Լեոպոլդ I (Սրբազան Հռոմեական կայսրություն)
Լեոպոլդ I | |
|---|---|
| Ծնվել է՝ | հունիսի 9, 1640[1][2][3][…] |
| Ծննդավայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4] |
| Մահացել է՝ | մայիսի 5, 1705[1][2][3][…] (64 տարեկան) |
| Վախճանի վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4] |
| Երկիր | Գերմանիա և |
| Տոհմ | Հաբսբուրգներ |
| Հայր | Ֆերդինանդ III |
| Մայր | Մարիա Աննա Իսպանացի |
| Երեխաներ | Maria Antonia of Austria?, Յոզեֆ I[5], Archduchess Maria Elisabeth of Austria?, Archduke Leopold Joseph of Austria?[2], Maria Anna of Austria?, Archduchess Maria Theresa of Austria?, Կառլ VI կայսր[5], Archduchess Maria Magdalena of Austria?, Ferdinand Wenzel von Habsburg?[2], Johann Leopold von Habsburg?[2], Maria Anna von Habsburg?[2], Anna Marie von Habsburg?[2], Maria Josefa von Habsburg?[2], Christine von Habsburg?[2], Archduchess Maria Josepha of Austria?[2] և Marie Margarete von Habsburg?[2] |
| Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Լեոպոլդ I (գերմ.՝ Leopold Ignaz Joseph Balthasar Franz Felician, հունգ.՝ I. Lipót, 1640 թվականի հունիսի 9 - 1705 թվականի մայիսի 5), Սրբազան Հռոմեական կայսրության կայսր, Հունգարիայի, Խորվաթիայի և Բոհեմիայի թագավոր: Սրբազան Հռոմեական կայսր Ֆերդինանդ III-ի երկրորդ որդին իր առաջին կնոջ՝ Իսպանիայի Մարիա Աննայից, Լեոպոլդը դարձավ ժառանգորդ 1654 թվականին իր ավագ եղբայր Ֆերդինանդ IV-ի մահից հետո: 1658 թվականին ընտրվելով՝ Լեոպոլդը կառավարեց Սրբազան Հռոմեական կայսրությունը մինչև իր մահը 1705 թվականը՝ դառնալով Հաբսբուրգների տան երկրորդ ամենաերկարակյաց կայսրը (46 տարի և 9 ամիս): Նա և՛ կոմպոզիտոր էր, և՛ երաժշտության հովանավոր:
Լեոպոլդի թագավարությունը հայտնի է Օսմանյան կայսրության դեմ պայքարով Թուրքական մեծ պատերազմում (1683-1699) և արևմուտքում Լուի XIV հետ մրցակցությամբ, որը նրա ժամանակակիցն էր: Մեկ տասնամյակից ավել տևած պատերազմից հետո Լեոպոլդը հաղթական դուրս եկավ արևելքում Եվգենի Սավոյացու ռազմական տաղանդի շնորհիվ: Կառլովիցի պայմանագրով Լեոպոլդը վերականգնեց Հունգարիայի արքայության գրեթե ամբողջ տարածքը, որը ընկել էր թուրքական ազդեցության տակ 1526 թվականի Մոհաչի ճակատամարտից հետո:
Լեոպոլդը Ֆրանսիայի դեմ մղեց երեք պատերազմ՝ Ֆրանկո-հոլանդական պատերազմը, Իննամյա տարվա պատերազմը և Իսպանական ժառանգության պատերազմը: Վերջինում Լեոպոլդը ձգտեց տալ իր կրտսեր որդի Կառլոսին ամբողջ իսպանական ժառանգությունը՝ անտեսելով հանգուցյալ Կառլ II-ի կտակը: Լեոպոլդը սկսեց պատերազմ, որը շուտով ընդգրկեց ողջ Եվրոպան: Պատերազմի վաղ տարիներին գործերը բավականին լավ ընթացան Ավստրիայի համար Շելենբերգի և Բլենհայմի հաղթանակներով, բայց պատերազմը ձգվեց մինչև 1714 թվականը՝ Լեոպոլդի մահից ինը տարի հետո, ինչը գրեթե որևէ ազդեցություն չունեցավ պատերազմող պետությունների վրա: Երբ խաղաղությունը հաստատվեց Ռաշտատի պայմանագրով, չի կարելի ասել, որ Ավստրիան դուրս է եկել այնքան հաղթական, որքան թուրքերի դեմ պատերազմից[6]:
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոպոլդը ծնվել է 1640 թվականի հունիսի 9-ին Վիեննայում և ստացել է ազատական արվեստների, պատմության, գրականության, բնական գիտությունների և աստղագիտության ավանդական կրթական ծրագիր: Նա հատկապես հետաքրքրված էր երաժշտությամբ, ինչպես իր հայրը՝ կայսր Ֆերդինանդ III-ը[7]: Վաղ տարիքից Լեոպոլդը ցույց տվեց ուսման հակումներ: Շուտով նա սովորեց լատիներեն, իտալիերեն, գերմաներեն և իսպաներեն[8]:
Լեոպոլդը ատում էր գերմաներենը և նախընտրում էր խոսել ու կարդալ իտալիերեն, որը ամենակիրառական լեզուն էր իր արքունիքում և օգտագործվում էր նրա պաշտոնական նամակագրությունում: 1656 թվականին նա Վիեննայում հիմնադրեց իտալական գրական ակադեմիա[9][10]:
Նա նաև ստացել էր համապարփակ եկեղեցական կրթություն, քանի որ սկզբնապես ընտրված էր բարձր հոգևորականի կարիերայի համար: Այս ծրագիրը, սակայն, թողեց 1654 թվականին իր ավագ եղբոր՝ Ֆերդինանդ IV-ի մահից հետո, երբ Լեոպոլդը դարձավ գահաժառանգ: Այնուամենայնիվ, Լեոպոլդի հոգևոր կրթությունը նշանակալի ազդեցություն էր թողել նրա վրա[9][10]: Լեոպոլդը իր կյանքի ողջ ընթացքում մնաց իր հոգևոր կրթության և հեզուիտական ազդեցության ներքո: Միապետի համար անսովոր կերպով նա գիտակ էր աստվածաբանության, մետաֆիզիկայի, իրավաբանության ևայլ գիտությունների բնագավառներում: Նա նաև պահպանեց իր հետաքրքրությունը աստղագիտության և ալքիմիայի նկատմամբ, որը զարգացրել էր հեզուիտ ուսուցիչների մոտ[9]:
Խորապես կրոնավոր և նվիրյալ անձնավորություն՝ Լեոպոլդը մարմնավորում էր pietas Austriaca-ն՝ իր տան հավատարմությունը կաթոլիկական հավատքին: Մյուս կողմից, նրա բարեպաշտությունը և կրթությունը կարող էին նրա մեջ առաջացնել ճակատագրական հակումներ․ նա զուսպ վերաբերմունք էր ցուցաբերում աղանդավորների նկատմամբ, ինչը միշտ չէ, որ դրական բնութագիր էր համարվում կայսեր համար[11][6]:

Ասվում է, որ Լեոպոլդն ուներ Հաբսբուրգների տիպիկ ֆիզիկական հատկանիշներ, ինչպիսին է նշանակալի Հաբսբուրգյան ստորին կզակը: Ցածրահասակ, նիհար և հիվանդագին կառուցվածքով՝ Լեոպոլդը հանրության մեջ սառը և զուսպ էր, սոցիալապես ոչ հմուտ: Սակայն ասվում է, որ նա բաց էր իր մտերիմ ընկերների հետ:
Կոքսը նկարագրեց Լեոպոլդին հետևյալ կերպ[12].
| Նրա քայլքը վեհ, դանդաղ և հեռատես էր. նրա ոգին՝ խորհրդածու, վարքագիծը՝ անկարգ, բարքը՝ կոպիտ, բնավորությունը՝ սառը և զսպված: |
Շպիլմանը փաստարկում է[13]․
1655 թվականին Հունգարիայի թագավոր ընտրվելուց հետո, նա նույն կերպ թագադրվեց Բոհեմիայում՝ 1656 թվականին, և Խորվաթիայում՝ 1657 թվականին: 1658 թվականի հուլիսին, հոր մահից ավելի քան մեկ տարի անց, Լեոպոլդը Ֆրանկֆուրտում թագադրվեց Սրբազան Հռոմեական կայսրության կայսր՝ ի հակադրություն ֆրանսիացի կարդինալ Մազարինի, ով ձգտում էր կայսերական թագը դնել Բավարիայի ընտրական իշխան Ֆերդինանդ Մարիայի կամ որևէ այլ ոչ-հաբսբուրգյան իշխանի գլխին: Ֆրանսիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, որը Հռենոսյան դաշինքի շնորհիվ նշանակալի ազդեցություն ուներ գերմանական գործերում, նորընտիր կայսրը խոստացավ չօգնել Իսպանիային, որը այդ ժամանակ պատերազմում էր Ֆրանսիայի դեմ: Սա նշանավորեց գրեթե 47-ամյա գահակալության սկիզբը, որը բնութագրվեց Ֆրանսիայի և նրա թագավոր Լուի XIV-ի հետ մշտական մրցակցությամբ[14]: Վերջինիս ազդեցիկ բնավորությունը և իշխանությունը լիովին ստվերել էին Լեոպոլդին՝ նույնիսկ մինչ օրս, սակայն Լեոպոլդը ոչ պակաս ռազմատենչ թագավոր էր, քանի որ իր հասարակական կյանքի մեծ մասը նվիրված էր պատերազմների կազմակերպմանն ու այդ պատերազմների վարմանը[15]։
Երկրորդ հյուսիսային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոպոլդի առաջին պատերազմը Երկրորդ հյուսիսային պատերազմն էր (1655-1660), որի ընթացքում Շվեդիայի թագավոր Կառլ X-ը փորձեց դառնալ Լեհաստանի թագավոր դաշնակիցների օգնությամբ, նրանց թվում՝ Տրանսիլվանիայի իշխան Դյորդ II Ռակոցիի: Լեոպոլդի նախորդը՝ Ֆերդինանդ III-ը, 1656 թվականին դաշինք էր կնքել Լեհաստանի թագավոր Հովհաննես II Կազիմիր Վասայի հետ: 1657 թվականին Լեոպոլդը ընդլայնեց այս դաշինքը՝ ներառելով ավստրիական զորքեր (որոնք վճարվում էին Լեհաստանի կողմից): Այս զորքերը օգնեցին պարտության մատնել տրանսիլվանական բանակին և արշավեցին մինչև Դանիա: Պատերազմը վերջացավ 1660 թվականին Օլիվայի պայմանագրով[6][16]:
Վաղ պատերազմներ Օսմանյան կայսրության դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան կայսրությունը հաճախ միջամտում էր Տրանսիլվանիայի՝ միշտապես անկանոն վիճակում գտնվող պետության՝ գործերին, և այս միջամտությունը հանգեցրեց պատերազմի Սրբազան Հռոմեական կայսրության հետ, որը որոշ չհամակարգված գործողություններից հետո իսկապես վերաճեց պատերազմի 1663 թվականին: Ռեգենսբուրգի ժողովում անձնական դիմումով Լեոպոլդը հարկադրեց իշխաններին օգնություն ուղարկել արշավի համար. զորքեր ուղարկվեցին նաև Ֆրանսիայից, և 1664 թվականի օգոստոսին մեծ կայսերական զորավար Ռայմոնդո Մոնտեկուկոլին նշանակալի հաղթանակ տարավ Սուրբ Գոտհարդում: Վաշվարի խաղաղությամբ կայսրը սուլթանի հետ քսանամյա հրադադար կնքեց՝ տրամադրելով ավելի բարենպաստ պայմաններ, քան կարելի էր ակնկալել նրա վերջերս տարած հաղթանակից[6][16]։
Պատերազմներ Ֆրանսիայի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայի տարածքային ընդլայնումը գնալով ավելի մեծ սպառնալիք էր ներկայացնում Սրբազան Հռոմեական Կայսրության համար՝ հատկապես 1670 թվականին ռազմավարական նշանակություն ունեցող Լոթարինգիայի դքսության գրավումից հետո, որն իրավիճակն ավելի սրվեց 1672 թվականի ֆրանս-հոլանդական պատերազմով[17]։ Հունիսի կեսերին Նիդերլանդների Հանրապետությունը փլուզման եզրին էր, ինչի արդյունքում Լեոպոլդը համաձայնեց դաշինք կնքել Բրանդենբուրգ-Պրուսիայի և Նիդերլանդների հետ՝ հունիսի 25-ին[18][6]։
Սակայն այդ ժամանակ Լեոպոլդը նաև բախվում էր Հունգարիայում բռնկված ապստամբության հետ և Ֆրանսիայի նվաճումները Ռեյնյան շրջանում համարում էր առաջնահերթ՝ հոլանդացիներին օգնություն ցուցաբերելու համեմատ[16]։ Նրա հրամանատարը՝ Ռայմոնդո Մոնտեկուկոլլին, հրաման ստացավ պաշտպանողական դիրք պահպանել և խուսափել ուղիղ բախումից։ Քաոսային մատակարարման համակարգը թույլ չտվեց պահել զորքերը մարտունակ վիճակում, և արդյունքում Բրանդենբուրգը լքեց պատերազմը՝ 1673 թվականի հունիսին ստորագրելով Ֆոսեմի պայմանագիրը[6]։
1673 թվականի օգոստոսին կազմավորվեց հակաֆրանսիական քառակողմ դաշինք, որը ներառում էր Նիդերլանդների Հանրապետությունը, Իսպանիան, կայսր Լեոպոլդը և Լոթարինգիայի դուքսը։ 1674 թվականի մայիսին Կայսերական ռայխսթագը հայտարարեց պատերազմ՝ բնութագրելով այն որպես կայսերական։ 1678 թվականի Նիմեգենի պայմանագիրը սովորաբար համարվում է ֆրանսիական հաղթանակ, թեև դաշինքը կարողացավ սահմանափակել Ֆրանսիայի ձեռքբերումները։
Վաղաժամ խաղաղությունից անմիջապես հետո Լյուդովիկոս XIV-ը վերսկսեց իր ագրեսիան գերմանական սահմաններին՝ կիրառելով «Վերամիավորման» (Réunions) քաղաքականությունը։ Կայսրը, այդ պահին զբաղված լինելով Օսմանյան կայսրության դեմ լուրջ պայքարով, ուշ արձագանքեց։ Թեև նա 1682 թվականին միացավ հակաֆրանսիական Դաշինքի լիգային, երկու տարի անց Ռեգենսբուրգում գոհունակությամբ հրադադար կնքեց։
Այդ ընթացքում Եվրոպայի ողջ քաղաքական հավասարակշռությունը կապված էր Անգլիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, և լարվածությունը շարունակվեց մինչև 1688 թվականը, երբ Օրենժի Ուիլյամ III-ը Գլորիական հեղափոխության արդյունքում գրավեց անգլիական գահը, իսկ Լյուդովիկոսը ներխուժեց Գերմանիա։
