Լեզվաբանական տիպաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լեզվաբանական տիպաբանություն, լեզվաբանության բաժին, որն ուսումնասիրում է աշխարհի լեզուները՝ նրանց կառուցվածքների ընդհանրությունների և առանձնահատկությունների բացահայտման հայեցակետից։ Ավանդական տիպաբանությունը բնութագրվում է իբրև ձևաբանական–դասակարգողական։ Այն հենվում է լեզուների միաչափ կառույցների վրա (գերազանցապես՝ բառի) և, ըստ էության, բնութագրում է ոչ թե լեզուն ամբողջությամբ, այլ լեզվի միայն առանձին կառույցները։ Ձևաբանական տիպաբանությունը առանձնացնում է սահմանափակ թվով լեզվատիպեր։ Այսպես, առաջին անգամ Ֆրիդրիխ Շլեգելը տարբերել է երկու տիպ՝

  • թեքական
  • ոչ թեքական։

Թեքական լեզուները համարելով «օրգանական» և կատարյալ լեզուներ՝ նա դրանք հակադրել է «անօրգանականներին»՝ իբրև անկատար լեզուների։

Ավգուստ Շլեգելը լեզուների դասակարգումը ներկայացրել է երեք տիպով՝

  • անձև (կամ անջատական)
  • մասնիկավոր
  • թեքական։

Ըստ շարահյուսական առանձնահատկությունների նա տարբերակել է երկու տիպ՝ վերլուծական և հա մադրական։ Հետագայում Վ․ Հումբոլդտը դասակարգման այդ սխեմայում ավելացրել է բազմահամադրական տիպը։ Լեզուների թվի ավելացմանը զուգընթաց, հետազոտողները (Հ․ Շտայնթալ, Ֆ․ Միստելի և այլք) ստիպված ավելացրել են նաև ձևաբանական տիպերի թիվը։ Լեզուների հասկացութային դասակարգումը (է․ Սեպիր) հիմնված է ձևույթների արտահայտած իմաստների վրա։ Ըստ այդ դասակարգման առանձնացվում են երկու (մաքուր ռելացիոն և խառը ռելացիոն) լեզվատիպեր՝ իրենց ենթատիպերով։ Արդի տիպաբանություն հենվում է կառուցվածքային լեզվաբանության սկզբունքների (լեզվի և խոսքի, արտահայտության և բովանդակության պլանների տարբերակման և այլնի) վրա։ Տիպաբանական հետազոտությունների ելակետը լեզվի կառուցվածքն է, ընդ որում զուգադրվում են ոչ թե առանձին, միմյանցից անջատ տարրեր, այլ ներհամակարգային որոշակի փոխհարա բերություններով բնութագրվող լեզվական բաղադրիչներ։ Արդի տիպաբանության հիմնական խնդիրը լեզվի համընդհանուր տեսության ստեղծումն է, լեզվական առանձնահատկությունների բացահայտումը։ Բացի բոլոր լեզուներին հատուկ ընդհանրությունների բացահայտումից, տիպպաբանության հաստատում է նաև լեզուների մի մասին կամ առանձին խմբերին հատուկ ընդհանրությունները։

Գոյություն ունեն մի շարք տիպաբանական մեթոդներ՝ ըստ կոնկրետ հարցադրման՝

  • տարբեր լեզուների տեքստեր են համեմատվում, թե համակարգեր (տեքստի տիպաբանություն և համակարգի տիպաբանություն)
  • ցեղակից լեզուներ են զուգադրվում, թե ոչ ցեղակից (միկրոտիպաբանություն և մակրոտիպաբանություն)
  • հաշվի են առնվում լեզուներն ամբողջությամբ, թե միայն առանձին մակարդակները (մակարդակային տիպաբանություն՝ հնչույթային, ձևաբանական)
  • լեզվի մասին իրազեկությունն ինչպես է ներկայացվում՝ հաստատման–ժխտման ձևով, թե թվային որոշակի արժեքներով (որակական տիպաբանություն և քանակական տիպաբանություն) և այլն։

Տիպաբանության մեթոդների զարգացումը հանգեցրել է մի շարք Տիպաբանությունների ձևավորման՝ բնութագրաբանական, որն ուսումնասիրում է լեզվական երևույթների փոխպայմանավորվածությունը (Վ․ Սկալիչկա), կառուցվածքային՝ քննում է լեզվի համակարգի տարրերի միջև եղած որոշակի հարաբերությունները, ընդգծում է էտալոն լեզվի և մետալեզվի նշանակությունը (Ֆ․ դը Սոսյուր և այլք), քանակական (Զ․ Գրինբերգ), սերող (Բ․ Ուսպենսկի), հարաբերակցային, որը, հստակորեն առանձնացնելով արտահայտության և բովանդակության պլանները, նրանց փոխկապակցված քննությամբ բացահայտում է լեզվի կառուցվածքային ամբողջական պատկերը (Գ․ Ջահուկյան), եթե հաշվի առնենք, որ արդի տիպաբանությունը ձգտում է հնարավորին չափ միանշանակ և խնայողական կերպով ներկայացնել լեզվակաուցվածքները։ Այս առումով լավագույն մեթոդներից է հարաբերակցայինը, որի կիրառումով ներկայացվում է ամբողջական լեզվի կառուցվածքը։ Արդի տիպաբանությունը հիմնվում է գերազանցապես բազմահատկանիշ դասակարգումների վրա և զերծ է ձևաբանական տիպաբանության «գնահատողական» արատավոր գծից։ Տիպաբանության տվյալները մեծապես կարող են օգնել մեքենական թարգմանության, լեզուների ուսուցման, բառարանագրության, նորահայտ լեզուների վերծանության, ոճերի քննության և մի շարք այլ ասպարեզներում։ Տիպաբանության տվյալները կարող են օգտագործվել նաև պատմահամեմատական լեզվաբանության մեշ, վերականգնված լեզվական ձևերի կառուցատիպերը ճշտելու ՛առումով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանության պատմություն, հ․ 1–2, Ե․, 1960–62։
  • Սարգսյան Ա․ Ե․, Դասական գրաբարի տիպաբանական բնութագիրը, տես հայոց լեզվի կառուցվածքը, [ժող․], Ե․, 1975։
  • Успенский Б․ А․, Принципы структурной типологии, М․, 1962; Цовое в лингвистике, в․ 3, 5, М․, 1963, 1970;
  • Виноградов В- А․, Методы типологии, в кн․։ Общее языкознание․ Методы лингвистических исследований, М․, 1973;
  • Джаукян Г․ Б․, Общее и армянское языкознание, Е․, 1978․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png