Jump to content

Լեռնային գաճաճ պոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային գաճաճ պոսում
Լեռնային գաճաճ պոսում
Լեռնային գաճաճ պոսում
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Diprotodontia
Ընտանիք Գաճաճ պարկավոր սավառնասկյուռներ (Burramyidae)
Ցեղ 'Burramys'
Տեսակ Լեռնային գաճաճ պոսում (B. parvus)
Միջազգային անվանում
Burramys parvus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Լեռնային գաճաճ պոսում (լատիներեն՝ Burramys parvus), հայտնի որպես բուրամիս[1][2], Ավստրալիայում հանդիպող փոքր՝ մկան չափեր ունեցող, շուրջ 45 գրամ կշռող գիշերային պարկավոր կենդանի է: Այն բնակվում է ալպյան գոտու խիտ քարակույտերում և ժայռաբեկորների դաշտերում՝ հիմնականում Վիկտորիայի հարավում, ինչպես նաև Նոր Հարավային Ուելսի Կոսցյուշկո ազգային պարկում՝ Կոսցյուշկո լեռան շրջակայքում՝ ծովի մակերևույթից 1300–2230 մետր բարձրության վրա: Կենդանու պոչը, որի երկարությունը հասնում է գրեթե 14 սմ-ի, ավելի երկար է, քան գլխի և մարմնի ընդհանուր երկարությունը, որը կազմում է մոտ 11 սմ։ Լեռնային գաճաճ պոսումի սննդակարգը ներառում է միջատներ, այդ թվում՝ բոգոնգյան ցեց, հյութալի պտուղներ, ընկույզներ, նեկտար և սերմեր։ Մարմինը պատված է մոխրագույն խիտ, նուրբ մորթիով, իսկ որովայնը կրեմագույն է: Պոչն անմազ է: Էգի մարմնի ստորին հատվածում գտնվում է պարկ, որն ունի չորս պտուկ։ Լեռնային գաճաճ պոսումը բուրամիս ցեղի ներկայումս գոյություն ունեցող միակ տեսակն է։ Այն նաև Ավստրալիայի միակ կաթնասունն է, որի տարածվածությունը սահմանափակված է բացառապես ալպյան կենսամիջավայրերով։

Հայտնաբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերազարդում 1896 թվականի նկարագրությունից

Լեռնային գաճաճ պոսումն առաջին անգամ հայտնաբերվել է բրածո մնացորդների տեսքով 1895 թվականին, երբ Նոր Հարավային Ուելսի կենտրոնական հատվածի Ուոմբեյան քարանձավներում գտնվել են կենդանու ծնոտի և գանգոսկրի հատվածներ[3]: Այդ ժամանակ համարվել է, որ տեսակն անհետացած է: Միայն 1966 թվականին է Վիկտորիայի Հոթամ լեռան դահուկային հանգստավայրում հայտնաբերվել կենդանի առանձնյակ[4]: Այդ ժամանակվանից ի վեր լեռնային գաճաճ պոսումը գրանցվել է Հարավային Ավստրալիայի ալպյան գոտիներում գտնվող երեք մեկուսացված, գենետիկորեն տարբերվող պոպուլյացիաներում[3]:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային գաճաճ պոսումը կրծողանման փոքր պարկավոր է: Կենդանու միջին քաշը կազմում է շուրջ 45 գրամ, իսկ գլխի և մարմնի միջին երկարությունը 110 մմ է[4]: Տեսակին բնորոշ է սեռական դիմորֆիզմը․ արուները մի փոքր ավելի խոշոր են, քան էգերը: Նրանք ունեն առաջ ուղղված խոշոր աչքեր և կարճ, սուր դունչ: Լեռնային գաճաճ պոսումներն ունեն երկժանի ատամնաշար՝ վերին ծնոտում երեք կտրիչով և երկու նախասեղանատամով: Սինդակտիլ (սերտաճած) ետևի թաթերի վրա առկա է հակադրվող բութ մատ: Բացի այդ, էգն ունի դեպի առաջ բացվող պարկ, որը պարունակում է չորս պտուկ[5]: Գաճաճ պոսումները պատված են նուրբ, խիտ մորթու շերտով: Մեջքի հատվածում մորթին մոխրագույն-շագանակագույն է՝ ողնաշարի երկայնքով անցնող ավելի մուգ շերտագծով, իսկ փորի հատվածն ունի բաց կրեմագույն երանգավորում: Աչքերի շուրջ սովորաբար առկա է մուգ մոխրագույն օղակ[6]։ Բազմացման շրջանում արուների փորի և կողերի հատվածը ձեռք է բերում ավելի վառ ոսկեգույն-նարնջագույն երանգ: Լեռնային գաճաճ պոսումն ունի երկար, բռնող, գրեթե անմազ պոչ, որի միջին երկարությունը մոտ 140 մմ է:

Կենսամիջավայր և աշխարհագրական տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային գաճաճ պոսումը հարավային Ավստրալիայի ալպյան շրջանների էնդեմիկ տեսակ է։ Ներկայումս տեսակի տարածվածությունը սահմանափակված է երեք միմյանցից մեկուսացված լեռնային շրջաններով՝ (1) Նոր Հարավային Ուելսի Կոսցյուշկո ազգային պարկում գտնվող Բլյու Քաու լեռ, (2) Բոգոնգ լեռ և Հիգինբոթամ/Լոխ լեռներ՝ Վիկտորիա նահանգի Բոգոնգ բարձրավանդակում, (3) Բուլեր լեռ՝ Վիկտորիա նահանգում[7]: Այս լեռնային շրջաններում լեռնային գաճաճ պոսումների անհատական տարածքների չափերը տարբերվում են՝ կախված սեռից։ Էգերը սովորաբար բնակվում են ավելի բարձրադիր վայրերում՝ մոտ 1400–2228 մ բարձրությունների վրա, փլուզումային քարակույտերի և այլ խոշոր քարերի խիտ կուտակումների հարևանությամբ։ Էգ լեռնային գաճաճ պոսումի անհատական տարածքի չափը փոխկապակցված է բոգոնգյան ցեցերի խտության հետ։ Բոգոնգյան ցեցերը պոսումի նախընտրած սննդի աղբյուրն են, և դրանց քանակը տարբեր բարձրություններում տարբեր է։ Ավելի բարձրադիր վայրերում բնակվող էգերն ունեն ավելի փոքր անհատական տարածքներ, քանի որ այնտեղ ցեցերն ավելի առատ են։ Իսկ ավելի ցածրադիր վայրերում բնակվող էգերի անհատական տարածքները սովորաբար զգալիորեն ավելի մեծ են, քանի որ բարձրության նվազմանը զուգահեռ ցեցերի քանակը պակասում է[8]: Արու լեռնային գաճաճ պոսումները բնակվում են այս լեռնաշղթաների ավելի ցածրադիր վայրերում՝ հիմնականում 1200–1300 մ բարձրությունների վրա[3]: Արուների զբաղեցրած տարածքների չափը ամենամեծն է բազմացման շրջանում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, երբ նրանք տեղափոխվում են էգերի բնադրման վայրեր, որից հետո այդ տարածքները կրկին փոքրանում են[8]:

Սննդի որոնում և վարքագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային գաճաճ պոսումները նախընտրում են սնվել բոգոնգյան ցեցերով, որոնք կազմում են նրանց սննդակարգի մոտ մեկ երրորդը: Այս տեսակը (Agrotis infusa) գարնանն ու ամռանը տեղափոխվում է բարձրալպյան շրջաններ, որտեղ դառնում է պոսումների հիմնական սնունդը: Աշնանը ցեցերը հեռանում են լեռներից, ուստի պոսումները ստիպված են լինում սննդակարգը լրացնել պտուղներով ու սերմերով։ Մասնավորապես՝ նրանք սնվում են Podocarpus lawrencei փշատերև ծառի պտուղներով, ինչպես նաև սպիտակամորուսիկի (Leucopogon) և մորենու (Rubus) սերմերով[9]: Սնունդ գտնելիս լեռնային գաճաճ պոսումն նախ հոտոտում է այն, ապա վերցնում կտրիչներով: Այնուհետև սնունդը փոխանցում է առջևի վերջույթներին, որպեսզի կարողանա պահել այն և մսի կտորներ պոկել[5]:

Լեռնային գաճաճ պոսումներն ունեն տարեկան վերարտադրողական ցիկլ: Թեև էգերը պոլիէստրուս են, ձմեռման ընթացքում ճարպի բավարար պաշարների անհրաժեշտությունը սահմանափակում է նրանց տարեկան մեկ սերունդով: Ճարպի անհրաժեշտ պաշարն ապահովելու համար էգ լեռնային գաճաճ պոսումները բազմացման շրջանը համապատասխանեցնում են գարնանային ամիսների հետ, երբ բոգոնգյան ցեցերն առատ են[4]: Բազմացման շրջանը սովորաբար տեղի է ունենում հարավային կիսագնդի գարնանային ամիսներին՝ հոկտեմբերին և նոյեմբերին: Այդ ընթացքում արուները տեղափոխվում են էգերի՝ ավելի բարձրադիր վայրերում գտնվող բնադրման վայրերը՝ զուգավորվելու համար[9]: Այնուհետև լեռնային գաճաճ պոսումների հղիությունը տևում է 14–16 օր, որից հետո անօգնական (ալտրիցիալ) ձագերը մտնում են էգի՝ դեպի առաջ բացվող պարկը: Էգ լեռնային գաճաճ պոսումն ունի չորս պտուկ, և սերունդը սովորաբար կազմված է լինում երեքից չորս ձագից: Ձագերը պարկում մնում են մոտ 3 շաբաթ, որից հետո ևս 3–4 շաբաթ անցկացնում են բնում[5]: Ձագերը կաթից կտրվում են մոտ 9–10 շաբաթականում:[6] Burramys parvus-ի զուգավորման համակարգը ռեսուրսների պաշտպանությամբ պոլիգինիան է: Ֆիլոպատրիկ (իրենց ծննդավայրում մնացող) էգերի խումբը սովորաբար կիսում է բնադրման տարածքը խորը ժայռաբեկորային ճեղքերում: Բնադրման վայրերը, որպես կանոն, աչքի են ընկնում չվող բոգոնգյան ցեցերի բարձր խտությամբ: Զուգավորման շրջանից կարճ ժամանակ անց էգերը վտարում են արուներին բնից: Արու լեռնային գաճաճ պոսումները չեն մասնակցում ձագերի խնամքին: Բացի այդ, կաթից կտրվելուց անմիջապես հետո բնից վտարվում են նաև երիտասարդ արուները[8]: Ինչպես բնորոշ է Burramyidae ընտանիքի բոլոր տեսակներին, լեռնային գաճաճ պոսումները սեռահասուն են դառնում մեկ տարեկանում[5]:

Լեռնային գաճաճ պոսումը Գոսֆորդի «Ռեպտիլ պարկ» զբոսայգում

Լեռնային գաճաճ պոսումները գիշերային կենսակերպ վարող կենդանիներ են․ նրանք նախընտրում են ցերեկը քնել, իսկ գիշերը՝ սնունդ որոնել։ Թեև Burramyidae ընտանիքի մյուս բոլոր ներկայացուցիչները ծառաբնակ են, լեռնային գաճաճ պոսումը ցամաքային տեսակ է։ Այս գաճաճ պոսումների նախընտրելի կենսամիջավայրը հարավային Ավստրալիայի ալպյան շրջանների քարքարոտ տարածքներն են։ Էգերը սովորաբար ապրում են մինչև 10 ազգակից առանձնյակներից կազմված ընտանեկան խմբերով։ Նրանք նաև համեմատաբար նստակյաց են և դրսևորում են բնատեղի նկատմամբ բարձր հավատարմություն՝ երկար ժամանակ պահպանելով նույն բնատեղին[5]:

Ի տարբերություն էգերի՝ արու լեռնային գաճաճ պոսումները հիմնականում միայնակ են ապրում։ Երիտասարդ առանձնյակները լքում են բնատեղիները և բնակություն հաստատում լեռնային շրջանների ավելի ցածրադիր վայրերում[10]: Այս պատճառով արու լեռնային գաճաճ պոսումների շրջանում մահացությունն ընդհանուր առմամբ ավելի բարձր է, քան էգերի, քանի որ ժայռաբեկորային կուտակումները, ըստ ամենայնի, որոշակի պաշտպանություն են ապահովում գիշատիչներից[5]: Burramys parvus-ը հայտնի է նրանով, որ Ավստրալիայում միակ փոքր կաթնասունն է, որը սեզոնային եղանակով անցնում է երկարատև ձմեռման (հիբերնացիայի): Burramyidae ընտանիքի մյուս բոլոր ներկայացուցիչներն ընդունակ են միայն իրավիճակային (օպորտունիստական) ձմեռման[8]:

Հասուն լեռնային գաճաճ պոսումները ձմեռային քուն են մտնում մինչև յոթ ամիս տևողությամբ, մինչդեռ երիտասարդ առանձնյակները սովորաբար ձմեռային քնի մեջ են անցկացնում մոտ հինգ ամիս[8]: Ե՛վ արուները, և՛ էգերը մեծապես կախված են բոգոնգյան ցեցերից՝ որպես էներգիայով հարուստ սննդի աղբյուրի, ինչպես նաև ձմեռմանը նախորդող ճարպակալման (քաշ հավաքելու) շրջանում: Լեռնային գաճաճ պոսումները հայտնի են նաև սերմեր ու հատապտուղներ պահեստավորելու ունակությամբ, որոնցով սնվում են թմրությունից (տորպորից) արթնանալու ընթացքում[5]: Ձմեռման ամիսներին Burramys parvus-ը թմրությունից (տորպորից) արթնանում է 2–3 օր տևողությամբ պարբերափուլերով, որոնց ընթացքում սնվում է պահեստավորված սննդային ռեսուրսներով: Արթնացման այս շրջանները սովորաբար տեղի են ունենում, երբ շրջակա միջավայրի ջերմաստիճանը 4–7 °C է (39–45 °F): Ձմեռման ընթացքում լեռնային գաճաճ պոսումն ընդունակ է իջեցնելու իր մարմնի ջերմաստիճանը մինչև 2 °C (36 °F)[11]: Տորպորային վիճակում գտնվող առանձնյակները կծկում են մարմինը՝ գլուխը մոտեցնելով կրծքավանդակին կամ որովայնին՝ մարմնի ջերմությունը պահպանելու նպատակով։ Բացի այդ, նկատվել է, որ էգ լեռնային գաճաճ պոսումները համատեղ օգտագործում են մամուռից և ձնային խոտից կառուցված նույն բնատեղին[5]: Նշվում է, որ և՛ արուները, և՛ էգերը ձմեռային քուն են մտնում ձյան շերտի տակ, որը նրանց պաշտպանում է ցրտից և օգնում պահպանել մարմնի ջերմությունը[8]:

Գարնանային և ամառային ամիսներին բազմացման շրջանի ընթացքում ավելի տարեց ու ծանր քաշ ունեցող լեռնային գաճաճ պոսումները սովորաբար զբաղեցնում են ամենաբարձր որակի ապրելավայրերը: Թեև տարվա մեծ մասը արուները հանդուրժող են միմյանց նկատմամբ, բազմացման շրջանում նրանք կարող են ագրեսիվ վարքագիծ դրսևորել միմյանց հանդեպ: Ագրեսիան արտահայտվում է ինչպես արուների, այնպես էլ էգերի մոտ՝ պոչը կծելու տեսքով: Նկատվել է, որ էգերը ծայրահեղ ագրեսիվ են գործում թե՛ արուների, թե՛ էգերի նկատմամբ բնադրման վայրերը պաշտպանելիս, հատկապես ձագերի առկայության դեպքում: Բացի այդ, բազմացման շրջանից հետո էգերն ագրեսիվ են հասուն արուների, ինչպես նաև կաթից կտրվելուց հետո երիտասարդ արուների նկատմամբ:

Պահպանման կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից ի վեր լեռնային գաճաճ պոսումը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքում դասակարգվում է որպես կրիտիկական վտանգված տեսակ։ 2000 թվականին երեք մեկուսացված պոպուլյացիաների ընդհանուր թվաքանակը գնահատվում էր 2000-ից պակաս առանձնյակ։ Ներկայիս գնահատականները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում այդ թվաքանակը զգալիորեն նվազել է։ 2006 թվականին Բուլլեր լեռում իրականացված վերջին ուսումնասիրության ընթացքում հաշվառվել է ընդամենը 30 հասուն առանձնյակ։ 2007 թվականի տվյալներով՝ Կոսցյուշկո ազգային պարկում գտնվող Բլյու Քոու լեռան պոպուլյացիայում հաշվառվել է ընդհանուր առմամբ 60 առանձնյակ[6]: 2021 թվականին գիտնականների գնահատմամբ առանձնյակների թվաքանակը դեռևս 2000-ից պակաս է[12]:

Գոյատևման սպառնալիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային գաճաճ պոսումների պոպուլյացիաների համար ամենամեծ սպառնալիքները ներառում են ապրելավայրերի ոչնչացումն ու մասնատումը, կլիմայի փոփոխությունը, անտուն կատուների ու սովորական աղվեսների հարձակումները, ինչպես նաև նրանց հիմնական սննդի աղբյուրին՝ բոգոնգյան ցեցին սպառնացող վտանգները:

Լեռնային գաճաճ պոսումների ապրելավայր հանդիսացող ալպյան շրջաններում լեռնադահուկային հանգստավայրերի կառուցումը պոպուլյացիայի կրճատման գլխավոր գործոններից մեկն է: Հիգինբոթամ լեռան վրա դեպի Հոթամ լեռան դահուկային հանգստավայր տանող հիմնական ավտոճանապարհի շինարարությունը խոչընդոտում էր արու լեռնային գաճաճ պոսումների տեղաշարժը (միգրացիան) դեպի էգերի բնադրման վայրերը բազմացման շրջանում: Նկատվել է, որ այս ֆիզիկական արգելքը զգալիորեն բարձրացրել է ձմեռային մահացությունը Հիգինբոթամ լեռան պոպուլյացիայի շրջանում: Ի պատասխան սրան՝ կառուցվեց թունել, որն արու պոսումներին ապահովեց այլընտրանքային միգրացիոն երթուղով[13]:

Կլիմայի փոփոխությունը լեռնային գաճաճ պոսումի համար ևս մեկ լուրջ սպառնալիք է: Burramys parvus-ը ավստրալիական միակ կաթնասունն է, որի տարածվածությունն ամբողջությամբ սահմանափակվում է ալպյան շրջաններով: Այս տեսակը հոյակապ հարմարված է բոգոնգյան ցեցերի և սննդային այլ ռեսուրսների սեզոնային հասանելիությանը[3]: Չնայած Նոր Հարավային Ուելսից և Վիկտորիա նահանգից ստացված տվյալները դեռևս ամբողջական չեն, նախնական մոդելավորումները ցույց են տալիս, որ լեռնային գաճաճ պոսումների գոյատևման նվազումը կարող է կապված լինել ձյան ծածկույթի կրճատման և ձմռան տևողության նվազման հետ[3]: Կոսցյուշկո ազգային պարկում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձյան ծածկույթի տևողությունը նվազել է միջինում 10 օրով, իսկ ձնհալքը տեղի է ունեցել մոտ 15 օր ավելի շուտ: Լինդա Բրումի և նրա հետազոտական խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեև ձմեռային քնի վայրերը ձյան բացակայության պայմաններում նույնպես բավական լավ մեկուսացված են, ձյան ծածկույթը ցուրտ ամիսներին լեռնային գաճաճ պոսումներին լրացուցիչ պաշտպանություն է ապահովում։ Ենթադրվում է, որ մեկուսացման այս լրացուցիչ շերտը նպաստում է տորպորային վիճակի ավելի երկար պահպանմանը և նվազեցնում արթնացումների հաճախականությունը, որոնք կարող են սպառել կենդանու էներգետիկ պաշարները և նվազեցնել նրա գոյատևման հավանականությունը[3]: Որպես շրջակա միջավայրի այս փոփոխության հնարավոր լուծում՝ Բրումը և նրա գործընկերները առաջարկել են լեռնային գաճաճ պոսումների պահպանված պոպուլյացիաները ալպյան կենսամիջավայրերից տեղափոխել ավելի ցածրադիր վայրերում գտնվող բարեխառն կլիմայի անձրևային անտառներ։ Այս առաջարկը հիմնված է կենդանիների խնամքի և պահման պայմաններում իրականացված նախկին փորձերի վրա, որոնք ցույց են տվել, որ շրջակա միջավայրի 12 °C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում լեռնային գաճաճ պոսումները ձմեռային քնի ժամանակաշրջանի կարիք չեն ունենում[3]:

