Լեզվական խաղ (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիգ Վիտգենշտայն՝ աջից երկրորդը, 1920 թվականի ամառ

Լեզվական խաղ (գերմ.՝ Sprachspiel) « Փիլիսոփայական ուսումնասիրություններ» աշխատության մեջ Լյուդվիգ Վիտգենշտայնի կողմից զարգացրած փիլիսոփայական հասկացություն, որը վերաբերում է լեզվի կիրառման պարզագույն օրինակներին և այն գործողություններին, որի արդյունքում ձևավորվում է լեզուն։ «Լեզվական խաղ» եզրույթը եկել է փոխարինելու մետալեզու հասկացությանը։ Վիտգենշտայնը պնդել է, որ բառը, նույնիսկ նախադասությունն իմաստ ունի միայն խաղացած լեզվական խաղի «կանոնի» արդյունքում։ Կախված համատեքստից «Ջու՜ր» արտահայտությունը կարող է լինել հրաման, հարցի պատասխան կամ լինել հաղորդակցության այլ ձևի դրսևորում։

Փիլիսոփայական ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փիլիսոփայական ուսումնասիրություններ» (Philosophical Investigations, 1953 թվական) աշխատության մեջ Լյուդվիգ Վիտգենշտայնը հաճախ է անդրադարձել լեզվական խաղերին[1]։ Վիտգենշտայնը մերժել է այն գաղափարը, ըստ որի՝ լեզուն պատկանում է իրականությանը, բայց ինչ-որ կերպ անջատ է նրանից, և պնդել է, որ հասկացությունները՝ կոնցեպտները, իմաստի հստակեցման կարիք չունեն[2]։ Վիտգենշտայնն օգտագործել է «լեզվական խաղ» եզրույթը՝ նկարագրելու համար լեզվի ավելի պարզ ձևեր, քան լեզուն է ինքնին՝ որպես ամբողջություն։ Լեզվի այդ ավելի պարզ ձևերը «բաղկացած են լեզվից և այն գործունեությունից, որի արդյունքում ձևավորվում է լեզուն» և միմյանց հետ կապված են ընտանեկան նմանության (գերմ.՝ (Familienähnlichkeit)) սկզբունքով (Վիտգենշտայնի կողմից զարգացրած փիլիսոփայական հասկացություն, համաձայն որի՝ իրերը, որոնք միավորված են մեկ հիմնական ընդհանուր հատկանիշի նմանությամբ, կարող են իրար հետ կապված լինել մի շարք մասնակի միանման հատկանիշներով, որոնցից ոչ մեկն ընդհանուր չէ այդ բոլոր իրերի համար[3]): «Լեզվական խաղ» եզրույթը նպատակ ունի «ակնհայտ դարձնել այն փաստը, որ լեզվով խոսելը, գործունեության մաս է կամ կենսաձև», և դա է, որ լեզվին իր իմաստն է հաղորդում։

