Լեդի Գագայի մսային զգեստ
![]() | |
տարի | 2010 |
---|---|
դիզայներ | Ֆրենկ Ֆերնանդես |
նյութ | միս |
ցուցադրություն | Ռոքնռոլի փառքի սրահ |
2010 թվականին կայացած MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի հագած հում տավարի մսից պատրաստված հռչակավոր զգեստ, որին ԶԼՄ-ները տվել են «մսային զգեստ» անվանումը[1][2][3]։ Զգեստի ձևավորման հեղինակը Ֆրենկ Ֆերնանդեսն է[4], իսկ ոճավորողը՝ Նիկոլա Ֆորմիչետին[5]։ Հագուստը քննադատությունների է ենթարկվել կենդանիների իրավունքների պաշտպանության խմբերի կողմից, իսկ Թայմ ամսագիրն անվանել է այն որպես 2010 թվականի նորաձևության լավագույն հայտարարություն։
Լրատվամիջոցները վիճարկել են մսային հագուստի մտահղացման յուրօրինակությունը՝ համեմատելով զգեստը նմանատիպ նկարների հետ, որոնք մինչ այդ արդեն գոյություն են ունեցել ժամանակակից արվեստում և մասսայական մշակույթում։ Իր նախորդ զգեստների նման, այս մեկը նույնպես արխիվացվել է, բայց ցուցադրվել է 2011 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում, քանի որ կոլեկցիոներները պահպանել են այն ապխտած տեսքով։ Մրցանակաբաշխության արարողությունից հետո՝ Գագան բացատրել է, որ զգեստը հայտարարություն է այն մասին, որ պետք է պայքարել այն ամենի համար՝ ինչին հավատում ես և ընդգծել է իր զզվանքը ամերիկացի ռազմական գործիչների «Մի՛ հարցրու, մի՛ խոսիր» քաղաքականության վերաբերյալ։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Գագան եղել է ամենաշատ անվանակարգերում առաջադրված մասնակիցը՝ ռեկորդային 13 մրցանակով, ներառյալ երկու տարվա տեսահոլովակերը (դրանով դարձել է առաջին կին արտիստը, որը հասել է այդպիսի հաջողության)[6]։ Նա եկել է Ալեքսանդր Մակքուինի կողմից ստեղծված զգեստով, հետո հագել է Ջորջիո Արմանի, իսկ ամենավերջում հագել է երրորդ և վերջին զգեստը՝ հում մսից պատրաստված զգեստ, գլխարկ, կոշիկներ և պայուսակ։ Գագան կրել է մսային հագուստ՝ «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում «Bad Romance» հաղթած երգի համար մրցանակ ստանալու համար։ Երբ նա ստացել է մրցանակը վարող Շերից, նա կատակել է ասելով՝ «Ես երբեք չէի մտածի, որ կխնդրեմ Շերին բռնել իմ մսային պայուսակը»[7]։ Գագան շարունակել է կրել զգեստը լրատվամիջոցների լուսանկարահանումներից և Էլեն Դեջեներեսին հարցազրույց տալուց հետո[2]։ Գագան բացատրել է իր զգեստի իմաստը Դեջեներեսին, ասելով՝ «Եթե մենք չպաշտպանենք, այն ինչին հավատում ենք և չպայքարենք մեր իրավունքների համար, բավականին շուտով, մենք այնքան իրավունքներ կունենանք, ինչքան մեր սեփական ոսկորների վրա միսը»[8]։ «Հիմա ես սիրում եմ Լեդի Գագային, բայց որպես կենդանիների նկատմամբ բռնություն չհանդուրժող մարդ, իմ համար շատ ծանր էր նստել նրա կողքին, երբ նա այդպիսի զգեստով էր», գրել է Դեջեներեսը, որը բուսակեր է, ավելի ուշ ավելացնելով՝ «Բայց դա ինձ ստիպեց մտածել, թե ինչումն է կայանում նրա հագուստի և կաշվից պատրաստված հագուստի մեջ տարբերությունը»[8]։
Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդեսը դիմել է դիզայներ և ոճաբան Ֆորմիչետիին՝ զգեստը կարելու համար, ընդ որում՝ այն մոդելավորվել է մեկ շաբաթվա ընթացքում[2], իսկ Ֆորմիչետին ոճավորել է տեսքը[9]։ Զգեստը ասիմետրիկ է և ունի գլխանոց[10]։ Ֆերնանդեսը հատուկ է զգեստի վրա արել կտրվածքներ, որպեսզի հագուստը նրա վրա ձիգ մնա[2]։ Որպես նյութ ընտրվել է մսագործից գնված մսի սթեյք, որից միս է գնում Ֆերնանդեսի ամբողջ ընտանիքը[3]։ Զգեստը պահանջում էր, որ Գագան հագնվի կուլիսների հետևում։
