Լելե Թեփեի օպերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լելե Թեփեի օպերացիա
Արցախյան երկրորդ պատերազմ
Թվական 2020
Վայր Վարազաթումբ,
Հադրութի շրջան
Արդյունք Գործողության տապալում
Ավելի քան 700 զոհ հայկական կողմից
Հակառակորդներ
Արցախ Արցախ Ադրբեջան Ադրբեջան,
Թուրքիա Թուրքիա,
Syrian revolution flag.svg Սիրացի թուրքամետ վարձկաններ
Հրամանատարներ

Լելե Թեփեի օպերացիա (կամ Ջաբրայիլի օպերացիա), ռազմագործողություն, որը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Վարազաթումբ (Լելթ Թեփե) բլրի ուղղությամբ[1]։ Ըստ մի շարք պնդումների՝ այս օպերացիան արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական կողմի ամենից շատ զոհեր տված ռազմագործողությունն է։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ հայկական կողմից եղել է ավելի քան 700 զոհ, մարտի դաշտում է թողնվել 44 տանկից 42-ը[2]։ Ռազմական փորձագետների կարծիքով՝ Լելե-Թեփեի օպերացիայի տապալումը կործանարար է դարձել Արցախի Պաշտպանության բանակի համար՝ կոտրելով հայկական պաշտպանական ուժերի ողնաշարը[3]։

Ըստ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ «Լելե Թեփեի օպերացիա» ընդհանրապես չի եղել, իսկ ասոցացվող Քյանդ Հորադիս օպերացիայի ժամանակ եղել է ընդամենը 2 զոհ[4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարազաթումբը, կամ առավել հայտնի Լելե Թեփե բարձունքը Արցախի Հանրապետության վերահսկողության տակ է եղել 1994 թվականի փետրվարի 12-ից[5]։ 2016 թվականի ապրիլին արցախաադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում բլուրը օկուպացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից[6]։

Գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի առաջին օրերին, սկսած հոկտեմբերի 3-ից, թուրք-ադրբեջանական ուժերը Լելե Թեփեի ուղղությամբ 6-8 կիլոմետրանոց հատվածում ճեղքել են հայկական կողմի պաշտպանությունը և առաջխաղացում ունեցել դեպի Ջաբրայիլ։ Քննարկման արդյունքում գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը գործողությունների պլան է առաջարկել, որի նպատակն էր գրոհել Լելե Թեփեի ուղղությամբ՝ նպատակ ունենալով գրավել բլուրը և փակել դեպի Ջաբրայիլ ադրբեջանական զորքի ճանապարհը։ Հայկական ուժերը հոկտեմբերի 7-ին անցել են գրոհի, իսկ գործողությունները ղեկավարել է գեներալ-լեյտենտանտ Ջալալ Հարությունյանը։

Գործողությունը սկսելուց մի քանի ժամ հետո մի քանի հարյուր մարդկային կորուստներ տալով հայկական կողմը 44 տանկից 42-ը թողել է ռազմի դաշտում և հեռացել։ Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործողությունը առաջարկել է գեներալ, իսկ ինքը պարզապես մոդերացիա է արել և որևէ պատասխանատվություն չի կրում որոշման համար։ Հավանաբական է համարվում, որ այդ գեներալը Սամվել Բաբայանն է[7]։

Հայկական ուժերի հակահարձակման գործողությունների մասին գործողություններից առաջ կամ, ենթադրաբար դրա ընթացքում, ռուսական «РБК» ալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը հայտնել է, որ արցախցի զորահրամանատարները հարավում իրագործել են մի մտահղացում, որի արդյունքում միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Գործողությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բառացիորեն այդ վայրկյաններին ադրբեջանական կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ և, ըստ նրա՝ այդ պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը[8][9]։

Գործողությունների մասին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Aquote1.png Այս օրը հայոց պատմության փառավոր հաղթանակներից մեկի օրն է։ Փառք Հայոց Բանակին[10]։ Aquote2.png


Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողության իրականացման հավանական պատճառներից նշվում է Նիկոլ Փաշինյանի անձնական ամբիցիաները՝ քաղաքական նպատակներով հետ բերել մի բլուր, որն Արցախը կորցրել է Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում[11]։ Այս քննադատությանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը[12]։

Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում ասել է.