Լեռնային գաճաճ պոսումների պոպուլյացիայի վրա բացասական ազդեցություն ունեցող երրորդ գործոնը սովորական աղվեսների (Vulpes vulpes) և թափառող կատուների հարձակումների բարձր մակարդակն է: Հարձակումների մակարդակը վերահսկելու համար գործում են սպառնալիքների նվազեցման ծրագրեր: Սպառնալիքների նվազեցման այս ծրագրերը սահմանում են անհրաժեշտ գործողություններ՝ պաշտպանելու բոլոր այն տեսակները, որոնք տուժում են աղվեսների և թափառող կատուների հարձակումներից[6]:

Հետազոտությունները ներառում են նաև բոգոնգյան ցեցի գոյատևման վրա ազդող սպառնալիքների ուսումնասիրությունը։ Այս ցեցը լեռնային գաճաճ պոսումի նախընտրելի սննդի աղբյուրն է։ Գարնան ամիսներին բոգոնգյան ցեցերի հայտնվելը ծառայում է որպես սեզոնային ազդանշան, որը պոսումներին տեղեկացնում է ձմեռային քնի ավարտի մասին։ Բացի այդ, բոգոնգյան ցեցերը հարուստ են սպիտակուցներով և ճարպերով և լեռնային գաճաճ պոսումներին ապահովում են յոթամսյա ձմեռային քնի ընթացքում անհրաժեշտ էներգետիկ պաշարներով[3]:

Գերության պայմաններում բազմացման ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգային պարկերի և վայրի բնության հիմնադրամը» Լինդա Բրումի և նրա գործընկերների աջակցությամբ ու ղեկավարությամբ իրականացրել է գերության պայմաններում բազմացման ծրագրեր[14]: Բացի այդ, Zoos Victoria-ն նույնպես ներգրավվել է լեռնային գաճաճ պոսումի պահպանված պոպուլյացիաների պահպանման աշխատանքներում։ Zoos Victoria-ն B. parvus տեսակի համար գերության պայմաններում բազմացման ծրագիր է սկսել 2007 թվականին՝ Հիլսվիլյան արգելավայրում։ 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ ծրագրի շրջանակում խնամվում էր լեռնային գաճաճ պոսումի 45 առանձնյակ։ Ծրագրի հիմնական նպատակն է լեռնային գաճաճ պոսումի կարգավիճակը IUCN-ի Կարմիր գրքում փոխել ավելի ցածր վտանգվածության կատեգորիայի[15]:

2021 թվականի դրությամբ Նոր Հարավային Ուելսի Լիթգոու քաղաքում իրականացվում է գերության պայմաններում բազմացման նոր ծրագիր՝ Secret Creek Sanctuary անվամբ։ Արգելավայրի ստեղծմանն աջակցել է Պրահայի կենդանաբանական այգին, որը Ավստրալիայում 2019–2020 թվականների անտառային հրդեհների ժամանակ դրամահավաք էր կազմակերպել։ Ավստրալիայի վայրի բնության ընկերությունը նույնպես տրամադրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ այս տեսակը վերացման վտանգից փրկելու նպատակով։ Նախատեսվում է Կոսցյուշկո լեռան տարածքից մոտ 15 առանձնյակ բռնել և տեղափոխել։ Առանձնյակներին որոշ ժամանակ կպահեն հատուկ պայմաններում՝ նոր միջավայրին հարմարվելու համար, այնուհետև կտեղափոխեն և բաց կթողնեն արգելավայրի տարածքում[12]:

2016 թվականի վերականգնման ազգային ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին այս տեսակի համար մշակվել է առաջին վերականգնման ազգային ծրագիրը՝ «Շրջակա միջավայրի պահպանության և կենսաբազմազանության պահպանության մասին» 1999 թվականի Համագործակցության օրենքի շրջանակներում։ Ծրագիրը նպատակ ուներ հակազդելու կենսամիջավայրի կորստի և մասնատման, գիշատիչների՝ կատուների և աղվեսների, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած սպառնալիքներին, հատկապես Բուլլեր լեռան փոքրաթիվ պոպուլյացիայի դեպքում։ Ծրագրում մանրամասն ներկայացված էին տեսակի աշխարհագրական տարածվածությունը, կենսամիջավայրը, սպառնալիքները, վերականգնման նպատակները և դրա երկարաժամկետ գոյատևումն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները[16][17]։

2018–2019 թվականներ․ բոգոնգյան ցեցերի թվաքանակի նվազում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականները 2018–2019 թվականների ամռանը արձանագրել են բոգոնգյան ցեցերի թվաքանակի կտրուկ անկում, որը պայմանավորված էր ցեցի բազմացման տարածքներում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած երաշտներով։ 2018 թվականի գարնանը բազմացման շրջանում ցեցերի՝ որպես սննդի աղբյուրի պակասի պատճառով լեռնային գաճաճ պոսումները բավարար սնունդ չեն ստացել, ինչի հետևանքով կորցրել են ձագերի մի մասը։ Քանի որ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև 2017 թվականի գարնանը, կանխատեսվում էր նաև հասուն լեռնային գաճաճ պոսումների թվաքանակի նվազում[18]։

2017–2018 և 2018–2019 թվականների գարնան և ամռան ամիսներին ալպյան քարանձավներում արձանագրվել է բոգոնգյան ցեցերի թվաքանակի կտրուկ նվազում։ Սովորաբար ամռան ամիսներին միլիոնավոր ցեցեր ծածկում են այս քարանձավների պատերը, սակայն 2017–2018 թվականներին որոշ քարանձավներում դրանցից որևէ մեկը չի հայտնաբերվել։ Լունդի համալսարանի գիտնական Էրիկ Վարանտը ցեցերի թվաքանակի նվազումը կապել է դրանց բազմացման տարածքներում ձմռանը տեղի ունեցած երաշտների և կլիմայի փոփոխության հետ։ Անձրևների պակասի հետևանքով բուսականությունը բավարար չի եղել թրթուրներին սնունդով ապահովելու համար[19]։