Ֆերնանդեսը ասել է զգեստի ձևավորման մասին՝ «Ես գիտեի, որ այդ զգեստը կլինի այն զարմանալի իրերից մեկը, որը Գագան կրում էր այդ երեկոյի ընթացքում։ Ես գիտեի, որ այդ զգեստը կարող է լինել այն, ինչ նա արել էր այդ երեկոյի ընթացքում։ Նա շատ լավ է պատրաստված և իրականում ունի այնպիսի տեսք, ինչպին տեսախցիկում է։ Մենք հնարավորություն չունեինք անգամ չափերը փորձելու համար։ Նա հագնում է դա միայն VMAs-ի համար։ Միայն այն ժամանակ, երբ ես տեսա այն մոնիտորի վրա, ես հասկացա, որ այն մեծ կլինի»[3]։
Ֆերնանդեսը՝ հաղորդելով Գագայի կարծիքը հարցազրույցում ասել է, որ Գագան ինքն է ասել, որ զգեստից լավ հոտ է գալիս, իսկ զգեստից մսի հոտ էր գալիս[2]։ Դիզայները պատմել է այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենար զգեստի հետ պարգևատրումից հետո։ «Զգեստը կտեղադրվի արխիվում՝ իր բոլոր հանդերձանքների հետ միասին։ Դա երկար չի տևի, ահա թե ինչում է կայանում ամբողջ հմայքը։ Ես սիրում եմ այն միտքը, որ այն փոխվում է և վերածվում է ինչ-որ այլ բանի»[2]։ Ավելի ուշ նա բացատրել է, որ զգեստը կպահպանվի ապխտած մսի տեսքով՝ նախքան սառեցնելը[11]։
Ռոքնռոլի փառքի սրահը 6000 դոլար է վճարել տաքսիդերմիստ Սերջիո Վիջիլատոյին՝ զգեստը պահպանելու համար։ Այն սառեցվել է երկու հեռուստատեսային ելույթներից հետո, թեև Վիջիլատոն հայտնաբերել է զգեստի տարրալուծման նշաններ, որոնք տեղի են ունեցել մինչև այն սառեցնելը և նշել, որ դրանից հոտ է գալիս, երբ այն սառեցվել է։ Հագուստը մշակվել է քլորի կրաքարի և բակտերիաների սպանելու ախտահանիչով և վերականգնվել է մուգ կարմիր գույնով ներկված, երբ այն նույն տեսքը ստացավ, ինչպիսին եղել է երգչուհու առաջին ելույթի ժամանակ։ Սակայն կոնսերվացումից հետո մնացել են տավարի մսի մի քանի կտորներ, որոնք չեն մտել վերամշակված զգեստի մեջ[12]։
Գագան զգեստը կրել է՝ կատարելով «Americano» և «Poker Face» երգերը[13]։
Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում նա մսից պատրաստված բիկինի էր կրում Վոգ պարբերականի ճապոնական հրատարակության շապիկին[14]։ Ի սկզբանե Գագան կրում էր այն 2010 թվականի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ՝ իր «Տարվա տեսահոլովակ» անվակարգում մրցանակ ստանալու համար[9]։ Թեև դա եղել է երեկոյան ընթացքում Գագայի կոստյումի արդեն երրորդ փոփոխումը, Մսային զգեստն անմիջապես անվանվել է երեկոյի «ամենազավեշտալի նորձևության ակնթարթը»[9]։ Ֆերնանդեսն այդ զգեստն անվանում է իր կարիերայի վերելքն՝ ասելով․ «Ես զգում եմ, որ հիմա ձայն ունեմ որպես նկարիչ և դիզայներ»[15]։ Ավելի վաղ նա արդեն Գագայի համար տարբեր իրեր էր ստեղծել, այդ թվում՝ «Bad Romance» երգի երաժշտական տեսահոլովակի զգեստ[16]։ Նա նաև ստեղծել է գլխարկը, որը Գագան կրում էր 2011-ի փետրվարին տեղի ունեցած «Գրեմմի» 53-րդ մրցանակաբաշխության ժամանակ[15]։

Այս զգեստը ցուցադրվել է Ռոքնռոլի փառքի սրահում և թանգարանում 2011-ին «Կանայք, ովքեր ռոք են նվագում․ Տեսլական, կիրք, ուժ» (անգլ.՝ Women Who Rock: Vision, Passion, Power) խորագրով ցուցահանդեսի շրջանակներում[17]։