1689 թվականի մայիսին ձևավորվեց Մեծ դաշինք՝ ներառելով կայսրին, Անգլիայի, Իսպանիայի և Դանիայի թագավորներին, Բրանդենբուրգի ընտրապետին և այլ ուժեր։ Ֆրանսիայի դեմ մղվեց բուռն պայքար գրեթե ողջ Արևմտյան Եվրոպայում։ Ընդհանուր առմամբ՝ մի քանի արշավախմբերն ավարտվեցին դաշնակիցների օգտին, և 1697 թվականի սեպտեմբերին Անգլիան, Իսպանիան և Միավորված նահանգները Ֆրանսիայի հետ կնքեցին Ռիսվեյքի խաղաղությունը։
Լեոպոլդը սկզբում հրաժարվեց միանալ պայմանագրին, քանի որ զգում էր, որ դաշնակիցները բավարար կերպով հաշվի չեն առել իր շահերը։ Սակայն հաջորդ ամսում համաձայնության եկավ, և մի շարք տարածքներ Ֆրանսիայից փոխանցվեցին Սրբազան Հռոմեական Կայսրությանը։
Ֆրանսիայի հետ խաղաղությունը տևեց մոտ չորս տարի, որից հետո Եվրոպան ներքաշվեց Իսպանական ժառանգականության պատերազմում։ Իսպանիայի արքան՝ Կառլ II-ը, Հաբսբուրգական ծագում ուներ և ազգակցական կապերով կապված էր ինչպես Ավստրիայի, այնպես էլ Ֆրանսիայի թագավորական տների հետ։ Նա թույլ էր և անզավակ։ Եվրոպական տերությունները փորձում էին խաղաղ ճանապարհով բաժանել նրա լայնածավալ թագավորությունը։
Լեոպոլդը հրաժարվեց ընդունել որևէ բաժանման տարբերակ։ Եվ երբ 1700 թվականի նոյեմբերին Կառլը մահացավ՝ իր գահը թողնելով Լյուդովիկոս XIV-ի թոռանը՝ Անժուի դուքս Ֆիլիպին, խաղաղ լուծման բոլոր հույսերը փոշիացան։ Օրենժի Վիլյամ III-ի առաջնորդությամբ ձևավորվեց նոր հզոր դաշինք՝ վերականգնված Մեծ դաշինքը։ Կայսրը դարձավ դրա առանցքային անդամներից մեկը, և 1703 թվականին իր պնդումը իսպանական գահի վրա փոխանցեց իր երկրորդ որդուն՝ Կառլին։
Պատերազմի առաջին տարիները հաջող չէին կայսերական ուժերի համար։ Սակայն Բլենհայմի ճակատամարտում տարած փայլուն հաղթանակը շրջեց պարտության ալիքը։ Լեոպոլդը մահացավ 1705 թվականի մայիսի 5-ին[19]։
Ներպետական խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայսրը անձամբ էր սահմանում քաղաքականության հիմնական ուղղությունները։ Յոհան Վեյխարդ ֆոն Աուերսպերգը՝ Լեոպոլդի գլխավոր խորհրդականներից մեկը, ազատվեց պաշտոնից 1669 թվականին։ Նրան հաջորդեց Վենցել Էյուզեբիուս Լոբկովից արքայազնը։ Երկուսն էլ կայսեր իմացությունից դուրս կապեր էին հաստատել Ֆրանսիայի հետ։ 1674 թվականին Լոբկովիցն էլ կորցրեց իր պաշտոնը[20]։
Լեոպոլդը նաև արտաքսեց հրեական համայնքներին իր տիրույթներից։ Օրինակ՝ Վիեննայի հրեական համայնքը, որը բնակվում էր Դանուբի ջրանցքից այն կողմ գտնվող "Իմ Վերդ" կոչվող տարածքում։ Հրեաների արտաքսումից հետո, ժողովրդական աջակցությամբ, այդ տարածքը վերանվանվեց Լեոպոլդշտադտ՝ ի նշան երախտագիտության կայսեր նկատմամբ։ Սակայն Բրանդենբուրգի ընտրապետ Ֆրիդրիխ Վիլհելմը 1677 թվականին հրովարտակ հրապարակեց՝ հայտնելով, որ հատուկ պաշտպանություն է տրամադրում արտաքսված այդ հրեա ընտանիքներից 50-ին[6]։
Լեոպոլդի գլխավոր դժվարությունները կառավարման հարցում կապված էին Հունգարիայի հետ։ Այստեղ անկարգությունները պայմանավորված էին թե՛ կայսեր բողոքականությունը ճնշելու ձգտումով, և թե՛ այսպես կոչված Մեծատոհմիկների դավադրությամբ։ 1671 թվականին ապստամբությունը ճնշվեց, և մի քանի տարի Հունգարիան կառավարվում էր մեծ խստությամբ։ 1681 թվականին նոր ապստամբությունից հետո որոշ բողոքներ ընդունվեցին, և կիրառվեց ավելի մեղմ քաղաքականություն, սակայն դա չկասեցրեց հունգարացիներին՝ կրկին ապստամբելուց[21][22]։
Ավստրիական զորքերը 1675 թվականին գրավեցին Տրեբիշով ամրոցը, սակայն 1682 թվականին այն գրավեց Իմրե Թյոքոլին, ով հետագայում ստիպված եղավ փախչել շարունակական ավստրիական հարձակումներից։ Ավստրիացիները պայթեցրին ամրոցը, թողնելով այն ավերակ վիճակում։ Նույն թվականին Թյոքոլիի հրամանատարությամբ գործող ապստամբ-հունգարացի ուժերը, թուրքերի հետ համագործակցությամբ, գրոհեցին Բիելսկո քաղաքը։