Այլ կենսաբաններ և բնապահպանության ոլորտի մասնագետներ ընդգծել են բոգոնգյան ցեցերի թվաքանակի կտրուկ նվազման հետևանքով դրանցով սնվող կենդանիների վրա առաջացած լուրջ ազդեցությունը։ Բոգոնգյան ցեցերը վայրի բնության, այդ թվում՝ լեռնային գաճաճ պոսումների, ինչպես նաև այլ միջատակեր կաթնասունների և թռչունների համար սպիտակուցի կարևոր աղբյուր են։ Ցեցերի թվաքանակի նվազումը, հետևաբար, կարող է սահմանափակել այս կենդանիների համար հասանելի սննդի քանակը։ Դիքին համալսարանի վայրի բնության էկոլոգ Յուան Ռիչիի խոսքով՝ Ավստրալիական Ալպերը կլիմայի փոփոխության նկատմամբ հատկապես խոցելի են, քանի որ լեռները համեմատաբար ցածր են, և ջերմաստիճանի բարձրացման պայմաններում ցրտին հարմարեցված տեսակները չունեն ավելի բարձրադիր վայրեր տեղափոխվելու հնարավորություն։[19]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «A guide to all 27 species of Australia's possums and gliders». Australian Geographic (ավստրալիական անգլերեն). 2019-07-25. Վերցված է 2021-01-08-ին.
  2. ↑ Mansergh, Ian; Kelly, Paul; Johnson, Glen (2003) [1991]. «Flora & Fauna Guarantee Action Statement» (PDF). Department of Sustainability and Environment. 2: 5. ISSN 1448-9902.
  3. 1 2 3 4 5 6 7 8 Broome, L. (2012). «A brief review of the life history of, and threats to, Burramys parvus with a prehistory-based proposal for ensuring that it has a future». Wildlife and Climate Change. 1: 114–126. hdl:10765/93839.
  4. 1 2 3 Bender, J. (2 December 2013). Burramys parvus mountain pygmy possum. Animal Diversity
  5. 1 2 3 4 5 6 7 8 Turner, V., & McKay, G. (1989). "Burramyidaea", pp. 1–27 in V. Turner, & G. McKay, Fauna of Australia . Canberra: Academic Press.
  6. 1 2 3 4 Australian Government Department of the Environment. (2 December 2013). Burramys parvus – Mountain pygmy possum.
  7. ↑ Mitrovski, P.; Heinze, D. A.; Broome, L.; Hoffmann, A. A.; Weeks, A. R. (2006). «High levels of variation despite genetic fragmentation in populations of the endangered mountain pygmy-possum, Burramys parvus, in alpine Australia». Molecular Ecology. 16 (1): 75–87. doi:10.1111/j.1365-294X.2006.03125.x. PMID 17181722. S2CID 30603949.
  8. 1 2 3 4 5 6 Broome, L. S. (2001). «Density, home range, seasonal movements and habitat use of the mountain pygmy-possum Burramys parvus (Marsupialia: Burramyidae) at Mount Blue Cow, Kosciuszko National Park». Austral Ecology. 26 (3): 275–292. Bibcode:2001AusEc..26..275B. doi:10.1046/j.1442-9993.2001.01114.x.
  9. 1 2 Broome, L. S. (2001). «Intersite differences in population demography of Mountain Pygmy-possums Burramys parvus Broom (1986–1998)». Biological Conservation. 102 (3): 309–323. doi:10.1016/S0006-3207(01)00105-7.
  10. ↑ Parker, J. (2 December 2013). Possum Dreaming. ABC Science
  11. ↑ Kortner, G.; Geiser, F. (1998). «Ecology of natural hibernation in the marsupial mountain pygmy-possum (Burramys parvus)». Oecologia. 113 (2): 170–178. Bibcode:1998Oecol.113..170K. doi:10.1007/s004420050365. JSTOR 4221837. PMID 28308194. S2CID 8295396.
  12. 1 2 Gregory, Xanthe (2021 թ․ մայիսի 20). «Australia's endangered mountain pygmy possum given an unlikely lifeline from Prague Zoo». ABC News (Australian Broadcasting Corporation). Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  13. ↑ van der Ree, R.; Heinze, D.; McCarthy, M.; Mansergh, I. (2009). «Wildlife Tunnel Enhances Population Viability». Ecology and Society. 14 (2): 1–10. doi:10.5751/ES-02957-140207. hdl:10535/5359.
  14. ↑ Foundation for National Parks and Wildlife. (2 December 2013). Mountain Pygmy-Possum Captive Breeding Արխիվացված 12 Դեկտեմբեր 2013 Wayback Machine.
  15. ↑ Zoos Victoria. (2 December 2013). Healesville Sanctuary: Mountain pygmy-possum Retrieved 4 November 2017.
  16. ↑ Australian Government. Department of Environment, Land, Water and Planning (2016). «National Recovery Plan for the Mountain Pygmy-possum Burramys parvus». Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. ↑ State Government of Victoria. Department of Environment, Land, Water and Planning (2016). National Recovery Plan for theMountain Pygmy-possumBurramys parvus (PDF). Canberra: Australian Government Department of the Environment. ISBN 978-1-74242-487-3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. ↑ Readfearn, Graham (2019 թ․ փետրվարի 25). «Decline in bogong moth numbers leaves mountain pygmy possums starving». The Guardian. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  19. 1 2 Khan, Jo. «Decline in bogong moth numbers could have catastrophic effects in the Australian Alps». ABC Science. Australian Broadcasting Corporation News. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային գաճաճ պոսում» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային գաճաճ պոսում» հոդվածին։