիկ բնույթին[36]։ Այն երևում է հայտարարության մեջ, թե նա այժմ սիրում է հանցագործություններ և ցանկանում է չարիք գործել, միևնույն ժամանակ, հույս ունենալով, որ երկրի վրա ամենամեծ մեղքը կատարելուց հետո բոլոր մարդիկ կիմանան այդ մասին, « կշրջապատեն իրեն և մատներով ցույց կտան»[33][37]։ Լիզան կախարդված է մահով և ցանկանում է ծիծաղել՝ ի պատասխան նրանց, ովքեր կդատապարտեն իրեն՝ պնդելով, որ բոլորն էլ գաղտնի սիրահարված են չարիքին, օրինակ, հայրասպանությանը։ Նա կարծում է, որ այժմ բոլորը սիրում են Դմիտրի Կարամազովին այն բանի համար, որ նա սպանել է հորը, թեև ասում են, որ դա սարսափելի է։ Նա՝ ինքն էլ ուղղակիորեն հայտարարում է՝ «Ես առաջինն եմ սիրում»[38]։ Ալյոշայի դիտարկմանը, թե դա բնորոշ է երեխաներին, Լիզան պարզաբանում է, որ ինքը մանկան նման միամիտ չէ և գիտակցում է հետևանքները, իրեն գրավում է հենց իր մեջ ներդրված չարիքի ադեկվատ արտահայտության գիտակցումը։ Չարիք գործելու ցանկությունը նա պատճառաբանում է ձգտմամբ՝ անել այնպես, որ «ոչ մի տեղ ոչինչ չմնա»։ Ինչպես նշվել է քննադատների կողմից, դրանում դրսևորվում է Դոստոևսկու գաղափարն առ այն, որ մարդկային հոգու բացասական սկիզբն իր էությամբ «ոչինչ»-ի սկիզբն է, գոյություն ունեցածի ոչնչացման միտումը[39]։ Ալյոշան Լիզայի մեջ զգում է, որ նա չարն ընդունում է որպես բարի, ինչ-որ ներքին խառնաշփոթ է զգում, որը, սակայն, մասամբ վերագրում է աղջկա նախկին հիվանդության հնարավոր հետևանքներին[24]։ Ենթադրվում էր, որ երևակայական անբարոյական արարքները կարող են օգնել Լիզային՝ սովորել պայքարելու չարիքի դեմ և, չնայած հիվանդության հետ ևանքով մեկուսացմանը, հակազդել վատին[36]։

Լիզայի՝ տունը վառելու հիվանդագին ցանկությունը և խառնաշփոթի հանդեպ ծարավը վառ բացահայտվում է երազի մեջ։ Աղջիկը մե՛կ Աստծո կողմում է, մե՛կ՝ զվարճանում է սատանայի հետ խաղով։ Ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոն մարդու նման վիճակը անվանել է«անխելքության ոչնչություն»։ Նման հոգեկան դատարկությունը և անձի հոգևոր առանցքի բացակայությունը կարող են հանգեցնել ինքնաոչնչացման[12]։ Կանխազգալով այդ հնարավոր ինքնաոչնչացումը՝ Լիզան օգնության համար դիմում է Ալյոշա Կարամազովին՝ խոստովանության միջոցով բացահայտելով իր անառողջությունը[12]։ Լիզան պատմում է Ալյոշային իր երազը, որտեղ նա տեսնել էր դժոխքը և նախատել էր Աստծուն, ինչին Կարամազովը պատասխանում է, որ նման երազ ինքն էլ է տեսել[35]։ Այսպիսով Լիզան իր խոստովանությամբ միաժամանակ ապակառուցողական ազդեցություն է ունենում նրա վրա[13]։ Երազների զուգադիպությունը չէր կարող պատահական լինել. այն ցույց է տալիս զրուցակիցների խորքային էության մտերմությունը։ Լիզայի խոստովանությունը, ի վերջո, բացահայտում է Ալյոշայի անտինոմիականությունը՝ նրա մեջ բևեռային պայքար է սկսվում Աստծո և սատանայի կերպարներով։ Պարզվում է, որ նա նույն մարդն է, ինչ մյուսները, ովքեր իրենց հոգում կրում են իրենց Աստծուն և իրենց սատանային[35]։