MyCelebrityFashion.co.uk կայքի հարցումն անվանել է Գագայի զգեստը սա 2010 թվականի ամենաճանաչված զգեստ, որը շրջանցել է Քեյթ Միդլթոնի նշանադրության զգեստը[18]։ Ամփոփելով 2010 թվականի արդյունքները մի շարք ցուցակների միջոցով՝ Թայմը մսային զգեստն անվանել է 2010 թվականի գլխավոր նորաձևության հայտարարությունը[19][20]։
«Տարօրինակ Էլ» Յանկովիչը ստեղծել է Գագայի «Born This Way» երգի պարոդիան, որի անվանումն էր «Perform This Way», որտեղ նա ներառել է տողեր մսային զգեստի մասին (I strap prime rib to my feet / Cover myself with raw meat / I'll bet you've never seen a skirt steak worn this way)[21]։ Երգի տեսահոլովակում պարող է ներառվել, ով մսային զգեստ էր կրում[22]։
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունից հետո ԶԼՄ-ները փորձել են վերլուծել այս զգեստի նշանակությունը BBC News-ի առաջարկների միջոցով, սկսած հականորաձևությունից, մինչև ֆեմինիզմ, ծերացում և քայքայում, ինչպես նաև հասարակության վերաբերմունք մսի նկատմամբ։ Շեֆ խոհարար Ֆերգյուս Հենդերսոնը բացատրել է մսի նկատմամբ նման վերաբերմունքը, որպես «Մարդիկ հաճախ չեն ցանկանում, որ միսը նման լինի մսի։ Նրանք ցանկանում են, որ այն նրբորեն փաթաթված լինի սուպերմարկետների պլաստիկի մեջ»[23]։ Մարդիկ կենդանիների հետ բարոյական վերաբերմունքի համար (անգլ.՝ People for the Ethical Treatment of Animals; PETA) կազմակերպությունը քննադատել է զգեստը[24], հայտարարելով, որ «մեռած կովերի կտրվածքներից պատրաստված զգեստը հագնելը բավականին վիրավորական մեկնաբանություններ է առաջացնում, բայց ինչ-որ մեկը պետք է ասի նրա ականջին, որ շատ մարդիկ ավելի հիասթափված են սպանդանոցից, քան տպավորված»[25][26]։ Բուսակերների հասարակությունը նույնպես քննադատել է այդ զգեստը[27][28]՝ հանդես գալով հայտարարությամբ, որում ասվում է. «Որքան էլ այն գեղեցիկ ներկայացվի, տանջված կենդանու մարմինը տանջված կենդանու մարմին է մնում։ Շատ կենդանիներ մահանում են սննդի համար, և նրանք չպետք է սպանվեն նաև այսպիսի հնարքների համար»[29]։
Զգեստի շուրջ մեկ այլ վիճելի հարց է առաջացել՝ ինքնատիպության վերաբերյալ։ Բրուքս Բարնսը Նյու Յորք Թայմսից գրել է, որ այս զգեստը «վերցվել է» Ինկարնացիայից (անգլ.՝ Incarnation)՝ նկարիչ Մարկ Ռայդենի նկարից, որը պատկերում է սպիտակ մազերով աղջկան՝ մսային զգեստով[30][31]։ MTV-ից Շարոն Քլոթը նաև նշել է Գագայի զգեստի և Ռայդենի նկարի միջև նմանությունը[31]։ Ռայդենը, ինչպես հաղորդվում է, հիասթափված էր, որ Գագան չի ընդունել, որ ոգեշնչվել է իր աշխատանքից[30]։ Գեղարվեստական և նորաձև մամուլի որոշ ներկայացուցիչներ նշում էին այս զգեստի նմանությունը «Vanitas․ Ալբինո անորեքտիկ մսային զգեստ»-ին՝ կանադացի քանդակագործ Յանա Ստերբակի կողմից 1987 թվականին պատրաստված մսային զգեստին, որը ցուցադրվել է Կանադայի ազգային պատկերասրահում 1991 թվականին[32][33][34]։ Քարեն Ռոզենբերգը Նյու Յորք Թայմսից համեմատել է զգեստը Ֆրենսիս Բեկոնի՝ 1952 թվականի լուսանկարների շարքի հետ, որոնց վրա թոռին ամրացված տավարի կողերեն էին պատկերված[35]։ Իսկ The Daily Telegraph-ը համեմատել է զգեստը The Beatles-ի 1966 թվականի «Yesterday and Today» ալբոմի բնօրինակ շապիկի հետ, և նշել է նմանությունը The Undertones խմբի՝ 1984 թվականի «All Wrapped Up» ալբոմի շապիկի հետ, որը ցուցադրում