1692 թվականին Լեոպոլդը հրաժարվեց Տրեբիշովի սեփականության իր իրավունքներից՝ նվիրատվության կարգով փոխանցելով դրանք Թերեզիա Կեգլևիչին։
Թյոքոլի ապստամբների գործին աջակցելու նպատակով սուլթան Մեհմեդ IV-ը 1683 թվականի սկզբին Ավստրիա ուղարկեց հսկայական բանակ։ Զորքը գրեթե առանց դիմադրության առաջացավ՝ մինչև Վիեննա, որը պաշարված մնաց հուլիսից մինչև սեպտեմբեր։ Կայսր Լեոպոլդը ապաստանել էր Պասաու քաղաքում։ Իրադրության լրջությունը ուշ գիտակցելով՝ մի քանի գերմանացի իշխաններ, այդ թվում Սաքսոնիայի և Բավարիայի ընտրապետերը, ուղարկեցին իրենց ուժերը Կայսերական բանակի կազմում։ Այդ բանակը ղեկավարում էր կայսեր փեսան՝ Լոթարինգիայի դուքս Կառլը։ Սակայն Լեոպոլդի ամենահզոր դաշնակիցը դարձավ Լեհաստանի թագավոր Յան III Սոբեսկին, ով արդեն հայտնի էր որպես թուրքերին վախեցնող ուժ[22]։
Հաղթանակներ թուրքերի դեմ Հունգարիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]
1683 թվականի սեպտեմբերի 12-ին դաշնակից զորքերը հարձակվեցին թշնամու վրա՝ նրան լիովին ջախջախելով և փրկելով Վիեննան։ Կայսերական ուժերը՝ որոնց մեջ աչքի էր ընկնում Սավոյացի արքայազն Եվգենը, շարունակեցին հաղթանակները։ Ամենանշանավորը տեղի ունեցան Մոհաչի մոտ՝ 1687 թվականին, և Զենտայի մոտ՝ 1697 թվականին։
1699 թվականի հունվարին սուլթան Մուստաֆա II-ը ստորագրեց Կարլովիցի պայմանագիրը, որով Հաբսբուրգներին հանձնեց Հունգարիայի գրեթե ամբողջ տարածքը (ներառյալ՝ Վոյվոդինայի սերբ բնակչությունը)։ Հաբսբուրգյան զորքերը նահանջելիս իրենց հետ տարան շուրջ 37,000 սերբական ընտանիք՝ Պեչի սերբական պատրիարքարանի պատրիարք Արսենիե III Չարնոևիչի առաջնորդությամբ։
1690 և 1691 թվականներին կայսր Լեոպոլդ I-ը մի շարք հրովարտակներով (այսպես կոչված՝ «Իմունիտետների» կամ «Արտոնությունների» միջոցով) ձևավորեց սերբերի ինքնավարությունը իր տիրույթներում։ Այս ինքնավար կարգավիճակը պահպանվեց և զարգացավ ավելի քան երկու դար՝ մինչև դրա վերջնական վերացումը 1912 թվականին։
Պատերազմի ավարտից առաջ Լեոպոլդը միջոցներ էր ձեռնարկել իր վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ։ 1687 թվականին Հունգարիայի Դիետը՝ Պրեսբուրգում (ներկայում՝ Բրատիսլավա), փոխեց երկրի սահմանադրությունը։ Հաբսբուրգների՝ առանց ընտրության գահն անցնելու իրավունքը ճանաչվեց, և կայսեր ավագ որդի Յոզեֆ I-ը թագադրվեց որպես Հունգարիայի ժառանգական թագավոր[23][24]։
Սրբազան Հռոմեական կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1648 թվականի Վեստֆալյան խաղաղությունը քաղաքական պարտություն էր Հաբսբուրգների համար։ Այն վերջ տվեց այն գաղափարին, որ Եվրոպան մեկ միասնական կաթոլիկ կայսրություն է, որը հոգևորապես ղեկավարվում է Հռոմի Պապի, իսկ աշխարհիկ հարցերում՝ Սրբազան Հռոմեական Կայսրի կողմից։ Բացի այդ, խաղաղության պայմանագիրը նպաստում էր տարածքների ու ազդեցության վերաբաշխմանը՝ հաղթող կողմերի՝ Հաբսբուրգների դեմ կռվող դաշինքի՝ Ֆրանսիայի և Շվեդիայի օգտին։
Այնուամենայնիվ, Հաբսբուրգները կարողացան որոշ առավելություններ ստանալ Երեսնամյա պատերազմից. Հաբսբուրգյան տիրույթներում բողոքական արիստոկրատիան զգալիորեն տկարացավ, և Վիեննայի ու Բոհեմիայի, ինչպես նաև մյուս Հաբսբուրգյան տարածքների միջև կապերը զգալիորեն ամրապնդվեցին։ Այս փոփոխություններն հնարավորություն տվեցին Լեոպոլդին իր տիրակալության ընթացքում նախաձեռնելու քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ Ֆրանսիայի օրինակով կառուցելով որոշ չափով կենտրոնացված միապետություն։