Ահա ես մի գիրք ունեմ, ինչ-որ տեղ գտնվող ինչ-որ դատարանի մասին կարդացել եմ, որ ջհուդը կտրել է չորսամյա տղայի երկու ձեռքերի մատիկները, ապա խաչել է պատին, ծակել է մեխերով և խաչել, իսկ հետո դատարանում հայտարարել, որ տղան շուտ է մահացել՝ չորս ժամ անց։ Այդքա՜ն շուտ։ Ասում է՝ հառաչում էր, անվերջ հառաչում էր, իսկ նա կանգնել ու հիացել է։ Դա լավ է <…> Ինձ երբեմն թվում է, որ ես եմ նրան խաչել։ Նա կախված է և հառաչում է, իսկ ես նստած եմ նրա դիմաց և արքայախնձորի կոմպոտ եմ ուտում։ Ես արքայախնձորի կոմպոտ շատ եմ սիրում

Պատմություն արքայախնձորի կոմպոտի մասին[40]

Զրույցի վերջում Լիզան հրամցնում է պատմության մեջ ամենասարսափելի խոստովանությունը՝ արքայախնձորի կոմպոտի մասին[40][41]։ Նրա խնդրանքով եկած Իվանը, ում նա պատմել էր այդ նույն պատմությունը, հավանություն էր տվել Լիզայի՝ խաչված տղայի զննում վայելելու ցավոտ զգացողությանը[13][41]։ Քննադատները նշել են, որ նման լուրջ և պատասխանատու հարցերի համար Դոստոևսկին այլևս չէր կարող բավարավել բարոյական անտինոմիայի միայն մեկ բևեռ պատկերելով, ուստի ինքնաճանաչումից հետո Լիզան ավելացնում է, որ մինչև արցունքներ ցնցվել է այս պատմությունից, բայց միաժամանակ չէր կարող գլխից հանել արքայախնձորի կոմպոտը։ Միևնույն զգացմունքի սահմաններում հերոսուհու մոտ հայտնվում են միանգամից երեք տարբեր բաղադրիչ «գումարելիներ»՝ «Լավ»՝ ինչպես չարի բևեռ, «ցնցվել մինչևև արցունքները»՝ որպես բարու բևեռ, «արքայախնձորի կոմպոտ»՝ որպես հեռացման և ինքնամեկուսացման խորհրդանիշ[40]։ Ընդ որում, կոմպոտը տվյալ դեպքում ուժեղ սթրեսի դեմ որոշակի պաշտպանական ռեակցիայի դեր է կատարում[13]։ Լիզայի վերջին խոստովանության մեջ նշմարվում էին Դոստոևսկու արվեստի մեջ հրեաների հաճախակի բացասական հիշատակումները։ Այս պատմության ծագումը կարող էր պայմանավորված լինել Լիզայի «արյան զրպարտանքներով», որոնց գրողն՝ ինքը, մինչև վերջ չէր հավատում, քանի որ դրանցում կասկածում է նրա մտքերի արտահայտիչ Ալյոշա Կարամազովը։  Իսկ այդ խոստովանության մեջ ամենասարսափելին, փիլիսոփայական տեսանկյունից, եղել է այդ զրպարտանքների ազդեցությունը աղջկա վրա, ինչ-որ կեղծ հիշողության ստեղծումը, որի արդյունքում նա պատրաստ էր մանկասպան դառնալ[42]։

