Լասկարիսներ
Լասկարիսներ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ |
Երկիր | ![]() |
Լասկարիսներ (հուն․՝ Λάσκαρις/Λάσκαρης), բյուզանդական ազնվական տոհմ և կայսերական հարստություն, որը կառավարել է Նիկեայի կայսրությունը 1204-1261 թվականներին և շարունակել իր գոյությունը Բյուզանդիայի ազնվականության շարքերում մինչև նրա անկումը։
Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ մի վարկածի, տոհմի անունը ծագում է պարսկերեն «ասգարի» (պարսկերեն՝ عسگری) բառից, որը նշանակում է՝ ռազմիկ, զինվոր[1], իսկ մեկ այլ վարկածի՝ հունա-կապպադովկիական «զացկարիս» (հուն․՝ δάσκαρης) բառից, որը նշանակում է՝ ուսուցիչ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լասկարիսների ազգանունը առաջին անգամ հիշատակվում է 1059 թվականին, սակայն այդ ազգանունով հիշատակվող մարդիկ սովորական գյուղացիներ էին։ 1180-ական թվականներին Թեսաղոնիկեյում հայտնվում է մեկ այլ Լասկարիսների ընտանիք, բայց նրանց ազգակցական կապը կայսերական հարստության հետ հայտնի չէ, եթե իհարկե կա նման բան[1]։
Տոհմի առաջին հայտնի ներկայացուցիչներն էին՝ Կոնստանտին և Թեոդորոս Լասկարիսները, Մանուել Լասկարիսի որդիները։ 1204 թվականի ապրիլի 13-ին, նախքան խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավելը, Սուրբ Սոֆիայի տաճարում Կոնստանտին Լասկարիսը հռչակվում է Բյուզանդիայի կայսր։ Մայրաքաղաքի անկումից հետո, Կոնստանտինն ու իր եղբայրը՝ Թեոդորոսը ստիպված են լինում փախչել Նիկեա։ Շուտով, 1205 թվականի մարտի 19-ին, Կոնստանտին Լասկարիսը զոհվում է Լատինական կայսրության առաջին կայսր Բալդուինի դեմ մղած մարտում։ Նրա եղբայր Թեոդորոսը դառնում է Նիկեայի կայսրության հաջորդ կայսր և թագադրվում Կոստանդնուպոլսի նոր նշանակված պատրիարք Միքայել Դ Ավտորեիանոսի կողմից։
1258 թվականին մահանում է Թեոդորոս Բ-ն, Թեոդորոս Ա-ի թոռը, իսկ գահը ժառանգում է նրա որդին՝ Հովհաննես Դ Լասկարիսը։ Սակայն Հովհաննեսի խնամակալը, Միքայել Ը Պալեոլոգոսը, հասնում է նրան, որ դառնում է նրա կայսերակիցը։ Կոստանդնուպոլսը վերադարձնելուց հետո, 1261 թվականին Միքայել Պալեոլոգոսը կրկին թագադրվում է կայսր, որի ժամանակ բոլորը մոռացել էին Հովհաննես Դ-ին։ Շատ չանցած, Հովհաննեսը կուրացվում է և մինչև իր մահը՝ 1305 թվականը, ապրում բանտում։
Պալեոլոգոսների օրոք, Լասկարիսները պահպանում են իրենց որոշակի ազդեցությունը և համբավը Բյուզանդիայում։ Տոհմի մի քանի անդամներ եղել են բռնակալներ և պալատականներ։ 1453 թվականին, Կոստանդնուպոլսի անկումից հետո, Լասկարիսներների տոհմից ողջ մնացած գիտնականներ` Կոնստանտինը և Անդրեասը փախչում են Իտալիա[1]։
Նիկեայի կայսրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լասկարիսները Իտալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
1269 թվականին Գուլիելմո Պիետրո I-ը ամուսնանում է Թեոդորոս Բ Լասկարիսի դստեր՝ Եվդոկիա Դուկենա Լասկարինայի հետ։ Այս ամուսնությունից էլ սկիզբ է դրվել Վենտիմիլյան Լասկարիսների ազնվական տոհմին, որը իշխում էր իտալա-ֆրանսիական սահմանին՝ Վենտիմիլիա և Տանդ քաղաքներում։ 1501 թվականին նրանց տիրույթները ժառանգում է՝ Սավոյայի դքսությունը։ 1501 թվականին, Ռենե Սավոյացին ամուսնանում է Վենտմիլյան Լասկարիսների տոհմի վերջին ներկայացուցիչ Աննա Լասկարիսի հետ։ Արական սեռի ժառանգորդների բացակայության պատճառով, Աննա Լասկարիսը իր հոր մահից հետո՝ 1509 թվականի օգոստոսի 13-ին ժառանգում է նրա ունեցվածքն ու կոչումները[4]։ Վենտիմիլյան Լասկարիսների ազնվական տոհմից էր նաև Մալթայի ասպետական միաբանությունը 1636-1657 թվականներին գլխավորած՝ Մեծ մագիստրոս Ջիովաննի Պաոլո Լասկարիսը (1560-1657)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Kazhdan (1991), p. 1180
- ↑ Polemis (1968), p. 139
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «История Византийской империи», Ֆեոդոր Ուսպենսկի (5 հատորով). — М.: АСТ, 2005
- ↑ Les manuscrits du C.E.D.R.E. – Dictionnaire Historique et Généalogique, vol. III. Le Royaume d'Italie, volume I. Cercle d'Études des Dynasties Royales Européennes (president, Jean-Fred Tourtchine), Paris, 1992, pp. 74-75. (French). ISSN 0993-3964.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kazhdan, Alexander, ed։ (1991), Oxford Dictionary of Byzantium, Oxford University Press, ISBN 978-0-19-504652-6
- Polemis, Demetrios I. (1968), The Doukai: A Contribution to Byzantine Prosopography, London: Athlone Press
|