Մարմնի երկարությունը 16 սմ է, թևերի բացվածքը՝ 21, 5-27 սմ, կենդանի զանգվածը՝ 22-25 գ։ Հասուն արուի մարմինը դարչնագույն-նարնջագույն է, վերևից՝ սև խայտերով։ Գլուխը և վիզը բաց մոխրագույն են, դիմային մասի և գագաթի շերտերը՝ սև, հոնքը՝ սպիտակ։ Էգն ավելի խամրած է, գլուխը և կուրծքը՝ մանր սև խայտերով։ Երիտասարդը խամրած դարչնագույն է՝ մանր խիտ խայտերով, դիմային մասը՝ նեղ սևավուն շերտով։ Հաճախ կերակրվում է ճամփեզրերին, նստում է քարերին կամ թփուտներին։ Բնակվում է չոր լեռնալանջերին, գիհու նոսրանտառներում, կիսաանապատներում։
Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի սկիզբ-հունիսի վերջին (կրկնակի բնադրման դեպքում)։ Ձվադրմանը պատրաստ բները հայտնվում են ապրիլից հունիս, նաև հուլիսի 1-ին կեսին։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է գետնին, հազվադեպ՝ թփուտներում։ Առաջին ձվերը հայտնվում են ապրիլի վերջից հուլիսի առաջին կեսը։
Դնում է 21 մմ տրամագծով, մոխրավուն-սպիտակ՝ դարչնագույն սև գծերով 5-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-14 օր։ Նորելուկ ձագերը Խոսրովի անտառ արգելոցում գրանցվել են մայիսի 1-ին կեսի վերջից, բնից հեռանում են 8-11 օրականում, ևս 10-15 օր ձեռք են բերում ինքնուրույն թռչելու ունակություն և ընտանեկան խմբեր են կազմում օգոստոս-սեպտեմբերին։ Դաշտային պայմաններում հեշտ ճանաչելի է և առանձնապես աչքի չի ընկնում զգուշությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։