Կրոնական տեսանկյունից, Լիզայի ինքնաճանաչումը բնութագրվում է որպես դիվային, քանի որ աղջիկը ձգտում է հասկանալ իր ապակառուցողական կամ պերվերսիվ երևակայությունները՝ իրեն զգալով մի աշխարհում, որը փրկագնման ենթակա չէ։ Դրա հետ մեկտեղ դիվայինը ներկայանում է որպես համալիր ֆենոմեն, որի համաձայն՝ բարոյապես անտարբեր ամբողջ աշխարհը սադիստական դաժանություն է թույլ տալիս։ Նման հայացքներում «տեղավորվում է» ինքն իր հանդեպ վերաբերմունքը՝ որպես ցավի և մերժվածության դատապարտված էակ, և ցավի ու ոչնչացման ծարավի հանդեպ զզվանքի զգացողությունը մի աշխարհում, որտեղ Աստված չկա։ Փաստորեն, կրկնվում է Իվան Կարամազովի թեզը, թե «ամեն ինչ կարելի է», բայց դրանից ավելի վատ այն փաստն է, որ անմաքուր ուժից փախչելու տեղ չկա։ Անհնար է թաքնվել սեփական «ես»-ից, որը փակված է նվաստացման և ինքնախաբեության խցում։ Դրվագը կարևոր օղակ է հանդիսանում դիվային բնույթի պարզաբանման գործընթացում և նպաստում է Մեծ ինկվիզիտորի պատմությունների և Իվան Կարամազովի մղձավանջների՝ ավելի խորությամբ ընթերցմանը։ Ընդ որում, Լիզայի գիտակցված ճշմարտացիությունն ու իրեն և ուրիշներին սիրելու անկարողությունը «անմաքուր ուժի զորության առավել ակնհայտ օրինակ է»[43]։

Վեպի գեղարվեստական միջոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական առումով ուշադրություն է դարձվել այն բանին, որ ներառված տեքստերը, որոնք իրենցից ներկայացնում են օրագրեր, նամակներ, գրություններ և ստեղծագործության մեջ ներառված այլ «օտար» պատմվածքի տարրեր, «Կարամազով եղբայրների» մեջ անհրաժեշտ են պատմության իրադարձությունների ձևավորման համար[44]։ Վեպում ներդրված տեքստերը կապված են Ալյոշա Կարամազովի հետ, սակայն ժամանակագրականորեն և թեմատիկորեն տարանջատված են դրանց շրջանակող իրադարձություններից[45]։ Այսպես, Ալյոշա Կարամազովին ուղղված իր նամակում Լիզա Խոխլակովան սեր է խոստովանում և խնդրում է նրան գալ իր մոտ՝ «Ալոյշա, Դուք միայն անհապաղ, անհապաղ, անհապաղ եկեք»։ Ժամանակագրական հեռավորությունը արտահայտվում է տվյալ նամակի երեք հիշատակումներով, որոնք առանձնացված են իրար հետ չկապված իրադարձություններով։ Նախ Դոստոևսկին նկարագրում է Ալյոշայի նամակի հանձնումը։ Դրանից հետո գալիս են Դմիտրիի և Հայր Պաիսիի հետ հանդիպման տեսարանները և աղոթքները, որոնցով ընդմիջվում էր նամակի հանձնումը ընթերցումից։ Լիզայի հետ Նամակի քննարկման տեսարանը ընթերցանության տեսարանից առանձնանում է Զոսիմայի խրատներով, հոր և աշակերտների այցելությամբ։ Թեմատիկ տարբերություններ առաջանում են մահացող ծերունու կողքին աղոթքի տեսարանի անհամապատասխանության և սիրո նամակի ընթերցանության հաջորդող տեսարանի, ինչպես նաև նամակի առաջացման և ընթերցանության ընդգծված պատահականության շնորհիվ՝ «հնարավոր է, որ նամակը հայտնվի սպասուհու մոտ» նամակով, որից հետո Ալյոշան «նամակը, գրեթե ակամա, խցկել է գրպանը» և «պատահաբար շոշափել է այն աղոթքի ժամանակ»[46]։ Այսպիսով, Լիզայի նամակը «սահմանափակող գործառույթի» դեր է կատարում՝ կանգնեցնելով իրադարձությունների առաջխաղացումը կամ փոխելով դրանց զարգացման ուղղությունը[47]։

