Լեհական կինեմատոգրաֆիայի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կինեմատոգրաֆիայի լեհական դպրոց կամ՝ լեհական կինոդպրոց (լեհ.՝ Polska Szskola Filmowa) - Լեհաստանի կինոռեժիսորների ու սցենարիստների հասարակական-գեղարվեստական ոչ ֆորմալ միավորում, որը գործել է մոտավորապես 1950-ական թվականների կեսերից մինչև 1960-ական թվականների կեսերը:

Լեհական կինոգործիչների դպրոցը ներկայացնող արվեստագետները գտնվել են իտալացի նեոռեալիստների (նոր իրապաշտների) նկատելի ազդեցության տակ: Միավորման ստեղծման և լայնաթափ գործունեության ազդակ հանդիսացավ սոցիալիստական ճամբարի մաս կազմող երկրներում 1950-ական թվականների կեսերին տիրապետող դարձած հայացքների ազատականացումը, որն սկիզբ էր առել ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահից և Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության քսաներորդ համագումարում նրա անձի պաշտամունքի սուր քննադատությունից հետո:

Լեհ կինեմատոգրաֆիստների ստեղծագործությունների գլխավոր թեմաները դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմում Լեհաստանի դերի վերլուծությունը, գերմանական օկուպացիայի տարիների լեհական պատմության բարդությունների ցուցադրումը, «Կռայովա արմիա»-ի («Հայրենի բանակի») ռազմիկների ճակատագիրը, նրանց դերը ինչպես պատերազմական, այնպես էլ ետպատերազմյան Լեհաստանում, լեհերի ազգային մեծ ողբերգությունը, գերմանացի ֆաշիստների ստեղծած համակենտրոնացման դաժան ճամբարները, Վարշավայի նշանավոր ապստամբությունը:

Տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հնարավորություն տվեցին, որ միավորման անդամները ավելի բաց ներկայացնեն Լեհաստանի վերջին շրջանի պատմության առավել ցավոտ, սուր հարցերը: Սակայն այն էլ պետք է ասել, որ գրաքննությունը դեռևս շատ ուժեղ էր, հատկապես ետպատերազմյան և ժամանակակից դեպքերի ու իրադարձությունների լուսաբանման նկատմամբ: Հենց դրանում էր լեհական և իտալական կինեմատոգրաֆիական նեոռեալիստական դպրոցների միջև հիմնական տարբերությունը: Այդուհանդերձ, լեհ կինոգործիչներին հաջողվեց Արևելյան Եվրոպայում առաջինը վառ կերպով ներկայացնել ազգային առանձնահատկությունները՝ հակադրվելով պաշտոնապես պարտադրվող սոցիալիստական ռեալիզմի ստանդարտ պահանջներին: Միավորման մեջ ընդգրկված կինոգործիչները առանձնահատուկ ուշադրություն էին նվիրում անհատի դերի բացահայտմանը՝ ի հակադրություն կոլեկտիվիզմի: Արվեստագիտական այս շարժման մեջ գոյություն ունեին երկու ուղղություններ. երիտասարդ կինոռեժիսորները՝ Անջեյ Վայդայի[1] գլխավորությամբ իրենց գլխավոր խնդիրն էին համարում հերոսականության մեկնաբանությունն ու ցուցադրումը[2][3], մինչդեռ մյուս խումբը, որի առավել ակնառու ներկայացուցիչը Անջեյ Մունկն էր[4], վերլուծում, ներկայացնում էր լեհական բնավորության գծերը ազգային առասպելաբանության պսակազերծման, հեգնանքի, հումորի միջոցով:

Կինեմատոգրաֆի լեհական դպրոցի ականավեր ներկայացուցիչների մեջ, բացի արդեն նշված Անջեյ Վայդայից և Անջեյ Մունկից, հիշատակման են արժանի նաև Եժի Կավալերովիչը, Վոյցեխ Եժի Հասը, Թադեուշ Կոնվիցկին...

Կինեմատոգրաֆիստներ և կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջեյ Վայդա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սերունդ», 1955 թ., (Ռոման Պոլանսկու մասնակցությամբ, Վարշավայի երտասարդ ընդհատակայինների մասին)
  • «Ջրանցք», 1956 թ., (Վարշավայի ապստամբության մասնակիցների մասին եռերգության երկրորդ մասը)
  • «Մոխիր և ադամանդ», 1958 թ., (վերոնշյալ եռերգության երրորդ՝ ավարտական մասը)
  • «Ամեն ինչ՝ վաճառքի», 1968 թ., (կինոնկար լեհական կինեմատոգրաֆի մասին)
  • «Մարմարե մարդը», 1977 թ., (ետպատերազմական Լեհաստանում շինարարության և շինարարի մասին)
  • «Երկաթե մարդը», 1981 թ., (լեհական արհմիութենական շարժման և Գդանսկի նավաշինարանում տեղի ունեցած նշանավոր գործադուլի մասին)

Անջեյ Մունկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարդը ռելսերի վրա», 1956 թ., (երկաթուղային բանվորի մասին, որին հեռացրել են աշխատանքից՝ մեղադրելով սաբոտաժի մեջ)
  • «Հերոիկա», 1958 թ., (հերոսականության մասին պատմող երկու նորավեպերից կազմված կինանկար)
  • «Շեղաչ երջանկություն», 1960 թ., (կինոնկարի հերոսը մի անհոգ երիտասարդ է, որը թյուրիմացաբար հայտնվում է ուղղիչ հիմնարկությունում և միայն այստեղ է զգում, որ իր տեղը հենց դա է)

Եժի Կավալերովիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեծ պատերազմի ճշմարիտ ավարտը», 1957 թ., (պատերազմի պատճառով միմյանցից բաժանված ամուսնու և կնոջ կրկնված հանդիպման մասին: Ապագայի կերտմանը խանգարող անցյալի ծանր բեռի, հոգեբանական տևական բախման, պատերազմի պատճառած հուզական տրավմայի մասին պատմող այս կինոնկարը,որը հայկական արմատներ ունեցող ականավոր կինոռեժիսորի լավագույն աշխատանքներից է, զգալի ազդեցություն է գործել այդ ժամանակաշրջանի լեհ կինոգործիչների ստեղծագործությունների վրա)
  • «Խորհրդավոր ուղևորը», 1959 թ., (դետեկտիվ դիպաշարով հոգեբանական դրամա, որը «լարված, համոզիչ, խորաթափանց դիմանկարն է ամբոխի, սրա վարքի, հուզական պահանջմունքների, հիսթերիայի հակվածության»)[5][6]
  • «Իոաննա մայրիկը՝ հրեշտակներից», 1961 թ., (պատմա-հոգեբանական դրամա, որն արտացոլում է մարդու հավերժական հոգեկան պայքարը, տառապալից կռիվը մեղքի անորոշ էության և մարմնական գոյի միջև)[7]

Վոյցեխ Եժի Հաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հանգույց», 1957 թ., (ներկայացնում է ալկոհոլիզմով տառապող մարդու դրաման)
  • «Ինչպես սիրված լինել», 1963 թ., (թատրոնի դերասանուհու կյանքը օկուպացված, ապա և՝ ետպատերազմական Լեհաստանում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]