Պատերազմի ամենակարևոր հետևանքներից մեկը հետահայացորեն կայսերական կարգավիճակում Հաբսբուրգների թուլացումն էր, սակայն՝ ուժեղացումը իրենց սեփական տիրույթներում։ Լեոպոլդն առաջիններից էր, ով ըմբռնեց այդ նոր իրողությունը և սկսեց գործել այդ ուղղությամբ[25][19]։
Վարչական բարեփոխումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոպոլդի կառավարման շրջանում կայսրությունում տեղի ունեցան մի շարք կարևոր փոփոխություններ[26]։ 1663 թվականին կայսերական ռայխսթագը (օրենսդիր մարմինը) մտավ իր վերջին փուլը՝ վերածվելով մշտական նստաշրջանի Ռեգենսբուրգ քաղաքում։ Այս «մշտական դիետը» դարձավ Հաբսբուրգների իշխանությունը ամրապնդելու կարևոր գործիք՝ Լեոպոլդի ղեկավարությամբ[27]։
Քաղաքական փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1692 թվականին Հանովերի դուքսը բարձրացվեց ընտրապետի կարգավիճակի՝ դառնալով ընտրական կոլեգիայի իններորդ անդամը։ 1700 թվականին, ֆրանսիական պատերազմի սպառնալիքի պայմաններում, Լեոպոլդը Բրանդենբուրգի ընտրապետին շնորհեց Պրուսիայի թագավորի տիտղոսը։
Այս և այլ նմանատիպ փոփոխությունների համախառն արդյունքը կայսրի իշխանության թուլացումն էր կայսրության իշխանների նկատմամբ։ Այդ պատճառով Լեոպոլդն ավելի ու ավելի սկսեց հենվել իր որպես Ավստրիայի արքադքսությունների, Հունգարիայի և Բոհեմիայի միապետի դիրքի վրա[28]։
Կերպարն ու ընդհանուր գնահատականը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոպոլդը աշխատասեր և կրթված մարդ էր, իսկ իր իշխանության վերջին տարիներին ցուցաբերում էր որոշակի քաղաքական ունակություններ։ Իրեն համարելով բացարձակ միապետ՝ նա խիստ համառ էր իր իրավունքների պաշտպանության հարցում։ Լիովին գտնվելով ճիզվիտների ազդեցության տակ՝ նա քաջալերում էր Հակաբողոքական շարժումը (Հակաբողոքական վերափոխում)։
Արտաքինով նա կարճահասակ էր, բայց ամրակազմ և առողջ։ Թեև չէր ձգտում ռազմական կյանքի, սիրում էր բացօթյա ֆիզիկական զբաղմունքներ՝ որսորդություն, ձիավարություն։ Նա նաև երաժշտության մեծ սիրահար էր և ուներ երաժշտական հակումներ ու տաղանդ. գրել է մի քանի օրատորիաներ և պարի սյուիտներ։
Հավանաբար՝ նախնիների միջև արյունակցական ամուսնությունների հետևանքով, Լեոպոլդի մոտ առավել տեսանելի էր Հաբսբուրգներին բնորոշ ժառանգական «Հաբսբուրգյան ծնոտը»։ Նրա ծնոտը այնքան ընդգծված էր, որ 1670 թվականի արծաթե մետաղադրամի վրա նրա պատկերը չափազանցված մեծ ծնոտով էր արտահայտված։ Այդ պատճառով Լեոպոլդին հեգնանքով անվանել են «Խոզածնոտ» (անգլ.՝ Hogmouth)։ Սակայն շատ նումիզմատներ (մետաղադրամների մասնագետներ) համարում են, որ մետաղադրամի վրա պատկերը հորինված է։
Ամուսնություններ և զավակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]


1666 թվականի դեկտեմբերի 12-ին Լեոպոլդը ամուսնացավ Մարգարիտա Թերեզա Իսպանացիու հետ (1651-1673), ով Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի դուստրն էր։ Նա միաժամանակ Լեոպոլդի թե՛ զարմուհին էր, թե՛ մորական քույրը (առաջին զարմուհին)։ Մարգարիտա Թերեզան պատկերվել է Դիեգո Վելասկես կողմից, որոնք Մադրիդի արքունիքից ուղարկվել էին Լեոպոլդին՝ մինչ նա Վիեննայում սպասում էր իր նշանածի չափահաս դառնալուն։
Լեոպոլդն ու Մարգարիտա Թերեսան ունեցել են չորս երեխա, որոնցից միայն մեկն է երկար ապրել.
- Ֆերդինանդ Վենցել արքայադքս (1667-1668)
- Մարիա Անտոնիա արքայադուստր (1669-1692), ամուսնացել է Բավարիայի ընտրապետ Մաքսիմիլիան II Էմանուելի հետ
- Յոհան Լեոպոլդ (1670)
- Մարիա Աննա Անտոնիա արքայադուստր (1672)
Լեոպոլդի երկրորդ կինն էր Կլաուդիա Ֆելիցիտաս Ավստրիացի, ով մահացավ 1676 թվականին՝ 22 տարեկանում։ Նրանց երկու դուստրերն էլ մահացել են վաղ տարիքում.