Ընդգծվել է նաև «Կարամազով եղբայրներ»-ում Դոստոևսկու կողմից գեղարվեստական հնարքի՝ մեկ կերպարի մտքերն այլ կերպարին վերագրելու հաճախակի օգտագործումը, որպեսզի ընդգծվի հեղինակի համար դրանց կարևորությունը։ Այսպես, վեպում Լիզա Խոխլակովան հեղինակի կողմից օգտագործվում է, մասնավորապես, մոր կարևոր մտքերը պահպանելու համար։ «Հյուրասենյակում ճնշող իրավիճակի» տեսարանից հետո Եկատերինա Խոխլակովան հապճեպ և խանդավառությամբ շշնջում է Ալյոշա Կարամազովին՝ «Դուք հրաշալի պահեցիք Ձեզ, հրեշտակի նման», «Դուք վարվեցիք հրեշտակի պես, ես դա հազար անգամ պատրաստ եմ կրկնել»։ Այս միտքն ամրապնդելու և թույլ չտալու համար, որ ասելիքն անհետայտանա, Դոստոևսկին ներմուծում է Լիզայի երկու հստակեցնող հարցերը, որոնք ուշադրություն են բևեռում Կարամազովի հրեշտակային էության վրա՝ «Մայրիկ, ինչու՞ նա իրեն հրեշտակի նման պահեց», իսկ Ալյոշային հարցնում է՝ «Ինչու՞ եք Դուք հրեշտակ դարձել»[48]։

Լեզվական նյութի դասակարգման ժամանակ բացահայտվել են մի շարք գեղարվեստական դոմինանտներ, որոնք իրենց մեջ ներառում են դիցաբանական սիմվոլիկայով նախանշված իմաստներ։  Այսպես, Դոստոևսկու դիմանկարային նկարագրությունների կայուն մասն են կազմում սև աչքերը, որոնց հոմանիշ երբեմն նշվում են մուգ աչքերը։ Այս մանրուքն իր արտացոլումն է գտել Լիզա Խոխլակովայի դիմանկարի նկարագրության մեջ՝ «նրա մուգ, մեծ՝ երկար թարթիչներով աչքերում»[49]։ «Աղավաղված» բառը իմաստային առումով կապված է գերակշռող «այլանդակության» հետ, որը Դոստոևսկու մոտ կերպարի կորուստ և հոգևոր մահ է նշանակում։ Դոմինանտը հայտնվում է Լիզայի զգացմունքների նկարագրության մեջ՝ «նրա գունատ-դեղին դեմքը հանկարծ աղավաղվեց, աչքերը վառվեցին»[50]։ Միջոցների լեզուն և աստիճանը «սոսկալիորեն» և «սարսափելիորեն» հանդես են գալիս որպես իմաստաբանության խթանիչներ՝ «ահավոր կարմրելով և քիչ ծիծաղելով, երջանիկ ծիծաղով»[51]։ Դոստոևսկու դիմանկարային նկարագրությունների մի ամբողջ խմբում որպես գերակշռող հանկանիշ հանդիպում է «կրակը»՝ ներկայացված բառապաշարի լայն շրջանակով։ Լիզային նկարագրելիս նույնպես գրողը օգտագործել է այն՝ «ինչ-որ կրակով փայլող աչքերով»[52]։ «Սատանայի ճուտ» գերակշռող հատկանիշը «սատանայի» կարևոր իմաստաբանության դաշտից է։ Այն օգտագործում է Իվանը՝ ստանալով Լիզայի նամակը՝ «Ա՜, սա սատանայի ճտից է»։ «Սատանայի ճուտ» բառակապակցությունը հայտնվում է նաև Իվանի կողմից Ալյոշային բնութագրելիս՝ «Ահա՜ թե ինչպիսի սատանայի ճուտ է նստած քո սրտում»[53]։ «Սատանաների» հետ է կապված նաև գրողի կողմից «խառնաշփոթ» բառի կիրառումը. այն արտասանում է Լիզան՝ Ալյոշայի հետ ունեցած զրույցում՝ «Սիրու՞մ եք խառնաշփոթ։ Ա՜խ, ես խառնաշփոթ եմ ուզում»[54]. Դոստոևսկու վեպերի