Լեդի Սյուզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեդի Սյուզան
անգլ.՝ Lady Susan
Jane Austen, from A Memoir of Jane Austen (1870).jpg
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրնամակավեպ
ՀեղինակՋեյն Օսթին
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուբրիտանական անգլերեն
Գրվել է1794
Հրատարակություն1871
Lady Susan by Jane Austen

Լեդի Սյուզան (անգլ.՝ Lady Susan), անգլիացի գրող Ջեյն Օսթինի վաղ շրջանի նամակագրական վեպ։ Հեղինակի կենդանության օրոք չի հրատարակվել։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծագործական ուղու ամենասկզբում ստեղծելով «Լեդի Սյուզան» վեպը՝ Ջեյն Օսթինը հրատարակիչներին երբեք չի առաջարկել այն հրատարակելու։ Վեպի պահպանված 1805 թվականի կրկնօրինակը Օսթինի ստեղծագործության ուսումնասիրողների համար հիմք է հանդիսացել ենթադրելու, որ հեղինակը ցանկացել է հրատարակել մոտավորապես այն տեսքով, ինչպիսին այն ընթերցողներին հասանելի է այժմ։ Վեպը քառասունմեկ նամակների ամբողջություն է։ Այն երեսունհինգամյա այրի կնոջ հետաքրքրաշարժ պատմություն է, ով, մանիպուլյացիայի ենթարկելով մարդկանց, անսահման կեղծավորությամբ և բանսարկությամբ ձգտում է բարեհաջող ամուսնացնել իր դստերը և ինքը ևս ամուսնանալ։ Նա իր ծրագրերը չի թաքցնում մտերիմ ընկերուհուց, բայց խորամանկում և հիանալի խաղում է ուրիշների ներկայությամբ։ Օսթինի վաղ շրջանի մյուս ստեղծագործություններից «Լեդի Սյուզան» վեպը առանձնանում է իր լրջությամբ, բարոյախոսությամբ և մոր՝ դստեր նկատմամբ անսովոր դաժան վերաբերմունքով[1]։

Համառոտ նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջերս այրիացած լեդի Սյուզան Վերնոնը փոձում է կայանալ այս կյանքում։ Ամուսնու տոհմական կալվածքը վաճառվել է պարտքերի դիմաց, և պատշաճ տներում նրան գործնականորեն չեն ընդունում։ Հրավեր ստանալով հանգուցյալ ամուսնու եղբորից՝ նա կառչում է այդ հնարավորությունից։ Երիտասարդ լորդին հավանելով դստեր համար՝ նա մեկնում է գավառ։ Վերնոնների ընտանիքը ամենևին գրկաբաց չի սպասում լեդի Սյուզանին, բայց ընդունում է նրան։ Շուտով նրան է միանում դուստր Ֆեդերիկան։ Նա սարսափի մեջ է անխելք երկրպագուի հետ մոտալուտ ամուսնության պատճառով, ով, բացի դրանից, ավելի հետաքրքրված է իր մորով։ Տիկին Վերնոնին հյուրընկալվում է նրա եղբայրը՝ Ռեջինալդ դե Կուրսին։ Տեղեկանալով նրա հարստության մասին՝ լեդի Սյուզանը որոշում է, որ նա կարող է արժանի երկրորդ ամուսին լինել։ Նա սկսում է ինտրիգի ցանց հյուսել։ Որոշ ժամանակ դա նրան հաջողվում է, բայց չարը հավերժ չի կարող հաղթանակ տոնել ընդդեմ բարու և անմեղության։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեդի Սյուզան Վերնոն՝ այրի, երեսունհինգ տարեկան։ Անամոթ և կեղծավոր կին, ով ամեն ինչի հասնում է շողոքորթության և տղամարդկանց հետ սիրախաղի շնորհիվ։ Ցանկանում է ամուսնանալ Ռեջինալդ դե Կուրսիի հետ, որպեսզի բարելավի իր ֆինանսական և սոցիալական վիճակը։
  • Ֆրեդերիկա Սյուզաննա Վերնոն՝ լեդի Սյուզանի դուստրը, տասնվեց տարեկան։ Մայրը համարում է, որ նա բութ և դանդաղաշարժ է, բայց իրականում ամոթխած ու ահաբեկված է։ Գաղտնի սիրահարված է Ռեջինալդ դե Կուրսիին։
  • Չարլզ Վերնոն՝ լեդի Սյուզանի տեգրը։
  • Տիկին Քեթրին Վերնոն՝ Չարլզ Վերնոնի կինը։ Նա ատում է լեդի Սյուզանին հենց այն օրից, երբ վերջինս փորձել է խանգարել նրա և Չարլզի ամուսնությանը։
  • Ռեջինալդ դե Կուրսի՝ տիկին Վերնոնի եղբայրը։ Սկզբնական շրջանում տարված էր լեդի Սյուզանով։ Վերջում նրա համար բացահայտվում է լեդի Սյուզանի իրական բնույթը։
  • Լեդի դե Կուրսի՝ տիկին Վերնոնի և Ռեջինալդ դե Կուրսիի մայրը։ Վախենում է, որ լեդի Սյուզանին կհաջողվի իրագործել իր որդուն գայթակղելու նենգ ծրագիրը[2]։
  • Ալիսիա Ջոնսոն՝ լեդի Սյուզանի մտերիմ ընկերուհին։ Վերջինիս ամուսինն արգելում է նրանց շփվել միմյանց հետ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին վեպի մոտիվներով նկարահանվել է «Սեր և ընկերություն» պատմական կատակերգությունը (անվանումը վերցված է Օսթինի մեկ այլ վեպից, որը նույնպես նամակագրական կառուցվածք ունի)։ Գլխավոր հերոսուհու դերը խաղացել է բրիտանացի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Afterword by Kathryn White. Jane Austen. Sandinton, Lady Susan, The History of England, &c. Collector's Library. C. 500
  2. Austen Jane (2006)։ Jane Austen: Complete and Unabridged։ New York: Barnes and Noble Publishing Inc.։ ISBN 9780760774014.