էր մի կին մոդելի, որը հագել է մսի կտորներից (հիմնականում բեկոնից) պատրաստված զգեստ և ձեռնոցներ և երշիկից պատրաստված վզնոց[29][36]։ Ճարտարապետներ Դիլեր Սքոֆիդիոն + Ռենֆրոն նույնպես մսային զգեստի դիզայն են պատրաստել 2006 թվականին[37]։ Մսից պատրաստած և նմանատիպ դիզայնով հագուստի ավելի վաղ օրինակը կրում էին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Սլեյդի արվեստի դպրոցի ասպիրանտուրայի ցուցահանդեսի ժամանակ՝ 1979 թվականի հուլիսին, երբ փերֆորմանս արտիստ Ռոբերթ Քոնոլին հագել է սալյամիից պատրաստված կոստյում[38]։
Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ այս զգեստը կարող է մեկնաբանվել որպես հակավեգանություն[39]։ Բուսակեր երգիչ Մորիսին հայտարարել է, որ իր կարծիքով այս զգեստը համարվում է ընդունելի, եթե այն հասարակական կամ քաղաքական հայտարարություն է, այլ ոչ թե պարզապես «խենթ գաղափար»[40], նշելով, որ նկարիչ Լինդեր Ստերլինգը նախկինում՝ 1982 թվականին, մսային զգեստ էր հագնում՝ բողոքելու այն բանի դեմ, ինչը նա համարում էր կանանց ընկալումը տղամարդկանց կողմից[40]։ Էլեն Դեջեներեսը Գագային բանջարեղենից բիկինի է նվիրել, երբ երգչուհին մասնակցել է նրա թոք շոուին, և Լեդի Գագան օգտագործել է այս հարթակը զգեստի շուրջ վեճերին պատասխանելու համար, ասելով, որ «․․․այն բազմաթիվ մեկնաբանություններ ունի։ Եթե մենք չպաշտպանենք, այն ինչին հավատում ենք և չպայքարենք մեր իրավունքների համար, բավականին շուտով, մենք այնքան իրավունքներ կունենանք, ինչքան մեր սեփական ոսկորների վրա միսը։ Իսկ ես մսի կտոր չեմ»[25]։ Հետագայում նա պարզաբանել է, որ նաև օգտագործել է այդ զգեստը, որպեսզի ընդգծի ամերիկացի զինվորականների՝ «մի հարցրու, մի ասա» քաղաքականության հանդեպ իր զզվանքը[41]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Мясное платье» Леди Гаги вызвало сенсацию в мире моды»։ news.mail.ru։ 2010-09-15։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին։ Վերցված է 2012-06-25
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Vena Jocelyn (September 16, 2010)։ «Lady Gaga Meat Dress Designer Tells How To Re-Create His VMA Look»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից July 7, 2014-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ 3,0 3,1 3,2 Padilla Max (September 24, 2010)։ «Lady Gaga Meat Dress Designer's Lips Are Zipped About Animal Rights»։ The Huffington Post։ Արխիվացված է օրիգինալից September 9, 2011-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ Розетка Штеккерман (2011-03-01)։ «Мясное платье Lady GaGa»։ bestdress.com.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-14-ին։ Վերցված է 2012-06-25
- ↑ «Lady Gaga надела платье из сырого мяса на церемонию MTV VMA 2010»։ ladygagasuper.ru։ 2010-09-16։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2012-06-25
- ↑ Vena Jocelyn (August 3, 2010)։ «Lady Gaga, Eminem Top VMA Nominations»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից May 5, 2014-ին։ Վերցված է May 20, 2013
- ↑ Ganz Caryn (September 12, 2010)։ «Meet the Mystery Meat Dress: Lady Gaga Explains Rare VMAs Outfit»։ Yahoo! Music։ Արխիվացված է օրիգինալից December 25, 2011-ին։ Վերցված է May 20, 2013