Aquote1.png ... Էդ օպերացիան առաջարկի հեղինակը եղել ա գեներալ, այդ առաջարկը ընդունելի ա համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության իրականացումը գնահատել ա գեներալ և որոշումը կայացրել ա գեներալ։ Ընդ որում՝ այնպիսի գեներալ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, այդ քննարկման խոսակցությունների մի հատվածին ես ներկա եմ եղել, ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել՝ դա լավ տարբերակ է, թե՝ վատ։ Ես ասել եմ՝ դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես և ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ դու ի՞նչ կարծիքի ես, ասել ա՝ «լավ միտք ա», որից հետո տվել ա հանձնարարական, հանձնարարականով ասել ա՝ գնահատեմ իրադրությունը, զեկուցեմ, գնացել ա իրադրությունը զեկուցել ա, ասել ա, որ այո, դա պետք ա ու կարելի ա անել։ Aquote2.png


Ըստ ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի՝ ռազմական ոլորտում չկա «մոդերացիա» հասկացությունը։ Կա հրամանատարական կազմ, որն առաջարկություն է անում՝ որոշում ընդունելու համար, իսկ գերագույն գլխավոր հրամանատարը կայացնում է վերջնական որոշումը։

Քրեական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի սեպտեմբերի 2-ին մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին։ Գեներալ-լեյտենանտը մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ։ Երկու մեղադրանքներից առաջինով Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերի 7-ին ղեկավարել է հայկական կողմի ձեռնարկած հակահարվածի գործողությունը, երբ հայկական կողմը 1։5 հարաբերակցությամբ զիջել է հակառակորդին, մինչդեռ նման հարձակողական գործողության համար անհրաժեշտ էր հակառակորդին գերազանցել 1:3 հարաբերակցությամբ։ Հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը։ Ըստ իրավապահների՝ Ջալալ Հարությունյանի գործողությունների հետևանքով հայկական ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։

Ավելի ուշ Հարությունյանը ձևավորել է նոր զրահախումբ և նրանց առջև դրել նույն մարտական խնդիրը, այն դեպքում, որ այս նոր զրախումբը էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները։ Հոկտեմբերի 8-ի այդ մարտական առաջադրանքը ևս ձախողվել է, առաջացնելով ծանր հետևանքներ[13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լելե Թեփեի օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ. Նիկոլ Փաշինյան»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2021-04-16 
  2. «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լելե Թեփեի գործողության ընթացքում 650 զոհ ենք ունեցել, 44 տանկից 42-ը թողել ենք մարտի դաշտում |» (hy-AM)։ 2021-04-01։ Վերցված է 2021-04-16 
  3. Luiza։ «Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե Թեփեի օպերացիան Սամվել Բաբայանն է․ Մեդիապորտ»։ www.yerevantoday.am (hy-am)։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-16-ին։ Վերցված է 2021-04-16 
  4. Technologies Peyotto։ «Լելե-Թեփեի օպերացիա չի եղել․ Սամվել Բաբայան»։ iravaban.net (hy-AM)։ Վերցված է 2021-04-18 
  5. «Ordumuzun ələ keçirdiyi "Lələ təpə" haradadı və strateji əhəmiyyəti nədən ibarətdir?» (ադրբեջաներեն)։ Politika.az։ ապրիլի 2, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-06-ին։ Վերցված է ապրիլի 6, 2016 
  6. «Nagorno-Karabakh Stalemate Flares Into Violence»։ Stratfor։ ապրիլի 3, 2016։ Վերցված է ապրիլի 7, 2016 
  7. Technologies Peyotto։ «Որ գեներալն է Լելե թեփեի գրավումը նախաձեռնել ու ձախողել. ընդդիմադիրները մեղադրում են Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ»։ factor.am (hy-AM)։ Վերցված է 2021-04-16 
  8. «Նիկոլ Փաշինյան. «Այս պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը»»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-11 
  9. «Ջաբրայիլի անկումը. պատերազմի երկրորդ շաբաթը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-09-11 
  10. «Այս օրը հայոց պատմության փառավոր հաղթանակներից մեկի օրն է». Արծրուն Հովհաննիսյան
  11. «Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, Հայաստանի իշխանությունները՝ հունական կղզիներում հողեր. Փաշինյան»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-04-16 
  12. «Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե Թեփեի օպերացիան Սամվել Բաբայանն է. Mediaport»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2021-04-16 
  13. «Մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-09-11 
  14. «Մեղադրանք է ներկայացվել Ջալալ Հարությունյանին. վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2022-09-11