Վիտգենշտայնը զարգացրել է այս քննարկումները՝ հասնելով «լեզվական խաղեր» բանալի հասկացությանը։ Նա ներմուծել է այս եզրույթը՝ օգտագործելով լեզվի կիրառման պարզագույն օրինակներ[4]՝ նկատի ունենալով, որ այն կարելի է օգտագործել լեզվի կիրառման զանազան ձևերի համար[5]։ Լեզվական խաղերի ընկալման կարևոր բաղադրիչն այն է, որ դրանք լեզվի կիրառություններ են, իսկ լեզուն կիրառվում է բազմազան ձևերով։ Օրինակ՝ մի լեզվական խաղում բառը կարող է արտահայտել մի որևէ առարկա, մեկ այլ լեզվական խաղում՝ կիրառվել որպես հարց, հրաման և այլն։ Ամենահայտնի օրինակը «խաղ» բառի իմաստին վերաբերող օրինակն է։ Մենք խոսում ենք խաղերի տարբեր տեսակների մասին, երբ կիրառում ենք սեղանի խաղեր, խաղադրույքային խաղեր, ռազմական խաղեր բառակապակցությունները։ Վիտգենշտայնը բերել է նաև «Ջու՜ր» օրինակը, որը կարող է կիրառվել որպես բացականչություն, հրաման, խնդրանք կամ որպես հարցի պատասխան։ Բառի իմաստը կախված է այն լեզվական խաղից, որում այն կիրառվել է։ Մյուս կարևոր դիտարկումը, որ կատարել է Վիտգենշտայնը, այն է, որ «ջուր» բառը լեզվական խաղում կիրառվելուց զատ ինքնուրույն իմաստ չունի։ Մեկը կարող է կիրառել «Ջու՜ր»-ը՝ մի բաժակ ջուր խնդրելիս, մյուսը կարող է այն օգտագործել, որպեսզի զգուշացնի, որ ջուրը թունավորված է։ Մեկ ուրիշն էլ այն կարող է նույնիսկ օգտագործել որպես գաղտնաբառ գաղտնի խմբի անդամների համար։

Վիտգենշտայնը չի սահմանափակվել լեզվական խաղերի իր կոնցեպցիան կիրառել միայն բառի իմաստների նկատմամբ։ Նա այն կիրառել է նաև նախադասությունների իմաստների նկատմամբ։ Օրինակ՝ «Մովսեսը գոյություն չի ունեցել» նախադասությունը կարող է տարբեր իմաստներ ունենալ։ Վիտգենշտայնը պնդել է, որ նախադասությունն իր ինքնուրույն գործածությամբ ոչինչ չի ասում՝ իմաստ չունի։ Այն իմաստազուրկ է, եթե նշանակալի արժեք չունի որևէ նպատակով կիրառության համար։ Նախադասությունը նշանակություն է ձեռք բերում, երբ մենք այն ֆիքսում ենք որևէ համատեքստում կիրառելիս։ Այսպիսով, մենք կձախողվենք, եթե որևէ բան փորձենք ասել այն դեպքում, երբ դեռ չենք սահմանել մեր ասածի մասնավոր կիրառությունը։ Նախադասությունն իմաստալից է, երբ կիրառվում է ինչ-որ բան հաղորդելու համար։ Օրինակ՝ «Մովսեսը գոյություն չի ունեցել» նախադասությունը կարող է կիրառվել այն դեպքում, երբ մենք ուզում ենք ասել, որ որևէ մարդ կամ պատմական կերպար չի բավարարում Մովսես անունով անձին վերագրվող հատկանիշներին։ Բայց այն կարող է նաև նշանակել օրինակ, որ հրեաների առաջնորդի անունը Մովսես չէր։ Կամ կարող է նշանակել, որ չեն կարող լինել այնպիսի մարդիկ, որոնք կկարողանային անել այն, ինչ Աստվածաշնչում վերագրվում է Մովսեսին և այլն։ Այսպիսով, նախադասության իմաստը կախված է այն համատեքստից, որտեղ այն կիրառվում է։

«Լեզվական խաղ» եզրույթը կիրառվում է նշանակելու համար

  • մեր առօրյա լեզվից ավելի պարզ լեզվի կիրառման օրինակներ
  • լեզվի պարզագույն կիրառումներ, որոնցով երեխաներին լեզու են սովորոցնում լեզվի ուսուցման սկզբնական շրջանում
  • այլ լեզվական խաղերի հետ կապեր ունեցող, մեր լեզվին հատուկ դրսևորումներ՝ իրենց հատուկ քերականությամբ
  • բոլոր բնական լեզուները, որոնք կազմում են լեզվական խաղերի ընտանիքը։