- ↑ 8,0 8,1 «So about Lady Gaga's meat dress...»։ CNN.com Blogs։ September 14, 2010։ Արխիվացված է օրիգինալից November 2, 2014-ին։ Վերցված է May 20, 2013
- ↑ 9,0 9,1 9,2 Clott Sharon (September 13, 2010)։ «Was Lady Gaga's VMA Meat Dress Real?»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից April 27, 2016-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ Topping Alexandra (September 13, 2010)։ «Lady Gaga's meat dress angers animal rights groups»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից September 16, 2013-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ Gornstein Leslie (September 22, 2010)։ «Did anyone ever eat Lady Gaga's meat dress?»։ E!։ Արխիվացված է օրիգինալից March 25, 2012-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ Pool Bob (July 22, 2011)։ «Taxidermist preserves Lady Gaga's meat dress for posterity»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից July 26, 2011-ին։ Վերցված է July 31, 2011
- ↑ Dumaual Miguel (May 23, 2012)։ «Review: Lady Gaga's 'Born This Way Ball'»։ ABS-CBN։ Արխիվացված է օրիգինալից August 27, 2016-ին։ Վերցված է June 9, 2012
- ↑ Cristina Everett (7 September 2010)։ «In the flesh: Lady Gaga dons raw meat on cover of Vogue Hommes Japan»։ New York Daily News
- ↑ 15,0 15,1 Vazquez Anna (March 9, 2010)։ «Lady Gaga Meat Dress Designer Franc Fernandez Q&A»։ Stylelist։ AOL։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2011-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ Franc Fernandez
- ↑ Mapes Jill (May 13, 2011)։ «Women Who Rock' Exhibit Opens, Features Lady Gaga's Meat Dress»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից March 11, 2013-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ Lee Ann (December 16, 2010)։ «Lady Gaga's meat dress 'most iconic' of 2010»։ Metro։ London։ Արխիվացված է օրիգինալից October 4, 2013-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ «The Top 10 Everything of 2010»։ Time։ Արխիվացված է օրիգինալից August 20, 2016-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ «Lady Gaga's meat dress 'No. 1' fashion statement of 2010»։ The Independent։ London։ December 17, 2010։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2010-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ Светлана Юрова (2012-05-18)։ «Леди Гага снова носит мясо»։ novostioede.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2012-06-25
- ↑ «Weird Al Yankovic lampoons Lady Gaga in 'Perform This Way'»։ CBS News։ June 21, 2011։ Արխիվացված է օրիգինալից June 23, 2011-ին։ Վերցված է June 21, 2011
- ↑ Winterman Denise, Kelly Jon (September 14, 2010)։ «Five interpretations of Lady Gaga's meat dress»։ BBC News (BBC)։ Արխիվացված է օրիգինալից September 15, 2010-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ «Вегетерианцы разозлились на Леди Гагу из-за костюма из сырого мяса»։ heygaga.ru։ 2010-09-14։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-10-ին։ Վերցված է 2012-06-25
