Լեոնորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնորա
Բնօրինակ անունԱրևիկ Թանաշեան
Ծնվել էհուլիսի 21, 1985(1985-07-21) (38 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի (սոպրանո)
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ

Արևիկ Թանաշեան (օրիորդական ազգանունը՝ Գրիգորյան, բեմական անունը՝ Լեոնորա, հուլիսի 21, 1985(1985-07-21), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի օպերային երգչուհի, քնարական սոպրանո, վեց միջազգային մրցույթների «Գրան պրիի» դափնեկիր[1][2], 2016 թվականին Հայաստանի լավագույն դասական երգչուհի[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևիկ Գրիգորյանը ծնվել է 1985 թվականին։ Սովորել է Գյումրու Շիրվանզադեի անվան առաջին վարժարանում, միաժամանակ հաճախել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն և մասնակցել Խորեն Աբրահամյանի և Երվանդ Ղազանչյանի գլխավորած ներկայացումներին։ 1998 թվականին ավարտել է Գյումրու Կոմիտասի անվան 2-րդ երաժշտական դպրոցը և ստացել դաշնակահարի և ջութակահարի որակավորում։ Հաճախել է Գյումրու գեղարվեստի կենտրոն՝ սովորել երգ, պար, յուղանկարչություն ու գորգագործություն։

Լեոնորան 2001 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ձայնամարզության դասարանը, այն ավարտել գերազանցությամբ և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ Նրա դասախոսը եղել է պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանը։ 2009 թվականին Լեոնորան գերազանցությամբ ավարտել է ասպիրանտուրան։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տասնամյա տարելիցին նվիրված երաժիշտ-կատարողների հանրապետական առաջին մրցույթ փառատոնին արժանացել է ոսկե մեդալի ու դափնեկրի կոչման։

Անհատական և երգչախմբային համերգներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում, Ավստրիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Լիբանանում, Արգենտինայում, Սիրիայում և մի շարք այլ երկրներում։ 2013 թվականին Լեոնորան «Անուշ» օպերայի 100-ամյակի առթիվ Գյումրիում ելույթ է ունեցել Անուշի դերերգով[4][5]։

2013 թվականին Երևանում, Գյումրիում և Արցախում Լեոնորան հանդես է եկել տարբեր մենահամերգներով՝ նվիրված Մեծ Եղեռնին, Կոմիտասին և ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովին։ Լեոնորան որպես մեներգչուհի երգել է Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում, եղել է «Գոհար» երգչախմբի անդամ և Խաչատուր Ավետիսյանի անվան երաժշտական դպրոցի երգի ուսուցչուհի։

Արաբական աշխարհում հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Էլիաս Ռահբանի հովանավորությամբ 2014 թվականի փետրվարի 12-ին Լիբանանում լույս է տեսել Լեոնորայի «Պռօսխումէ» խորագրով առաջին հոգևոր ձայնասկավառակը, 2016 թվականին՝ «Հայոց արծիվներ» երկրորդ ձայնասկավառակը[6][7]։ Կանանց և մայրության տոնին նվիրված մենահամերգով 2014 թվականի մարտի 7-ին Լեոնորան ելույթ է ունեցել Լիբանանում։

2013-2014 թվականներին դասավանդել է ձայնամարզություն Լիբանանի Համազգային մշակութային միության «Բարսեղ Կանաչեան» երաժշտական դպրոցում։ Բուենոս Այրեսում 2014 թվականի հոկտեմբերի 19-ին ելույթ է ունեցել մենահամերգով՝ նվիրված կանանց և մայրության տոնին։ Մեծ Եղեռնի 100-ամյակի առթիվ՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրով 2015 թվականի դեկտեմբերի 7-ին Իրանի Նոր Ջուղա քաղաքում հանդես է եկել մենահամերգով։ Լեոնորան 2016 թվականի սեպտեմբերի 28-ին մասնակցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած «100+1» խորագրով համերգին և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից արժանացել մեդալի ու հավաստագրի[8]։ 2016 թվականի դեկտեմբերի 11-ին մենահամերգով, ազգային և ժողովրդական երգերով ելույթ է ունեցել Լիբանանի Հակոբ Տեր-Մելքոնյան համերգասրահում, որից ստացված հասույթը փոխանցել է սիրիահայերին[9]։

Երգչուհու համերգային գործունեությունը վարում է ամուսինը՝ պրոդյուսեր Վիգէն Թանաշեանը[10]։ Նրանք ունեն երկու որդի։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գրան Պրի», 2015 թվականի հունիսի 13-18, «Կովկասյան առաջնություն, Երևան։
  • «Գրան Պրի», 2015 թվականի սեպտեմբերի 13-18, «Սոֆիա Գրան Պրի-2015», Սոֆիա[11][12]։
  • «Գրան Պրի», 2015 թվականի հոկտեմբերի 18-20, «Victoria-2015», Վարշավա[13]։
  • «Գրան Պրի», 2016 թվականի հունվարի 15-18, «Winter Tale-2016», Պյատիգորսկ[14]։
  • «Առաջին գլխավոր մրցանակ», 2016 մարտի 20-24, «Մոնսերատի ոսկե ձայներ», Լորետ դե Մար (Իսպանիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չորս ամսում 3 «Գրան Պրի» ստացած երգչուհին հայրենիքում իր տեղը չի գտնում
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Leonora». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. http://shamshyan.com/hy/article/2016/12/30/105412/
  4. «Լեոնորա (Արևիկ) Թանաշյան (Լիբանան)». «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
  5. «Singer Leonora to give concert dedicated to Armenian Genocide Centennial in Isfahan». Hayern Aysor. 2015 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
  6. http://operativ.am/?p=201459&l=am
  7. http://shamshyan.com/hy/article/2016/11/19/101735/
  8. ««100+1» համերգով եզրափակվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. http://www.kantsasar.com/news/?p=14628(չաշխատող հղում)
  10. Հայաստանը «Մոնսերատի ոսկյա ձայնը» միջազգային մրցույթում կներկայացնի գյումրեցի Լեոնորան
  11. Լեոնորայի նոր հաղթանակը
  12. Գյումրեցի երգչուհին Սոֆիայից վերադարձել է «Գրան Պրի» մրցանակով
  13. Լեոնորան Լեհաստանից վերադառնում է նոր հաղթանակով
  14. Հայ երգչուհի Լեոնորան միջազգային մրցույթում արժանացել է «Գրան Պրի»-ի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]