Լիեն Ենսը ծնվել է 1967 թվականին Օսլոյում, որտեղ անցել է նրա մանկության մեծ մասը։ 1990-1993 թվականներին սովորել է Լոնդոնի միջազգային կինոդպրոցում[1]։ Նրա դիպլոմային, ինչպես նաև դեբյուտային աշխատանքը եղել է կարճամետրաժ «Մոնտանա» ֆիլմը[2]։ Նույն թվականին ֆիլմը Գրիմստադում ներկայացվել է կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի շրջանակներում[2]։ Հաջորդ տարի Լիենը Գրիմստադի կինոփառատոնի համար պատրաստել է «Իմ էլեկտրական խոհանոցը» կարճամետրաժ ֆիլմը։ Հաջորդաբար 2000 թվականին նկարահանված «Փակե՛ք դուռը» և «Բնական ակնոց» (2001) կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվել են Կանի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում[3]։ Մինչև 2003 թվականը Ենսը զբաղվել է մարկետինգով և նկարահանել է գովազդային տեսահոլովակներ[2]։ Կինոյում նրա դեբյուտը եղել է «Ջոնի Վանգ» ֆիլմը, որն ընտրվել է ներկայացվելու Բեռլինի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրում, իսկ ցուցադրությունից հետո այն գնել են Սան Խոսեում, Բրյուսելում և այլուր ցուցադրելու համար[1]։