Լեոպոլդի երրորդ կինը դարձավ Էլեոնոր Մագդալենա Նոյբուրգցի։ Նրանցից ծնվեցին հետևյալ երեխաները.
- Յոզեֆ I, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր (1678-1711), ամուսնացել է Բրունշվիկ-Լյունեբուրգի Վիլհելմինե Ամալիայի հետ
- Մարիա Քրիստինա արքայադուստր (1679)
- Մարիա Էլիզաբեթ արքայադուստր (1680-1741), Ավստրիայի Նիդեռլանդների կառավարչուհի
- Լեոպոլդ Յոզեֆ արքայադքս (1682-1684)
- Մարիա Աննա արքայադուստր (1683-1754), ամուսնացել է Պորտուգալիայի թագավոր Խուան V-ի հետ
- Մարիա Թերեզա արքայադուստր (1684-1696)
- Կառլ VI, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր(1685-1740), ամուսնացել է Բրունշվիկ-Վոլֆենբյուտելի Ելիզավետա Քրիստինայի հետ
- Մարիա Ժոզեֆա արքայադուստր (1687-1703)
- Մարիա Մագդալենա արքայադուստր (1689-1743)
- Մարիա Մարգարետ արքայադուստր (1690-1691)
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հոր օրինակով՝ Լեոպոլդն իր անձնական կյանքի ընթացքում մեծ հովանավոր էր երաժշտության և ինքն էլ կոմպոզիտոր էր[29]։ Նա շարունակում էր հարստացնել արքունիքի երաժշտական կյանքը՝ հրավիրելով և աջակցություն ցուցաբերելով ճանաչված երաժիշտների, ինչպիսիք են՝ Անտոնիո Բերտալին, Ջովաննի Բոնոնչինին, Յոհան Կասպար Կերլը, Ֆերդինանդ Տոբիաս Ռիխտերը, Ալեսսանդրո Պոլյետտին և Յոհան Ֆուքսը։

Լեոպոլդի պահպանված ստեղծագործություններում նկատելի է Բերտալիի և ընդհանուր առմամբ վիեննական կոմպոզիտորների ազդեցությունը՝ օրատորիաների և դրամատիկ գործերի մեջ, ինչպես նաև Յոհան Հայնրիխ Շմելցերի ազդեցությունը՝ բալետների և գերմանական կատակերգությունների մեջ։
Նրա հոգևոր երաժշտությունը հատկապես հաջողված է համարվում։ Առանձնանում են «Missa angeli custodis»-ը, Ռեքվիեմը՝ իր առաջին կնոջ հիշատակին, ինչպես նաև «Երեք ընթերցումներ» ստեղծագործությունը՝ գրված երկրորդ կնոջ թաղման արարողության համար։
Լեոպոլդի երաժշտական բազմաթիվ ստեղծագործություններ տպագրվել են իր հոր աշխատանքների հետ միասին և ժամանակակիցների կողմից նկարագրվել են որպես «բացառիկ արժեք ունեցող ստեղծագործություններ»[30][31]։
Դրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոպոլդ I-ի հունգարական թալեր, թողարկված 1692 թվականին։ Լատինական գրությունը՝Obverse, LEOPOLDVS D[EI] G[RATIA] RO[MANORVM] I[MPERATOR] S[EMPER] AVG[VSTVS] GER[MANIAE] HV[NGARIAE] BO[HEMIAE] REX; Reverse, ARCHIDVX AVS[TRIAE] DVX BVR[GVNDIAE] MAR[CHIO] MOR[AVIAE] CO[MES] TY[ROLIS] 1692, "Leopold, by the grace of God, Emperor of the Romans, Ever Augustus, King of Germany, Hungary, and Bohemia; Archduke of Austria, Duke of Burgundy, Margrave of Moravia, Count of Tyrol 1692"
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Dienst H. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Lundy D. R. The Peerage
- 1 2 Wurzbach D. C. v. Habsburg, Leopold I. (deutscher Kaiser) (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 6. — S. 418.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118571869 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Union List of Artist Names — 2014.
- 1 2 3 4 5 6 7 Schumann, Jutta (2012 թ․ սեպտեմբերի 13). Die andere Sonne: Kaiserbild und Medienstrategien im Zeitalter Leopolds I. Walter de Gruyter. էջեր 3–. ISBN 978-3-05-005581-7.
- ↑ Spielman, 1977
- ↑ Spielman, 1977, էջ 34
- 1 2 3 Joseph A. Biesinger; "Germany: European nations" in Facts on File library of world history. p. 529.
- 1 2 Crankshaw, 1971, էջ 132
- ↑ Heide Dienst; Professor, Institute of Austrian History Research, University of Vienna.
- ↑ Coxe, William (1853). History of the House of Austria: From the Foundation of the Monarchy by Rhodolph of Hapsburgh, to the Death of Leopold the Second: 1218 to 1792. London: Henry G. Bohn. էջ 515.