Այս հասկացությունները միմյանցից տարանջատված չեն խիստ սահմաններով, այլ զուգակցված են, ինչպես ենթադրվում է ընտանեկան նմանության գաղափարով։ Այս կոնցեպտը հիմնված է հետևյալ անալոգիայի՝ համանմանության վրա։ Լեզվական կանոնները նման են խաղի կանոններին։ Այսպիսով, լեզվում ինչ-որ բան ասելը նման է խաղում որևէ շարժում կատարելուն։ Խաղի և լեզվի համանմանությունը ցույց է տալիս, որ բառերն իմաստներ են ձեռք բերում մարդու կյանքի բազմազան ու բազմաձև գործունեության մեջ՝ իրենց կիրառության դեպքերից կախված (այս կոնցեպտը բնավ չի ենթադրում, որ լեզուն անկարևոր մի բան է կամ պարզապես լեզուն խաղ է)։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվական խաղի դասական օրինակը այսպես կոչված «շինարարի՝ կառուցողի լեզուն» է, որը ներմուծվել է Վիտգենշտայնի «Փիլիսոփայական ուսումնասիրություններ» աշխատության §2-ում։

Լեզուն ծառայում է որպես հաղորդակցման միջոց A շինարարի և նրա B օգնականի միջև։ A շինարարը կառուցում է՝ օգտագործելով շինանյութեր՝ քարեր, սյուներ, սալիկներ, հեծաններ։ B օգնականը պետք է փոխանցի այն շինարարական նյութերն այն ժամանակ, երբ A շինարարը դրանց կարիքն ունենա։ Այդ նպատակն իրականացնելու համար նրանք կիրառում են լեզու, որը բաղկացած է «քար», «սյուն», «սալիկ», «հեծան» բառերից։ A շինարարն արտասանում է այդ բառերը, B օգնականը բերում է շինանյութերը, որոնց անունները նա սովորել է այդպիսի հաղորդակցության ընթացքում։ Պատկերացրեք, որ սա ավարտուն պարզագույն լեզու է[6]։

Այնուհետև հաղորդակցության մեջ ավելանում են «այս», «այստեղ» բառերը (այն իմաստային կիրառությամբ, որ նրանք ունեն բնական լեզվում) և օրինակ "a, b, c, d"՝ որպես թվականներ։ Այսպիսի կիրառության դեպք է, օրինակ՝ A շինարարն ասում է «d-սալիկ-այստեղ»՝ ցույց տալով այն տեղը, որտեղ դրանք պետք է դրվեն, իսկ B օգնականը, հաշվելով "a, b, c, d", դնում է չորս սալիկ շինարարի մատնանշած տեղում։ Հաղորդակցման այս ձևը՝ շինարարի այս լեզուն, մի գործունեություն է, որի ընթացքում ձևավորվում է այն, ինչ մենք անվանում ենք լեզու՝ պարզապես իր պարզագույն կիրառությամբ։ Այս լեզվական խաղը նման է լեզվի այն պարզ ձևերին, որոնք սովորեցվում են երեխաներին, և ըստ Վիտգենշտայնի՝ մենք այն ընկալում ենք որպես շինարարների համար «ավարտուն պարզագույն լեզու»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Biletzki, Anat (2009) [2002]։ «Ludwig Wittgenstein»։ Stanford Encyclopedia of Philosophy։ Վերցված է April 4, 2012 
  2. Jago 2007, p. 55
  3. Wittgenstein Ludwig (1972)։ Philosophical Investigations։ Blackwell Publishing։ ISBN 0-631-23127-7 
  4. Տե՛ս §7.
  5. §23
  6. Michael Foord։ «Wittgenstein Philosophical Investigations - Aphorisms 1-10»։ Voidspace.org.uk։ Վերցված է 2013-12-12 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jago, Mark (2007)։ Wittgenstein։ Humanities-Ebooks 
  • Wittgenstein, Ludwig (1953)։ Philosophical Investigations։ Blackwell 
  • Wittgenstein, Ludwig (1942)։ Blue and Brown Books։ Harper Perennial 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցանության համար[խմբագրել | խմբագրել կոդը]