Լա Սեո տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լա Սեո տաճար
La Seo 18072014 194810 03954.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակco-cathedral?, Իսպանիայի ազգային հուշարձաններ[1] և կաթոլիկ տաճար
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՍարագոսա[1]
Դավանանքլատինական եկեղեցի
ԹեմRoman Catholic Archdiocese of Zaragoza?
Կազմված էTower of La Seo of Zaragoza?, Lantern of La Seo?, Apse of La Seo?, Chapel of Saint Michael the Archangel (La Seo of Zaragoza)?, Neoclassical facade of La Seo of Zaragoza?, Q6106664?, Choir of La Seo of Zaragoza?, Traschoir of La Seo of Zaragoza?, Capilla del Santo Cristo (Traschoir of La Seo of Zaragoza)? և Museo de Tapices de La Seo de Zaragoza?
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ և Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն
Հիմնադրված1140
Կոորդինատներ: 41°39′16.416000099987″ հս․ լ. 0°52′33.0600001″ ամ. ե. / 41.65456000002777159° հս․. լ. 0.875850000028° ավ. ե. / 41.65456000002777159; 0.875850000028

Փրկչի Աստվածահայտնության տաճար (իսպ.՝ Catedral del Salvador en su Epifanía) կամ Փրկչի տաճար (իսպ.՝ Catedral del Salvador de Zaragoza) կամ Լա Սեո (իսպ.՝ La Seo), հռոմեա-կաթոլիկական տաճար Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքում` Սարագոսա քաղաքում:

Լա Սեո տաճարը գտնվում է համանուն հրապարակում (Plaza de la Seo)` քաղաքային երկրորդ տաճարից` Դել Պիարից (իսպ.՝ Basílica de Nuestra Señora del Pilar) ոչ հեռու: Երկու տաճարներն էլ` և' Լա Սեոն, և' Դել Պիարը, համարվում են մայր տաճար. այդպիսի որոշում է կայացրել Հռոմի պապ Կլիմենտ X-ը, ով փորձում էր վերջ տալ եկեղեցիների կարգավիճակի մասին վեճերին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ անտիկ ժամանակաշրջանում տաճարի տեղում գտնվել է Սարագոսայի ֆորումը` հրապարակը (ներկայումս ֆորումի թանգարանը գտնվում է Դե լա Սեո հրապարակի տակ)[2]: Երբ 8-րդ դարում Սարագոսան նվաճվում է մավրերի կողմից, ֆորումի տեղում կառուցվում է Թայֆա Սարագոսա մուսւլմանական պետության քաղաքային գլխավոր մզկիթը: Սարագուստա ալ Բայդա մզկիթը (այսպես էր վերանվանվել քաղաքը` իսպ.՝ Saraqusta al Baida) համարվում է հնագույններից մեկը Ալ-Անդալուսում: Այն երկու անգամ վերակառուցվել է (9-րդ և 11-րդ դարեր), իսկ նրա մուտքը գտնվել է այնտեղ, որտեղ ներկայիս տաճարի մուտքն է: 1998 թվականի վերակառուցման ժամանակ հայտնաբերվել են հին մզկիթի որոշ տարրեր` մինարեթի ներքին պատի, առաստաղի և միհրաբի հատվածներ[3]:

1118 թվականի մայիսին Արագոնի արքա Ալֆոնսո I-ը սկսել է Սարագոսայի պաշարումը, որն ավարտվել է նույն թվականի դեկտեմբերի 18-ին, և քաղաքը դարձյալ անցել է քրիստոնյաներին: Տեղի մուսուլմանական բնակչությունը պարտավորվել էր հաջորդ տարվա ընթացքում լքել քաղաքը, իսկ մզկիթը փակվում է և վերանորոգվում: 1121 թվականի հոկտեմբերի 4-ին հին շինությունը օծվում է որպես Սուրբ Փրկչի եկեղեցի (իսպ.՝ San Salvador):

1140 թվականին կիսաքանդ եկեղեցու տեղում սկսվում է նոր տաճարի շինարարությունը: Այն քարից էր, ուշ ռոմանական ոճով, եռանավ բազիլիկի տիպի, զարդարված կիսաշրջանաձև աբսիդներով, խորանի հատվածում եղել են մի քանի քանդակներ[3]:

Լա Սեո տաճար, Էդվարդ Լոկեր
(«Իսպանիայի տեսարաններ», 1824)

1204 թվականից մինչև 15-րդ դարի սկիզբը տաճարում են կատարվել Արագոնի բոլոր ղեկավարների թագարդրման արարողությունները, ինչից հետո թագավորները երդվել են: Տաճարում անցկացվել են նաև թագավորական ընտանիքի անդամների մկրտության, ամուսնության և հոգեհանգստի արարողակարգեր: Երբ 1318 թվականին Սարագոսայի թեմը, որ մինչ այդ ենթարկվում էր Տարագոնի արքեպիսկոպոսությանը, ստանում է միտրոպոլ արքեպիսկոսության կարգավիճակ, և Լա Սեոն դառնում է արքեպիկոպոսության գլխավոր տաճարը: 1346 թվականին սկսվում է տաճարի վերակառուցումը. խորանի հատվածի լրացուցիչ լուսավորության համար կառուցվում է գմբեթ` մուդեխար ոճով: 1360 թվականին արքեպիսկոպոս Լոպե Ֆերնանդես դե Լունայի հրամանով նույն ոճով կառուցվում են Պաբոստրիա (la Pabostría) փողոցի կողմի մուտքի ճակատամասը և Միքայել Հրեշտակապետի կապելան` Պարոկիետան (la Parroquieta): Նույն ժամանակաշրջանում տաճարի ճարտարապետության մեջ ի հայտ են գալիս գոթական ոճի տարրեր. դրանք ներկայիս կենտրոնական նավերն են` վիտրաժային պատուհաններով[3]:

15-րդ դարի սկզբին քանդվում է տաճարի գմբեթը և հակապապ Բենեդիկտ XIII-ի հրամանով սկսվում է տաճարի հերթական վերակառուցումը: Բարձրացվում են ռոմանական աբսիդները, դրանց կողմնային հատվածներում կառուցում են երկու աշտարակ, կառուցվում է նոր գմբեթ, որն իր ձևով հիշեցնում է պապական տիարա: 1686 թվականին քանդում են մուդեխար ոճով արդեն խարխուլ զանգակատունը, որի տեղում 1703 թվականին ճարտարապետ Ժան-Բատիստ Կոնտինիի նախագծով սկսում են իտալական բարոկկո ոճով նոր զանգակատան կառուցումը[4][3][5]: Այս նույն ոճով, բայց կլասիցիզմի տարրերով, 18-րդ դարում վերանորոգվում է ճակատամասը: Տաճարի վերջին վերակառուցումը սկսվել է 1975 թվականին և շարունակվել 23 տարի: 1998 թվականին Լա Սեո տաճարը հանդիսավոր բացվել է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ի և նրա կնոջ` Սոֆյայի ներկայությամբ[3]:

Կառուցվածք և դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքստերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս տաճարը բաղկացած է հինգ նավերից և վեց թռիչքից, որոնք ծածկված են ջլաղեղի սյուներով: Նավերը հենված են կոնտրֆորսներին, որոնք ուշ գոթական ոճով են, փակ պատերով և ձևավորում են ներքին կապելաները: Խաչակենտրոնը պսակված է երկմակարդակ գմբեթով (ներքին մակարդակն ունի ուղղանկյան, իսկ վերինը` ութանկյան ձև), որն իր մեջ համադրում է մուդեխար, գոթիկա և վերածնունդ ոճերը: Սյուների ջլաղեղները, որոնք ամեն անկյունից ձգվում են վերին մակարդակով, ձևավորում են ութանկյուն աստղ: Գմբեթի թմբուկի խորշերում տեղադրված են արագոնյան սրբերի քանդակներ:

Հռոմեական բարոկկո ոճով զանգակատունը քառահարկ աշտարակ է` 90 մ բարձրությամբ: Նախագիծը մշակել է իտալացի ճարտարապետ Ժան-Բատիստ Կոնտինին 1683 թվականին (հետաքրքիր է որ Կոնտինին ոչ մի անգամ չի եղել Սարագոսայում և չի տեսել զանգակատունն ավարտուն վիճակում), շինարարությունը սկսվել է 1703 թվականին: 1787 թվականին աշտարակի երկրորդ հարկում տեղադրվել է ժամացույց: Աշտարակի առաջին հարկը քարից է, իսկ մնացածները` աղյուսից: Ժամացույցն ու ճակատամասը զարդարող քանդակները, զարդապատկերները, բազրիքը և որոշ այլ տարրեր պատրաստված են կրաքարից[5]:

Տաճարի տեսքն ամբողջացնում են բաց պատշգամբն ու Ավագերեցի տունը, որը գտնվում է փողոցի մյուս կողմում` սուրբ Բարդուղիմեոսի մուտքից ոչ հեռու: 1293 թվականին որոշում է ընդունվել կառուցել միջանցք-պատկերասրահ, որը կմիացնի տաճարին կից Վանահոր տունը Ավագերեցի տանը: 1587 թվականին բաց պատկերասրահում ձևավորել են դիտահարթակ` պլատերեսկո-մուդեխար ոճի երեք մեծ պատուհաններով, որոնք նայում են Սուրբ Բրունոյի հրապարակին (Plaza de San Bruno): Հետագայում պատկերասրահը զարդարվել է կավե ծեփվածքով, որ հիշեցնում է Ալխաֆերիա պալատի դռների ու պատուհանների հարդարանքը:

Տաճարի հյուսիսային կողմում գտնվում են երկու աբսիդներ, որոնք պահպանվել են 12-րդ դարի ռոմանական տաճարից, և սուրբ Միքայել Հրեշտակապետի կապելայի (Պարոկիետա) ներքին պատը` մուդեխար ոճով (չնայած կապելայի ներքին հարդարանքը գոթական ոճով է), որտեղ թաղված է արքեպիսկոպոս Լոպե Ֆերնանդես դե Լունան:

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Սեո տաճարի` գոթական ոճով հարդարանքը գլխավորապես ներկայացված է գլխավոր խորանի և երգչախմբի համար նախատեսված հատվածի միջոցով, որոնք ձևավորվել են 15-րդ դարում: Խորանը պատրաստված է գունավոր ալաբաստրից, ունի 16 մ բարձրություն և 10 մ լայնություն: Այն համարվում է եվրոպական ուշ գոթիկայի գլուխգործոցներից մեկը: Երգչախմբի համար նախատեսված հատվածը, որ գտնվում է տաճարի կենտրոնում, քարե 117 նստատեղերով հատված է: 18-րդ դարում այն զարդարվել է բրոնզե ոսկեզօծ բազրիքով, որը պատված է Հիսուսի, Պողոս և Պետրոս առաքյալների քանդակներով[3]: Մուդեխար ոճով են պատրաստված աբսիդները, գմբեթը, ներքին պատը և սուրբ Միքայել Հրեշտակապետի կապելայի ծածկը:

Ավանդատանը, ուր կարելի է մտնել մուդեխար ոճով պատրաստված և վերածննդի տարրերով զարդարված դռնով, պահպանվում են 17-18-րդ դարերի` վալենսիական և արագոնյան դպրոցների նկարիչների գործերը: Այնտեղ պահպանվում են նաև մասունքների պահարան, որը ստեղծել է ոսկերիչ Պեդրո Լամայսոնը 1537-1541 թվականների միջակայքում, և որի դռները նկարազարդել է Ֆրանցիսկո Գոյայի ուսուցիչ Խոսե Լուսանը: Պահարանի պատրաստման համար օգտագործվել է 218 կգ արծաթ[3]:

Կապիտուլի սրահում գտնվում է 1932 թվականին հիմնադրված Ֆլամանդական գոբելենների թանգարանը[3]: Դա աշխարհի խոշորագույն հավաքածուներից մեկն է, որտեղ ներկայացված է 15-18-րդ դարերի 60 գոբելեն, որոնցով կարելի է պատկերացում կազմել այդ արվեստի զարգացման մասին[6]:

Ընդհանուր առմամբ, Լա Սեոյում կա 28 կապելա: Դրանցից են`

  • Աստվածամոր կապելա: Գտնվում է ձախ աբսիդի մասում: Բարոկկո ոճի խորանային փայտե ռետաբլոն (1647) նկարազարդված է Աստվածամոր կյանքի դրվագներով (նկարիչ` Խուսեպե Մարտինես): Հատակին կան Սարագոսայի` 16-17-րդ դարերի արքպիսկոպոսների մի քանի դամբարանաքարեր:
  • Պողոս և Պետրոս առաքյալների կապելա: Առաջին հիշատակությունը վերաբերում է 1403 թվականին: Խորանում պատկերված է Աստվածածնի վերափոխման տեսարան: Այն 18-րդ դարակեսի փայտե խորան է` զարդարված առաքյալների կյանքի ռելիեֆային պետկերներով: 18-րդ դարում ավանդատուն կառուցելու նպատակով փոքրացվել է:
  • Սուրբ Պեդրո Արբուեսի կապելա: Կառուցված է իսաբելինո ոճով: Կապելայի վերին հատվածը նկարազարդվել է 1655 թվականին Ֆրանսիսկո Խիմենես Մասի կողմից. այն ներկայացնում է Արբուեսի կյանքի դրվագները: Կենտրոնում մարմարե չորս սյուներով ամպհովանին է, որ դրվագված է բարեգործների պատկերներով, իսկ նրա տակ սրբի դամբարանն է, որ Լա Սեո է տեղափոխվել 1664 թվականին:
  • Սուրբ Օգոստոնիոսի կապելա: Կառուցվել է 1720-1722 թվականներին: Խորանը պլատերեսկո ոճով է, կառուցված է եղել 1521 թվականին սուրբ Հակոբոս առաքյալի կապելայի համար քանդակագործներ Գաբրիել Յոլայի և Հիլ Մորլանես Կրտսերի կողմից: Ներքևի հինգ խորշերում ներկայացված են Աստվածամոր կյանքի դրվագներ` Ավետում, մոգերի երկրպագություն, Հոգեգալուստ, Աստվածամոր հոգեհանգիստ: Կենտրոնում Ավգուստինի պատկերով խորշն է (ստեղծվել է 1722 թվականին հնի փոխարեն, որը տեղափոխվել է սուրբ Հակոբի կապելա), եզրերում Բարդուղիմեոս առաքյալի և Ամբրոսիոս Մեդիոլանցու կերպարներն են: Հաջորդ շարքում ներկայացված են Քրիստոսի մկրտության և Հովսեփի պատկերներ, իսկ կենտրոնում` մեդալիոնի մեջ, Աստվածամայրն է` մանուկը գրկին:
  • Դոմինիկ դե Վալի կապելա: Ստեղծվել է Սուրբ հոգու և Սուրբ մարմնի կապելաների միացման արդյունքում 1971 թվականին: Մարմարե պատվանդանի վրա գիպսից և ոսկեզօծ փայտից պատկերաշարն է, որ ստեղծվել է 1700 թվականին չուրիգերեսկո ոճով: Նրա հիմնական, գերիշխող պատկերը սուրբ Դոմինիկի քանդակն է` եկեղեցականի հագուստով, իսկ կողքերին Ֆրանցիսկ Կսավերիի և Իգնատիոս դե Լոյոլայի կերպարներն են: Պատկերաշարը պսակում է Գվադելուպյան Տիրամոր պատկերը:
  • Միքայել, Գաբրիել և Ռաֆայել հրեշտակների կապելա կամ Սան Միգել կապելա: Կառուցվել է 1569 թվականին: Շինարարությունը հովանավորել է առևտրական Գաբրիել Սապորտը, ով ցանկացել է կառուցել իր դամբարանը: Սակայն նրա սարկոֆագից պահպանվել են միայն կափարիչը և Սապորտի դիմանկարով բրոնզե ցուցանակը, որոնք ներկայացված են Կապիտուլի թանգարանում: 1570 թվականին պլատերեսկո ոճով կառուցված քանդակը` մարմարե սև պատվանդանով և բազմագույն դեկորով, ավելի թանկարժեք նյութերից պատրաստված լինելու տպավորություն է թողնում: Կենտրոնական խորշում տեղ են գտել երեք մարգարեների ալեբաստրե կերպարները, որոնք հաղթել են դևերին: Նրանցից ձախ Ֆրանցիսկ Ասսիզեցու և Գաբրիելի պատկերներն են, իսկ աջից` Հիերոնիմոսի և Գիլիերմո Բուրգոսցու: Կոմպոզիցիան պսակում են Պողոս և Խետրոս առաքյալների պատկերները, որոնց հետևում երևում է Գողգոթան: Կողային հատվածներում Լուչիա Սիրակուզացու և Ապոլլոնիա Ալեքսանդրացու կերպարներն են:
Լա Սեո տաճարի հատակագիծ
  • Սուրբ խորհրդավորության կապելա: Ձևավորվել է 1637-1646 թվականների միջակայքում դոն Ֆրանցիսկո Լինյանի հրամանով: Կապելան կառուցված է պրոտոբարոկկո ոճով, առանց լրացուցիչ զարդարանքների: Պատկերների մեծ մասի հեղինակը իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Լուպիչինին է: Դրանք պատկերում են սուրբ Հեղինեի կյանքի, Հիսուսի` խաչից իջեցնելու, սուրբ Ֆրանցիսկոյի խարանման տեսարաններ: Կապելայում աչքի է ընկնում Կարմելի Աստվածամոր քանդակը (18-րդ դար):
  • Սուրբ Վալերո Սարագոսացու կապելա: Սարագոսայի հովանավոր սրբի կապելան է` կառուցված 17-րդ դարի վերջին: Կենտրոնական մասում քաղաքային խորհրդի ղեկավարի (իսպ.՝ Cabildo metropolitano) կերպարն է , իսկ կողքերին Պողոս և Պետրոս առաքյալներն են: Նկարազարդումները ներկայացնում են Վալերո մարտիրոսի, նրա աշակերտներ Վիկենտիոս Սարագոսացու և Լավրենտիուս Հռոմեացու կյանքի պատկերներ: Կապելայի կողմնային հատվածների երկու մեծ նկարները ներկայացնում են Դիոկղետիանոս կայսեր կողմից Վալերոյի և Վիկենտիոսի հարցաքննության և 1170 թվականին սուրբ Վալերոյի` Սարագոսայում հայտնվելու տեսարաններ:
  • Աստվածամոր վերափոխման կապելա: Կառուցվել է դոննա Աննա Մանրիկեի և կոմսուհի Պունիոնրոստրոյի (իսպ.՝ doña Ana Manrique, condesa de Puño-en-rostro) պատվերով որպես նրա եղբոր` արքեպիսկոպոս Պեդրո Մանրիկեի դամբարան (մահացել է 1615 թվականին): Հարդարանքը ուշ գոթական ոճի է, որ հետագայում ավելացվել է Ֆրանսիսկո Խիմենես Մասի մի քանի նկարներով, որոնք պատկերում են Սանտա Մարիա Մաջորեի հիմնադրումը Հռոմի Էսկվիլին բլրին:
  • Սուրբ Բեռնարդի կապելա: Ստեղծվել է արքեպիսկոպոս Էռնանդո Արագոնացու հրամանով որպես եպիսկոպոսի ու իր մոր` դոննա Աննա Գուրեի ընտանեկան դամբարան: Կենտրոնական խորանը, որը նվիրված է սուրբ Բեռնարդին, հեղինակել է ճարտարապետ Պեդրո Մորետոն: Խորանի և երկու դամբարանների միջև գտնվում են Արագոնի թագավորների քանդակները` Խուան I-ից մինչև Ֆերդինանդ Կաթոլիկ ու Կառլոս V կայսր:
  • Սուրբ Բենեդիկտ Նուրսիացու կապելա: Ստեղծվել է արքեպիսկոպոս Էռնանդոյի ջանքերով իր ծառաների համար: Բացվել է 1557 թվականի օգոստոսի 4-ին: 1762 թվականին բարոնեսա Սանգարենի հորդորով կապելան վերանորոգվել է, ինչի հետևանքով վերածննդի ոճով նախնական խորանը, որը հեղինակել էր Խերոնիմ Կոսիդը 1552 թվականին, չի պահպանվել: Ներկայումս կապելայի հարդարանքը դեկորատիվ տարրեր չի պարունակում, ինչպես ունեցել են տաճարի առաջին կապելաները:
  • Սուրբ Մարկոսի կապելա: Ձևավորվել է 18-րդ դարասկզբին, նվիրված է եղել Ավագ հինգշաբթուն: Հարդարանքը չուրիգերեսկո ոճով է, ստեղծվել է 1711 թվականին: Պատկերում է «Յոթ կնիք» գրքի տեսարաններ, տեղադրված են Հովհաննես Ավետարանիչի և Աստվածածնի կիսանդրիներ: Փոփոխությունների արդյունքում խորանը հեռացվել է, իսկ հուշարձանը` վարագույրով փակվել:
  • Քրիստոսի ծննդի կապելա: Հիմնադրվել է 1584 թվականի հուլիսի 27-ին իդալգո Խերոնիմո Ֆերեր Սերդանի կողմից որպես ընտանեկան պանթեոն: Նրա մահից հետո կապելայի շինարարական աշխատանքները շարունակել է նրա կինը` Աննա Կլավերոն: Կապելայի պատերի ստորին հատվածը ծածկված է Մուելի կերամիկայից սալիկներով: Զարդապատկերների հեղինակներն են Ռոլանդ Մոյսը և Խերոնիմ Մորը:
  • Յուստ և Ռուֆին սրբերի կապելա: Հիմնադրվել է 1643 թվականին արագոնցի ինկվիզիտոր դոն Մատեո Վիրտա դե Վերայի կողմից, ով մտադիր էր կապելան ընտանեկան դամբարանի վերածել: Աշխատանքները շարունակվել են մինչև 1644 թվականը: Ժամանակի հետ կապելան ժառանգել է կոմս Գուարը, ապա Վիլյաերմոս հերցոգները, ովքեր կապելան օգտագործել են նույն նպատակով: Նկարների ու որմնակարների հեղինակը Խուան Գալվանն է:
  • Սուրբ Վիկենտիոս Սարագոսցու կապելա: Հիմնադրվել է 1719 թվականին: Բարոկկո ոճի պորտալը զարդարված է ծաղկային մոտիվներով ու հրեշտակներով: Որմնասյուների առաջ տեղադրված են սուրբ Գևորգի և Մավրիկիոսի մեծ քանդակները: Առկա են նաև սուրբ Վիկենտիոսի, Ստեփանոս Նախավկայի և Լավրենտիոս Հռոմեացու պատկերները: Բարոկկո ոճով ոսկեզօծ խորանի վրա խոյանում է քանդակ, որ ստեղծել է Կառլոս Սալասը 1760 թվականին:
  • Սուրբ Հակոբոս առաքյալի կապելա: Վերակառուցել է արքեպիսկոպոս Արտոնիո Իբանիես դե լա Ռիվա Էրերը որպես դամբարան: Արդյունքում վերածննդի ոճով հին տարրերը ոչնչացվել են, իսկ նորը կառուցվել է բարոկկո ոճով: Գիպսե պորտալը, որ տեղադրված է մարմարե հիմքի վրա և ստեղծվել է 1700 թվականին, ամենից ազդեցիկն է տաճարում: Բարոկկո ոճով ամպհովանին, որ վեր է խոյանում չորս սյուների վրա, հիշեցնում է Լորենցո Բերնինիի ամպհովանին Սուրբ Պետրոսի տաճարում: Հակոբոս առաքյալի` նրա վրա վեր խոյացող քանդակը վերագրվում է Հիլ Մորլանես Կրտսերին: Ինչպես առաջին խորանը (այն հիմա գտնվում է սուրբ Օգոստինիոսի կապելայում), այն կառուցվել է մոտ 1521 թվականին:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից Լա Սեո տաճարը` որպե մուդեխար ոճով ճարտարապետական հուշարձան, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Monuments database — 2017.
  2. Старое название Сарагосы — Colonia Caesaraugusta (Колония императора Августа или просто Цезаравгуста).
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Seo, La» (իսպաներեն)։ Gran Enciclopedia Aragonesa։ 2009-08-04։ Վերցված է 2018-01-18 
  4. Лопатников, 2015
  5. 5,0 5,1 «Inventario de las campanas de las Catedrales de España: Seo de El Salvador» (իսպաներեն)։ campaners.com։ Վերցված է 2018-01-18 
  6. «Brillo para los tapices» (իսպաներեն)։ 20minutos։ 2005-05-25։ Վերցված է 2018-01-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]