Իրանի միապետների ռեգալիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրանի միապետների ռեգալիաներ (պարս.՝ جواهرات ملی ایران, Jawāhrāt-e millī-ye Irān/․), Իրանի շահերի թանկարժեք իրերը և թագադրման ռեգալիաներից շատերը ստեղծվել են Սեֆյան դինաստիայի օրոք (16-րդ դար)։ Դրանք ներառում են բազմաթիվ թագեր, գոհարակուռ գլխազարդ, փետրափնջեր, տիարաներ, թրեր, վահաններ և այլ զենքեր զարդարված ոսկերչական քարերով, ճաշի սպասք, առանձին խոշոր թանկարժեք քարեր և որոշ արտասովոր իրեր (օրինակ՝ թանկարժեք գլոբուս)։ Պարսկական շահերի տարբերանշանների հավաքածուն պահվում է Ազգային գանձարանում՝ Թեհրանում Իրանի Կենտրոնական բանկի շենքում։

Սեֆյանների և Աֆշարիդների ժամանակների ռեգալիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուի իրերի մեծ մասը վերաբերվում են Սեֆյանների (1502-1736) և Աֆշարիդների (1736-1750) դինաստիաների իշխանության ժամանակաշրջաններին։ 1738 թվականին Աֆշարիդների դինաստիայի հիմնադիր Նադիր շահը ռազմական արշավ է սկսել աֆղանական իշխանությունների դեմ և իր զորքերով հասել Հյուսիսային Հնդկաստան։ Այդ արշավի ընթացքում Նադիր շահին ուղեկցել է հաջությունը, և նրա զորքերը գրավել են բազմաթիվ արժեքավոր ավարաիրեր՝ ադամանդներ, զմրուխտներ, սուտակներ, շափյուղաներ և այլ թանկարժեք քարեր։ Այդ արշավի ամենահայտնի ավարաիրերից են Կոհինուր և Դերիանուր ադամանդները (երկուսն էլ Հնդկաստանից, մինչ օրս դրանք աշխարհում ամենամեծն են), Սիրամարգի գահը և Սամարական շպինելը։

Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամմադ Ռեզա Փահլավին թագը դնում է իր կնոջ՝ շահբան Ֆարահ Փահլավիի գլխին, 1967

Արևմուտքում իրանական շահի տարբերանշանը հայտնի դարձավ հիմնականում շահինշահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և նրա կնոջ (շահբան) Ֆարահ Փահլավիի կողմից պաշտոնական արարողությունների ժամանակ օգտագործելու շնորհիվ։

1937 թվականին Ռեզա շահ Փահլավիի օրոք շահի գանձարանի ունեցվածքը փոխանցվել է պետությանը։ Զարդերը տեղադրվել են Իրանի Ազգային բանկի պահոցներում և գործել որպես ոսկու և արժութային պահուստի մաս՝ ազգային դրամական համակարգի կայունությունն ապահովելու համար[1]։ Շահական տարբերանշանի տնտեսական նշանակությունը հավանաբար նպաստել է Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմի կողմից դրանց պահպանմանը։

Շահ Մուհամմեդ Ռեզա Փահլավիի որոշմամբ միապետական ռեգալիաներից առավել ուշագրավները հրապարակային ցուցադրվել են Ազգային գանձարանում, որը գտնվում է Իրանի Կենտրոնական բանկում։

1979 թվականին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, որը տապալեց Փահլավիների դինաստիան, մտավախություն կար, որ ռեգալիաները կարող են գողացվել կամ վաճառվել։ Մի շարք մանր զարդեր իսկապես գողացվել են և մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել Իրանի սահմաններից դուրս, սակայն հիմնական մասը մնացել է անձեռնմխելի։ Դա հաստատվել է, երբ Իրանի ղեկավարությունը 1990-ականներին վերաբացել է Շահի թանկարժեք իրերի մշտական ցուցադրությունը այցելուների համար։

Ցուցահանդեսը տեղակայված է Ազգային գանձարանում (ոչ պաշտոնապես կոչվում է Ոսկերչական թանգարան), որը գտնվում է Թեհրանի Ֆիրդուսի պողոտայում գտնվող Իրանի Կենտրոնական բանկի շենքում։ Թանգարանը բաց է այցելությունների համար ժամը 14.00-16.30, բացառությամբ չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերից[2]։ Թանգարանն ունի ուղեցույցներ և գրքույկներ անգլերեն, պարսկերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, ճապոներեն և արաբերեն լեզուներով[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Malecka, A. «The Mystery of the Nur al-Ayn Diamond», in: Gems & Jewellery: The Gemmological Association of Great Britain vol. 23, no. 6, July 2014, pp. 20–22.
  • Malecka, A. «Daryā-ye Nur: History and Myth of a Crown Jewel of Iran», Iranian Studies vol. 51 (2018), http://dx.doi.org/10.1080/00210862.2017.1362952
  • Meen, V.B, Tushingham, A.D. Crown jewels of Iran, Toronto 1968.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iran Chamber Society: Iranian National -Royal- Jewels». Iranchamber.com. 1937 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «خزانه جواهرات ملی». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «پرسش‌های متداول». Cbi.ir. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]