Լեղաքարային հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեղաքարային հիվանդություն, խոլելիթիազ (հուն. χολή – լեղի և λίθος – քար), մարդկանց հիվանդություն, բնորոշվում է լեղապարկում, երբեմն լեղուղիներում, քարագոյացմամբ։

Ըստ կառուցվածքի լեղաքարերը լինում են միատարր (խոլեսթերինային, պիգմենտային, կրային, սպիտակուցային) և խառը։ Լեղաքարերը գոյանում են լեղու հիմնական բաղադրիչ մասերի բյուրեղացումից և նստվածքագոյացումից։ Լեղու մեջ բիլիռուբինի ավելացման դեպքում գոյանում են մաքուր պիգմենտային՝ բիլիռուբինային քարեր։ Լեղաքարերի առաջացումը հաճախ կապված է նյութափոխանակության խանգարումների հետ, որին նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը և սնման առանձնահատկությունները (առատ և խոլեսթերինով հարուստ սնունդ)։ Լեղաքարային հիվանդությունը երբեմն զուգակցվում է ճարպակալման, շաքարային հիվանդության հետ։ Կոլոիդային համակարգի խանգարմանը առավել նպաստում են լեղու հոսքի դանդաղումը (խոլեստազ) և լեղապարկի բորբոքումը։ Լեղաքարերը երբեմն ցավեր չեն առաջացնում (քարակրություն) և ախտորոշվում են պատահականորեն։ Լեղաքարային հիվանդությունը դրսևորվում է ուղեկցող այլ հիվանդությունների (լեղապարկի և լեղուղիների բորբոքում) և լեղուղիներով քարերի տեղաշարժման ժամանակ։ Բնորոշվում է նոպայաձև ցավերով (լյարդային խիթ՝ կոլիկա), դեղնախտով, լեղապարկում և լեղածորանում ճնշման բարձրացմամբ։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեղաքարերը լուծող դեղամիջոցներ դեռևս չկան։ Բուժումը հիմնականում տարվում է հետագա քարագոյացումը և նոպաները կանխելու նպատակով։ Լեղամուղ միջոցներ, նոպայի ժամանակ՝ սպազմոլիտիկ դեղանյութեր, վարակի միացման դեպքում՝ անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ։ Հաճախակի նոպաների և բարդությունների դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 533