գեղարվեստական մասում նշվում է նաև աղոթքի կարևոր դերը։ «Կարամազով եղբայրներ»-ում Լիզան Ալյոշային ուղղված նամակում գրում է՝ «ես աղոթեցի Աստվածածնին, հիմա նույնպես աղոթում եմ և քիչ է մնում լաց լինեմ»[55]։ Բացի այդ, վեպում ընթերցողին անընդհատ լարված է պահում «գաղտնիք» բառը, որտեղ թաքնված է ինչ-որ բացասական, նախազգուշացնող և հետաքրքիր բան։ Դոստոևսկին այն բազմիցս օգտագործում է «Կարամազով եղբայրների» մեջ՝ ուշադրություն գրավելու համար։ Օրինակ, Լիզա Խոխլակովան բոլորից գաղտնի է գրում Ալյոշայի սիրո նամակը, թեև նա գիտի, որ դա լավ բան չէ։ Դրանով իսկ նրա գաղտնիքը հայտնվում է Ալյոշայի ձեռքում[56]։

Նախատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանասեր Մոիսեյ Ալտմանը կարծում է, որ Լիզա խոխլակովայի նախատիպը եղել է Վալենտինան՝ Լյուդմիլա Քրիստափորովնա խոխրյակովայի դուստրը:Վերջինիս, ի ծնե՝ Ռաբինդեր, իր հերթին, որպես նախատիպ է ծառայել Լիզայի մոր՝ կալվածատիրուհի Եկատերինա Օսիպովնա Խոխլակովայի համար։ Մինչ 1876 թվականին Դոստոևսկու հետ ծանոթանալը, Լյուդմիլա Խոխրյակովան արդեն երկու անգամ ամուսնացած է եղել, կորցրած է եղել երկրորդ ամուսնուն և ապրում էր դստեր հետ։ Աշխատել է հեռագրական կայանում և թղթակցել է փոքր պարբերականներին[8]։

Լիզայի տարիքը համընկնում է ստեղծագործության գրելու պահին Վալենտինայի տարիքին։ Երկու աղջիկներն էլ ապրում են առանց ամուսնու մնացած մոր հետ։  Խոխլակովայի՝ վեպում ծերունի Զոսիմային դստեր հետ կատարած այցելության դրվագը նույնպես հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Խոխրյակովան հայտնել է, որ 1876 թվականին դստեր հետ այցելել է մայրապետ Միտրոֆանիային[57]։ Բացի դա, ըստ գրողի կնոջ՝ Աննա Գրիգորևնայի հաղորդման, կա մի պատմություն, որը հայտնվել է «Գրողի օրագրում», 12-ամյա աղջկա մասին, որը փախել է մորից՝ որոշելով այլևս դպրոց չգնալ. դա Դոստոևսկու կողմից գրվել է Վալենտինայի հետ կապված իրական դեպքի հիման վրա, որի մասին ինքը՝ տիկին Խոխրյակովան, պատմել է գրողին։ Ընդ որում Դոստոևսկին աղջկա արարքը մեկնաբանել է հետևյալ կերպ՝ «Ինձ, բնականաբար, անմիջապես կհակադարձեն՝ «Միակ դեպքն է, և որովհետև աղջիկը բավականին հիմար է»։ Բայց ես հո գիտեմ, որ աղջիկը հեչ հիմար չէ։ Եվ գլխավորը՝ սա բնավ էր միակ դեպքը չէ»[58]։

Վլադիսլավ Բաչինինի կարծիքով Լիզայի խոստովանության նախատիպերից մեկը կարող էր լինել Կլերվիլի՝ «Ժյուլետտա» վեպի հերոսուհի Մարկիզ դը Սադի խոստովանությունը՝ «Ինչպե՜ս եմ ես ուզում,-ասում է նա,- գտնել մի այնպիսի հանցագործություն, որի ազդեցությունը չի դադարի նաև այն ժամանակ, երբ ես ինքս այլևս գործունակ չեմ կարող լինել, այնպե՛ս, որ իմ կյանքում ոչ մի պահ չլինի, նույնիսկ երազում, երբ ես որևէ այլասերման պատճառ չլինեի, և որ այդ այլասերումը լայնանա՜-լայնանա՝ հանգեցնելով համընդհանուր անբարոյականության, այնպիսի սարսափելի շփոթության, որ նրա հետևանքներն շարունակվեն նաև իմ կյանքի սահմաններից դուրս»[59]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Собрание сочинений. Т. 14, 1976, էջ 55
