Jump to content

Լեհաստանի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհաստանի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԼեհաստան
ՕգտագործումԱզգային դրոշ
Նշան🇵🇱
Հարաբերություն5:8
Ընդունված է1919
Գույներ     Սպիտակ      Կարմիր
Պատկերված էդաշտ

Լեհաստանի դրոշ, Լեհաստանի խորհրդանիշերից մեկը։ Իրենից ներկայացնում է ուղղանկյուն պաստառ երկու սպիտակ և կարմիր գույնի հորիզոնական երկու շերտերով, լայնքի և երկայնքի 5։8 հարաբերակցությամբ[1]։ Պետական դրոշների և խորհրդանիշերի մեկնաբանման բազմաթիվ տարբերակներ և կարծիքներ գոյություն ունեն։ Համաձայն դրանցից մեկի՝ դրոշի գույները զինանշանի գույներն են հիշեցնում (ոսկե թագով սպիտակ արծիվը՝ կարմիր ֆոնի վրա)։ Առաջին անգամ դրոշը պարզվել է 1918 թվականին։

Սկզբնական շրջանում՝ միջին դարերում, օգտագործվել է կարմիր դրոշ, որի վրա պատկերված էր սպիտակ արծիվ։ Այդպիսի դրոշակներով Յագայլո թագավորի ժամանակաշրջանում լեհ զինվորները կռվել են Գրյունվալդի ճակատամարտում 1410 թվականին։

Սիգիզմունդ III Վազայի դրոշակը կազմված է եղել երեք գծերից (վերին և ստորինը՝ կարմիր, սպիտակը՝ մեջտեղում)։ Վլադիսլավ IV-ի և Յան Կազիմիր II-ի դրոշակները կազմված են եղել չորս շերտերից (վերևից առաջինը և երրորդը՝ կարմիր, վերևից երկրորդը և չորրորդը՝ սպիտակ)։ Դրոշակների վրա կար պետական զինանշանը։

Օգոստոս II Հզորի կառավարման շրջանում կարմիր ժապավեններն ամրացվում էին լեհ ուլանների (թեթև հեծելազորի զինվոր) սաղավարտներին։ Չորսամյա սեյմի ժամանակաշրջանում (1788—1792) հայտնվեցին սպիտակակարմիր ժապավեններ։

Ազգային դրոշը եղել է պաշտոնապես հաստատվել Սեյմի (խորհրդարանի) կողմից 1831 թվականի փետրվարի 7-ին։ Սպիտակակարմիր դրոշները և ժապավենները օգտագործվել են որպես XIX դարի ազգային ապստամբության խորհրդանիշ[2]։

Լեհաստանում անկախության վերականգնումից հետո 1918 թվականին սպիտակակարմիր դրոշը պաշտոնապես հաստատվել է խորհրդարանի կողմից 1919 թվականի օգոստոսի 1-ին, այդ ժամանակից որպես ազգային դրոշ փոփոխության չի ենթարկվել[2]։

Լեհաստանի դրոշի գույնը հանդիսանում է պետական զինանշանի արտացոլանքը։ Դրոշի վրայի սպիտակ գույնը խորհրդանշում է սպիտակ արծվին, կարմիր գույնը խորհրդանշում է պետական զինանշանի ֆոնը։ Զինանշանագիտության մեջ սպիտակ գույնը (արծաթ) նշանակում է բարոյականություն, հոգևոր արժեքներ և անթերի մաքրություն, կարմիր գույնը հանդիսանում է կրակի, խիզախության և արիության խորհրդանիշը։ Լեհաստանի պետական զինանշանը պատկերվում է ձևավոր վահանի ձևով, որի կարմիր ֆոնի վրա տեղակայված է Պյաստա թագավորի սպիտակ արծիվը։ Ավանդությունը պատմում է, որ Պյաստա թագավորը եղել է առասպելական հողագործ հին լեհական ազնվական ցեղից։ Նա եղել է սովորական հողագործ։ Ժողովուրդը նրան ընտրել է որպես թագավոր, և նա սկիզբ է դրել պատմական Պյաստա դինաստիային, որն իր զինանշանի վրա ունեցել է սպիտակ արծվի պատկեր։ Այս պարագայում զինանշանի վրայի արծիվը խորհրդանշում է հին ազգային ավանդույթները։ Զինանշանն առանց թագի ընդունվել է 1955 թվականին, 1990 թվականին սպիտակ արծվին վերադարձվեց թագը[3][4]։

Պատմական դրոշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման դրոշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ustawa o godle... (1980, original)
  2. 2,0 2,1 Znamierowski
  3. Russocki, Kuczyński, Willaume
  4. Ustawa o zmianie przepisów o godle... (1990)