- ↑ 25,0 25,1 Roberts Laura (September 14, 2010)։ «Lady Gaga's meat dress divides opinion»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից September 14, 2010-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ Newkirk Ingrid E. (September 13, 2010)։ «Lady Gaga's Meat Dress»։ PETA։ Արխիվացված է օրիգինալից July 24, 2016-ին։ Վերցված է September 13, 2010
- ↑ Анастасия Фёдорова (2010-09-16)։ «Платье из мяса Леди Гаги»։ be-in.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2012-06-25
- ↑ «Леди Гага продемонстрировала новое «мясное» платье»։ kleo.ru։ 2012-05-16։ Վերցված է 2012-06-25
- ↑ 29,0 29,1 Bloxham Andy (September 15, 2010)։ «Lady Gaga's meat dress link to the Beatles»։ The Daily Telegraph (London)։ Արխիվացված է օրիգինալից February 4, 2011-ին։ Վերցված է July 31, 2011
- ↑ 30,0 30,1 Barnes Brooks (May 16, 2014)։ «Mark Ryden: Drawing a Dividing Line»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից March 17, 2016-ին։ Վերցված է April 6, 2016
- ↑ 31,0 31,1 Clott Sharon (September 13, 2010)։ «Does Lady Gaga's Meat Dress Remind You Of Mark Ryden's Paintings?»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից April 15, 2016-ին։ Վերցված է April 6, 2016
- ↑ Knight Christopher (September 13, 2010)։ «Lady Gaga, meat Jana Sterbak»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից August 20, 2016-ին։ Վերցված է September 16, 2016
- ↑ Gayford Martin (September 17, 2010)։ «Lady Gaga's Fleshy Outfit Echoes Artistic Lobsters, Maggots»։ Bloomberg News։ Արխիվացված է օրիգինալից September 17, 2016-ին։ Վերցված է September 16, 2016
- ↑ Seashore Ashley (September 13, 2010)։ «Lady Gaga's Meat Dress and the Question of Authenticity»։ TheGloss։ Արխիվացված է օրիգինալից December 2, 2010-ին։ Վերցված է September 16, 2016
- ↑ Rosenberg Karen (May 12, 2011)։ «Two Meaty Visions of Flesh and Blood»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից May 16, 2011-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ Heard Chris (November 15, 2013)։ «Dressed to grill: From The Undertones to Lady Gaga»։ BBC News։ Արխիվացված է օրիգինալից March 15, 2016-ին։ Վերցված է September 16, 2016
- ↑ «Music Piracy: Lady Gaga Is To Blame»։ Lovelyish.com։ July 9, 2011։ Արխիվացված է օրիգինալից October 6, 2013-ին։ Վերցված է February 25, 2012
- ↑ «Letters: Salami style»։ The Guardian։ September 20, 2010։ Արխիվացված է օրիգինալից September 27, 2016-ին։ Վերցված է September 16, 2016
- ↑ Walker Alissa (September 13, 2010)։ «Is Lady Gaga's Meat Couture an Anti-Vegan Statement?»։ Good։ Արխիվացված է օրիգինալից September 17, 2016-ին։ Վերցված է September 16, 2016
- ↑ 40,0 40,1 Deacon Michael (June 17, 2011)։ «Morrissey on... Lady Gaga and modern pop»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից June 20, 2011-ին։ Վերցված է June 28, 2011
- ↑ Kaufman Gil (September 13, 2010)։ «Lady Gaga Talks VMA Meat Suit With Ellen DeGeneres»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից November 2, 2014-ին։ Վերցված է November 28, 2011
|