  2. 2,0 2,1 Ветловская, 2007, էջ 205-206
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ветловская, 2007, էջ 205
  4. Волынский, 2011, էջ 351-353
  5. 5,0 5,1 5,2 5,3 Уильямс, 2013, էջ 99
  6. Чирков, 1967, էջ 293
  7. 7,0 7,1 Ветловская, 2007, էջ 206
  8. 8,0 8,1 8,2 Альтман, 1975, էջ 129
  9. Ветловская, 2007, էջ 206-207
  10. 10,0 10,1 Евлампиев, 2012, էջ 502
  11. 11,0 11,1 11,2 Пис, 2007, էջ 34
  12. 12,0 12,1 12,2 12,3 Гаричева, 2007, էջ 366
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Гаричева, 2007, էջ 367
  14. Мелетинский, 2001, էջ 12
  15. Мелетинский, 2001, էջ 170
  16. Мелетинский, 2001, էջ 178
  17. Мелетинский, 2001, էջ 179
  18. 18,0 18,1 Уильямс, 2013, էջ 101
  19. Волынский, 2011, էջ 352
  20. 20,0 20,1 Волынский, 2011, էջ 353
  21. Волынский, 2011, էջ 354
  22. 22,0 22,1 Волынский, 2011, էջ 355
  23. Волынский, 2011, էջ 358
  24. 24,0 24,1 Гаричева, 2007, էջ 372
  25. 25,0 25,1 Волынский, 2011, էջ 356
  26. 26,0 26,1 Волынский, 2011, էջ 357
  27. 27,0 27,1 Розенблюм, 1981, էջ 341
  28. Волынский, 2011, էջ 359
  29. Волынский, 2011, էջ 358-359
  30. Мелетинский, 2001, էջ 155
  31. Мелетинский, 2001, էջ 171
  32. Мелетинский, 2001, էջ 184-185
  33. 33,0 33,1 33,2 Бачинин, 2001, էջ 318
  34. Бачинин, 2001, էջ 318-319
  35. 35,0 35,1 35,2 Евлампиев, 2012, էջ 505
  36. 36,0 36,1 Гаричева, 2007, էջ 365
  37. Уильямс, 2013, էջ 100
  38. Чирков, 1967, էջ 260
  39. Евлампиев, 2012, էջ 503
  40. 40,0 40,1 40,2 Евлампиев, 2012, էջ 504
  41. 41,0 41,1 Розенблюм, 1981, էջ 340
  42. Кантор, 2010, էջ 380-382
  43. Уильямс, 2013, էջ 101-102
  44. Волкова, 2010, էջ 33
  45. Волкова, 2010, էջ 35
  46. Волкова, 2010, էջ 35-36
  47. Волкова, 2010, էջ 37
  48. Чижевский, 2010, էջ 27-28
  49. Сырица, 2007, էջ 134
  50. Сырица, 2007, էջ 174
  51. Сырица, 2007, էջ 368-369
  52. Сырица, 2007, էջ 300-301
  53. Сырица, 2007, էջ 244-245
  54. Сырица, 2007, էջ 247
  55. Сырица, 2007, էջ 29
  56. Голосовкер, 1963, էջ 24-26
  57. Альтман, 1975, էջ 129-130
  58. Альтман, 1975, էջ 128-129
  59. Бачинин, 2001, էջ 319

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Альтман, М. С. Достоевский. По вехам имен. — Саратов: Издательство Саратовского университета, 1975. — 280 с.