- ↑ John P. Spielman; "Europe, 1450 to 1789" in Encyclopedia of the Early Modern World
- ↑ O'Connor, 1978, էջեր 7–14
- ↑ Johannes Burkhardt (2001). Vollendung und Neuorientierung des frühmodernen Reiches. H-Soz-Kult. ISBN 9783608600117. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
- 1 2 3 Volker Press (1991). Kriege und Krisen: Deutschland 1600–1715. C.H.Beck. ISBN 978-3-406-30817-8.
- ↑ Mckay, 1997, էջ 206
- ↑ Mckay, 1997, էջ 207
- 1 2 Helmut Neuhaus (2019 թ․ մայիսի 6). Die Frühe Neuzeit als Epoche. Walter de Gruyter GmbH & Co KG. էջեր 35–. ISBN 978-3-11-065083-9.
- ↑ Կաղապար:NDB
- ↑ Das Königreich Ungarn: Ein topograph.-hist.-statistisches Rundgemälde, d. Ganze dieses Landes in mehr denn 12,400 Artikeln umfassend, Band 3, Seite 271, J.C. von Thiele, 1833.
- 1 2 Henryk Rechowicz: Bielsko-Biała. Zarys Rozwoju miasta i powiatu. Katowice: Wydawnictwo "Śląsk", 1971.
- ↑ Charles W. Ingrao (2000). The Habsburg Monarchy, 1618–1815 (Second ed.). Cambridge University Press. էջ 84. ISBN 978-0-521-78505-1.
- ↑ Andrew Wheatcroft (2009 թ․ նոյեմբերի 10). The Enemy at the Gate: Habsburgs, Ottomans and the Battle for Europe. Random House. ISBN 978-1-4090-8682-6.
- ↑ Noble, Thomas (2008). Western Civilization: Beyond Boundaries. Cengage Learning. էջեր 507–508.
- ↑ Crankshaw, 1971, էջ 140
- ↑ Anton Schindling. "The Development of the Eternal Diet in Regensburg". The Journal of Modern History 58 (December 1986). p. S69.
- ↑ Harm Klueting (1999). Das Reich und Österreich 1648-1740. LIT Verlag Münster. էջեր 56–. ISBN 978-3-8258-4280-2.
- ↑ Dalberg-Acton, John Emerich Edward; և այլք: (1912). The Cambridge Modern History: Volume V: The Age of Louis XIV. New York: The MacMillan Company. էջ 341.
- ↑ (organization), Jstor (1892). «Musical times» (PDF). The Musical Times. 1892. Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին.
- ↑ Adler, Guido (1892). Musikalishe Werke der Kaiser Ferdinand III., Leopold I., and Joseph I. Vienna, Austria: Antaria & Company.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- This article incorporates text from a publication now in the public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Leopold I. (emperor)». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 16 (11th ed.). Cambridge University Press. էջեր 458–459.
- Crankshaw, Edward (1971). The Habsburgs: Portrait of a Dynasty. New York: The Viking Press.
- Frey, Linda; Frey, Marsha (1978). «A Question of Empire: Leopold I and the War of Spanish Succession, 1701–1715». Austrian History Yearbook. 14: 56–72. doi:10.1017/s0067237800009061. S2CID 143446372.
- Frey, Linda; Frey, Marsha (1978). «The Latter Years of Leopold I and his Court, 1700–1705: A Pernicious Factionalism». Historian. 40 (3): 479–491. doi:10.1111/j.1540-6563.1978.tb01904.x.
- Frey, Linda; Frey, Marsha (1983). A Question of Empire: Leopold I and the War of Spanish Succession, 1701–1705. New York: Columbia University Press. ISBN 0-88033-038-4.
- Goloubeva, Maria (2000). The Glorification of Emperor Leopold I in Image, Spectacle and Text. Mainz: Leibniz-Institut für Europäische Geschichte. Abteilung für Universalgeschichte, 184
- Kampmann, Christoph (2012). «The English Crisis, Emperor Leopold, and the Origins of the Dutch Intervention in 1688». Historical Journal. 55 (2): 521–532. doi:10.1017/S0018246X1200012X. S2CID 162523435.
- Mckay, Derek (1997). Oresko, Robert; Gibbs, GC (eds.). Small Power Diplomacy in the age of Louis XIV in Royal and Republican Sovereignty: Essays in Memory of Ragnhild Hatton. Cambridge University Press. ISBN 978-0521419109.
- O'Connor, John T. (1978). Negotiator out of Season. Athens, GA: University of Georgia Press. ISBN 0-8203-0436-0.
- Spielman, John Philip (1977). Leopold I. London: Thames and Hudson. ISBN 978-0-500-87005-1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեոպոլդ I (Սրբազան Հռոմեական կայսրություն) կատեգորիայում։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ I (Սրբազան Հռոմեական կայսրություն)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունիսի 9 ծնունդներ
- 1640 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 5 մահեր
- 1705 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Հաբսբուրգներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիայի ղեկավարներ
- Բոհեմիա
- Գերմանացի միապետներ
- Գերմանիայի թագավորներ
- Գերմանիայի կայսրեր
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Եվրոպայի ազնվականություն
- Թագավորներ
- Կաթոլիկներ
- Հունգարիա
- Հունգարիայի թագավորներ
- Սրբազան Հռոմեական կայսրության կայսրեր