  • Бачинин, В. А. Достоевский: метафизика преступления (Художественная феноменология русского протомодерна). — Санкт-Петербург: Издательство Санкт-Петербургского университета, 2001. — 412 с. — ISBN 5-288-02838-9
  • Ветловская, В. Е. Роман Ф. М. Достоевского «Братья Карамазовы». — Санкт-Петербург: Пушкинский Дом, 2007. — 640 с. — ISBN 978-5-91476-001-1
  • Волкова, Т. Н. Вставной текст: композиционные и сюжетные функции («Братья Карамазовы» Ф. М. Достоевского и «Воскресение» Л. Н. Толстого) // Новый филологический вестник : журнал. — Москва: Издательство Ипполитова, 2010. — № 1. — С. 33-42.
  • Волынский, А. Л. Достоевский: философско-религиозные очерки. — Санкт-Петербург: Издательский дом «Леонардо», 2011. — 672 с. — ISBN 978-5-91962-011-2
  • Гаричева, Е. А. Тема безумия в творчестве Достоевского и Полонского // Достоевский. Материалы и исследования / Н. Ф. Буданова, И. Д. Якубович. — Санкт-Петербург: Наука, 2007. — Т. 18. — С. 144-167. — 480 с. — 800 экз.
  • Голосовкер, Я. Э. Достоевский и Кант. — Москва: Издательство академии наук СССР, 1963. — 103 с.
  • Евлампиев, И. И. Философия человека в творчестве Ф. Достоевского (от ранних произведений к «Братьям Карамазовым»). — Санкт-Петербург: Издательство Русской христианской гуманитарной академии, 2012. — 585 с. — ISBN 978-5-88812-548-9
  • Кантор, В. К. «Судить Божью тварь». Пророческий пафос Достоевского: Очерки. — Москва: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — 422 с. — ISBN 978-5-8243-1345-1
  • Мелетинский, Е. М. Заметки о творчестве Достоевского. — Москва: Российский государственный гуманитарный университет, 2001. — 190 с. — ISBN 978-5-7281-0339-1
  • Пис, Р. Правосудие и наказание: «Братья Карамазовы» // Роман Ф. М. Достоевского «Братья Карамазовы»: современное состояние изучения / под ред. Т. А. Касаткиной. — Москва: Наука, 2007. — С. 10-39. — 835 с.
  • Розенблюм, Л. М. Творческие дневники Достоевского. — Москва: Наука, 1981. — 368 с.
  • Сырица, Г. С. Поэтика портрета в романах Ф. М. Достоевского: Монография. — Москва: Гнозис, 2007. — 407 с. — ISBN 978-5-94244-011-4
  • Уильямс, Р. Достоевский: язык, вера, повествование. — Москва: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2013. — 295 с. — ISBN 978-5-8243-1556-1
  • Чижевский, Д. И. Шиллер и «Братья Карамазовы» // Достоевский. Материалы и исследования / Н. Ф. Буданова. — Санкт-Петербург: Наука, 2010. — Т. 19. — С. 144-167. — 488 с. — 500 экз.
  • Чирков, Н. М. О стиле Достоевского. Проблематика, идеи, образы. — Москва: Наука, 1967. — 305 с.
  • Ф. М. Достоевский. Полное собрание сочинений в тридцати томах / под ред. Г. М. Фридлендера. — Ленинград: Наука, 1976. — Т. 14. — 624 с. — 200 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Хохлакова Елизавета (Лиза, Lise)». Сетевое издание «Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества». Վերցված է 12 августа 2016-ին.